Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Սենդվիչ՝ Սիոն լեռան վրա. Երուսաղէմի օրեցօր նվազող հայ համայնքը



Վերանորոգվում է Երուսաղէմի Սուրբ Հակոբեանց վանքը

Երուսաղեմ մեր այցելության նախօրեն լարված  էր: Իսրայելում ապրող հայերը խորհուրդ չեն տալիս այցելել Երուսաղէմ: Տեղական լուրերը վերջին օրերին անկարգությունների ու ձերբակալությունների մասին էին հաղորդում: Որոշներն էլ ասում են՝ սովորական երևույթ է, ամեն օր էլ Երուսաղեմում մի բան պատահում է:

Հին քաղաքի մուտքը, ինչպես յուրաքանչյուր հաստատության մուտք Իսրայելում՝ լինի դա խանութ, կրթական կամ մասնավոր հանրային հաստատություն, հսկում են զինվորականները: Կասկածի դեպքում՝ ստուգում պայուսակները և մարդկանց: 

Հայկական գրություններով փողոցը հուշում է, որ հայկական թաղամասում ես: Մինչ աջ ու ձախ աչքի ես անցկացնում հախճապակու, նվերների և ռեստորանի հայերեն գրություններն ու տաղավարները՝ հայտնվում ես Երուսաղէմի Հայոց պատրիարքությունում: Երուսաղեմի Հայոց պատրիարքության իրավասության տակ են Իսրայելի հայակական եկեղեցիները և Հորդանանի հոգևոր հովվությունը:

Մուտքը բաց է, սակայն պահակը ներս չի թողնում. պատրիարքության նստավայր համարվող  Սուրբ Հակոբեանց վանքը վերանորոգվում է:

Շահան սարկավագ Քյոսաեանն ասում է, որ 4-րդ դարի շենք է և երկար տարիներ չի նորոգվել: Այժմ հետնապատի և տանիքի նորոգություն է իրականացվում: Տանիքից խոնավություն և ջուր էր ներծծվում, ծեփերը թափվում էին: Հարավային պատի վրա երկրաշարժից մնացած ճեղքեր են եղել, և 400 տարվա պատ էր, որը հիմնովին չէր նորոգվել: Դեկտեմբերի կեսերին նախատեսում են ավարտել: Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը նախատեսել է տոնական օրերը մայր տաճարում իրականացնել:

Զրույցին միանում է Սամվել ծայրագույն վարդապետ Աղոեանը, ով Հայոց պատրիարքարանի հաշվապահության հարցերով պատասխանատուն է:  Ասում է, որ նորոգման ծախսերը վանքն իր միջոցներով է հոգում: Բազմաթիվ բացառիկ նկարներ, հախճաապակի և այլ ներքին պարագաներ նույնպես նորոգման ու թարմացման կարիք ունեն:  Սակայն եթե դրանց նորոգությունը ևս իրականացնեն, պետք է դրամահավաք կազմակերպել, քանզի շատ ավելի մեծ գումար կպահանջվի:

Հայր Սամվելն ասում է, որ պետությունը բացարձակ չի օգնում այս հարցերում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ հարաբերություններն էլ «քիչ մը փոթորկալի» են, որոշ անհամաձայնություն կար Երուսաղէմի Հայոց պատրիարքի և Վեհափառի միջև, բայց այդ «վլվլուկները», ինչպես բնութագրում են Երուսաղէմի պատրիարքությունում, անցել են:

Մեծ կալվածքներ՝ փակ շենքերով

Հայր Սամվելն այնուհետև ուղեկցում է մեզ Պարտրիարքության կալվածքի տարածքները, պատմում այնտեղ գտնվող շենքերի մասին, որոնց մի մասն արդեն փակ է: Թարգմանչաց վարժարանը, որը ժամանակին 600 աշակերտ է ունեցել, այսօր 15-ն ունի:

Հայերն առաջինն են եղել, որ մտցրել են տպագրական արվեստը Երուսաղեմում: Պահպանվել է  տպարանի շենքը: Այն պետք է դառնա թանգարան, սակայն տակավին փակ է:

Կիւլպէնկեան մատենադարանի շենքն է հարևանությամբ: Այստեղ հազարավոր արժեքավոր գրքեր են պահպանվում: Հին ժառանգավորած վարժարանի շենքն էլ Պաղեստինի կառավարությունը խոստացել է թանգարանի վերածելու համար գումար տրամադրել: Հայր Սամվելն ասում է՝ դա էլ պաղեստինցիների կողմից իրենց գրավելու մի ձև է, բայց դեռևս խոստումը միայն խոստում է:   

Սուրբ Հակոբեանց վանքը կառուցված է Սիոն լեռան վրա: Հրիաները զարմանում են, թե ինչպես են հայերը կարողացել այս լեռան վրա մինչ օրս պահպանել իրենց դիրքը և կալվածքները:

Հին քաղաքի հայկական կալվածքները, հատկապես վանքի շրջակայքը և վերևի լուսանկարում պատկերված հատվածը, եղել է Իսրայելի ու Հորդանանին սահմանը: Միայն թե՝ հայկական կալվածքը Հորդանանի տիրապետության տակ էր, այժմ՝ Իսրայելի:

«Հին քաղաքի մեկ վեցերորդը հայոց կալվածքներն են, հայկական բաժինն է: Հայաստանը ծախես, էսպիսի տեղ չես կրնար առնել, գիտցած եղի: Հայ մը եթէ մնայ, էս Երուսաղէմում կմնա»,-ասում է Սամվել ծայրագույն վարդապետ Աղոեանը:

Հայոց պատրիարքարանի կալվածքների հարցը Իսրայելում դեռևս կախյալ է: Այն տարածքները, որոնք հրեաները հայտարարել են «կանաչ մարզեր», այսպես ասած՝ «գերակա շահ» ճանաչել, պետք է վերցվեն կանաչազարդելու համար, բայց այդ կանաչազարդ հողի տերը տակավին հայերն են լինելու: Եթե իսրայելական կառավարությունը մի օր որոշի կանաչազարդ տարածքը վերացնել, այն կրկին հայերին կտրվի: Իրավաբանորեն այդ տարածքները Երուսաղէմի Հայոց պատրիարքարանին են:

«Բայց եթէ դու կալվածք մը ունիս, որը ժամանակին սրբավայր եղած է կամ մասունքներ կան, քեզի կսէ, ցանկապատ մը կրնաք քաշել, պահակ դնել: Փիլիպոսի աղբիւր որ ունինք, այդ մասը կանաչազարդ յայտարարեցին, բայց տակաւին այդ կանաչազարդ մասը չսկսան օգտագործել, տակաւին ծրագիր չկայ՝ ինչ պիտի շինեն»,-ասում է Հայր Սամվելը:

Հայերը Սուրբ երկրում 70 վանք են ունեցել: Մեծ մասն այժմ ավերված է: Շուրջ 15 եկեղեցի է մնացել:  Հայ համայնքի կյանքը, Հայր Սամվելի խոսքով, անշուշտ առաջվա նման չէ: Պատերազմից առաջ 3000-4000 հայություն է հաշվվել, Երուսաղեմում՝ մոտ 2000:

«Պատերազմին դռները բացուեցան, ազատութիւն տրուեցավ, երիտասարդները իրենց երազներն իրականացնելու համար օտար երկրներ գացին, ծնողներն ալ անոնց հետեւեցան և թիւը նուազեց»,-ասում է Հայր Սամվելը:

Այժմ շուրջ 1000 հայ է ապրում Երուսաղեմում: Սամվել վարդապետն ասում է, որ իր տարիքի և մի փոքր ավելի երիտասարդ մարդիկ են մնացել, առավել երիտասարդների հիմնական մասն արդեն գնացել է:

«Հայկականութիւնը կպահուի, եթէ անձերը կ՛ուզեն հայկականութիւն պահել»,-ասում է Հայր Սամվելը:

«Պէտք է զորաւոր լինես, որ պահպանես քո իրաւունքները: Երկու սեմական ժողովուրդներու մէջ մենք սենդվիչ ենք: Երկուսն ալ անապատային ժողովուրդ են՝ մէկ հատը պրիմիտիվ, մյուսը՝ զարգացած: Մեր խնդիրը մեր քրիստոնեայ ըլլալն է»,-ասում է Շահեն սարկավագը:

Հայր Սամվելն էլ նշում է, որ քրիստոնյաները Երուսաղեմում 10 % էլ չեն կազմում, և «ձևով մը անտեսված են»: Չի բացառում, որ նաև իրենցից է, որվհետև ոչ հավաքվում են, ոչ էլ բողոք են ներկայացնում որոշ հարցերի նկատմամբ: Ընդհանուր երկրի մասին կարծիք չեն հայտնում: «Մենք փոքրաթիւ ենք, ինչ կարանք ընենք. ոչ կրնանք հրեային կողմն ըլլանք, ոչ ալ կրնանք արաբին կողմն ըլլանք: Անիմաստ է կողմ ըլլալը: Վտանգաւոր է, և բանիմ պիտի չծառայե: Կրնայ արտասահմանի մէջ մի քիչ արձագանք տալ, սակայն որեւէ գործի պիտի չծառայէ:  Գիտենք, որ հրեաները մեզ չեն սիրեր, բայց միջազգային տեսակետէն խոստացել են, որ բոլոր եկեղեցիներուն պաշտպան պիտի ըլլան, բայց ժողովուրդը դրան կարևորութեան չի տար, քեզի չի սիրեր, պէտք ըլլայ՝ վրադ կը թքնէ, շատ եղած է, շատ էլ կլլայ»:

Սամվել վարդապետը սիրիահայ է, 30 տարի ծառայել է ԱՄՆ-ում և այնուհետև տեղափոխվել Երուսաղեմ: Ասում է՝ եթե Իսրայելի կառավարությունը կացության կարգավիճակ չտա, ինքն էլ պետք է լքի երկիրը. «Այդ զատողութիւնը կընէ, չի ուզում, որ ոչ հրեայ համայնքն աւելանայ այստեղ: Եթէ այդ մտքով պէտք է շարժուի տեւական, ես կվախենամ, օր հայ եկեղեցիները պիտի չըլլայ այստեղ: Խաչ պիտի չթողուն ասոնք»:

Եթե միջազգային ուժերը որևէ կերպ ազդեցություն չունենան, օդանավից կարող են այլևս արգելել մարդկանց մտնել երկիր՝ ասելով, որ կացության որևէ կարգավիճակ չունեն: Այս մտավախությունը յուրաքանչյուր հայ ունի, ում մայրը հրեա չէ (Հրեաները ազգությունը մայրական կողմով են որոշում):

Հայերի նկատմամբ մշտապես զգուշավոր է Իսրայելի կառավարությունը: Իսրայելի իշխանությունը արտոնություն չի տվել, որպեսզի պատրիարքությանը պատկանող տարածքում կամար-ցանկապատ կառուցեն, որտեղից այցելուները կմտնեն և կտեսնեն Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարերը:

«Մեզ շատ կսիրէ, դրա համար չի տալիս,-կատակում է Սամվել Վարդապետը: -Պայմաններ կը դնէ, որ ասպես բաները ինձի պիտի իրաւունք տաս: Քեզի ինչի՞ պիտի իրավունք տանք: Ոտքը որ դրաւ, ալ չի էլնէ մեր հողէն, մենք ալ չուզեցինք»:

Այնուամենայնիվ, Հայր Սամվելը համոզված է, որ իզուր չէ, որ սուրբ լեռան վրա են. «Հոս կը մնանք, չենք փախնում»: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. vahram16:03 - 30 սեպտեմբերի, 2015
Jews spitting on Armenians? Perish the thought..... BTW, Hetq's home page is way too busy. Editor's picks, Top stories, Don't miss - too many choices, readers get confused.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ