HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնֆլիկտաբան. «Ի՞նչ է ուզում ասել Սերժ Սարգսյանը»

Վերջին շրջանում հայ-ադրբեջանական եւ ղարաբաղաադրբեջանական սահմանագծում առկա լարված իրավիճակի մասին հարցերին պատասախանում է կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը:

-Վերջին մի քանի օրերին սահմանային լարվածությունը, հրետանային կայանքների կիրառումը մտահոգությունների տեղիք է տվել: Հիմնական միտքն այն է, որ Ալիեւը փորձում է միանգամից երկու խնդիր լուծել սահմանային իրավիճակի սրմամբ. մի կողմից՝ փորձում է զսպել հակաժողովրդավարական ռեժիմի գործողություններով առաջացած հասարակական-քաղաքական լարվածությունը ներքին ու արտաքին ճակատում, մյուս կողմից՝ Հայաստանին փորձում է պարտադրել ստատուս-քվոյի խախտում եւ ռուս խաղաղապահների՝ ղարաբաղյան սահմանին տեղակայում: Ի՞նչ է կատարվում, ըստ Ձեզ, իրականում:

-Նախ սկսենք նրանից, որ ստատուս-քվոյի, իսկ ավելի ճիշտ կլինի ասել 1994-ի զինադադարի խախտման օրինակների պակաս վերջին 20 տարիների ընթացքում չի եղել, այլ հարց է, որ դրա ծավալները, հաճախակիությունը եւ կերպերն են փոխվել: Այս առումով հատկապես մտահոգիչ է վերջին շրջանում մեծ տրամաչափի զինատեսակների կիրառության իրողությունը` թիրախ դարձնելով նաեւ խաղաղ բնակչությանը: Իլհամ Ալիեւի վարչակարգի նման ագրեսիվ պահվածքը չեմ կապում ո՛չ ներքին եւ ո՛չ էլ արտաքին ճակատներում ստեղծված իրավիճակի հետ, քանի որ, ինչպես գիտենք, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանում այլակարծություն արտահայտող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, լրագրողները եւ քաղաքական գործիչները հայտնվել են կամ բանտերում, կամ երկրից դուրս, կամ «անհետ կորել են»: Միեւնույն ժամանակահատվածում այդ երկրում արգելափակվել է միջազգային մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի գործունեությունը, վատթարացել են հարաբերությունները Ադրբեջան-ԱՄՆ, Ադրբեջան-ԵՄ եւ արեւմտյան մի շարք կառույցների հետ, ինչը Ալիեւին գոնե մինչ այս պահն առանձնապես չի անհանգստացնում: Ուստի կարելի է պնդել, որ արտաքին ճնշումներն էլ չեն կարող պատճառ լինել ներկայիս ագրեսիայի համար:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից հնարավոր խաղաղապահների տեղակայման հնարավորությանը, ապա այս հարցում եւս դժվար եմ պատկերացնում Բաքվի շահագրգռվածությունը (եթե, իհարկե, կուլիսային համաձայնություններ կամ բանակցություններ չեն ընթանում Մոսկվայի հետ) նման ծրագիր իրագործել` ներկայում առկա շփման գծի փոփոխության միջոցով նոր իրողություններ ստեղծելու եւ ապա դրանից հետո «խաղաղապահ» տեղակայելու հնարավորությամբ: Վերջին սցենարը բազմիցս է քննարկվել, սակայն պարզ է, որ եթե նման բան լինի լայնածավալ, սակայն կարճատեւ ռազմական գործողությունների` «բլիցկրիգ»-ի միջոցով, ապա իրավիճակն ամբողջությամբ հնարավոր չի լինի վերահսկել, ինչը եւ, ըստ իս, նվազեցնում է նման զարգացման հավանականությունը:

-Եվ ուրեմն ո՞րն է Ադրբեջանի այս աննախադեպ ագրեսիայի պատճառ(ներ)ը:

-Դժվար է ասել, քանի որ առկա տեղեկատվությունը սահմանափակ է, ինչպես սահմանում տեղի ունեցող, այնպես էլ ներքին եւ արտաքին քաղաքական գործընթացների վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, սա Ադրբեջանի կողմից մեզ աստիճանաբար արնաքամ անել փորձելու տրամաբանության մեջ է տեղավորվում: Այս ամենում, սակայն, առավել մտահոգիչն այն է, որ նրանք սկսել են ավելի արդյունավետ կերպով թիրախային հարձակումներ իրականացնել եւ, ինչպես գիտենք, զենք ունենալը մի բան է, իսկ դրանից օգտվել կարողանալը` մեկ այլ:

Գիտենք նաեւ, որ վերջին շրջանում Ադրբեջանն իր սպառազինությունների ճնշող մեծամասնությունը ձեռք է բերում Ռուսաստանից, ուստի ելնելով վերը նշվածից, պետք է ենթադրել նաեւ, որ զենքից բացի, Ռուսաստանը կամ Ռուսաստանի մասնավոր ընկերությունները ադրբեջանական բանակին նաեւ դրանք կիրառել են սովորեցնում:

-23 տարի է՝ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու առաքելություն է ստանձնել: Փուլային, փաթեթային եւ, այսպես կոչված, ընդհանուր պետության տարբերակներից հետո վերջին առաջարկը մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված փաստաթուղթն էր, որն առ այսօր սեղանի վրա է: Բայց Մինսկի խումբն այդպես էլ չի կարողացել լուրջ դերակատարություն ունենալ սահմանային միջադեպերը կանխելու հարցում: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ:

-ԵԱՀԿ Մինսկի խումբը կամ այս դեպքում եռանախագահող երկրները չեն կարողացել եւ չեն կարողանալու վերահսկել սահմանային իրավիճակը, քանի որ այս ձեւաչափը չունի այդպիսի գործառույթներ իրականացնելու հստակ մանդատ: Օրինակ, նման մանդատով գործող կառույց կա Վրաստանում, որտեղ Եվրամիության մոնիտորինգի առաքելությունը (EUMM), որը մի քանի հարյուր մեքենաներով 24-ժամյա ռեժիմով վերահսկողություն է իրականացնում վրաց-աբխազական եւ վրաց-օսական շփման գծում: Այս կառույցի մանդատը չնայած փաստահավաք առաքելություն իրականացնելու մեջ է, սակայն դրա գոյությունը որոշակի զգաստացնող ազդեցություն ունի կողմերի վարքագծի վրա: Ի վերջո, երբ հակամարտությունը վերահսկող միջազգային անձնակազմ ունեցող, քիչ թե շատ օբյեկտիվ խումբ կա, որը փաստերի է տիրապետում շփման գծից, ապա շատ ավելի դժվար է ստահոդ հայտարարություններ տարածել, ինչպես դա լինում է մեր պարագայում, այսինքն, երբ կողմերից մեկը հարձակվում եւ ապա դիմացինին է մեղադրում ագրեսիայի մեջ: Ակնհայտ է, որ տարին մեկ անգամ հայ-ադրբեջանական սահմանագիծ փաստահավաք առաքելություն ուղարկելու անիմաստ պրակտիկան եւ ապա «սաստող» քաղաքական կոչեր անելը բացարձակապես արդյունավետ չեն:

-Հակամարտության կարգավորման այս փուլում ի՞նչ դեր է ստանձնել Ռուսաստանը: Իսկապե՞ս Ռուսաստանը ցանկանում է խաղաղապահներ մտցնել Ղարաբաղ, թե՞ դա դեմարշ կլինի մյուս համանախագահողների հանդեպ առանց այդ էլ ՌԴ-Արեւմուտք լարված հարաբերությունների ֆոնին:

-Խաղաղապահներ տեղակայելու Ռուսաստանի ցանկությունը եւ դա իրականացնելու հնարավորությունը այս փուլում իրատեսական չեմ համարում, սակայն կախված առաջիկա զարգացումներից Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում՝ գործընթացները կարող են արագանալ: Այս առումով կարեւոր է, թե ինչպիսի զարգացումներ կլինեն Պուտին-Օբամա նյույորքյան հանդիպումից հետո հատկապես Ուկրաինայում եւ Սիրիայում, որտեղ Ռուսաստանն արդեն իսկ ուղղակի կերպով ներգրավված է զինված հակամարտություններում: Այս տարի՝ ՄԱԿ-ի 70-րդ գագաթնաժողովի ընթացքում, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները գոնե հրապարակային մակարդակում հայտարարեցին, թե սառը պատերազմին վերադառնալը չի բխում իրենց երկրների, ինչպես նաեւ աշխարհի շահերից, եւ եթե այս հայտարարություններին հետեւի հարաբերությունների բարելավում, ապա Ռուսաստանի կողմից մեր տարածաշրջանում խաղաղապահ տեղակայելու հավանականությունը կնվազի: Զուգահեռաբար հակառակի` հարաբերությունների հետագա վատթարացման պարագայում զարգացումներն անկանխատեսելի կլինեն նաեւ մեր տարածաշրջանի համար:

Սակայն մի կողմ թողնելով գլոբալ զարգացումները եւ դրանց հնարավոր ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության վրա՝ կցանկանայի անդրադառնալ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությանը, որտեղ նա ասաց, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է: Նախ հասկանալի չէ, թե ինչու է նման քաղաքական հայտարարություն արվում հենց հիմա, այսինքն՝ ի՞նչ է ուզում ասել Սերժ Սարգսյանը սրանով, եւ ինչպիսի՞ իրավական գործընթացներ են հետեւելու դրան:

Արդյո՞ք սա արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն է առ այն, որ Հայաստանն այլեւս չի փորձելու հանդես գալ որպես բանակցող երրորդ կողմ, Արցախը հայտարարելո՞ւ է Հայաստանի 11-րդ մարզ: Նաեւ պետք է հասկանալ, թե ինչ նկատի ունի Սարգսյանը Լեռնային Ղարաբաղ ասելով. խոսքը ԼՂԻՄ-ի՞, թե՞ հայկական ուժերի կողմից վերահսկվող բոլոր տարածքների մասին է: Եթե վերջինն է, ապա ինչի՞ շուրջ են շարունակվելու բանակցությունները, եթե այդպիսիք լինելու են ընդհանրապես: Հիշեցնեմ, որ Աղդամն իր հայրենիքը չհամարող Սերժ Սարգսյանը Արցախը ճանաչելու նախաձեռնությամբ հանդես եկողներին մեղադրում էր դավաճանության կամ արկածախնդրության մեջ, ուստի թող բարի լինի եւ բացատրի այս հայտարարության նպատակը, ինչպես նաեւ դրանից հետո իր անելիքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter