Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Միջազգային շուկայում մետաղների գների անկման հետեւանքները Լոռիում արդեն զգում են



Լոռու մարզի հանքարդյունաբերության ոլորտի ճգնաժամային վիճակին վերաբերող «Հետքի» հարցերին պատասխանում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։  

-Ինչ գնահատական կտաք Լոռու մարզի արդյունաբերության ներկա վիճակին:

-Մարզի արդյունաբերության վիճակն այս պահին այնքան էլ ոգևորող չէ` կապված համաշխարհային շուկայում մետաղի գների անկման հետ: Ճգնաժամի բացասական ազդեցությունն անմիջապես նկատվում է մարզի տնտեսության վրա: Արդեն շուրջ մեկ ամիս է՝ չի շահագործվում Ստեփանավանի «Սագամար» ՓԲԸ-ին պատկանող ոսկու հանքավարը: Այստեղ նաև հանքաքարի մեջ ոսկու պարունակությունն է կանխատեսվածից մի փոքր քիչ: Գործարանը շահութավետ չի կարողանում աշխատել և ընկերությունն իր 400 աշխատողներից հանքի և ֆաբրիկայի աշխատողներին 2/3-ով տուն է ուղարկել: Մնացածը բնականոն աշխատում են:

-Իսկ ինչ վիճակում են Ախթալայի ԼՀԿ-ն, «Թեղուտ» ՓԲԸ-ն և Ալավերդու պղնձաձուլական գործարանը:

-Նույն վիճակն այս ընկերություններում է տիրում: Ես վերջերս հանդիպեցի «Վալլեքս» խմբի ընկերությունների սեփականատիրոջ և Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրինության հետ: Գագիկ Արզումանյանը մեզ ներկայացրեց «Վալլեքս» խմբի մարզի տարածքի ընկերությունների վիճակը: Ասաց նաև, թե ինչ է սպասվում Ալավերդու պղնձաձուլական գործարանին: Արզումանյանի ասելով, եթե ճգնաժամն այս տեմպերով շարունակվի, ընկերությունը, պղնձաձուլական գործարանում, ըստ իրենց հաշվարկների, կարող է տարեկան 4-5 մլն դոլարի վնաս կրել: Սա, իհարկե, մեզ մտահոգում է, որովհետև լավերդու պղնձաձուլական գործարանում աշխատում են շուրջ 610 աշխատողներ: Գործարանի փակումը աղետալի կլինի  գործազրկության մեջ հայտնվող այս մարդկանց համար, քանի  որ այլընտրանքային աշխատատեղ մենք չենք  առաջարկում: Մենք «Էյ-Սի-Փի»-ի տնօրինության հետ  պայմանավորվածություն ձեռք բերեցինք և առայժմ բանակցում ենք, միգուցե «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ կապված իրենք գործարանում ինչ որ փոփոխություններ կատարեն, ասենք ընդլայնվի պղնձաձուլական գործարանի  մեխանիկական արտադրամասը, որտեղ աշխատանքի կտեղավորվեն կրճատվող աշխատողները:

-Մարդիկ խոսում են, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն  ևս նախատեսում է 400 աշխատատեղերի կրճատում: Տեղյա՞ կ եք այդ մասին:

-«Թեղուտ» ՓԲԸ-ում նույնպես պղնձի և մոլիբդենի  գների անկման հետ կապված լուրջ խնդիրներ կան: Բացի այդ՝ իմ տեղեկություններով, սեպտեմբերից «Թեղուտ» ՓԲԸ-ն լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել` կապված վարկերի մարման հետ: Չեմ ուզում հավատալ, որ Թեղուտ ՓԲԸ-ն միանգամից 400 աշխատող կկրճատի, մտածում եմ, որ այդ կրճատումները կկատարվեն աստիճանաբար: Մենք պետք է փորձենք կրճատվողներին այլընտրանքային աշխատանք  առաջարկել:

- Մի կողմից հանքարդյունաբերությունը իրեն չի արդարացնում, մյուս կողմից, մարզում, մասնավորապես Թումանյանի տարածաշրջանում լայն թափով արդյունահնաման նպատակով երկրաբանական նոր ուսումնասիրություններ են  ընթանում: Ինչ է սպասվում այդ ուսումնասիրությունների դրական արդյունքերի  դեպքում:

-Նախ ուսումնասիրություններ կատարել, դեռ չի նշանակում հանքը բացել: Բնական պաշարներն ուսումնասիրելուց  հետո  նոր որոշում կկայացվի` հանքը շահագործում են , թե `չէ:

-Դժբախտաբար, քննարկումներին հանքարդյունբերողները չեն թաքցնում` դրական ցուցանիշներ լինելու դեպքում, այդ  հանքերը  բացելու  իրենց  մտադրությունը: Դուք համաձայն  ե՞ք ուսումնասիրված բոլոր հանքերը  բացել:

-Բոլորը  չեմ կարծում,  որ  հնարավոր կլինի բացել, օրինակ Ֆիոլետովոյում ներդրողի  ցանկությունը մեծ  էր, բայց քանի  որ համայնքը դեմ էր, աշխատանքերը  դադարեցվեցին: Էնպես չի , որ բոլոր հանքերը կարող են  բացել, շատ կարևոր է համայնքի կարծիքը:

-Ծաղկաշատ համայնքի գյուղացիները  այս պահին դեմ են իրենց  մոտ լեռնահետախուզական աշխատանքեր կատարելու «Թեղուտ» ՓԲԸ-ի  առաջարկին:  Այս դեպքում, դուք կաջակցե՞ք  նրանց:

-Անկասկած, իհարկե: Ոչ միայն ես, նաև կառավարությունը կկանգնի այն  բնակիչների  կողքին, ովքեր  հիմնավոր պատճառներ  ունեն  հանքի շահագործմանը դեմ կանգնելուն:  Հանրային կարծիքը հարգելու օրինակ ունենք նաև  Թռչկանի մասով: Էնպես չի,  որ կառավարությունը աչք է փակում հանրային  կարծիքի  հարցում:

- Հաղպատ  համայնքում, որտեղ տուրիզմը մեծ  քայլերով զարգանում, նույնպես «Թեղուտ» ՓԲԸ- կողմից նախատեսվում է կատարել երկրաբանական  ուսումնասիրություններ: Կհամաձայնե՞ք Հաղպատում հանք շահագործելու  հետ:

 -Առաջին անգամ եմ լսում,  որ ինչ  որ մեկը  Հաղպատում փորձում  է հանք շահագործել:

-Հաղպատը նույնպես մտնում  է «Ծաղկաշատ-Ախետք»  հանքային  դաշտի մեջ:

-Եթե հանքարդյունաբերությունը պետք է խանգարի Հաղպատի զբոսաշրջության  զարգացման ձեռքբերումներին, բնականաբար մենք  ինքներս  կփորձենք ինչ որ  բանով  օգտակար լինել:

Համենայնդեպս ես Հաղպատի մասին  առաջին  անգամ լսեցի:

Տա Աստված որ մենք պղնձի և  ոսկու շատ  պաշարներ  ունենանք: Բայց դա չի  նշանակում, թե դրանք բոլորը պետք է բացել:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Սամվել17:02 - 2 հոկտեմբերի, 2015
Բնապահպանները վաղուց են ահազանգում,ասողին լսող է պետք։Ուղղակի բարբարոսություն է մեր բնությունը,մեր գյուղատնտեսական նշանակության հողերը ավերելով,մեր մարդկանց առողջությունը վտանգի տակ դնելով,զարգացնել հանքա հումքային արտադրությունը,որից ստացվող առյուծի բաժին գերշահույթները հոսում են երկրից դուրս, ունեզրկելով մեր ժողովրդին։ Սթափվեք ու դուրս եկեք թմբիրից։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ