HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցերի լսումն ընդդեմ գլխավոր դատախազության ու ոստիկանության

Երեկ ՀՀ վարչական դատարանում` դատավոր Լիաննա Հակոբյանի նախագահությամբ ավարտվեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցերի քննությունն ընդդեմ գլխավոր դատախազության ու ոստիկանության: Երկու հայցերով էլ պահանջը տեղեկատվության տրամադրումն է:

Ոստիկանության դեմ ներկայացված հայցը լուծվելու է արտադատարանական կարգով: Ոստիկանության հետ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հաշտության կգնա: Ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Պիվազյանը նշեց, որ ոստիկանությունը կտրամադրի հայցվող տեղեկատվությունը նախորդ նիստին ճշտված տարբերակով: Ի դեպ, դա այն տեղեկատվությունն է, որը ոստիկանությունը մերժել էր տրամադրել` վկայակոչելով, որ այդպիսով կխախտվեր այդ անձանց ընտանեկան ու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Սակայն դատաքննության ժամանակ ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Պիվազյանը նշեց, որ հայցված տեղեկատվության տրամադրմամբ չի կարծում, թե կխախտվի այդ իրավունքը, եթե չհրապարակվեն այդ անձանց վերաբերյալ բողոքների բովանդակությունները: «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը նշեց, որ միայն բողոքների հիմքերը նշելը բավարար է:

Մենք ցանկացել էինք ոստիկանությունից պարզել, թե «Հետք» դիմած քաղաքացիների վկայություններով վաշխառությամբ զբաղվող Նաիրա Ասատրյան-Վարուժան Մարգարյան ամուսնական զույգի նկատմամբ արդյոք կան հարուցված քրեական գործեր, եթե այո, ապա քանի այդպիսի գործ կա, քանի բողոք է ստացվել, ինչ բովանդակությամբ կամ հիմքերով, ինչպես են դրանք լուծվել:

Մինչև հոկտեմբերի 19-ը դատավորը ժամանակ տվեց կողմերին հաշտության տեքստ կազմելու համար: Իսկ ՀՀ գլխավոր դատախազության դեմ հայցով վճիռը դատարանը կհրապարակի հոկտեմբերի 22-ին: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը որևէ կերպ չէր արձագանքել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ Էդիկ Բաղդասարյանի նամակներին` հնարավորություն տալ ծանոթանալ 1995 թ-ին մահապատժի դատապարտված Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով դատախազական, նույնն է, թե հսկողական վարույթին: Դատարանում Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Մանե Գալուստյանը առարկել էր հայցի դեմ` նշելով, որ այն կարճման ենթակա է, բացի այդ նման ինֆորմացիա տրամադրելով կխախտվի 3-րդ անձանց շահերը: Սակայն «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Գրիշա Բալասանյանը նշել էր, որ Գլխավոր դատախազությունը հարցումներին չպատասխանելով առհասարակ դրսևորել էր անգործություն:   

Մեկնաբանություններ (1)

Աննա
Հուսանք որ գոնե այս անգամ կհաջողվի բացահայել Նաիրա Ասատրյան - Վարուժան Մարգարյան և Անահիտ Մարգարյան եռյակին: Ես համոզված եմ որ Հետաքննող լրագրողներին կհաջողվի բացահայտել նրանց իրական դեմքերը և վերջ կդրվի այս ԲԱՆԴԱԻՆ ովքեր անխղճորեն մարդկանց իրենց միակ օդևանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter