HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում բացվեց բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված «Էմիլի Արեգակ» կենտրոնը

Սեպտեմբերի 26-ին Գյումրիում տեղի ունեցավ բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության «Էմիլի Արեգակ» կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Կենտրոնի բացմանը մասնակցում էին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ Հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, «Կարիտաս Ֆելդկիրխ»-ի տնօրեն Փիթեր Կլինգերը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիեսլերը, Ավստրիայի Ֆորարլբերգ երկրամասի նահանգապետ Յոհանես Ռաուխը, Եվրոպայի ինտեգրացիայի եւ արտաքին գործերի հարցերով Ավստրիայի նախարարության ներկայացուցիչ Դոնատուս Կոյքը, ինչպես նաեւ Հայաստանի հասարակական, մշակութային, առողջապահական եւ հոգեւոր կառույցների ներկայացուցիչներ:

Տարածաշրջանում հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարվածության մակարդակով, տեխնոլոգիական լուծումներով եւ մատուցվող ծառայություններով միակը համարվող կենտրոնի կառուցապատման աշխատանքները սկսվել էին 2013թ. հոկտեմբերին եւ ամբողջությամբ ավարտվել 2015թ. ամռանը:

Կենտրոնում ներկայում 40 երեխայի տրամադրվում է մի շարք վերականգնողական ծառայություններ՝ ֆիզիոթերապիա, արտթերապիա, երաժշտաթերապիա եւ այլն: Կենտրոնի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանի փոխանցմամբ՝ քանի որ կենտրոնը նախատեսված է բազմակի հաշմանդամություն ունեցող 80 եւ նրանց ընտանիքների շուրջ 400 անձի համար, մոտ ապագայում նախատեսվում է շահառուների թվի ավելացում:  

«Էմիլի Արեգակ» բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցման համար հատկացված ֆինանսավորումը կատարվել է մի քանի աղբյուրներից: Հիմնական մեծ գումարը հատկացրել է Էմիլ Նախբաուերը, ում անունն էլ կրում է կենտրոնը: Բացմանը Էմիլ Նախբաուերը, որը հաշմանդամ է դարձել 40 տարի առաջ ավտովթարի հետեւանքով, ներկա չէր: Նրա ողջույնի խոսքը ներկաներին փոխանցեց դուստրը՝ Գուդրուն Ուրբան Նախբաուերը:

Գուդրուն Ուրբան Նախբաուերը

«Մի ավտովթարից հետո ես անդամալույծ դարձա եւ ստիպված էի նորից սովորել ապրել, բայց իմ բախտը բերել էր, քանի որ իմ կողքին կային շատ օգնող մարդիկ: Հաշմանդամ դառնալուց հետո ես ավելի զգայուն դարձա եւ սովորեցի տեսնել ուրիշների կարիքները: Աստծո շնորհիվ ես հիմա այնպիսի հնարավորություն ունեմ, որ կարող եմ օգնության ձեռք մեկնել: Մարդկանց օգնելու հնարավորությունը կյանքիս նոր իմաստ հաղորդեց: Նոր կենտրոնն իմ անվամբ կոչելը գուցե չափազանց մեծ պատիվ է ինձ համար, բայց դա, անշուշտ, ինձ երջանկացնում է»,-նշված էր բարերարի նամակում:

Ձախից առաջինը՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը

Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Մաթիաս Քիեսլերը, ով կենտրոնի բացմանը եկել էր կնոջ եւ մի քանի ամսական փոքրիկի հետ, տպավորված էր կատարված աշխատանքներով: Ի դեպ, «Էմիլի Արեգակ» բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցման համար հատկացված գումարի 1/3-ը տրամադրել է Գերմանիայի կառավարությունը:

«Այս տիպի ծրագրերը համարվում են փոքր ծրագրեր եւ հիմնականում ֆինանսավորվում են եկեղեցական համայնքների կողմից,-նշեց Մաթիաս Քիեսլերը,-այս պահին Գերմանիայի Դաշնային հանրապետությունը համարվում է գումար տրամադրող եւ շարունակական որեւէ միջամտություն չի լինելու կենտրոնի գործունեության հարցում: Կոնկրետ ես շատ տպավորված եմ կենտրոնից եւ, որքան գիտեմ, սրա նման երկրորդը Հայաստանում չկա: Ինձ տպավորել է կենտրոնի ջեռուցման համակարգը, որ սնվում է արեգակնային էներգիայից: Մտածում եմ, որ այս տեխնոլոգիան կիրառելու համար Հայաստանում շատ կազմակերպություններ օրինակ կվերցնեն «Էմիլի Արեգակից»:

Հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը

Կառույցը համարվում է Հայաստանում առաջին պասիվ շենքը, որն ավելի շուտ արտադրում է էներգիա, քան թե ծախսում: Ջերմային էներգետիկ կորուստներն այստեղ բացառվում են: Շենքի տանիքում տեղադրված է Հայաստանում արեւային ամենամեծ ֆոտովոլտիկ կայանը, որն արեւային էներգիան փոխակերպում է ոչ թե ջերմայինի, այլ էլեկտրականի: Շենքի ջեռուցումն իրականացվում է գրունտային ջրերի միջոցով, այսինքն՝ կիրառված է ջրային պոմպերի տեխնոլոգիան՝ փորված է 100 մետրանոց մեծ հորատանցք, որտեղից վերցված գրունտային ջուրն է օգտագործվում:

3 հա տարածք զբաղեցնող կենտրոնը գտնվում է Գյումրու Անի թաղամասի վերջնամասում: Տարածքի հարակից հատվածը վերածվելու է այգու եւ բանջարանոցի, որտեղ բուսաբուծությամբ կզբաղվեն հենց իրենք՝ կենտրոնի շահառուները:

Լուսանկարները տրամադրել է Հայկական Կարիտասը 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter