HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու քաղաքապետը ցանկանում է հողատարածք նվիրել ֆուտբոլի ֆեդերացիային

Կառավարության վաղվա նիստում քննարկման կդրվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 8 հեկտար մակերեսով, 64,800,000 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող հողամասը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա իրավաբանական անձանց միությանը նվիրաբերելու որոշման նախագիծը:

Որպես նպատակ նշված է, որ հողատարածքում (Գյումրի քաղաք, «Մուշ- 2» թաղամաս, N 10/5) ֆուտբոլի տարածման և զարգացման համար մարզահամալիր է կառուցվելու` ՀՀ կառավարության որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրին համապատասխան: 

Քննարկման է դրված նաև վերոնշյալ` «Գյումրու ֆուտբոլի ակադեմիա» ներդրումային  ծրագիրը:

Պարզվում է, որ Գյումրիում ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրը Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և երկու միջազգային կազմակերպությունների՝ ֆուտբոլի համաշխարհային միության՝ ՖԻՖԱ-ի և ֆուտբոլի եվրոպական միության՝ ՈւԵՖԱ-ի կողմից իրականացվող համատեղ ներդրումային ծրագիր է: Համաձայն փաստաթղթերի` ներդրումային ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 1198951671 (մեկ միլիարդ հարյուր իննսունութ միլիոն ինը հարյուր հիսունմեկ հազար վեց հարյուր յոթանասունմեկ)ՀՀ դրամ:

Թեև ծրագիրը նոր է հաստատման դրված, սակայն ակադեմիայի պաշտոնական կայքում արդեն տեղադրված են լուսանկարներ` անցած տարի Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի բացումից, որին ներկա են եղել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախկինում նվիրաբերության դրված տարածքը ևս եղել է ֆեդերացիայինը, սակայն անհատույց օգտագործման իրավունքով: Արդյոք մոտ 65 միլիոն դրամ արժողությամբ նվիրաբերությունը կհաստատվի և ֆեդերացիան կդառնա դրա սեփականատերը, վաղը կորոշի կառավարությունը: Նախագծի փաստաթղթերում նշված է, որ Գյումրու քաղաքապետը վարչապետին է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությունը, և խնդրել կառավարության համաձայնությունը նշված տարածքը ֆեդերացիային նվիրաբերելու համար: 

Լուսանկարը` ffa.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter