HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կոտայքի մարզպետարանի պաշտոնյաների ընկերությունները հաղթող են ճանաչվում մարզի մրցույթներում

Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ոռոգման ցանցի հետագծի ճշտման և ջրագծի անցկացման, ինչպես նաև Արամուս համայնքի նոր թաղամասի խմելու ջրագծի կառուցման նպատակով Կոտայքի մարզպետարանն այս տարվա օգոստոսին,  առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու`  բանակցային ընթացակարգով «Աննար» ՍՊԸ-ի հետ կնքել է երկու պայմանագիր: Նշված ընկերությունը 100%-ով պատկանում է Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշավիր Խաչատրյանին և ընկերության ընտրությունը պատահական չի եղել:

Նույն աշխատանքներն իրականացնելու համար, բանակցություններին մասնակցել է նաև «Մարմար-Էտուալ» ՍՊԸ-ն, որի հայտի գինը Ջրվեժի դեպքում 99 հազար 800  դրամով է գերազանցել «Աննար» ՍՊԸ-ի առաջարկած գումարին, իսկ Արամուսի դեպքում` 189 հազար 800 դրամով: Մարզպետարանը համապատասխանաբար 14 500 200 և 9 550 200 դրամով պայմանագրերը կնքել է քաղաքաշինության վարչության պետի ընկերության հետ:

«Մարմար-Էտուալ» ՍՊԸ-ն էլ պատահական մարդու չէ: Ընկերության միակ բաժնետերը` Լիանա Հունանյանը, Կոտայքի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Կոմիտաս Հունանյանի կինն է: Նշենք, որ «Մարմար-Էտուալ» ՍՊԸ-ի տնօրենն էլ Կոմիտաս Հունանյանի հայրն է:

Նույն ծածկագրով հայտարարված բանակցությունների ժամանակ հայտարարվել է նաև մարզի Աղավնաձոր համայնքի ջրամատակարարման համակարգի հիմնանորոգման ծրագրի մասին, որին մասնակցել են նույն` «Աննար» ՍՊԸ-ն և «Մարմար-Էտուալ» ՍՊԸ-ն: Այստեղ էլ հաղթել է «Մարմար-Էտուալ» ընկերությունը: Ակնհայտ է, որ մարզպետարանի պաշտոնյաներին պատկանող «Աննար» և «Մարմար-Էտուալ» ընկերությունների «հաղթանակը» ձեռք է բերվել պայմանավորվածությունների արդյունքում:

Կոտայքի մարզպետարանը, որպես գնման ընթացակարգի ընտրության հիմնավորում նշել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը, ըստ որի` «գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, ինչը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ»:

Պետական մարմիններն իրենց ծանոթ-բարեկամների ընկերություններին հաղթող դարձնելու համար հաճախ են դիմում օրենքի այդ հոդվածի օգնությանը` այդպես էլ չհիմնավորելով, թե որտեղ է կայանում ընտրված ընկերության հեղինակային և հարակից իրավունքների, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությունը:

Ջրվեժի համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետ Անահիտ Մարգարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ոռոգման ջրագծի կառուցումը իրականացվում է երկու փուլով` մի մասը պետական միջոցներով, մյուս մասը` համայնքի:

«Պետության միջոցներով կազմվել է նախահաշիվ, բայց բյուջեի սղության պատճառով ամբողջ ծրագիրն իրենք չեն իրականացրել: Մարզպետարանը իրականացրել է ծրագրի մի մասը, մնացած մասը թողել է համայնքին: Մենք էլ որոշել ենք շարունակել, որովհետև Ջրվեժի համար ոռոգման ցանցի կառուցումը շատ կարևոր է»,- ասում է Անահիտ Մարգարյանը:

Համայնքապետարանի աշխատակցի խոսքով` պայմանագրի նախահաշվային գինը 28 մլն դրամ է, որից մոտ 15 մլն իրականացնում է մարզպետարանը: Ջրվեժի համայնքապետարանը ծրագրի իր մասն իրականացնելու համար ևս պայմանագիրը կնքել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի ընկերության հետ: Այս դեպքում պայմանագրի գինը կազմում է մոտ 13 միլիոն դրամ:

«Առաջին մասը իրականացնում է նույն ընկերությունը, որը ընտրվել է մարզպետարանի կողմից: Չեմ ուսումնասիրել, չգիտեմ ինչպես է եղել, ինչ արդյունքներով: Քանի որ մենք այդ ծրագրի շարունակողն ենք հանդիսանում, նույն ընկերության հետ ենք իրականացնում ծրագրի շարունակությունը: Այդ ընկերությունն է սկսել, իրականացնում է մինչև որոշակի հատված, ուստի մեկ ուրիշի հետ շարունակելու դեպքում խնդիրներ կարող էին առաջանալ»,- նշում է Ա. Մարգարյանը` անուղղակի բացահայտելով, որ համայնքապետարանը ի սկզբանե ընտրելու էր հենց «Աննար» ՍՊԸ-ին:

Համայնքապետարանի գնումների պատասխանատու Արմինե Պետրոսյանն էլ ասաց, որ համայնքապետարանի մասով ծրագիրն իրականացնելու համար հայտարարություն են հրապարակել, 5 ընկերությունների էլ ուղարկվել է առաջարկը, սակայն ստացվել է միայն «Աննար» ՍՊԸ-ի առաջարկը, որն էլ հաղթող է դարձել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter