HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Տրոյական ձի», թե պարզապես անմեղ մի բատուտ Գյումրու 150-ամյա թատրոնի դիմաց

Մանկական բատուտի բազմագույն աշտարակների, քաղցրահամ խմիչքը գովազդող ֆիրմայի կարմիր պաստառներով պատված կրպակի ու արդեն ապամոնտաժված ամառային սրճարանի հետնամասում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքն է: Թատրոնի դիմաց գտնվում են բանաստեղծներ Ավետիք Իսահակյանի ու Շիրազի, մեծագույն արտիստ՝ Մհեր Մկրտչյանի արձանները, որոնք արդեն 4-րդ ամիսն է՝ հայտնվել են ոչ շահեկան վիճակում: Շրջիկ կրկեսի վերածված թատերական հրապարակը աշնան գալու հետ էլ դեռ շարունակում է պահպանել ամռան սկզբին ստացած անհեթեթ տեսքը:

«Շատ տգեղ տեսարան է՝ մի կողմից մեր մեծերի արձանները, մյուս կողմից շապիտո հիշեցնող էդ բատուտը, երեկոներն էլ կաֆեից լսվող թուրքական մուղամը: Դեռ լավ է, որ էդ ժամանակավոր կառույց համարվող սրճարանն ամիսուկես մնաց՝ հանեցին,-դժգոհում է Գյումրու բնակիչ Մարինա Ջուհարյանը,-լավ, մի՞թե մենք էդքան ճաշակ չունենք, որ համարվելով մշակութային քաղաք, հենց մեր արվեստի օրրան համարվող թատրոնի կողքի հետ նման բաներ ենք թույլատրում, որ տեղադրեն: Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ կառարկեն, թե երեխաների համար է, բայց երեխաների համար այգի կա, թող տանեն էնտեղ դնեն: Իսկ ամենամեծ թյուրիմացությունն իրականում էդ կաֆեն էր»:

Տնտեսագետ Կարեն Պետրոսյանի համոզմամբ, քաղաքային իշխանությունների նման որոշումը «Տրոյական ձիու» էֆեկտ ունի. «Ասում եմ էն իմաստով, որ դա քողարկված, ներսից քանդելու գործիք է, ու սա օրինակ է լինելու քաղաքում բոլորի համար, որ կարելի է նման անճաշակ, անիմաստ բաներ անել, եւ որ մարդիկ անզոր են դրա դեմ: Իսկ եթե արել են, որ հանրահավաքներ չլինի, մեկ է, եթե պետք լինի, բատուտն էլ դուրս կշպրտենք  ու էլի հանրահավաք կանենք, սա մեր հրապարակն է, ոչ մեկի հոր սեփականությունը չէ, իսկ եթե ֆինանսական շարժառիթներն են պատճառը, որ էդ անճաշակությունը լինի, ապա սա վատ նախադեպ է, եւ ով որ այդ որոշմանը կողմ է եղել ու տվել է համաձայնություն, ստեղծել է վատ նախադեպ. սա Տրոյական ձի է»:

Կարենը եւս, ինչպես եւ նախորդ զրուցակիցս, կողմ է, որ Գյումրիում երեխաների համար նախատեսված խաղահրապարակները շատ լինեն, միայն թե դրանց տեղի ընտրությունը պետք է ճիշտ կատարվի:

«Թատերական հրապարակը քայլելու, խորհելու, թատրոնի աստիճանների վրա նստելու, զրուցելու համար է: Թատրոն մտնող դուրս եկողը չպիտի բատուտ տեսնի, ռաբիզի կլկլոց լսի: Մի հատ գնացեք եվրոպական երկրներ, նույն ռուսական քաղաքների թատրոնների շենքերի տարածքները տեսեք, Մոսկվայի, Վիեննայի, Օդեսայի, Ամստերդամի օպերայի ու բալետի շենքերը տեսեք: Ո՞ր մի բարբարոսը կբերի բատուտ կդնի էդտեղ»,-հարցնում է Կարեն Պետրոսյանը:

Գյումրու քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետ Կարեն Բադալյանը թատրոնի տարածքը վարձակալությամբ տրամադրելու իրենց որոշումը պատճառաբանում է եղած պահանջարկով:

«Դիմել են քաղաքացիներ, ովքեր ցանկություն են ունեցել ամառվա ընթացքում գործունեություն ծավալել այդ տարածքում: Կրում է ժամանակավոր բնույթ, վերջը քաղաք է, զարգանում է, ժամանցի վայրեր են պետք, հյուրեր են գալիս, երեխաները զբաղվում են, չեմ կարծում, թե վատ բան ենք արել՝ տարածքը տրամադրելով,-բացատրում է Կարեն Բադալյանը,-փորձում ենք հնարավորինս ժողովրդի համար լավ բան անել: Դա քաղաքապետարանի նախաձեռնությունը չէ, դիմել են, ընդառաջել ենք, որ մարդիկ որոշակի գումար աշխատեն, իհարկե՝ բյուջեն էլ գումար մտնի»:

Մարինա Ջուհարյանի կարծիքով, մշակութային օջախի տարածքն աղավաղելով չէ, որ պիտի զարմացնենք դրսից քաղաք ժամանող հյուրերին: Ըստ նրա, տուրիստն իրոք կզարմանա, բայց արդեն տեսած անճաշակությունից եւ քաղաքային իշխանությունների վարած անհասկանալի քաղաքականությունից:

«Եվ ինչպես դրանից հետո բացատրենք, որ մենք հազարամյա մշակույթի կրող ենք, որ «Անուշ» օպերան առաջին անգամ մեր մոտ է բեմադրվել, որ մենք արվեստի, արհեստի քաղաք եք: Սա տեսնելուց հետո հանգիստ կարող ենք ասել, որ մենք «փինաճիների» քաղաք ենք»,-նկատում է Մարինան:

Վիեննայի օպերայի շենքը Օդեսայի օպերայի շենքը

Թատերական հրապարակը վարձակալությամբ տրամադրելու փաստը քաղաքապետարանի ներկայացուցիչը բացատրում է Գյումրիում առկա գործազրկության մեծ չափերով եւ արտագաղթով: «Առանց այդ էլ աշխատանք չկա էս քաղաքում, հիմա մարդն ուզում է ընտանիք պահել, մերժե՞նք,-հարցնում է Կարեն Բադալյանը,-դեմ չեմ որ անճաշակության խնդիր կա, բայց դե ժամանակավոր է, մյուս տարի չգիտենք կդիմեն, թե չէ»:

Հարցին, թե պարոն Բադալյանը որեւէ եվրոպական քաղաքում արդյոք առիթ ունեցել է նման բան տեսնելու՝ բատուտ կամ ժամանակավոր որեւէ այլ կառույց մշակութային կառույցի տարածքում, վերջինս առանց վարանելու մատնանշում է Երեւանը:

«Բայց ինչի՞ հեռու գնանք, Երեւանում Օպերայի տարածքը չեք տեսե՞լ: Հիմա մարդ է, կրպակ է դրել՝ մի կոպեկ ինքն է աշխատում, 10 երեխա ուրախանում է: Իմ կարծիքով, ցանկացած որոշում, ցանկացած քայլ բոլորի կողմից չի կարող միանշանակ ընդունվել: Ուղղակի պիտի համեմատականի մեջ դնենք, թե այդ քայլը, այդ որոշումը, այդ արարքն արդյո՞ք 10 հոգու կողմից լավ ընդունեց, հազարի կողմից՝ վատ, թե հակառակը: Եթե հաշվի առնենք, որ, ասենք, հազարի կողմից է լավ ընդունվել, ուրեմն ճիշտ քայլ է: Ամեն ինչ հարաբերական է, ճաշակին էլ ընկեր չկա»,-եզրափակում է զրուցակիցս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter