HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Hallelujah». Ձոն մարդուն և հավերժությանը

Նաիրա Հայրապետյան

1984թ. թողարկվեց կանադացի պոետ, երգիչ, երգահան, նկարիչ Լեոնարդ (Լենըրդ) Քոհենի «Various Positions» ալբոմը: Երկկողմանի այս ձայնասկավառակն ուներ մի երգ, որը շատ շուտով պիտի հնչեր աշխարհի տարբեր անկյուններից՝ դառնալով բոլոր ժամանակների ամենաճանաչված ու ամենաշատ կատավող երգերից մեկը: Ու չնայած այս առաքելության իրականացումը ճակատագիրը վերապահել էր ոչ թե հեղինակին, այլ բոլորովին այլ երգչի, այնուամենայնիվ, երգը պիտի դառնար միլիոնավոր մարդկանց համար քոհենյան ամենահայտնի այցեքարտն երաժշտության աշխարհում: Դա «Hallelujah»-ն էր՝ ոմանց համար աղավնու նման նուրբ ու փափուկ, ոմանց համար չափազանց զգայուն ու միևնույն ժամանակ անձնական, ինչպես աղոթքը, իսկ ոմանց համար՝ համարձակ ու կրքոտ, ինչպես սերը, կյանքը…

Երբ համաշխարհային մեկ այլ լեգենդ՝ Բոբ Դիլընը առաջին անգամ լսեց այս երգը («Various Positions» ալբոմից), ասաց, որ Քոհենի երգերը գնալով աղոթքի են նմանվում: Սակայն Քոհենի կատարումն այն արձագանքն ու տպավորությունը չունեցավ լսարանում, որքան դա հաջողվեց Ջոն Քեյլին ( «The Velvet Underground» խմբի հիմնադիրը): Հենց այս արտիստին էր վերապահված երգը մեծ աշխարհ դուրս բերելու գործը: Նրա կատարումից հետո «Hallelujah»-ն գրավեց երաժշտական հորիզոնականներն ու, ինչպես Քեյլն ինքն է նկարագրել, դարձավ աշխարհում ամենասիրված, ամենաշատ կատարվող և չբացահայտված երգը»:

Քեյլը լսել էր Քոհենի համերգային կատարումը և երգից տպավորված՝ խնդրեց հեղինակին  ուղարկել  խոսքը: Կարճ ժամանակ անց՝ Քոհենը ֆաքսով ուղարկեց այն. դա 15 էջանոց տեքստ էր: Հետագայում Քեյլը պատմում է, որ տեսնելով այն՝ նա ոտքից գլուխ մխրճվեց տեքստի մեջ և այնտեղից դուրս բերեց ամենահանդուգն տարբերակները:

Սկզբում մի քանի տարի շարունակ նա երգը կատարում էր միայն իր համերգների ժամանակ: Ստուդիական ձայնագրությունն առաջին անգամ թողարկվեց 1991թ. Քոհենին նվիրված «I’m Your Fan» ալբոմ-հավաքածուի կազմում, Քոհենից յոթ տարի անց: Պարզ, հասարակ և միևնույն ժամանակ շատ մեղեդային այս կատարումը ուղեկցվում էր ընդամենը դաշնամուրի նվագակցությամբ: Եվ կարողացավ շրջել երգի ճակատագիրն այնպես, որ մինչ օրս շարունակում է մնալ ամենազդեցիկ, ամենաշատ հնչող ստեղծագործություններից մեկը:

Այսօր արդեն հանրահայտ «Hallelujah»-ն հենց այս կատարման շնորհիվ է այսպիսին. Քեյլի երգը անակնկալ հայտնության նման պայթեց և միանգամից իր վրա սևեռեց ոչ միայն երաժշտասերների, այլև տարբեր երաժիշտների ուշադրությունը՝ դրանով իսկ գերազանցելով քոհենյան բնօրինակին: Այն մեկ տարի անց ընդգրկվեց նաև «Fragments of a Rainy Season» համերգային ալբոմում: Լեգենդար և սկսնակ շատ երգիչներ, կարծես հայտնագործելով ինքնարտահայտման, ինքնահաստատման նոր ուղի, սկսեցին կատարել «Hallelujah»-ն:

Քեյլի կատարումն, իհարկե, շատ չի շեղվում բնօրինակից, նա առանձնահատուկ մեկնաբանությամբ չի ներկայացնում: Հիմնականում պահպանել է քոհենյան հիմքը և սկզբունքորեն մատուցել այն ոճով, ինչպիսին հեղինակն էր կատարում համերգների ժամանակ: Այդ ձեռագրին հավատարիմ են մնացել երգիչների մեծամասնությունը, փոխարենը «Hallelujah»-ն հնչեց և շարունակում է հնչել մինչ օրս տարբեր ժանրերում, տարբեր գործիքավորմամբ, աշխարհի տարբեր լեզուներով: Առաջին  կատարողներից էին նաև Բոբ Դիլընը, Ռուֆուս Ուեյնռայթը, Քեթրին Դոն Լենգը (k.d.lang), Ուիլի Նելսոնը… հայտնի արտիստների շարքը համալրում են Բոնոն («U2»), «Բոն Ջովին», Պոպա Չաբին, «Իլ Դիվոն» և ուրիշներ:

Եվ այս բազմազանության մեջ, ընդ որում մի շարք հայտնի աստղային անունների մեջ,  Քեյլից հետո «Hallelujah»-ի ամենահայտնի cover-ը պատկանում է ամերիկացի երգիչ, կիթառահար Ջեֆ Բաքլիին: Նրա «Hallelujah» -ն համարվում է բոլոր ժամանակների լավագույն երգերից մեկը: Ջեֆը հենց Ջոն Քեյլի կատարումից ներշնչված ստեղծեց իր «Hallelujah»-ն: Այս քավըրի մասին «Թայմը», քոհենյան բնօրինակը անվանելով հոգեհանգստի տրտնջոց, գրել է. «Բաքլին երգը վերածեց մարդկության համար փոքրիկ դեղահաբի՝ օգտագործելով իր ձայնը փառքի և տխրության, գեղեցկության և ցավի միջև… դա մեծագույն երգերից մեկն է»: Այն թողարկվեց երգչի առաջին և վերջին՝ «Grace» ալբոմում՝ 1994թ.: Երգը առավել մեծ ճանաչում ստացավ հատկապես Բաքլիի ողբերգական մահից հետո՝ 1997թ: Այսօր երաժշտասերների մեծ մասը Ջեֆ Բաքլի անունը հիշում է միայն «Hallelujah» երգով: Նրա կատարումը նաև շատ բան փոխեց երգի իմաստի հանդեպ, զուտ կրոնական մոտիվներից հույզերը փոխանցելով մեկ այլ դաշտ, որին քիչ անց կանդրադառնանք:

Շատերն են խոստովանում, որ «Hallelujah»-ն հեշտ կատարվող երգ է. մի բան, որը վստահաբար չի կարելի ասել ստեղծման մասին: Քոհենը այս երգի վրա աշխատել է մի քանի տարի: Ասում են, որ նա գրել է ավելի քան 80 բանաստեղծական տուն, գրել-ջնջել, գրել-ջնջել՝  հետագայում թողնելով 36-ը: «Ես ամբողջովին լրացրել էի երկու տետր և հիշում եմ, որ «Royalton Hotel» հյուրանոցում  անդրավարտիքով  պառկել էի գորգին ու հուսահատությունից գլխով խփում էի հատակին՝ անընդհատ կրկնելով. «Ես չեմ կարողանում ավարտել այս երգը»»:- ասում է Քոհենը:

Ավարտեց, անշուշտ և աշխարհին նվիրեց խաղաղության ևս մի քանի րոպե:

Երգի առիթով Քոհենը հաճախ է հիշատակում 80-ականներին իր և Բոբ Դիլընի մի հանդիպումը: 1988թ. «Montreal Forum»-ում կայացած մի համերգի ժամանակ Բոբ Դիլընը կատարեց «Hallelujah»-ն:  Ետնաբեմում՝ զրույցի ժամանակ, նա հետաքրքրվեց Քոհենից, թե որքան ժամանակում է երգը գրել: «Երկու տարի»,- պատասխանում է Քոհենը՝ թաքցնելով իրական ժամանակը: «Ես ստեցի, որովհետև ամաչեցի ասել նրան, թե իրականում որքան ժամանակ է պահանջվել այս երգի համար»,- հիշում է նա: Հետո ինքն է հարցնում Դիլընին, թե որքան ժամանակ է պահանջվել նրանից «I and I» երգը գրելու համար: «Մոտավորապես տասնհինգ րոպե»,- պատասխանում է երգիչը: 

Երգի հիմնական գաղափարին անդրադառնալով՝ հարցազրույցներից մեկում Քոհենը ասել է՝ ««Ալելուիա»-ն հին հրեական բառ է, որը նշանակում է՝ «Փառք Տիրոջը»: Երգը խոսում է այն մասին, որ իրականում կան ալելուիայի տարբեր տեսակներ: Ես ասում եմ, որ այդ բոլոր և՛ կատարյալ, և՛ աղճատված ալելուիաները  հավասար արժեք ունեն: Սա կյանքի հանդեպ հավատի ամրացման ցանկությունն է, բայց ոչ թե ինչ-որ ձևական, կրոնական եղանակով, այլ խանդավառությամբ, զգացմունքներով: Ես գիտեմ, որ կա մի աչք, որը հետևում և տեսնում է բոլորիս: Կա մի դատարան, որը կշռում է մեր արած յուրաքանչյուր բան»:              

Իսկ մեկ այլ առիթով «Ալելուիա» բառի կամ երգում այն օգտագործելու իմաստը մեկնաբանել է նաև հետևյալ կերպ. « Այս աշխարհը լի է կոնֆլիկտներով և այնպիսի բաներով, որոնց անհնար է ընդունել: Բայց լինում են պահեր, երբ ի վիճակի ենք դառնում հաշտության եզրեր գտնելու և ընդունելու այս ողջ խառնաշփոթը: Ես հենց սա նկատի ունեմ «Ալելուիա» ասելիս»:

Հեղինակի՝ ալելուիայի հանդեպ անհատական մոտեցում և պատկերացում ունենալու  մեկնաբանությունների շնորհիվ, թերևս, երգը կատարվեց էմոցիոնալ և մատուցման տարբեր դրսևորումներով: Դրանք երբեմն միմյանցից չափազանց տարբեր էին. այնպես, ինչպես քոհենյան ձևակերպումը՝ «The holy or the broken hallelujah»: Այդպիսին էին նաև Քոհենի հետագա կատարումները, որոնց մեջ առավել ընդգծված էին երկուսը՝ բնօրինակը և նրան մի քանի տարի անց հաջորդած համերգային մի կատարում: Առաջին երգը, որն ընդգրկված է «Various Positions»-ում, խորապես հոգևոր իմաստ էր կրում և ներշնչում:

Այս տեքստում Քոհենը օգտագործել է աստվածաշնչյան արտահայտություններ, որոնք նկարագրում են հստակ պատմություններ Հին Կտակարանից. օրինակ՝ « She cut your hair» (վերաբերում է Սամսոնի և Դալիլայի պատմությանը), « Now I’ve heard there was a secret chord, That David played and pleased the Lord» կամ  «You saw her bathing on the roof, her beauty in the moonlight overthrew you» (ակնարկում է Դավթի, Բերսաբեի պատմությունները) և այլն: Բայց հետագայում, քանի որ անընդհատ մեկնաբանում էր, որ այն իրականում ոչ Աստծո ու ոչ էլ կրոնի մասին է, այլ այս կյանքում յուրաքանչյուրիս «Ալելուիայի», որը կարող է լինել կյանքի, սիրո, ուժի, գեղեցկության փառաբանումը, Քոհենը, ասես, ստիպված եղավ  փոփոխություններ մտցնել և՛ կատարման, և՛ տեքստի մեջ: Երկրորդ տարբերակն արդեն համարվում է «ակնհայտորեն էրոտիկ» կատարում, որը ձայնագրվել է 80-ականների վերջին  համերգներից մեկի ժամանակ և թողարկվեց 1994թ. «Cohen Live» ալբոմի կազմում: 

Երաժշտագետների մեծ մասի համոզմամբ՝ երգի հարյուրավոր մեկնաբանությունների մեջ Ջեֆ Բաքլիի կատարումը առանձնանում է նաև ընկալման առումով: Ահա թե ինչ իմաստ ուներ «Ալելուիան» այս երաժշտի համար. «Ունկնդիրը ինչքան շատ է մոտենում «Hallelujah»-ին, այնքան ավելի բացահայտում է, որ այս երգը սեքսի մասին է, սիրո, երկրագնդի վրա ապրող կյանքի մասին,- ասել է Բաքլին,- «Ալելուիան»  ոչ որևէ պատվավոր անձի, ոչ էլ կուռքի կամ աստծո երկրպագությունը չէ:  Այն օրգազմի փառաբանումն է, ձոն՝ կյանքին և սիրուն»:

Երեք հարյուրից ավել տարբերակ է ձայնագրվել, այս երգը հնչում է տարբեր ֆիլմերում, իսկ մի շարք երկրներում «Hallelujah»-ն ավանդույթ է դարձել երգել հարսանիքների և, նույնիսկ, թաղման արարողությունների ժամանակ: Մի խոսքով, երգն այնքան շատ է հնչում տարբեր առիթներով, որ այդ հասանելիությունը որոշ ժամանակ անհանգստացնում էր հեղինակին: «Ինձ թվում է, որ այն լավ երգ է, բայց կարծում եմ՝ չափազանց շատ մարդիկ են երգում» ,- ասել է Քոհենը: 2012թ. «Old Ideas» ալբոմի լույս ընծայման առիթով հարցազրույցներից մեկում նա արդեն այլ տրամադրություն ունի՝ այլևս չի մտահոգվում պատեհ-անպատեհ առիթներից նաև: Բոլոր տեսակի փորձություններից, մարդկանց զարմանալի ցանկություններից հետո, այնուամենայնիվ  «…  ես շատ երջանիկ եմ, որ այն դեռ երգում են»,- ասում է Քոհենը:

Երգի տարբեր կատարումներ

Երգի խոսքերի երկու տարբերակները՝ 1984 և 1988 թվականների

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter