HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Փոքր բաժնետերն՝ ընդդեմ «Ամերիաբանկի». դատավորը չհասկացավ Կենտրոնական բանկի բացատրությունը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Արտաշես Հովհաննիսյանն ընդդեմ «Ամերիաբանկի» գործով դատաքննությունը

Ներկաներն այսօր լսեցին նաև Կենտրոնական բանկի ներկայացուցչին: Այն,ինչ արել է «Ամերիբանկը» իր նախկին փոքր բաժնետիրոջ հետ, կատարվել է հենց Կենտրոնական բանկի թույլտվությամբ:

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկի» բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ` բանկի բաժնետոմսերը կոնսոլիդացվել էին (համախմբում), որի արդյունքում փոքր բաժնետերերից մեկի՝ Արտաշես Հովհաննիսյանի հինգ բաժնետոմսերը փոխարկվել են կոտորակային բաժնետոմսի, ապա հետ գնվել բանկի կողմից առանց նրա իմացության:

Նախորդ նիստին հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Հովհաննիսյանը համապատասխան միջնորդություն էր ներկայացրել` որպես երրորդ անձ գործում ներգարավվել նաև Կենտրոնական բանկին և Կենտրոնական դեպոզիտարիային:

Միջնորդությամբ հայցվոր կողմը հնարավոր էր համարել, որ դատարանի կողմից հայցապահանջը բավարարելու դեպքում երկու կառույցների համար լրացուցիչ պարտավորություններ կառաջանան. Կենտրոնական դեպոզիտարիայի դեպքում՝ հետգնման գործարքի արդյունքում բաժնետոմսերի փոխված համամասնության գրանցման, իսկ Կենտրոնական բանկի կողմից` «Ամերիաբանկի» կանոնադրության փոփոխության գործարքների անվավեր ճանաչումը: 

Կենտրոնական դեպոզիտարիան այսօրվա նիստին ներկայացուցիչ չուներ, թեև, ինչպես նշեց դատավորի օգնականը, պատշաճ ծանուցվել էր: Կողմերը համաձայնեցին նիստը շարունակել առանց դեպոզիտարիայի ներկայացուցչի:

«Ամերիաբանկի» ներկայացուցիչ Արման Մարտիրոսյանը միջնորդություն ներկայացրեց գործը տեղափոխել նախապատրաստական փուլ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԿԲ-ն ներգրավվել է գործում: Միջնորդությունը չբավարարվեց, փոխարենը դատավորը համաձայնեց երրորդ անձ Կենտրոնական բանկից ընդունել փաստաթղթեր, գործին առնչվող ապացույցներ, եթե դրանք առկա են: Սակայն հայցապահանջին առնչվող որևէ նոր փաստաթղթային ապացույց ԿԲ-ն  չներկայացրեց դատարանին:

ԿԲ ներկայացուցիչ Քաղցրիկ Ավագյանը մեկ նախադասությամբ եզրափակեց ասելիքը. «Մեր կարծիքը արդեն միանշանակ հայտնված է պաշտոնական պարզաբանմամբ»:

Հիշեցնենք՝ ինչ պարզաբանման մասին է խոսքը: «Ամրիաբանկ»-ը Հայաստանում առաջին բանկն է, որ կոնսոլիդացրել է փոքր բաժնետերերի բաժնետոմսերը, ապա, ստանալով կոտորակային բաժնետոմս, հետ է գնել առանց սեփականտիրոջ իմացության:

Բանկերի և բանկային գործունեության մասին օրենքի 37-րդ հոդվածն արգելում է կոնսոլիդացված բաժնետոմսերի հետգնումը: «Ամերիաբանկի» բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի՝ բաժնետոմսերի կոնսոլիդացիայի և հետգնման որոշման հիմքում ընկած է Կենտրոնական բանկի պաշտոնական պարզաբանումը, որը լրացուցիչ մեկնաբանում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքը:

Պարզաբանման համաձայն` ԿԲ-ն այս դիրքորոշումը  պետք է հայտնի՝ «քննելով յուրաքանչյուր դեպքի առանձնահատուկ փաստերը»:

Հայկ Հովհաննիսյանն այսօր ԿԲ ներկայացուցչին հարցրեց, թե որոնք են այս դեպքի առանձնահատուկ փաստերը:

Քաղցրիկ Ավագյանը նախ ասաց, որ ԿԲ-ն նման պարզաբանում է տվել՝ հաշվի առնելով այն, որ «ամբողջ աշխարհում» բոժնետոմսերի կոնսոլիդացիան և հետգնումը էականաորեն արդարացված մեխանիզմ է, մյուս կողմից նշեց, որ այս դեպքում չի հետապնդվել կանոնադրական կապիտալի նվազեցման նպատակ, ինչը օրենքով արգելվում է:

«Իսկ մնացած դեպքերում, թե ինչ ձևով է ոտնահարվել ձեր իրավուքնները, պատասխանող կողմը ինչ գործողություններ է արել, էս դեպքում Կենտրոնական բանկը չի միջամտում, չէր էլ կարող միջամտել»,- ասաց Քաղցրիկ Ավագյանը:

Հ. Հովհաննիսյանի երկրորդ հարցին՝ ինչ նպատակ է հետապնդել ԿԲ-ի թույլտվությունը, Քաղցրիկ Ավագյանի պատասխանը անորոշ էր. «Նախ դա վերահսկողական դիրքորոշում է, կոնկրետ, և ընդհանուր առմամբ Կենտրոնական բանկի խորհուրդը հաշվի է առել, որ ընդհանրապես կոնսոլիդացիան տնտեսական ազատության դրսևորումներից մեկն է, և չի նշանակում, որ դա կարող է հանգեցնել փոքր բաժնետերերի իրավունքների ոտնահարմանը: Հիմա ես նշեցի կոնկրետ էս առանձին դեպքում, որ գնահատական է տրվել, որ չի հանգեցրել մեր կողմից վերահսկվող սուբյեկտի կապիտալի նվազեցմանը, ինչը օրնենքով արգելվում է, միտում չունենք կանոնադրական կապիտալ նվազեցնելու: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ նպատակ ունի առանձնահատուկ դեպքը, ես ասում եմ՝ կա վերահսկողության դրական դիրքորոշում, իսկ ես հրապարակայնորեն չեմ արտահայտելու այդ դիրքորոշումը՝ ելնելով այն հանգամանքից, որ այն համարվում է բանկային գաղտնիք, շատ հնաարվոր է, որ այնտեղ լինեն այնպիսի թվեր, այնպիսի փաստեր, այնպիսի դիրքորոշումներ, որոնք որ… դա բավարար չէ՞ արդյոք, որ կա դիրքորոշումը, իսկ նպատակը հարցրեք «Ամերիաբանկից»: Նպատակը գլոբալ առումով «Ամերիաբանկը» պետք է որոշի…..»:

Հարցուպատասխանը երկար տևեց: Հայկ Հովհաննիսյանը ցանկանում էր իր համար հստակեցնել «Ամերիաբանկի» գործարքի՝ ԿԲ-ի համար առանձնահատուկ փաստերը, սակայն Ք. Ավագյանի պատասխանները, չգոհացրին նրան:

Նիստից հետո, պարզվեց, որ ԿԲ ներկայացուցչի ելույթն ու պատասխանները պարզ չեն թվացել նաև դատավոր Գագիկ Խանդանյանին: «Ճիշտն ասած ձեր ընդհանուր խոսելուց ես էլ բան չհասկացա,  ես ավելի հստակ եմ հարցեր տալու, ասեմ, իմանաք»,- ժպտալով ասաց նա:

Աշխատանքային օրվա ավարտի պատճառով նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին:

Լուսանկարը` ameriabank.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter