HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Բաբայան. «Ճշմարտությունն ավելի կարևոր է, քան հայրենիքը»

Նաիրա Հայրապետյան

1991թ. ճիշտ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, ծնվեց Անկախ Հայաստանը, որն այլևս չէր ուզում հանդուրժել Խորհրդային Միության ներկայությունն իր կյանքում ու միասնաբար, ժողովրդական ամենահզոր վճռականությամբ ամրագրեց իր «Այո»-ն պատմության մեջ: Բազմաթիվ փորձությունների, զրկանքների, երկրաշարժի, հացադուլների, նստացույցերի ու պատերազմի միջով մենք ստեղծեցինք մեր անկախությունը: Տեսանք այն իբրև գերագույն երազանք ու արժեք, հագցրեցինք մեզ որպես սրբագույն հանդերձանք, որը ձգտել էինք կրել տարիներ, դարեր: Ու մոռացանք պահպանելու կարևորության մասին, որովհետև մոռացել էինք նայել մեզ ներսից, մաքրել կեղծ, շինծու արժեքներից, անցյալի կենդանի ուրվականներից ու փոխարենը հյուսել ամրացնող թելեր: Անցել է 24 տարի, որոնց մեջ այսօր փոխվել են, երբեմն աղավաղվել ու խմբագրվել այդ անկախության մասին մեր պատկերացումները: Դրանցից ոմանք նեղացել (ոմանց համար հակառակը՝ ոչնչից մեծացել) ու տեղավորվել են ամեն տարի հնչող դեսից-դենից քաղված, բայց դեռևս դժվար ընթերցվող  ճառերի, սովետական դպրոցական հանդեսներ հիշեցնող միջոցառումների, շքանշանների մոլեռանդորեն երկրպագելու ու շնորհավորանքների սահմանում: Նրանց մեջ, վստահաբար,  մեծ մասնակցություն կունենան նաև մտավորականները:

Ազատության, հաղթանակի, մեր ամրության և փայլուն ապագայի, անկախության մեր նվաճումների մասին այսօր հնչելու են բազմաթիվ խոսքեր, իսկ կեսգիշերային հրավառության ձայնով կփորձենք խլացնել դիվանագիտական հանդիպումների մեջ մեր լռության ձայնը, սահմանին զոհվող զինվորի անունը, նրա որդեկորույս մորը փողոցում քարշ տվող ոստիկանի հայհոյանքը, հանուն իրական անկախության պայքարող սեփական երեխաների բողոքի ճիչը: Մինչդեռ անկախությունը նախ գիտակցություն է, ապա դրանից բխող կենսակերպ, ճշմարտախոսություն, համարձակություն, ուժ և … ամեն ինչ:

«Ի՞նչ է անկախությունը» հարցին  Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը պատասխանում է.

-  Անկախությունը առաջին հերթին մեծագույն պատասխանատվություն է: Այն իր հետ բերում է պատասխանատվություն սեփական ճակատագրի, քո ընտանիքի, քո ազգի, քո երկրի հանդեպ, և կարծում եմ՝ այդ գիտակցությունն ունենալու համար երևի որոշակի փորձ է պետք: Դժվար է չլինելով անկախ՝ ձեռք բերել այդ գիտակցությունը: Երբ որ դու անկախ չես, ապա անկախությունն ընկալում ես որպես ռոմանտիկ մի գաղափար, բայց բովանդակային առումով, թե ինչ է բերում իր հետ, դու այնքան էլ չես ընկալում: Այս տեսակետից, կարծում եմ, որ համենայնդեպս այս 24 տարին, այսօրվա օրը գուցե բոլորիս մտորելու հնարավորություն տա, որ մենք հասկանանք՝ ինչի՞ն հասանք, ինչի՞ն չկարողացանք հասնել այս տարիների ընթացքում, ինչու՞ չկարողացանք: Առանց անցած ուղին վերլուծելու, առանց դասեր քաղելու՝ շատ դժվար է նայել դեպի ապագա: Իսկ այն որ մենք պարտավոր ենք մշտապես նայել առաջ և ապրել ներկայով ու ապագայով, դա ինձ համար միանշանակ է, քանի որ հռչակվել ենք անկախ պետություն:

Մենք ունենք երկիր, բայց պետություն չեն ունենում, պետություն կառուցում են: Եվ դա ամենօրյա աշխատանք է: Այստեղ, կարծում եմ, զլացել ենք, և բոլորս ենք զլացել: Մենք կարծես, թե ձևականորեն ունենք ամեն ինչ՝ անկախ կոչվելու համար, բայց իրականում ձևը կա, բովանդակությունը չկա: Այն, ինչ մենք անվանում ենք պետականաշինություն, այս 24 տարվա ընթացքում պետք է առաջին հերթին ուղղված լիներ դրան՝ բովադակությամբ լցնել պետական բոլոր ատրիբուտները: Բացի այդ, մենք մեխանիկորեն բազմաթիվ արատներ տեղափոխեցինք մեզ հետ Անկախ Հայաստան, չհասկացանք, որ այն պետությունն է ամուր, որը կառուցված է մարդու վրա: Մարդը ավելի կարևոր է, քան պետությունը: Այն երկրները, որոնք այս բանաձևն են վերցրել, կառուցել են ամուր պետություն, իսկ նրանք, որոնք ասել են, թե պետությունն ավելի կարևոր է, քան մարդը, թույլ են դուրս եկել, փլվել են: Ահա երկու ցայտուն օրինակ՝ նացիստական Գերմանիան և Սովետական Միությունը, որտեղ մարդը ենթակա էր պետական շահերին… և հիմա չկան ո՛չ մեկը, ոչ էլ՝ մյուսը:

Եվս մի կարևոր բան կա՝ ճշմարտությունն ավելի կարևոր է, քան հայրենիքը: Եթե դու դրանով ես առաջնորդվում, դու գիտակցում ես, թե ինչ բան է հայրենիքը: Քո հայրենիքը լինում է ամուր, քանի որ այն կառուցում ես ճշմարտության վրա: Ստի վրա հայրենիք չեն կառուցում: Սա է, կարծում եմ, մեր մեծագույն բացը, որը թույլ տվեցինք այս տարիների ընթացքում: Որևէ մեկ ուրիշը մեզ համար պետություն չի կառուցի, մեր պետությունը մենք պիտի կառուցենք:

Մեղավորությունը Ռ. Բաբայանը տեսնում է յուրաքանչյուրիս մեջ, որովհետև անկախության պատասխանատվությունը կրում է մեզանից ամեն մեկը՝ անխտիր: Այդպես լինում է, երբ գիտակցում ես նրա ողջ էությունն ու ընդունում այն: Մինչդեռ մենք շարունակում ենք ելքեր փնտրել՝ մտածելով՝ միգուցե մտնե՞նք մի ուրիշ երկրի կազմի մեջ, միգուցե այդպես ավելի ապահով լինենք, երաշխիքներն ավելի շատ լինեն:

-  Ես միշտ փորձում եմ մեղավորությունը փնտրել սեփական անձիս մեջ: Ընդհանրապես, երբ փորձում ես վերլուծել սեփական սխալներդ, առողջացման ճանապարհին ես, և հույս կա, որ առաջընթաց կլինի: Երբ դու ամեն ինչ տեսնում ես քեզնից դուրս, ընդ որում՝ ես նկատի ունեմ քո անձից դուրս, ընտանիքից, ազգից ժողովրդից դուրս, տեսնել մեղավորին միշտ այնտեղ, ապա սա դեպի փակուղի տանող ճանապարհ է և չի բուժի երբևիցե:

- Իսկ ի՞նչ կասեք արվեստագետների և հետանկախության շրջանում նրանց ստեղծած արվեստի մասին: Այս տարիների ընթացքում ավելացա՞ն  ազատ, անկախ արվեստագետները: Արդյո՞ք այն արվեստը, որը ստեղծվել է այս տարիների ընթացքում անկախ մտածողության արդյունք է: 

- Ես կարծում եմ, որ ազատ մտածողության, սահմաններ քանդելու, այս երկրի քաղաքացի զգալու, սեփական արվեստով որոշակի հարցերի լուծում տալու կամ առաջարկելու և ժամանակի հետ շարժվելու տեսակետից մենք ունենք փայլուն երիտասարդություն հիմա: Քանի որ թատրոնում ես երիտասարդներին հաճախակի տալիս եմ որևէ գործ անելու, բեմադրելու հնարավորություն, ապա ասում եմ, որ ես հիացած եմ նրանցով: Երբ համեմատում եմ ինձ իրենց հետ, հասկանում եմ, որ նրանք շատ ավելի ազատ են: Ես ամեն անգամ հաղթահարում եմ վախի զգացողություն, ամեն անգամ մտնում եմ սեփական անձի հետ պատերազմի մեջ. նրանք դա չունեն, և սա անկախության այս 24 տարվա ամենամեծ ձեռքբերումն է: Նրանք ծնվել են թույլ, ջախջախված տնտեսությունով, պատերազմող, բայց ազատ երկրում, նրանք ունեն ազատ ոգի և մենք՝ մեծահասակներս, չպետք է փորձենք այդ ազատ ոգին ճնշել: Մենք պետք է թույլ տանք, որ երիտասարդությունը նայի դեպի առաջ, մենք ինքներս էլ պետք է միայն առաջ նայենք: Իսկ անցյալին պետք է անդրադառնալ միայն մի պարագայում՝ դասեր քաղելով, որպեսզի այլևս նույն սխալները չկրկնվեն: Բայց չի կարելի փորձել ուղղել անցյալը: Անցյալն անցյալ է: Ավելին՝ երբ դու մտքով, զգացողություններով, քո հիշողություններով մշտապես անցյալի մեջ ես, չես տեսնում այսօրվա մարտահրավերները:

-  Հանրությունը, չնայած բազմաթիվ հիասթափությունների, միշտ էլ սպասել է իր արվեստագետին, մտավորականին, նրա դիրքորոշմանը: Ցանկացել է նրանից լսել ճշմարիտ խոսքեր, հավատալ, որ նրան իր իսկ կողմից շնորհված գնահատականի մեջ սխալված չի եղել:

-   Այո, Դուք ճիշտ եք նկատում, մենք միշտ մեծ ակնկալիքներ ունենք մեր արվեստագետներից:  Ես չեմ ասի, թե մենք ունիկալ ազգ ենք այս տեսակետից, բայց այն հազվագյուտերից ենք, որոնք իսկապես արվեստագետից շատ բան են սպասում և առաջին հերթին՝ ճշմարտացի քաղաքացիական դիրքորոշում: Եվ այստեղ անպայման չէ, որ ճիշտ բաներ ասես, կարևորն այն է, որ դու անկեղծ խոսես: Իրական ճշմարտությունը շատ բարդ հարց է, բայց առաջին քայլը դեպի այն՝ չստելն է, սեփական ժողովրդի հետ անկեղծ խոսելն է: Ես չեմ կարծում, թե ամերիկացիները կամ անգլիացիները նման պահանջներ են ներկայացնում իրենց արվեստագետներին, բայց նման սպասելիքն, անշուշտ, պարտավորեցնող է, տասնապատիկ պարտավորեցնող, որովհետև մենք այս երկրում ենք ապրում և աշխատում:

Պետություն կառուցելու պարտավորությունը դեռ մեր ուսերին է, իսկ ներուժին պարոն Բաբայանը կարծես թե վստահում է, որովհետև հավատում է երիտասարդության ազատության բանաձևին: Դա տարբեր է նախորդներից: 24 տարին մեծ ժամանակահատված է, ու բոլոր պատճառաբանությունները, որոնց մեծ մասը վերագրում ենք խորհրդային հոգեբանությանը կամ այս ու այն առաջնորդին, տեղ-տեղ հնացած են: Որովհետև պատասխանատու պահերին մոռանում ենք կարևոր բաների մասին, դրա հետևանքով 24 տարի շարունակում ենք հարցնել, թե ինչու՞ ենք մենք դժվարանում ճշմարիտ խոսել միմյանց, նույնիսկ՝ ինքներս մեզ հետ, ինչու՞ ենք ավելի հաճախ բավարարվում  փոքր ձեռքբերումներով ու հանգիստ վայելում դրանք՝ մոռանալով ավելի մեծ դժվարությունների մասին, ինչու՞ հազվադեպ ենք հասնում մեր «ինչու»-ին:

Պետություն կառուցելու ճանապարհը Ռ. Բաբայանի համար սկսվում է մարդուց.

- Եկեք բացենք մեր աչքերը և չվախենանք աշխարհից, եկեք հասկանանք, որ ուժեղ պետություն չի լինում, ուժեղ ազգ չի լինում, ուժեղ մարդ է լինում: Դու՝ ինքդ պետք է ուժեղ լինես: Եթե դու ուժեղ եղար, ազգդ, պետությունդ էլ ուժեղ կլինեն: Մի՛ պահանջիր պետությունից, որ նա միայն ուժեղ լինի, պետությունը աբստրակտ է, դու կոնկրետ ես:

Իսկ ո՞վ է լինում ուժեղ. նա, ով ունի երազանք, նայում է ուղիղ առաջ և աշխատում է այդ իդեալին հասնել: Եթե դու ամուր ես քո երազանքի մեջ,քո՛ երազանքի,  որը քո քրտինքով, քո տանջանքով ես ծնել, բերել առաջ, ապա ոչ ոքի թույլ չես տա, որ որևէ մեկը կոտրի այն: Եթե երազանքը քեզ փաթեթավորած տվել են, որ դու վայելես, դա քոնը չէ: Եվ եթե նա երազանք է դառնում միայն այն ժամանակ, երբ դու ելույթ ես ունենում մամուլով, հեռուստատեսությամբ կամ հանրության առջև, բայց իրականում  դու ոչ մի երազանք չունես, այն պարզապես մի քիչ լափելն է, բերել այստեղ լցնելն ու ուրիշ ոչ մի բանի չխառնվել, ասել է թե՝ ցած գցել պատասխանատվությունն ու վերցնել միայն հնարավորությունը մկան պես այստեղից-այնտեղից վերցնելու և բույնդ դնելու, դա մարդու ամրություն չէ: Մարդու ամրությունը հանուն երազանքի պայքարելն է: Գյոթեն իր հանրահայտ «Ֆաուստում» ասում էր՝ «Միայն նա է արժանի կյանքի ու ազատության, ով ամեն օր նրանց համար գնում է մարտի»:

Ես հավատում եմ մարդուն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter