Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Ա․Քեֆիլյան․«Իմ հյուրատունը մի խմոր է, որ ինչքան ջուր լցնես` խմորը տեղ ունի»



Խոհարարական իր հմտություններով հայտնի ալավերդցի Արմեն Քեֆիլյանը սկզբում որոշել է Հաղպատ hամայնքում ստեղծել 10 հյուրասենյակով ընտանեկան փոքրիկ հյուրատուն: Շուկայի պահանջարկը, սակայն, նրան պարտադրել է կառուցել 20 հյուրասենյակով հյուրատուն, որտեղ այժմ հյուրընկալվում են 35 զբոսաշրջիկներ:

«Նկատեցի, որ բոլոր առումներով Հաղպատ համայնքը համապատասխանում է ընտանեկան իմ բիզնեսի պահանջներին, քանի որ այստեղ է գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմական հուշարձանների ցանկում գրանցված Հաղպատի վանական համալիրը, համայնքը սանիտարական առումով մաքուր է,   գյուղացիներն էլ այստեղ արտադրում են էկոլոգիապես մաքուր սնունդ»,-ասում է Արմենը:

Վերջինս զբոսաշրջիկների սննդի համար առաջին հերթին գնում է համայնքում արտադրված ձուն, կաթնամթերքը և մյուս սննդամթերքները: Գյուղմթերքներ սպասարկում են նաև Ծաղկաշատն ու Կաճաճկուտը: Արմենն ասում է, որ հյուրատուն կառուցելիս իր առջև խնդիր է դրել զբոսաշրջիկներին մատուցել հայկական խոհանոցի ավանդական մշակույթը: Հյուրատանն աշխատում են Արմենը, նրա կինը ` Լիանան, Արմենի եղբայրը, Լիանայի քույրը և քրոջ աղջիկը:

«Մեզ մոտ աշխատում են նաև Հաղպատ համայնքի 4 բնակիչներ, նրանք էլ դարձել են մեր ընտանիքի անդամները»,-ասում է Արմենը: Ընտանեկան բիզնեսի իր գաղափարն իրականություն դարձնելու համար Ա. Քեֆիլյանը 70 մլն դրամ վարկ է վերցրել «Ակբա Կրեդիտ Ագրիգոլ» բանկից: Նա ասում է, որ իր նախատեսած ներդրումները հյուրատան վրա առանց վարկերի չէր կարող իրականացնել:

«Ես փողը ծախսելու գործում շատ զգուշավոր մարդ եմ, բայց  այս գործի մեջ ես ինձ տեսնում եմ, 16 տարի խոհարար եմ աշխատել զբոսաշրջիկների հետ, եթե այս ոլորտում իմ ուժերը չփորձեի, էլ որտե՞ղ էի դա անելու: Բացի այդ՝ ես իմ հողին կպած մարդ եմ, նաև իմ գործով երիտասարդներին ուզում եմ ցույց տալ, որ մարդը ոչինչից կարող է արժեքներ ստեղծել»,- ասում է Արմենը: Ընտանեկան բիզնեսը ըստ Արմեն Քեֆիլյանի՝ հենց խնայողություն է նշանակում: Նա անձամբ երկու խոհարարի աշխատանք է կատարում: Կինը` Լիանան, տնօրենն է: Արմենն ասում է, որ ամենաշատ աշխատանքը կնոջից է պահանջում: Կնոջ և իր աշխատավարձի տնտեսման հաշվին էլ նա կարողանում է վարկերից մի քիչ թեթևանալ: Երեք տարի առաջ շահագործված  «Քեֆո» ընտանեկան հյուրատունն աշխատում է Հայաստանի 15 տուրիստական  գործակալությունների հետ: Մեր այցելության պահին «Քեֆոյի» ճաշասրահում ճաշում էին հրաժեշտ տվող և նոր ժամանած 70-ից  ավելի զբոսաշրջիկներ: Արմենը զբոսաշրջիկներին հյուրասիրում էր հյուրատան խոհանոցում պատրաստված իր այգու խնձորի օղին: Զբոսաշրջիկներին խորոված մատուցելիս՝ նա պատմեց, որ Ախթալայի  խորովածի միջազգային փառատոնի առաջին հաղթողն է, ապա խնդրեց համտեսել իր պատրաստած խորովածը:

«Շատ երկար տարիներ պլանավորում էի գալ Հայաստան՝ որպես առաջին քրիստոնյա  երկիր: Հիացած եմ Հայաստանի պատմամշակութային արժեքներով: Մեզ համար հաճելի է, որ այս հյուրատանը շատ հիանալի հյուրընկալություն գտանք: Տեսքը շատ գեղեցիկ է: Մեզ գերազանց խորոված  մատուցեցին: Իտալիայում խոզն ավելի մեծ կտորներով են մատուցում, իսկ  այստեղ քանի որ փոքր կտորներով էր կտրված, շատ ավելի համեղ  էր»,-հայտնեց  Իտալիայի Տրիեստե քաղաքից ժամանած Լուչիանոն։ Նա տպավորված էր մատուցված ուտեստների որակից:

«Ես ապակեպատ խոհանոց  եմ կառուցել, որպեսզի զբոսաշրջիկներին տեսանելի լինի խոհանոցային մեր անցուդարձը»,- բացատրեց Արմենը: Գերմանացի  գիտնական  Հերման Թղենը նույնպես գիտնական իր կնոջ հետ առաջին անգամ է լինում Հայաստանում: Հերմանն ու կինը ռադիոլոգներ են:  Նրանց  հետաքրքրել էր խոհանոցում տեսակավորվող  հոնը: «Երևանի հյուրանոցում առավոտյան նախաճաշին այս պտուղի կոմպոտն  ենք  խմել»,- ասաց Հերմանը: Հերմանին և կնոջը հոն հյուրասիրեցին:

«Ինչ է սպասվում տեսակավորվող հոնին»,-հարցրեց Հերմանը: Բացատրեցին, որ հոնից ոչ միայն կոմպոտ, նաև մուրաբա են պատրաստելու: «Զբոսաշրջիկների համար կարևոր է կոնկրետ ծառայությունների մատուցումը, որը Արմեն Քեֆիլյանի կողմից ճիշտ է կազմակերպվում»,- բացատրեց տուրիստական  գործակալության զբոսավար Նարեկ Բեկթաշյանը:

«Ես գերմանացի զբոսաշրջիկներին նախապես պատմում եմ, որ Հայաստանի ամենահամեղ խորովածըԱրմեն Քեֆիլյանի պատրաստածն է»,- ասաց Գերմանիայից զբոսաշրջիկներին Հայաստան ուղեկցող Օքսանա Նովրովսկայան: Արմեն Քեֆիլյանն էլ պատմեց, որ հյուրատանը թոնրատուն է կառուցելու, որ  զբոսաշրջիկներին ցուցադրի  հայկական  լավաշի պատրաստումը:  Արմեն Քեֆիլյանն ասում է, որ չրերի  պատրաստման արտադրություն էլ է սկսելու: Նախատեսում  է իր այգու մրգերից պատրաստված չիրը, որպես հուշանվեր մատուցել  զբոսաշրջիկներին: Ասաց  նաև, որ ձիարշավարան կառուցելու ծրագիր ունի: «Իմ հյուրատունը մի խմոր է, որ ինչքան ջուր  լցնես`խմորը տեղ ունի»,-կատակում է Արմենը:   


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ