HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարմարաշենի դպրոցի բակում տեղադրվեց «Մասիս» ջոկատի հրամանատար Անդրանիկ Բարությանի հուշաքարը

Լիլիթ Թադևոսյան

Այսօր Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի Անդրանիկ Բարությանի անվան դպրոցի բակում տեղադրվեց «Մասիսի» ջոկատի հրամանատար Անդրանիկ Բարությանի՝ Բարութի հուշարձանը: Այսօր նա կդառնար 50 տարեկան:

Անդրանիկ Բարությանը զոհվել է 1994 թվականին՝ Հորադիզում: Այսօր, նրա ծննդյան 50-ամյակի օրը, իր դպրոցական և մարտական ընկեր Մեսրոպ Հարոյանի աջակցությամբ դպրոցի բակում հանդիսավորությամբ տեղադրվեց Բարութի հուշարձանը:

Մինչև հուշարձանի բացումը, սակայն, Անդրանիկ Բարությանի հարազատները, մարտական ընկերներն ու համագյուղացիները հարգանքի տուրք մատուցեցին նրա շիրմի մոտ:

«Հետքի» հետ զրույցում Բարութի այրին՝ Լուսիեն Բարության, խոսելով ամուսնու մասին, պատմում էր, որ նա խառնվածքով շատ բռնկուն էր, բայց սուր հումորի զգացում ուներ:

«Նա նվիրված էր ընտանիքին, հայրենիքին, մայր ունի և յոթ քույր, որոնք պարզապես պաշտում էին նրան: Նա միշտ կատակով ասում էր՝ պիտի գրավեմ՝ ծովից ծով Հայաստան ունենանք: Նա հայրենիքի նվիրյալ էր ու չէր ներում բոլոր նրանց, ովքեր շարժման ժամանակ լքել են Հայաստանը: Երբ զոհվեց՝ աղջիկս երեք տարեկան էր, տղաս՝ չորս: Տղաս հիշում է հորը, իսկ աղջիկս չի հիշում, միայն եղբոր պատմելով ու տեսանյութերով է հիշում: Անդրանիկը դեպքից երեք-չորս օր առաջ տանն էր և այդ օրերին ուր գնում էր՝ որդուն էլ հետն էր տանում»,- պատմեց Լուսինե Բարությանը: Հիմա Բարութի աղջիկը 24 տարեկան է, տղան՝ 25:

Լուսինե Բարությանը դասավանդում է ամուսնու անունը կրող դպրոցում, առաջին դասարանցիների դասվար է, և իր սաներն էլ դպրոցի բակում հանդես եկան ողջույնի խոսքով:

Զրուցեցինք նաև Անդրանիկ Բարությանի մարտական ընկերների՝ «Մասիսի» ջոկատի ազատամարտիկների հետ:

Աբրահամ Ադոյանը պատմեց, որ ինքը Բարութի հետ միասին կռվել է 1992 թվականից: Բարութի մասին խոսելիս ասաց. «Նա մի հզոր արծիվ է եղել, իրոք որ Անդրանիկ է եղել, նա ոչ մի բանից վախ չուներ: Ու թեև հրամանատար էր, բայց դա կապ չուներ, մեզ հետ միասին գալիս էր հետախուզության: Դեպքի օրը նա նույնպես գնացել էր հետախուզության, նկատել էր թշնամու գեներալի ու որոշել էր՝ այդ գեներալին գողանար, բերեր ու հենց այդ ժամանակ էլ, երբ գիշերով գնացել էր այդ գործն իրականացնելու, իր տեղակալի հետ միասին պայթել էին տեղադրված ականի վրա, որը չնկատելով դիպչել էր իր տեղակալը: Ինքը չէր սիրում բոլորին հայտարարել, որ գնում է հետախուզության կամ որևէ գործողության: Եթե որոշել էր, որ միայնակ է անելու, մենակ էլ անում էր»,- ասաց ազատամարտիկը:

Այնուհետև խոսելով այսօր սահմանում տիրող իրավիճակի մասին՝ Աբրահամ Ադոյանն ասաց, որ ինքը դիպուկահար է եղել ու այսօր էլ պատրաստ է իր զենքը վերցնել ու սահման գնալ, եթե թույլատրեն:

Բարութի մեկ այլ մարտական ընկեր՝ Սեյրան Զաքարյանն էլ ասաց, որ Անդրանիկին Բարութ էին ասում, որովհետև շուտ բռնկվող էր:

«Բարութը դա պատերազմի դիրքերի Աստվածն էր, նա շատ խիստ էր տղաների հետ ու մշտապես կարգապահություն էր պահանջում, բայց շատ նուրբ հոգի ուներ, ամեն թույլ բանի համար սիրտը լցվում էր»,-ասաց Սեյրան Զաքարյանը:  

Այնուհետև միջոցառման ժամանակ խոսեց նաև Մարմարաշենի գյուղապետ Էդուարդ Հակոբյանը, ով ասաց, որ այսօր տոնական օր է ցանկացած մարմարաշենցու համար:

 «Սա այն գյուղն է, որն իր մեծ ներդրումն է ունեցել Արցախյան ազատամարտում, բոլորն են փաստում, որ մարամարաշենցին մարտի դաշտում կռվել է անձնվիրաբար՝ պատրաստ կյանքը նվիրելու հանուն հայրենիքի: Այդպիսի նվիրյալ էր նաև Անդրանիկ Բարությանը: Նա թեև ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն կենդանի է իր գործով, իր հերոսությամբ, իր հայրենասիրությամբ»,- ասաց Մարմարաշենի գյուղապետը:

Միջոցառմանը մասնակցում էր նաև Երկրապահ կամավորականների միավորման վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը, ով իր խոսքում նշեց, որ Անդրանիկ Բարությանի ու նրա տասնյակ, հարյուրավոր և հազարավոր մարտական ընկերների սխրանքն անմահ է, որը ոչ միայն այդ պահի համար էր, այլև հետագայի:

«Որովհետև այդ սխրանքով մենք կարողացանք մի քանի սերունդ դաստիարակել ու դրա արդյունքն է, որ այսօրվա դրությամբ սահմանի վրա կանգնած մեր հայ երիտասարդները, այսօրվա բանակայինները անհրաժեշտության դեպքում մեզանից ոչ պակաս քաջությամբ հետ են մղում մեր հայրենիքի սահմաններին սպառնացող բոլոր վտանգները»,- ասաց Արա Կետիկյանը:

Իր խոսքի վերջում նա հայտարարեց, որ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հրամանի համաձայն՝ 5-րդ բրիգադ 20-ամյակ հոբելյանական պարգևի մեդալով պարգևատրվում է Անդրանիկ Բարությանի այրին՝ Լուսինե Բարությանը:

Ելույթներից հետո դպրոցի բակում պարային կատարումներով հանդես եկան  «Սասնա ծռեր» համույթի պարողները, ինչպես նաև երգեցին երգիչներ Աղասի Իսպիրյանն ու Արմեն Դանիելյանը:  Դրանից հետո դպրոցի դահլիճում աշակերտները բեմականացրեցին մի պատմություն՝ կապված Բարուիթ պատերազմական օրերի հետ:

Բարութին նվիրված միջոցառմանը մասնակցում էր նաև Մասիսից ընտրված պատգամավոր Մուրադ Մուրադյանը: Դպրոցում գործում է Անդրանիկ Բարությանի անվան թանգարան, որտեղ ներկայացված են Բարութի իրերն ու նրա ձեռագիր հուշերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter