HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սահմանադրական փոփոխություններ» օպերացիան

Էդգար Վարդանյան 

Ոմանք ակնարկում են, որ, միգուցե, սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալով, հայաստանյան վարչախումբը, ոչ իր հոժար կամքով, այլ միջազգային հանրության ճնշման տակ, պատրաստվում է իրականացնել ժողովրդավարական որոշակի բարեփոխումներ եւ որ այդ իսկ պատճառով չարժե դրանց դեմ ելույթ ունենալ: Չբացառելով հնարավորությունը, որ ավտորիտար իշխանությունները կարող են ինչ-որ հանգամանքներից ելնելով նաեւ որոշակի ազատական գործընթացներ նախաձեռնել, ինչպես, օրինակ, ութսունականների երկրորդ կեսին տեղի ունեցավ ԽՍՀՄ-ում, կամ այսօր տեղի է ունենում Կուբայում կամ Մյանմայում, նշենք, սակայն, որ մեր կարծիքով, սա, ամենեւին այդ դեպքը չէ:

Բանն այն է, որ, նախ, դրույթները, որոնք ֆորմալ առումով հռչակվել են որպես սահմանադրական փոփոխությունների նպատակներ, ինչպիսիք են՝ իշխանությունների երեք ճյուղերի տարանջատման ապահովումը, խորհրդարանի դերի մեծացումը, դատական իշխանության իրական անկախությունը, մեկ անձի ձեռքում գերլիազորությունների կուտակման կանխարգելումը եւ, ընդհանուր առմամբ, իրավական պետության զարգացումը, համապատասխան քաղաքաքական կամքի  առկայության պայմաններում, թեեւ որոշ դժվարություններով,  լիովին իրագործելի են հենց ՀՀ գործող Սահմանադրությամբ, սակայն չեն իրագործվում,  առաջին հերթին, քաղաքական կամքի բացակայության պատճառով:

Գործող Սահմանադրության մեղքով չէ, օրինակ, որ Հայաստանում պետությունը եւ իշխող կուսակցությունը սերտաճած են, ինչն, ի դեպ, ապացուցվում է թեկուզ այն փաստով, որ, յուրաքանչյուր հակաիշխանական գործողություն երկրի փաստացի ղեկավարությունը դիտարկում է որպես պետության դեմ գործողություններ եւ դրանք չեզոքացնելու համար օգտագործում է պետական լծակները: Կամ վերոնշյալի մեկ այլ ապացույց՝ ոստիկանությունը, ասենք, ցույց ցրելիս, որպես իր գործողությունների հիմնավորում մեջբերում է ոչ թե Սահմանադրությունը կամ օրենքներ, այլ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի տեսակետը կամ քաղաքական բնույթի ինչ-որ այլ պատճառ: Սահմանադրությունը չէ մեղավոր, որ ինչ-որ մարդիկ ֆեոդալի կարգավիճակով տնօրինում են տարբեր տարածքներ եւ այլն:

Սակայն սահմանադրական փոփոխությունների հեղինակները անտեսելով այս փաստարկները՝ շարունակում են համառորեն պնդել, որ նրանց նպատակները ազնիվ են, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանը կդառնա շատ ավելի արդյունավետ եւ ժողովրդավարական պետություն եւ ակնարկում են, որ փոփոխությունների քննադատները հետադիմական հայացքների տեր են, ժողովրդավարության հակառակորդներ են: Ի դեպ, այսօր, իսկապես, շատ է հնչում նաեւ հակաժովրդավարական դիրքերից սահմանադրական փոփոխությունների քննադատություն, ինչն իշխանություններին չափազանց ձեռնտու է, դա թույլ է տալիս նրանց հղում կատարելով այդպիսի քննադատությանը փորձ կատարել սեւացնել բոլոր քննադատներին եւ չի բացառվում, որ առնվազն որոշ դեպքերում, հենց Բաղրամյան 26 է հանդիսանում վերոնշյալ տեսակի քննադատության ձեւավորման աղբյուրը:

Հարկ է նաեւ ուշադրություն դարձնել սահմանադրական փոփոխությունների նախաձեռնողների կողմից ներկայիս Սահմանադրությանն ուղղված քննադատության բնույթին, որը հանդիսանում է փոփոխություններ կատարելու նրանց հիմնական փաստարկներից մեկը: Այսպես, օրինակ, հեղինակները նաեւ պնդում են, որ գործող Սահմանադրությունում իշխանությունների երեք ճյուղերի տարանջատումը ապահովված չէ, որ մարդու իրավունքների պաշտպանության համար հստակ երաշխիքներ չկան, որ նախագահի  ձեռքերում չափից ավելի իշխանություն է կենտրոնացված եւ այլն: Եվ այստեղ հետեւյալ հարցն է ծագում՝ արդյո՞ք այդ մարդիկ նոր են նկատել, որ ՀՀ Սահմանադրությունը այդչափ թերի է: Բանն այն է, որ իրենց կողմից մատնանշված խնդիրները բացահայտելու համար ժամանակ չի պահանջվում: Որպես կանոն, իրենց փաստարկների մեծ մասը հիմնված է ոչ թե փորձի, այլ հենց բուն փաստաթղթի ուսումնասիրության վրա, որում վերջին փոփոխությունները կատարվել են տաս տարի առաջ: Փոփոխությունների նախաձեռնողները չեն մատնանշում գործող Սահմանադրության պատճառով առաջացած որեւէ ճգնաժամային կամ թեկուզ ինչ-որ բարդ իրավիճակ, որը հնարավոր չէր, կամ դժվար էր կանխատեսել ՀՀ Սահմանադրության ընդունման ժամանակ: Այսպիսով, միայն վերոնշյալ հանգամանքը բավարար է պնդելու համար, որ իշխանությունները սահմանադրական փոփոխությունները արհեստականորեն են մտցրել օրակարգ եւ ուրեմն հետապնդում են հռչակվածից տարբերվող նպատակներ:

Սերժ Սարգսյանը նախաձեռնելով սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանրությանը թելադրեց իր սեփական օրակարգը եւ ռեժիմին ընդդիմադիր քաղաքական եւ քաղաքացիական շրջանակները կրկին հայտնվեցին արձագանքողի դերում: Բայց մյուս կողմից, Սարգսյանի թիմը իրենց քննադատներին ակտիվանալու, բողոքի գործողություններ կազմակերպելու նպատակով նոր ձեւաչափեր ստեղծելու համար նոր առիթ ստեղծեց: Բնականաբար առիթն օգտագործվեց՝ ստեղծվեց «Ոչ»-ի ճակատ, որն ունի սահմանադրական փոփոխությունների դեմ բնկաչության զգալի հատվածին մոբիլիզացնելու լուրջ պոտենցիալ: Հասկանալի է, որ իշխանությունները պետք է որ կանխատեսեին նման զարգացում եւ, հավանաբար, լավ պատրաստվել են դրան: Սակայն ինչի՞ն էր պետք իշխանություններին այս ամենը:

Աշխարհի տարբեր, ֆորմալ առումով դեմոկրատական, բայց իրականում ավտորիտար, երկրներում նախագահի պաշտոնավարման վերջին ժամկետի ավարտին առաջանում է սեփական իշխանությունը օրենսդրորեն երկարացնելու խնդիր: Կոշտ ավտորիտար պետություններում, որպես կանոն, Սահմանադրություններում այնպիսի փոփոխություններ են իրականացվում, որոնք թույլ են տալիս գործող նախագահին երրորդ եվ ավել անգամ նախագահ լինել:

Ավելի բարդ խնդիր պետք է լուծեն փափուկ ավտորիտար ռեժիմների պարագլուխները: Այսպիսի պետությունների համար կարեւոր է ժողովրդավարական, կամ, առնվազն, ժողովրդավարությանը ձգտող իշխող վերնախավի կերպարի ստեղծումը: Սրա պատճառը, նախ, փափուկ ավտորիտարիզմով երկրների ժողովուրդների մի մասի համակրանքն է իրավական պետության նկատմամբ եւ համեմատական ազատությունների պայմաններում ապրելու փորձը: Նման պետություններում, եթե վերացվեն ժողովրդավարական ընթացակարգերը, ապա մեծ է հավանականությունը, որ ընդդիմադիր հանրության համբերության բաժակը  կլցվի, ինչը հղի է լուրջ վտանգներով: Հաջորդ պատճառը՝ տարբեր միջպետական միություններից, միջազգային կազմակերպություններից, գերտերություններից փափուկ ավտորիտար պետությունների կախվածությունն է:

Սերժ Սարգսյանի նախաձեռնած փոփոխություններով երրորդ եւ չորրորդ անգամ նախագահ դառնալու հնարավորություն չի տրվում: Սակայն, խորհրդարանական կառավարման մոդելի անվան տակ վերացվում է ուժեղ նախագահի ինստիտուտը եւ իշխանությունը, ըստ էության, կենտրոնացվում է ՀՀԿ-ի ղեկավարության ձեռքերում, ինչը հնարավորություն կտա Սարգսյանին առանց պետական պաշտոններ զբաղեցնելու պահպանել իշխանական լծակները: Բացի այդ, փոփոխություններով զգալիորեն հեշտացվում է ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելու գործընթացը ինչին դեռ կանդրադառնանք:

Ի դեպ, իշխանությունները հաճախ նշում են, որ կառավարման համակարգի  փոփոխությունը կենտրոնականը չէ իրենց նախագծում, որ փաստաթղթում ավելի կարեւոր են սահմանադրական իրավունքների մասին դրույթների փոփոխությունները: Սակայն անգամ ներկայիս իշխանություններին «հարազատ» միջազգային կառույցների ներկայացուցիչները այս փոփոխություններին  անդրադառնալիս մատնանշում են, առաջին հերթին, հենց կառավարման համակարգի փոփոխության հանգամանքի վրա: Օրինակ, վերջերս «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգերի դրույթները եւ դրանց իրացման հիմնական ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում» ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության ինտիտուտի հայկական մասնաճյուղի կողմից հրատարակված ժողովածուի ներկայացման համար նախաձեռնած կլոր սեղանի ժամանակ, ԱՊՀ ՄԽՎ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Անդրեյ Բարանովը իր ելույթում մասնավորապես նշել է՝ «սահմանադրական փոփոխություններ իրականացնելու նախաձեռնությունը, որը նախատեսում է խորհրդարանական կառավարման ձեւի հաստատում տնտեսական անկայունության եւ անվտանգության մարտահրավերների պայմաններում քաջ եւ ավելին, ռիսկային քայլ է»: Ուշագրավ է Բարանովի նաեւ մեկ այլ հայտարարությունը, որ խորհրդարանի դերի մեծացումը պահանջում է երկխոսության եւ կոմպրոմիսների գնալու պատրաստակամություն:

Ինչ խոսք, դժվար է վիճարկել վերոնշյալ կարծիքը, սակայն, փոփոխությունների նախագծից հստակ երեւում է, որ առաջարկվող մոդելը հակառակ տրամաբանությամբ է առաջնորդվում, ինչը խորհրդարանական կառավարման կոնցեպցիան դարձնում է զուտ ձեւականություն:  Փաստաթղթում առկա կայուն խորհրդարանական մեծամասնության դրույթի համաձայն փոքր եւ միջին չափի կուսակցությունները դուրս են մղվելու իշխանության համար պայքարից, իսկ կուսակցությունը, որը կարող է ստանալ, ասենք, ընտրողների ընդամենը քսանհինգ տոկոսի քվեն, սակայն, շնորհիվ նրա, որ նա թեկուզ մեկ ձայնով առաջ է, քան երկրորդ տեղը զբաղեցրած ուժը,  կարող է միայնակ ստանալ այդ կայուն մեծամասնությունը: Կառավարման մոդելը, որը նպաստում է միակուսակցական համակարգի ձեւավորմանը, որը նվազեցնում է այլ կուսակցությունների դերը, որն անիմաստ է դարձնում կոմպրոմիսների գնալը եւ չեզոքացնում է միջկուսակցական պայքարը, որը զրկում է փոքր կուսակցություններին լուրջ դերակատարություն ունենալ երկրի ղեկավար մարմինների ձեւավորման գործում, չի կարող կոչվել խորհրդարանական կառավարման մոդել: Եթե առաջարկվող փոփոխությունները կյանքի կոչվեն, մեծ է հավանականությունը, որ ՀՀԿ-ն առանց մեծ ջանքեր գործադրելու, թեկուզ միայն վարչական ռեսուրսի օգտագործման շնորհիվ կարող է ձեռքբերել անհրաժեշտ ձայները եւ առանց հանրության մեծամասնության աջակցության, առանց կոմպրոմիսների  եւ  երկխոսության շարունակի տնօրինել երկրի ճակատագիրը:

Իհարկե, Սերժ Սարգսյանը պետք է որ նախապատրաստված լինի սեփական նախաձեռնության տապալվելու սցենարին եւս, բայց սա արդեն այլ պատմություն է:

P.S. Կայուն մեծամասնության մոդելը մինչ այժմ կիրառվել է միայն Սան Մարինոյում, որտեղ, ի տարբերություն Հայաստանի, ժամանակին այդ դրույթի ամրագրումը պայմանավորված է եղել մշտապես խորհրդարանական  ճգնաժամերի մեջ ընկնելու սեփական փորձով: Բանն այն է, որ գաճաճ պետություն հանդիսացող  եւ  ընդամենը 60  պատգամավորով խորհրդարան ունեցող այդ պետությունում մինչ խորհրդարանական մեծամասնության դրույթի ընդունումը, շատ հաճախ, ընդամենը մեկ իշխանական պատգամավորի կամ կառավարության անդամի «դեմ»-ի պատճառով կառավարությունները կազմալուծվել են եւ ստիպված նշանակվել են արտահերթ ընտրություններ:  Ի դեպ, անկախ ամեն ինչից,, այդ մոդելի ընդունումը միեւնույն է քննադատության է արժանացել միջազգային կազմակերպությունների կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter