HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էջմիածնում շտապօգնության կանչերը «տեխնիկական» պատճառներով կարող են չսպասարկվել

Էջմիածնում եզակի չեն դեպքերը, երբ շտապօգնության կանչերը «տեխնիկական պատճառներով» ուշ են սպասարկվում կամ չեն սպասարկվում: Իհարկե, շտապօգնության բաժանմունքում բառացի չեն ասում, որ կանչը չեն սպասարկելու, սակայն թվարկելով խնդիրները բացատրում են, որ ձեր հիվանդին սեփական միջոցներով ու ավտոմեքենայով բերեք հիվանդանոց, հակառակ դեպքում հնարավոր է սպասեն մի քանի ժամ:

Խորհուրդ են տալիս հիվանդին տեղափոխել հիվանդանոց կամ ճարահատյալ սպասել շտապօգնության ավտոմեքենային

«Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի շտապօգնության բաժանմունքն ունի չորս ավտոմեքենա, որից նոր են համարվում 2010-2011թթ. արտադրության «Ֆորդ» մակնիշի երկու ավտոմեքենաները և 2003թ. արտադրության «Գազելը»: Հիվանդանոցի չորրորդ՝ «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենան 25 տարեկան է և գրեթե ամբողջությամբ շարքից դուրս է եկել:

«Ռաֆ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենայում բժշկական ոչ մի սարքավորում չկա: Շտապօգնության բաժանմունքի վարիչ Հռիփսիմե Վարդապետյանի խոսքերով՝ այդ ավտոմեքենայով միայն բժիշկ ու հիվանդ են տեղափոխում: Նույն վիճակում է գտնվում նաև «Գազել» մակնիշի ավտոմեքենան, իսկ «Ֆորդ»-երը ապահովված են թթվածնի բալոնով, շնչառական ուղիները մաքրող ներծծիչ ապարատներով:

Սկզբում «Ֆորդ» ավտոմեքենաներում եղել են էլեկտրասրտագրման ապարատներ, սակայն դրանք հենց առաջին տարվա ընթացքում շարքից դուրս են եկել և այժմ չեն օգտագործվում:

«Այս պահին ունենք նոր ավտոմեքենաների կարիք: Շատ կցանկանայինք, որ չորս նոր ավտոմեքենա ունենայինք, որովհետև չկա օր, որ վարորդը «Ռաֆը» հերթափոխից հետո չտանի վերանորոգման:

Նույնը նաև «Գազել» մակնիշի ավտոմեքենային է վերաբերում: «Ֆորդերը» նույնպես սկսել են խափանումներով աշխատել: Պատկերացրեք` այդ ավտոմեքենայով գնում եմ կանչի՝ հիվանդ մարդու մոտ, ես չգիտեմ տեղ կհասնեմ, թե ոչ: Եթե մեքենան ճանապարհին փչանում է, զանգում ենք հիվանդին զգուշացնում ենք, որ ձեր կանչը տեխնիկական պատճառով մի փոքր կուշանա: Երկրորդը՝ տեղյակ ենք պահում հերթակառավարիչին, որ մեր ավտոմեքենան չի աշխատում, մյուս բրիգադի մեքենան է գալիս հասնում, կամ դուրս է գալիս երրորդ ավտոմեքենան: Իսկ չաշխատող ավտոմեքենան գնում է վերանորոգման»,- ասում է Հռիփսիմե Վարդապետյանը:

 

Եղել են դեպքեր, երբ հիվանդատերերը լեզվակռվի մեջ են մտել կանչը սպասարկող բուժանձնակազմի հետ: Պատճառն այն է, որ այդ օրվա կազմի «բախտը» չի բերել և իրենց բաժին է հասել հին ավտոմեքենա: Հատկապես ֆինանսապես կայուն վիճակում գտնվող հիվանդատերերը անվստահություն են հայտնում մաշված շտապօգնության ավտոմեքենայով կանչը սպասարկող բուժանձնակազմին, նշելով, թե ձեր վարած ավտոմեքենան ինչ է, որ օգնության որակը ինչ լինի:

Բաժանմունքի վարիչի խոսքերով՝ օրվա ընթացքում հերթապահում է երկու շտապօգնության ավտոմեքենա, իսկ մյուս երկուսը այդ օրը չեն աշխատում: Անդրադառնալով կանչերի թվին՝ Հ. Վարդապետյանը նշում է, որ հնարավոր է 3-4 ժամ հանգիստ նստեն, կանչ չլինի, բայց կարող է 30 րոպեի ընթացքում 4-5 կանչ գրանցվի: Հարցին՝ երկու ավտոմեքենայով հասցնում եք սպասարկել կանչերը, բաժանմունքի վարիչը նշում է, որ «պահը գիտի»:

«Չենք ասում մերժում ենք, չենք սպասարկում, բայց ուշացումներ լինում են: Զգուշացնում ենք իրենց, որ մեքենան կուշանա, եթե հնարավորություն ունեք հիվանդին բերեք հիվանդանոց ձեր մեքենայով, եթե հնարավորություն չունեք, ուրեմն պետք է ճարահատյալ սպասեք մինչև ավելի վաղ գրանցված կանչը սպասարկեն և գան իրենց հիվանդի մոտ»,-ասում է Հռիփսիմե  Վարդապետյանը:

Շտապօքնության բաժանմունքի վարիչն ասում է, որ հնարավոր է ծանրաբեռնված ժամանակ «գիծ» հանել նաև երրորդ ավտոմեքենան, սակայն ֆինանսական միջոցները չեն բավարարում:

«Սա ֆինանսավորման հետ կապված հարցեր են, իրավասու չեմ պատասխանելու: Անկախ ամեն ինչից կանչերը օրական սպասարկում է երկու ավտոմեքենա՝ երկու բրիգադով: Օրվա ընթացքում մեր կանչերը տատանվում են 35-45-ի սահմաններում: Շտապից շտապ կանչեր էլ են լինում, առաջինը սպասարկում ենք ըստ անհրաժեշտության, այսինքն՝ կյանքին վտանգ սպառնացող պայմաններից ելնելով ենք հերթագրում մեր կանչերի սպասարկումը»,-ասում է Հ. Վարդապետյանը:

Շտապօգնության ավտոմեքենաներում չկան անհրաժեշտ սարքավորումներ

Բաժանմունքի վարիչը բացի նոր ավտոմեքենաների պահանջարկից, նշում է նաև ավտոմեքենաներում բացակայող բժշկական սարքավորումների մասին: Ըստ նրա՝ անհրաժեշտ է, որ շտապօգնության ավտոմեքենաների մեջ լինի սարքավորումներ, բայց «իրենց հույսը դնում ենք հիմնականում սեփական ուղեղի վրա»:

«Եթե ես ասեմ, որ էլեկտրասրտագրության ապարատը 100%-ով դիագնոզ է տալիս, այդպես չէ: Մենք ավելի շատ մեր հույսը մեր գիտելիքների վրա ենք դնում ու մեր փորձի, բայց շտապօգնության ավտոմեքենաներում պետք է լինեն գոնե առաջին բժշկօգնության սարքեր, օրինակ՝ դեֆիբրիլյատոր, կարդիոգրամայի ապարատ, արտածծիչ ապարատներ, սակայն չունենք: Փոխարենը անշարժացման շինաների և դեղորայքի պակաս չունենք»,-ասում է Հ. Վարդապետյանը:

Նշենք, որ Վաղարշապատի շտապօգնության ծառայությունը սպասարկում է Էջմիածին քաղաքն ամբողջությամբ և հարակից 41 գյուղերը: Միայն Էջմիածին քաղաքն ունի 57.600 բնակիչ: Արդեն պարզ է, թե որքան կարող են կազմել «տեխնիակական պատճառներով» չսպասարկվող կանչերի թիվը:

Տիկին Վարդապետյանը, որպես սպասարկման դժվարություն առանձնացրեց նաև անմխիթար ճանապարհների հարցը: Ըստ նրա, իբր փոսերով հարուստ ճանապարհները քիչ են, որոշ հատվածներում էլ ճանապարհների վրա արհեստական խոչընդոտներ՝ թմբեր են կառուցված:

«Պատկերացրեք ծանր ինսուլտով հիվանդ ենք տեղափոխում, ինչքան էլ մեքենայի ընթացքը դանդաղացնենք, որ թմբի վրայով հանգիստ անցնենք, հիվանդին «վերև-ներքև» ենք անում ու մտածում ենք, որ հիվանդը կարող է տեղում մնալ, եթե փրկվեց, ուրեմն լավ է: Ամեն մի տատանումն հիվանդի վրա բացասական է ազդում: Միջինը ամենահեռու տարածք պետք է հասնենք 15 րոպեի սահմաններում, բայց դա կապված է ճանապարհների վատ վիճակից, մեր վարորդների քաղաքացիական դաստիրարակության պակասից: Այսօրվա վիճակով, շտապօգնության ավտոմեքենային տեղ չեն տալիս, հակառակը, մի բան էլ վարորդները ձեռքը հանում թափ են տալիս, թե ով ես, որ ազդանշան ես տալիս, ճանապարհ ես պահանջում»,-ասում է բաժանմունքի վարիչը և թվարկում հիվանդանոցաային անհարմարությունները:

Պարզվում է հիվանդանոցը ջուրը ստանում է ժամով: 1-2 ժամ ջուր տալիս են առավոտյան ժամը 7-9ը, մի երկու ժամ էլ տալիս են 6-8-ը ընկած հատվածում: Մնացած ժամանակ օգտագործում են շշերով հավաքած ջուրը:

Մեկնաբանություններ (1)

ominac
Մէյ մը որ նկատեք վաղարշապատի ժողովուրդի ներկայացուցիչներըու մակարդակըԳերագոյն Խորհուրդին մէջ, մէկ հատ ալ այսպիսի հարցումներ չեք տար։ Այս ժողովուրդը կարժէ գլխուն եկածը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter