HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիմում եմ Հռոմի պապին՝ ընկերոջս՝ Սողոմոնի ազատության համար

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Հռոմի պապ Գերագույն պոնտիֆիկոս Ֆրանցիսկոս առաջինին

 ԲԱՑ ՆԱՄԱԿ

Ձերդ Սրբություն, մի քանի խոսքով իմ մասին. ծնվել եմ Երևանում 1975 թ.-ին, բժիշկների ընտանիքում: Սովորել եմ Երևանի պետական Բժշկական համալսարանում: 1996 թ. դատապարտվել եմ մահապատժի ուրիշի կողմից կատարած հանցանքի համար և մինչ օրս պայքարում եմ արդարության վերականգնման համար: Վերջին տարիներին հրատարակվել են իմ հեղինակած երեք գրքերը՝ «Ես զրուցում են քեզ հետ, Մարդ», «Զուգահեռ աշխարհում», «Դեպի ցմահ ազատություն», կատարում եմ նաև թարգմանական աշխատանքներ: 2012 թ. ընդունվել եմ հայ-ռուսական Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժին, այժմ սովորում եմ 3-րդ կուրսում: Hetq.am ինտերնետային թերթի խմբագրից ստացել եմ աշխատանքի առաջարկ, և այժմ հեռակա կարգով հարցազրույցներ եմ ունենում տարբեր մարդկանց հետ, հանդես գալիս ստեղծագործություններով ու հոդվածներով:

Գերագույն պանթիֆիկոս, Ձեր կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը և պատարագի մատուցումը պատմական, տպավորիչ իրադարձություն էր: Մայրիկիս կողմից պապիկս քահանա էր և 1915 թ.-ին Արևմտյան Հայաստանում հենց եկեղեցու մեջ թուրք զինվորը կտրել է նրա գլուխը: Աստված թող հանգստություն տա բոլոր անմեղ զոհերի հոգիներին:

Անչափ հուզվեցի, երբ իմացա, որ Սուրբ Զատկի կապակցությամբ այցելել եք բանտարկյալներին ու լվացել նրանց ոտքերը: Անմիջապես նոր Կտակարանից հիշեցի վերջին դատաստանի մասին Հիսուսի խոսքերը. «Երբ Մարդու Որդին կնստի իր թագավորական գահին, ապա իր աջ կողմում կանգնածներին կասի. «Եկե՛ք, իմ հոր օրհնյալներ և ժառանհեցե՛ք այս արքայությունը…, որովհետև ես… հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և այցելեցիք ինձ»:

Հայաստանում մինչև 1991 թ.-ը մահապատժի դատավճիռները գնդակահարության միջոցով ի կատար էին ածվում: ՄԱԿ-ի անդամ դառնալուց հետո Հայաստանը մորատորիում հայտարարեց, սակայն դատարաններում շարունակում էին մահվան դատավճիռներ կարդալ և գնդակահարության փոխարեն, բանտում մաքուր օդից, հարազատների հետ հանդիպումներից զրկելով, ծեծի, սովի մատնելով, տանջամահ էին անում: Տասնյակ դատապարտյալներ մահապատժից հրաժարված ու անկախացած Հայաստանում այդ կերպ սպանվեցին: Ենթադրել միայն կարելի է, թե նրանցից քանիսն էին դատական սխալի հետևանքով դարձել դեռ սովետական ոգով ու Սովետից ժառանգած օրենքներով ղեկավարվող դատաիրավական անկատար համակարգի անմեղ զոհեր:

Դեռ 13-րդ դարում, երբ Հայաստանում Կաթողիկոսը համարվում էր Մեծ Դատավոր, Մխիթար Գոշը, քրիստոնեական սկզբունքներից ելներով, իր «Դատաստանագրքում» խորհուրդ էր տալիս հրաժարվել մահապատժից: Արդեն 21-րդ դարում Եվրոպական Խորհրդի անդամ դառնալու համար Եվրոպան պարտադրեց Հայաստանից հրաժարվել մահապատժից: Այս մոտեցման հիմքում դրված է քրիստոնեական  մարդասիրության սկզբունքը և այն կարևորագույն հանգամանքը, որ նույնիսկ ամենակատարյալ համարվող դատական համակարգերը ապահովագրված չեն դատական սխալներից: Պահպանելով մարդու կյանքը՝ հնարավորություն պետք է տալ, որ հավանական անմեղ դատապարտվածը երբևէ կարողանա վերադառնալ հասարակություն:

Գրեթե ամեն ամիս մենք ականատես ենք լինում, որ քաղաքակիրթ աշխարհում ընդունում են դատական սխալը, բազմաթիվ գործեր են վերաբացվում, անմեղները արդարացվում են: Սակայն Հայաստանում մինչ օրս չկա նախադեպ, որ իշխանություններն ընդունեն՝ այո՛, դատական սխալի հետևանքով մահապատժի դատավճիռ է կայացվել: Հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանում ամենակատարյալ դատական համակարգն է: Համոզված եմ՝ ո՛չ. Փաստերը բազմաթիվ են, երբ ակնհայտորեն անմեղ մարդիկ բանտերում են հայտնվում, իսկ իշխանության մեջ հովանավորներ ունեցողները մնում են ազատության մեջ կամ արժանանում նախագահի ներմանը:

20 տարի շարունակ պնդում եմ, որ չեմ կատարել այն հանցանքը, որի մեջ ինձ մեղադրել են: Բերվում են բազմաթիվ ապացույցներ, այդ թվում ամիսներ առաջ Եվրոպայում գործող Անկախ դատափորձագիտական կենտրոնում կատարված փորձաքննությունն այն մասին, որ առանց որևէ ապացույցի, ակնհայտորեն անհիմն 1996 թ.-ին ինձ դատապարտել են մահապատժի, սակայն Հայաստանում իշխանությունները շարունակում են անտարբեր մնալ մարդու ճակատագրի նկատմամբ:

 

Այս բաց նամակումս ինձնից չէ, որ ցանկանում եմ խոսել. պարզապես նկարագրեցի այս հարցի վերաբերյալ ստեղծված իրականությունը:

Սողոմոն Քոչարյան՝ քրիստոնյա հայ զավակ, ով 21 տարի առաջ անիրավ դատապարտվել է մահապատժի: Նրան հանդիպել եմ բանտում: Ծանոթանալով նրա կենսագրությանը՝ շատ-շատերի պես համոզվել, որ հայ ազգի արժանի զավակ է: Կրելով անմարդկային պայմաններում ծայրաստիճան դաժան պատիժ և չունենալով այլ ելք՝ արդարությանը հասնելու, ստիպված դիմել ենք փախուստների, որի ժամանակ չի տուժել և ոչ մի մարդ: Ընդհանուր առմամբ շուրջ 1 ամիս գտնվելով ազատության մեջ, նույնիսկ ամենածայրահեղ իրավիճակներում՝ չենք կատարել ոչ մի հանցանք:

Այսօր Սողոմոնը ծանր հիվանդ է, և տարբեր բուժ. հաստատություններում ախտորոշվել և հաստատվել են այն հիվանդությունները՝ սրտի իշեմիկ հիվանդություն 3-րդ կարգի սիրթ-թոքային անբավարարությամբ, որոնք օրենքի համաձայն պատժի կրման հետ անհամատեղելի են, և նա պետք է ազատ արձակվի: Միայն Աստված գիտի, թե որքան է նրան մնացել ապրելու այս մոլորակի վրա:

 

Բազմաթիվ ճանաչված արվեստագետներ, մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ներում շնորհելու խնդրանքով, սակայն քար անտարբերություն: Դիմել ենք ՆՍՕՏՏ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին՝ նախագահին հորդորելու խնդրանքով, որպեսզի քրիստոնեության սկզբունքներից ելներով՝ մարդասիրական մոտեցում ցուցաբերվի և ներում շնորհվի, սակայն նորից քար անտարբերություն:

Ծայրաստիճան աղքատության մեջ գտնվող Սողոմոնի մայրը օրական մի քանի ժամ այցելում է որդուն հիվանդանոցում և հույսով ապրում, որ քրիստոնյա Հայաստանում գթասիրտ մոտեցում կցուցաբերվի, և որդին, 21 տարի տառապելուց հետո կկարողանա վերջապես վերադառնալ ու վերջին օրերը կամ միգուցե ամիսներն ազատության մեջ՝ իր կողքին ապրել:

Նույնիսկ Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ ներման կամ համաներման միջոցով ոչ մի անդրադարձ չեղավ պատժի առավելագույն չափի դատապարտվածներին, այն պարագայում, երբ հարևան իսլամական Իրանում հոգևոր առաջնորդը ներում շնորհեց նույնիսկ առանձնապես ծանր հանցագործություններ կատարածներին:

Մի քանի օր առաջ տեղեկացա, որ ԱՄՆ այցի ժամանակ նորից հանդիպելու եք բանտարկյալներին: Անկասկած, Ձեր այդ քրիստոնեական մոտեցմամբ շատ շատերը վերափոխվում են, ճիշտ այնպես, ինչպես Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» ստեղծագործության հերոսը՝ բանտից փախած Ժան Վալժանը, ով վերածնունդ է ապրում և սկսում բարի գործեր անել այն բանից հետո, երբ եպիսկոպոսը, ում մոտից նա գողացել էր արծաթե մոմակալը, ոչ միայն նրան չի մատնում ոստիկանին, այլ նվիրում է երկրորդ մոմակալը:

Անկասկած բարությունը բարություն է ծնում: Եվ չի կարող լինել իրական հավատ առանց Սիրո:

ԱՄՆ-ի բանտերից մեկում կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ միանձնուհին, ով հոգևոր սպասարկում էր իրականացնում, իմանալով, որ մի բանտարկյալ տարիներ շարունակ պնդում է իր անմեղության մասին, ջանք չի խնայում, որպեսզի օգնի նրան արդարությունը վերականգնելու համար: Կաթոլիկ միանձնուհին դիմում է փաստաբանների և բոլոր համապատասխան կառույցներին, պաշտոնատար անձանց և վերջ ի վերջո պարզվում է, որ այդ բանտարկյալն իրոք անմեղ էր դատապարտվել, Աստծո կամքով նա արդարացվում է:

Ձերդ սրբություն Գերագույն պանթիֆիկոս, այս բաց նամակով խնդրում եմ Ձեզ՝ քրիստոնեական գթասրտության կոչ անել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ կարգադրելու օրենքի համաձայն ազատել հայ ազգի արժանի զավակ Սողոմոն Քոչարյանին կամ ներում շնորհել: 

Ամենաջերմ մաղթանքներով և որդիական սիրով՝ Մհեր

Փառքը մեծ է Աստծո, և ամեն ինչ նրա կամքով է, Ամեն       

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter