HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

10-հարկանի շենքի վերելակն արդեն աշխատում է. բնակիչները շարունակում են պահանջել պայմանագիրը

Էրեբունի վարչական շրջանի Գլինկայի 6 շենքի 3-րդ մուտքի վերելակն արդեն աշխատում է: Հիշեցնենք, որ համատիրությունը շուրջ չորս օր կանգնեցրել էր 10-հարկանի շենքի վերելակը` պատճառաբանությամբ, որ բնակիչները չեն կատարել ամսական վճարումները: Իսկ շենքի բնակիչները հրաժարվել էին վճարել, քանի որ սպասարկման համապատասխան պայմանգիրը` կնքված համատիրության և սպասարկող ընկերության միջև չէին տեսել:

Եվ համատիրության, և սպասարկող ընկերության` «Էլիտ լիֆտ սերվիս»-ի, աշխատակիցները «Հետքի» հետ զրույցում նշել էին, որ պայմանգիր կա, իսկ վերելակն անջատելու միակ պատճառը, ըստ համատիրության աշխատակցի, վարձավճարները չմուծելն է: Հրապարակումից հետո համատիրության աշխատակիցները գնացել և միացրել են վերելակը, իսկ չմուծված վարձավճարների մասին բնակիչներին չեն հիշեցրել:

Բնակիչներից Աննա Համբարձումյանի խոսքով` ամսական վճարումները պարտաճանաչ կատարելու դեպքում անգամ վերելակը նորմալ չի աշխատում: Խափանումները սովորական են, իսկ լուրջ խնդիրների դեպքում, իրենք են երբեմն ստիպված քայլեր ձեռնարկել:

Անցած տարի, պատմում է, նկատել են, որ վերելակի հորանի պատերը ճաքած են: Դիմել են արտակարգ իրավիճակների նախարարությանը (այժմ` տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների), որպեսզի գան և գնահատեն վերելակի վիճակը: ԱԻՆ-ից եզրակացություն են տվել, որ վերելակի պատերը ենթական են փլուզման: Բնակիչները դրանից հետո դիմել են քաղաքապետարան, որտեղից գումար է տրամադրվել թաղապետարանին և հորանը նորոգվել է:

«Տղաս նկարեց էդ ամեն ինչը և ցույց տվեց իրենց, համատիրությունից ոչինչ էլ չեն արել»,- պատմում է Աննա Համբարձումյանը և նշում, որ իրենց համար խնդիրը նույնն է մնում. մինչև համատիրությունից ցույց չտան համապատասխան պայմանգիրը, ինչի հիման վրա, և ինչի կետերով սահմանված պարտականությունների համար իրենք կատարում են վճարումները, որևէ գումար չեն մուծելու: Միևնույն ժամանակ ավելացնում է, որ բոլոր բնակիչներն էլ պատրաստ են կատարել վճարումները, եթե օրինական և պատշաճ սպասարկում իրականացվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter