Իրանական ընկերությունը Հայաստան կներկրի 475 հազար դոլարի սարքավորումներ
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի ֆինանսավորումը շուտով կվերականգնվի։ Այն, ըստ նախարարության, ընդհատվել էր իրանական կողմից ֆինանսավորման դադարեցման պատճառով։
Իրանի և Հայաստանի կառավարությունները դեռեւս 2011թ. դեկտեմբերին ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանին օժանդակություն հատկացնելու վերաբերյալ։ Հուշագրի շրջանակներում Իրանի կառավարությունը համաձայնել է տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար, որպես դրամաշնորհ` Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հայկական կողմն իր վրա էր վերցրել տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը:
Ծրագրի գլխավոր կապալառու՝ իրանական «Սաներջի» ընկերությունը
2013թ.-ին ավարտվել է գազի բաշխման ցանցի նախագծման աշխատանքները և սկսել է համապատասխան սարքավորումների ու նյութերի մատակարարումները: Այդ նպատակով իրանական կողմը տրամադրել էր կանխավճար՝ 800 հազար դոլար` համաձայնագրով նախատեսված գումարի 40%-ը։ Կանխավճարը փոխանցվել էր Հայաստանում Իրանի դեսպանության հաշվին։
Սակայն դրա իրացումը, համաձայն նախարարության, կասեցվել էր. մասնավորապես 2013-2014 թթ. Հայաստանում Իրանի դեսպանություն էր ներկայացվել մատակարարված ապրանքների դիմաց վճարման 5 հանձնարարագիր՝ 192 հազար դոլար արժեքով, բայց վճարում չէր իրականացվել` ԻԻՀ ԱԳՆ-ի կողմից ծրագրի ֆինանսավորումը կասեցնելու պատճառով:
«Սաներջի» ընկերության` նախարարությանը փոխանցած տեղեկատվության համաձայն՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում ծրագրի ֆինանսավորումը կվերսկսվի:
2015թ. ընթացքում կապալառու ընկերությունը նախատեսում է Հայաստան ներկրել 475 հազար դոլարի սարքավորումներ: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 18-ին կայացած նիստում ընդունեց որոշում նշված ծրագրի շրջանակներում 2015թ. ներկրվող ապրանքերի համար առաջացող հարկերի և տուրքերի 102,5 մլն դրամ վճարման վերաբերյալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել