Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Հագվեցիները «Մուլտի գրուպ» կոնցեռնից պահանջում են հանրային քննարկում անցկացնել Հագվիում



«Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ն արդյունահանման նպատակով 2008-2012թթ. Մղարթ-Հագվի–Մեծձոր հանքային դաշտում կատարել է երկրաբանական ուսումնասիրություններ՝ ընդգրկելով Մղարթ, Հագվի, Մեծձոր և Հովնանաձոր տեղամասերը: Ընկերությունը պարզել է, որ  նշված տեղամասերից հետագա ուսումնասիրման կարիք ունեն միայն Մղարթի և Հագվիի հանքավայրերը`իրենց հարակից մակերեսով: Հագվու հանքային տեղամասում 2015-2016թթ. կատարվելիք երկրաբանական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման հանրային քննարկումը «Մուլտի գրուպ» կոնցեռնը Հագվիում անցկացնելու փոխարեն անց է կացրել Մղարթում:

Ըստ գյուղապետ Ա. Մայիլյանի՝ այդ քննարկումը տեղի է  ունեցել մեկ ամիս առաջ, որին մասնակցել է միայն ինքը և Հագվի գյուղի  բնակիչ Ռոբերտ Միքայելյանը, ով նախկինում աշխատել է  ընկերությունում: Գյուղապետի ասելով՝ քննարկումների մասին  հայտարարությունները գյուղում 2-3 տեղ փակցված են եղել: Հագվեցիները, սակայն, ցանկություն չեն հայտնել Մղարթ մեկնելու: «Հանրային քննարկում եղա՞վ, որպեսզի ժողովուրդը տեղյակ լինի, էլի հետազոտություններ անցկացնե՞ն, թե՞չէ: Չէ, էլ ուրիշ հագվեցի չի մասնակցել Մղարթում կայացած հանրային քննարկմանը»,- հայտնեց Հ. Մայիլյանը: Գյուղապետ Հ. Մայիլյանն էլ շտապել և  առանց գյուղի բնակչության կարծիքը հարցնելու տվել է իր միանձնյա որոշումը`2015-2016թթ. Հագվու հանքային տեղամասում երկրաբանական ուսումնասիրությունները շարունակելու համար: Հ. Մայիլյանը մեզ տեղեկացրեց, որ «Մուլտի գրուպը» ինչպես իրեն,  այնպես էլ Հագվիի բնակչությանն այդպես էլ չի տեղեկացրել Հագվիի պղինձ-ոսկու հանքաերևակման տեղամասում կատարած իր  ուսումնասիրության արդյունքների մասին:

Ուսուցիչ Մերուժան  Պեպանյանը կարևորեց Հագվիում հանրային քննարկումների  անհրաժեշտությունը: «Ես տեղյակ չեմ նման քննարկման մասին, զրույցներ եմ լսել, որ հետախուզական  աշխատանքներ եղել են, բայց մենք դրա արդյունքը չգիտենք: Նախ՝  պետք է գյուղի հասարակությանը ներկայացվի, թե հետախուզական աշխատանքների ի՞նչ արդյունքներ կան, ի՞նչ հանք է բացվելու, դա ինչքանո՞վ կվնասի մեր գյուղի  էկոհամակարգին: Բնական աղբյուրներ կան, որ գյուղացիները  օգտվում են, բոլոր դեպքերում պետք է հանրային քննարկում լինի: Էստեղ մի հարց հաստատ ա, որ մեր բնությունը կփչանա»,-ասաց Մերուժանը:

Հագվիի հանքային տեղամասը գտնվում է Հագվի գետակի ձախ  ափին, Հագվի գյուղից 1,5կմ հյուսիս: «Հագվիի և Մղարթի հանքավայրերում կատարվելիք աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմամբ 2010-2012թթ. Հագվիում հայտնաբերվել է ոսկու հանքայնացում 2,28 գ/տ և  արծաթի` 11,21 գ/տ միջին պարունակությամբ: «Կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանի ասելով՝ հանքայնացման նման ցուցանիշներով հանքաերևակման  շահագործումը չի կարող շահավետ լինել ընկերության համար, դա  ընդամենը կնշանակի ընդերքը թալանել: Շրջակա միջավայրի վրա  ազդեցության նույն գնահատմամբ ընկերությունը հիշեցնում է, որ 1954-1961թթ. պաշարների և ռեսուրսների խորհրդային երկրաբանների նախնական գնահատմամբ Հագվիի հանքային  տեղամասում հանքաքարը կազմում է 292 300տ, ոսկին՝ 1086կգ, արծաթը՝ 7468կգ: Մեզ հետ զրույցում գյուղապետ Հ. Մայիլյանը նաև  վստահեցնում էր, թե այս պահին բոլոր հագվեցիները կողմ են  հանքի շահագործմանը: «Դեռ տենց մարդ չի  եղել, որ ինձ ասի՝  կողմ չեմ հանքի շահագործմանը»,-ասաց  նա:

«Ես ասեմ՝ էդ հանքը  մեր գեղին ինչ օգուտ կտա, ասեմ դրա գաղտնիքը: Սաղ տարածքը քարուքանդ կանեն, ընդերքի էլածը կտանեն, մեր արոտավայրերն ու մեր հանդերը կփչացնեն, մեր ջրերը կմուռտառեն, ամեն ինչ էլ  կանեն: Ես հանքին դեմ եմ, բայց ինձ կհարցնե՞ն: Որ հարցնում ես  գյուղում քննարկում ա եղել, գյուղին ո՞վ ա բանի տեղ դնում: Գնում են, գալի մեր գեղի գլխին պտտվում, ասում են` հանքը հարուստ ա:  Հարուստ ա, թողեք ընդերքում մնա: Էլածը հանում են»,- դժգոհեց գյուղացի Սերոժ Վարոսյանը:

Սերոժ Վարոսյան

Թե, այդուհանդերձ, ինչո՞ւ չի պահանջել Հագվիի  մասով հանրային քննարկում անցկացնել հենց Հագվի  գյուղում, գյուղապետ Հ. Մայիլյանը բացատրեց. «Հաջորդն, ուրեմն, խոստացան մեր գյուղում լինի, մի հատ էլ է լինելու»:

Հակոբ Մայիլյան

«Հանքը «Բարդուտի» հանդամասի տարածքն է ընկնում: Էնտեղ Շեկ գադուկ կա, գալիս ա մեր գեղի ամբողջ վերևի  տերիտորիան վեր է ունում, մինչև Սալուրդ սարը, հասնում ա մինչև «Չափրելաձորի» անտառը: Հանքավայրը, փաստորեն, հենց գյուղի գլխին ա: Գյուղի գլխին էդ ո՞նց են հանք բացում»,- ասաց հագվեցի Հակոբ Մայիլյանը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Արմեն22:52 - 12 հոկտեմբերի, 2015
Հերթական գյուղի ոչնչացման,գյուղացիների հետագա կյանքը կեղտոտելու և բուսակենդանական աշխարհը ոչնչացնելու ծրագիրը պատրաստ է:Հագվուն մի կողմից Ալավերդու SO2 գազնա խեղդում,մյուս կողմից էլ էս անգրագետ հանքարդյունահանողները ցիանիտով կթունավորեն ու վերջ,էլ չի լինի Հագվի:Ու դա միայն Հագվուն չի վնաս: Արդեն ունենք Թեղուտցիներ,Շնողնեցիներ,որոնք արդեն պատկերացնում են թե ինչ է լինելու թեղուտի հանքի շահագործումից հետո,երբ կվերջանան պաշարները (որը շատ մոտ է),այս գյուղերում էլ ապրուսի միջոց չի մնա: Այս հարցում միակ կոչս Հագվու ազգաբնակչությանն ու գյուղապետին եմ ուղղում,որ չխաբվեն մի քանի տարվա աշխատանքային առաջարկներին և չտան համաձայնություն իրենց գյուղի ոչնչացման ծրագրին:Իմիջիայլոց Թեղուտում արդեն սկսվել են համատարած կրճատումներ,որովհետև ՀՀ-ում այս անգրագետ հանքարդյունաբերության պայմաններում պաշարները անխնա արդյունահանվում են և մարդիկ ուղղակի դառնում են անգործ, և այն անտառն ու հանդը, որ իրենց կերակրում էր ,արդեն էտ էլ են կորցրած լինում:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ