HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը լիարժեք զբոսաշրջային երկիր դարձնելու ճանապարհն անցնում է Սեւանով

Արմինե Ղուկասյան 

Մինչ համայնքների համաչափ զարգացման մասին ընդունվում են որոշումներ, մշակվում եւ իրականացվում են զարգացման մեծ ու փոքր ծրագրեր, Սեւան քաղաքի հիմնախնդիրների շղթան գնալով երկարում է:

«Վերջին 25 տարում հասկանալի պատճառներով Սեւանում կուտակվել են բազմաբնույթ հիմնախնդիրներ, որոնց լուծմամբ միայն հնարավոր կլինի պահպանել քաղաքային տնտեսությունը: Եվս մի քանի տարի` այդ խնդիրներն այլեւս կդառնան անլուծելի կամ կպահանջեն ավելի մեծ գումարներ,- համայնքի այսօրվա վիճակն այսպես է ներկայացնում Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը,-հիմնախնդիրներով ծանրաբեռնված համայնքում դրանց լուծման համար անհրաժեշտ է 6 մլրդ դրամ: Ակներեւ է, որ տեղական միջոցներով հնարավոր չէ դրանք լուծել անգամ բյուջեի 100% կատարողականի դեպքում»:

Սեւանի «աքիլլեսյան գարշապարը» ներառում է բնակարանային ֆոնդը, անձրեւաջրերի հեռացման ու լուսավորության ցանցերը, կրթամշակութային, ուսումնական օբյեկտներն ու հաստատությունները, այս շղթան կարելի է երկար շարունակել:

Սեւան համայնքում կա 213 բազմաբնակարան շենք, որոնցից 9 հարկանի է 27-ը: Շենքերի ընդհանուր մակերեսը կազմում  է 366279 քմ: Խաղաղության 16, Սայաթ-Նովա 19, Նաիրյան 4, Գայի 1  բազմաբնակարան շենքերն ունեն 3-րդ աստիճանի վթարայնություն, իսկ Նալբանդյան 36 բազմաբնակարան բնակելի  շենքը 4-րդ աստիճանի վթարային է:

Քաղաքապետի խորհրդական Ռոբերտ Ռաֆայելյանը տարիներ շարունակ ուսումնասիրել է համայնքային ենթակառուցվածքների վիճակը: Նա ասելով՝ մասնագիտական հանձնախմբերի ներկայացրած տեխնիկական ակտերը փաստում են, որ Սեւան համայնքում բազմաբնակարան բնակելի շենքերի հետագա պահպանման համար անհրաժեշտ է կատարել շինմոնտաժային անհետաձգելի աշխատանքներ, որի համար անհրաժեշտ է 1,2 մլրդ դրամ:

Բազմաբնակարան շենքերին զուգահեռ հիմնանորոգման խիստ կարիք ունեն ուսումնական, արտադպրոցական մի շարք հաստատություններ: Մասնավորապես, թիվ 1 «Բողբոջ» մանկապարտեզի, Գագարինի, Ցամաքաբերդի եւ Գոմաձորի ակումբների շենքերը, որոնք չեն վերանորոգվել շահագործման օրվանից (շուրջ 40-60 տարի) եւ գտնվում են անմխիթար վիճակում:

Երաժշտական դպրոցի շենքը հարմարեցված է (նախկին մանկապարտեզի շենք) եւ, համաձայն տեխնիկական եզրակացության՝ ունի 3-րդ աստիճանի վնասվածություն:

Սեւանի թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզն արդեն ընդգրկվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերում, եւ առաջիկայում մանկապարտեզում կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները:

Սեւանցի երիտասարդ ընտանիքներն էլ վաղուց սպասում են, որ ընդգրկվելու են «Բնակարան` երիտասարդ ընտանիքներին» ծրագրում:

Սեւան քաղաքում վերջին բազմաբնակարան շենքը կառուցվել է 1990 թ·-ին, նոր կազմավորվող ընտանիքներն էլ անցած տարիներին, տանիք ունենալու համար, դիմել են տարբեր միջոցների, որոշ դեպքերում էլ` արտագաղթի:

Սեւանցին սպասում է, որ իր քաղաքում էլ է տոն լինելու, ու Սեւանը վերականգնելու է ոչ միայն նախկին համբավը, այլեւ տեսքը:

«Կար ժամանակ, որ Սեւանը շատ բարեկեցիկ էր, հարմարավետ, անգամ` օրինակելի: Այսօր, ցավոք, նույնը չենք կարող արձանագրել,- ասում է քաղաքապետ Ռ· Ղուկասյանը:  «Չկա»-ների շղթան ժամանակի ընթացքում երկարել է, եւ հետզհետե այդ շղթայի օղակները կավելանան, եթե քաղաքում կապիտալ լուրջ ներդրումներ չկատարվեն: Դեռեւս զարգացման ծրագրեր չենք կարողանում կյանքի կոչել, ընդամենը գոյատեւման խնդիրներ ենք լուծում, այն էլ` կարճաժամկետ: Անցած տարիների ընթացքում բազմիցս փորձել ենք մեր խնդիրները բարձրաձայնել, հղել տարբեր գերատեսչություններ, կառավարություն»:

Համայնքին թողնել իր խնդիրների դեմ առ դեմ, նշանակում է` եւս մի քանի տասնամյակ հետ գնալ, կորցնել եղածը: Այստեղ արդեն պետական հոգածությունը պետք է լինի կոնկրետ որոշումների տեսքով. Սեւանին շնորհելով զբոսաշրջային կենտրոնի կարգավիճակ` կլուծվեն մի շարք խնդիրներ, կբացվի համայնքի երկրորդ շնչառությունը, կյանքի կկոչվեն թղթի վրա մնացած ծրագրերը, Սեւան-Գրենոբլ (ֆրանսիա), Սեւան-Բրոդնիցա (Լեհաստան) ապակենտրոնացված համագործակցությունները կդառնան առավել առարկայական, որովհետեւ երկու քաղաքների դեպքում էլ զբոսաշրջությունը համագործակցության հիմնական ուղղություններից է:

Քաղաքի երեկը, այսօրն ու վաղը կապվում է զբոսաշրջության հետ, որը նաեւ տարածքի զարգացման գերակա ուղղություններից մեկն է: «Սեւանն ունի զբոսաշրջիկներ ընդունելու մեծ հնարավորություն. այն գտնվում է միջպետական ճանապարհի հանգուցակետում: Եթե Դիլիջանում, Ծաղկաձորում հանգստի կազմակերպման ձեւերը գրեթե չեն տարբերվում, ապա Սեւանում այն էականորեն տարբեր է, միաժամանակ Երեւանը ամռան ամիսներին բեռնաթափվում է Սեւանի հաշվին: Խորությամբ ուսումնասիրելով Սեւանի առկա հնարավորությունները, առանձնահատկությունները, հիմնախնդիրների լուծման ուղիները` նպատակահարմար է հայտարարել միջազգային մրցույթ Սեւան համայնքի գլխավոր հատակագծի մշակման համար` մինչեւ 2030 թ. հաշվարկային ժամկետի սահմաններում, որն էլ կտա հիմնախնդիրների լուծման իրատեսական ուղիները եւ որի միջոցով Սեւանի զարգացման ռազմավարությունը կդառնա իրատեսական»,- պարզաբանում  է Սեւանի քաղաքապետը:

Գաղտնիք չէ, որ ներկայումս անխուսափելիորեն նվազում է արդյունաբերա-արտադրական ոլորտի զարգացումը, կտրուկ պակասել են աշխատատեղերը, նվազել են շինարարական արդյունաբերության հզորությունը եւ վարչակառավարչական մարմինների աշխատատեղերը: Երեւույթների զարգացման նման ընթացքի պայմաններում ոչ միայն խոսք չի կարող լինել քաղաքի բնակչության հետագա աճի մասին, այլեւ կայունացման անհրաժեշտ միջոցառումների բացակայության դեպքում անխուսափելի կդառնա բնակչության արտահոսքը:

Քաղաքապետի խորհրդական Ռ· Ռաֆայելյանը փաստում է, որ նույն պայմաններում ու բացարձակապես նույն պատճառներով շեշտակի աճ կարող է ունենալ ամառանոցա-առողջարանային եւ տուրիստական համալիրը, որի պոտենցիալ կարողությունները, ըստ մասնագիտական ուսումնասիրությունների, քաղաքում բազմապատիկ ավելին են, քան դրանց գործարկման այսօրվա հնարավորությունները:

«Կանխատեսումների իրականացման համար, ձեռնպահ մնալով նոր աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտ կապիտալ ներդրումներից, հարկավոր է շեշտակի բարձրացնել ամառանոցա-առողջարանային եւ զբոսաշրջության համալիրի որակական մակարդակը Սեւան քաղաքում»,- ասում է Ռոբերտ Ռաֆայելյանը:

«Մենք շատ ենք խոսում, որովհետեւ փող չունենք, սակայն մեր խոսելով պետք է փող ունեցողին բերենք այստեղ, ճանապարհ տանք ներդրողներին: Դրա ճանապարհը մեկն է` Սեւանի նոր գլխավոր հատակագիծ ունենալը, որի կյանքի կոչմանը պետք է աջակցի պետությունը: Սա անիրատեսական գաղափար չէ. հաջողված պատմություններ, նախադեպեր կան, օրինակ` Բաթումին, Աստանան»,- ասում է Ռ. Ղուկասյանը:

Հիմնախնդիրների պակաս չունեցող քաղաքի քաղաքապետը չի փորձում որդեգրել մի կերպ յոլա գնալու սկզբունքը. այդ ժամանակները վաղուց անցել են, անհրաժեշտ են կտրուկ ու գրագետ քայլեր, որը միայն տեղական իշխանությունների եւ սեւանցիների միջոցով հնարավոր չէ: Այստեղ պետք է զգացվի պետության ամուր ձեռքը, որովհետեւ մեր երկրի լիրաժեք զբոսաշրջային երկիր դառնալու ճանապարհը սկսվում է նաեւ այստեղից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter