HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

ՀԱՊԿ խաղաղապահներ հայ-ադրբեջանական սահմանին. միֆ, թե իրականություն

Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նստաշրջանի ընդլայնված նիստում Սերժ Սարգսյանն առաջարկել էր Հայաստանում ստեղծել ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման բազային կազմակերպություն: Ամերիկյան «Ստրատֆոր» հետազոտական կենտրոնը դրանից անմիջապես հետո հանդես եկավ մի վերլուծությամբ, որտեղ փորձ էր արվում հիմնավորել, թե Ռուսաստանը փոխել է իր քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և հիմքեր է ստեղծում հայկական և ադրբեջանական ուժերի շփման գոտում միակողմանիորեն խաղաղապահներ տեղակայելու համար: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանի առաջարկը Վաշինգտոնում ընկալել են որպես Կրեմլի այդ պլանի կենսագործման նախերգանք: Բայց արդյոք Հայաստանն իսկապես ուզում է հիմա շփման գծի վերահսկողությունը հանձնել ՀԱՊԿ-ի կամ որևէ այլ միջազգային կազմակերպության խաղաղապահ առաքելության:

Եթե այս հարցում Հայաստանի և Ռուսաստանի միջև արդեն առկա լիներ որևէ համաձայնություն, կամ Ռուսաստանը խնդիր դրած լիներ շուտափույթ իրականացնելու շփման գոտում խաղաղապահներ տեղակայելու օպերացիան, ապա տրամաբանական կլիներ, որ ՀԱՊԿ-ն Դուշանբեից չափազանց կոշտ, նախազգուշացնող և գուցե նույնիսկ սպառնալիք պարունակող քաղաքական հայտարարությամբ արձագանքեր այս ամսվա սկզբին Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի և հայկական դիրքերի ինտենսիվ գնդակոծմանը և հրետակոծմանը, որոնք այդ տարածաշրջանը վերածել էին լոկալ պատերազմի գոտու: Բայց ՀԱՊԿ-ն չարձագանքեց ընդհանրապես` նույնիսկ անդամ երկրների նախագահների փակ հանդիպմանը Սերժ Սարգսյանի կողմից այդ հարցը բարձրացրացնելու պարագայում: ՀԱՊԿ-ն առհասարակ այնպիսի դիրք է գրավել, կարծես կա՛մ նման հակամարտություն գոյություն չունի, կա՛մ Հայաստանի սահմաններին որևէ կրակոց չի հնչում:

Մեծ հաշվով դա Հայաստանի դիվանագիտական ձախողման հետևանք է, որն արտացոլում է նրա՝ իբրև իրավահավասար սուբյեկտի նկատմամբ ՀԱՊԿ-ում առկա անլուրջ վերաբերմունքը: Խնդիրը վերաբերում էր ոչ թե ՀԱՊԿ-ի կողմից այս փուլում Ադրբեջանի դեմ գործողություններին առարկայորեն միջամտելուն, այլ ընդամենը անդամ երկրի անվտանգության երաշխավորի իր պարտավորությանը հավատարիմ լինելու սկզբունքի պաշտպանությանը, Ադրբեջանին զսպելու նշանակություն ունեցող քաղաքական ուղերձի հղմանը: Այն դեպքում երբ, օրինակ, ՆԱՏՕ-ի անդամ մերձբալթյան երկրների նկատմամբ Ռուսաստանից որևէ առարկայական սպառնալիք գոյություն չունի, Հյուսիսատլանտյան դաշինքը պարբերաբար հանդես է գալիս Մոսկվային զսպող հայտարարություններով, չհաշված  այդ նախազգուշացումներին գործնական նշանակություն տալու համար մերձբալթյան երկրներում ռազմական տեխնիկա տեղակայելու քայլերը:

Այս հանգամանքը փաստում է, որ ՀԱՊԿ-ն պատրաստ չէ իր վրա վերցնելու ԼՂ-ում խաղաղապահներ տեղակայելու պատասխանատվությունը, և ՀԱՊԿ-ն այն կառույցը կամ օղակը չէ, որի միջոցով Ռուսաստանը կարողանա լուծել այդ խնդիրը: Դրա համար կան մի քանի պատճառներ:

Նախ` չնայած արագ արձագանքման ուժերի ստեղծմանը, այդ կազմակերպությունն առայժմ հիմնականում քաղաքական բովանդակություն ունի, որը հիմնված է ոչ թե ընդհանուր արժեքների, աշխարհըմբռնման, նույնիսկ ընդհանուր սպառնալիքների վրա, այլ բացառապես Ռուսաստանի հետ անդամ երկրներից յուրաքանչյուրի առանձին ակնկալիքների, առանձին շահերի: ՀԱՊԿ անդամ 6 երկրներից երկուսը` Ղազախստանն ու Ղրղզստանը, հանդիսանում են թյուրքալեզու երկրների համագործակցության, երեքը (նախորդներին գումարած նախ Տաջիկստանը)` Իսլամական պետությունների համագործակցության կազմակերությունների անդամներ, որոնք այդ կազմակերպությունների շրջանակներում ամեն տարի ստորագրում են ղարաբաղյան հիմնահարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու սկզբունքը պաշտպանող հայտարարություններ: Եվս երկու երկրներ` Ռուասատանը և Բելառուսը, ՀԱՊԿ-ում իրենց գործընկերը հանդիսացող Հյաստանի հակառակորդի` Ադրբեջանի հարձակողական սպառազինությունն ապահովող հիմնական երկրներն են:

Այսպիսի կոնյուկտուրա և հարաբերությունների այսպիսի ներկապնակ ունեցող կազմակերպությունից որևէ առարկայական օգնություն ակնկալելն ուղղակի անլուրջ է և անհեռանկարային: Եվ բոլորովին պատահական չէր, որ անդամ երկրների նախագահները Դուշանբեում բացարձակ անտարբերությամբ ու լռությամբ էին ունկնդրում տարածաշրջանի ապակայունացման առումով Ադրբեջանի գործողություններին միջազգային հանրության կողմից գնահատականներ չհնչեցնելու վտանգավորության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունները:

Երկրորդ` Ռուսաստանի կողմից միակողամանիորեն ԼՂ շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին միակողմանիորեն խաղապահներ տեղակայելն ուղակիորեն հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդի մանդատով նախատեսված պարտավորություններին, մյուս միջնորդների հետ պայմանավորվածություններին: Կարգավորման բանակցությունների հիմք հանդիսացող սկզբունքներից մեկն այն է, որը հետագայում շփման նոր գծերում տեղակայվելիք խաղաղապահները չեն ներկայացնելու ոչ տարածաշրջանի և ոչ էլ ՄԽ երկրների զինված ուժերը: Այս պայմաններում գնալ միակողմանիորեն խաղաղապահներ տեղակայելու արկածախնդրությանը, նշանակելու է ամբողջությամբ դուրս գալ միջազգային հանրության դեմ, և ստեղծել հակառուսականության մի նոր ճակատ` Ուկրաինայից և Սիրիայից հետո:

Թերևս հենց այս հանգամանքը հասկանալի դարձնելու նկատառումով  պաշտոնական Վաշինգտոնն արձագանքեց Մոսկվայի կողմից ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու մասին տեղեկություններին: Պենտագոնի ղեկավարի օգնականի տեղակալ Էվելին Ֆարկասը, ով այցելել էր Բաքու, այդ խոսակցությունները որակել է սպեկուլյացիա: «Ռուսաստանը Մինսկի գործընթացի մասնակից է, որին մասնակցում են Ադրբեջանը և Հայաստանը: Եթե ապագայում այդպիսի ծրագիր առաջ գա, հավատում եմ, որ բաց քննարկման կդրվի Մինսկի խմբի մյուս մասնակիցների հետ»,-ասել էր նա` հասկանալի դարձնելով, որ այդ հարցը չի կարող լուծվել առանց առնվազն ԱՄՆ-ի համաձայնության:

Երրորդ` եթե անգամ առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ Մոսկվայի համար պայմանավորվածությունների խախտումն արդեն սովորական է և որևէ բարդություն չի ներկայացնում, խաղաղապահների տեղակայման համար  նրան անհրաժեշտ է լինելու ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների, այլև Ադրբեջանի համաձայնությունը: Հայաստանը, ներկայիս ստատուս քվոյի պայմաններում, գուցե և ինչ-որ իրավիճակում դրան համաձայնվի` համարելով չարյաց փոքրագույնը: Բայց Ադրբեջանի համար դրան գնալը հավասարազոր է լինելու ներկայիս ստատուս քվոյի գրեթե վերջնական կամ անորոշ ժամանակով վավերացմանը, որը ոչ միայն քաղաքական առումով նրան ոչինչ չի տալու, այլև երկրի ներսում էականորեն սասանելու է Ալիևի վաչակազմի դիրքերը:

Բաքուն շփման գծում ռուսական կամ ՀԱՊԿ-ի խաղաղապահների ներկայությանը կհամաձայնի միայն հօգուտ իրեն ստատուս քվոյի փոփոխության, այսինքն հայկական կողմից տարածքային լուրջ զիջումների պարագայում: Նման զիջման գնալ Հայաստանի իշխանությունը չի կարող, որովհետև դա ինքնասպանության ամենակարճ ճանապարհն է: Ռուսաստանը, իհարկե, կարող է ապավինել Ադրբեջանի կողմից սանձազերծվելիք ռազմական ավանտյուրային` այդ զիջումները Հայաստանին պարտադրելու առումով: Բայց Մոսկվայում պետք է գերվստահ լինեն, որ Հայաստանը չի դիմադրի, իսկ Բաքուն այդ ավանտյուրան կսկսի և կավարտի այնպիսի կայծակնային արագությամբ, որ չեն հասցնի աչք թարթել ոչ միայն Հայաստանը և ԼՂՀ-ն, այլև ողջ միջազգային հանրությունը: Այսինքն պետք է վստահ լինի, որ մեկ հարվածով Բաքուն կհաստատի նոր ստատուս քվո, որից հետո ՀԱՊԿ-ն, իբրև թե Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունների կատարման դրսևորում, ռազմական կոնտիգենտ կկենտրոնացնի շփման գծում և հարցը կփակվի: Բայց այդ վստահությունը Ռուսաստանը չունի և չի կարող ունենալ, որովհետև անգամ կողմերի միջև ներկայիս խիստ անհավասարաչափ ռազմական բալանսի պայմաններում Ադրբեջանն ի զորու չէ «Բլից քրիգի» դասական կանոններով իրականացնելու ռազմական օպերացիա: Իսկ ռազմական գործողությունների ձգձգման դեպքում ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Թուրքիայի միջամտությունը դառնալու է անխուսափելի` տապալելով միակողմանիորեն խաղաղապահներ տեղակայելու Ռուսաստանի հնարավոր ծրագիրը և գուցե հիմք ստեղծելով ԼՂՀ-ի միջազգայնորեն ճանաչման գործընթացի համար: Արդյունքում Մոսկվան ոչ միայն այդ խնդիրը չի լուծի, այլև կկորցի Հայաստանին իբրև դաշնակցի:

Միակ տարբերակը, որ նման խելահեղ պլանն կաշխատի, այն է, որ այդ օպերացիան բեմադրվի Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռանկյունու համաձայնության արդյունքում, որն այլ բան չի լինելու, քան Հայաստանի իշխանությունների դավադրության հետևանքը` դրանից բխող բոլոր սարսափելի հետևանքներով:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ այս պահին խաղաղապահների տեղակայման մասին խոսք չկա և հավելել. «Սա հակամարտության միակ գոտին է, որն առանց երրորդ ուժի է. հայկական ստորաբաժանումները, որոնք Արցախի բանակում են, կարողանում են բարձր մարտական ոգու շնորհիվ իրենց առջև դրված խնդիրներն իրականացնել»: Նման դիրքորոշումը վկայում է, որ Երևանն առայժմ չի ցանկանում քննարկել ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլև առանձին վերցրած Ռուսաստանին հայ-ադրբեջանական շփման գոտի ներքաշելու տարբերակը: Այդ դեպքում ո՞րն է Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման բազային կազմակերպություն ստեղծելու առաջարկի իմաստը:

Ըստ ամենայնի` այս առաջարկը հնչեցվել է Հայաստանի դերը ՀԱՊԿ-ում ավելի արժևորելու նպատակով և կազմակերպության ռազմական բաղադրիչի ուժեղացման պրոցեսն արագացնելու համար` այն հույսով, որ այդ ռեսուրսը գուցե հետագայում իսկապես պետք գա: Սա եղել և փաստորեն մնում է Երևանի ուղեգիծը ՀԱՊԿ-ում: Պատահական չէ, որ Հայաստանը ամենաուղղակի և թերևս ամենամեծ ներդրումներից մեկն է ունեցել այդ կազմակերպության արագ արձագանքման ուժերի ստեղծման գործում և ամենաակտիվն է մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպվող զորավարժություններին:

Սակայն Դուշանբեում արված առաջարկի հիմնական նպատակը կազմակերպության անդամ «գործընկեր» մյուս երկրներին Հայաստանի նկատմամբ իրենց պարտավորություններից խուսափելու, մանևրելու հնարավորություններից զրկելու փորձն է: Փաստացի Սերժ Սարգսյանը ցանկանում է իմանալ` պատրա՞ստ են Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը, Հայաստանի համար ամենախնդրահարույց երկրները, ՀԱՊԿ ռազմական կոնտիգենտ տեղակայել Հայաստանում, որը դիտարկվելու է որպես անհրաժեշտության դեպքում օպերատիվ կերպով պատերազմական գործողություններում ներգրավվող ռազմական ստորաբաժանում: Եթե պատասխանը կլինի բացասական, Հայաստանը, թերևս, իրեն քաղաքական և բարոյական իրավունք կարող է վերապահել` հրաժարվելու կատարել մյուս երկրների նկատմամբ իր պարտավորությունները, ինչպես, օրինակ Աֆղանստանից իսլամական ծայրահեղական խմբավորումների ներժուժումից Տաջիկստանի սահմանները պաշտպանելու համար ՀԱՊԿ զորաբանակի շրջանակներում այդ տարածաշրջան հայկական զորամիավորում ուղարկելը: Այս իմաստով սա նաև նախազգուշական քայլ է, որը, սակայն, դժվար թե որևէ արդյունք ունենա. Հայաստանն արդեն վաղուց պետք է դադարեր ՀԱՊԿ-ն (ոչ թե Ռուսաստանին) իբրև իր անվտանգության համակարգի բաղադրիչ ընկալելուց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter