HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու անհրաժեշտության մասին

Մի խումբ քաղաքացիներ բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին, որը ներկայացնում ենք ստորև. 

«20-րդ դարի վերջին Արցախի հետ վերամիավորման պայքարը դարձավ հայության նոր զարթոնքի գլխավոր խթանը: Պայքարի բովում համախմբված հայ ժողովուրդը, առավելագույնս ներդնելով իր բոլոր կարողությունները, ժամանակի մարտահրավերները դիմավորեց ինքնիշխանության վերականգման խորը գիտակցությամբ տոգորված ամենակազմակերպված ժողովրդի կեցվածքով: Անկախ պետականության վերականգման սկիզբն ազդարարող «Հայաստանի Անկախության Հռչակագիրը» խորը վերլուծության ու լուրջ ներազգային համաձայնության արդյունքում արձանագրեց հայ ժողովրդի պատմության ու նրա հետագա զարգացման բոլոր նրբերանգներն արտացոլող խնդիրներն ու նպատակները: Այդ հռչակագրով, որի ընդունմանը լիիրավ մասնակցեցին նաեւ ազատագրված Արցախի տարածքներից ընտրված պատգամավորները, վերահաստատվեց Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորման իրողությունն ու ի լուր աշխարհի հռչակվեց Արցախի բնակիչներին Հայաստանի քաղաքացիություն շնորհելու մասին:

Աշխարհն առանց լուրջ վերապահումների ճանաչեց վերամիավորված Հայաստանի անկախությունն և պատրաստակամություն հայտնեց շարունակել արդեն իսկ սկսված ու քայլ առ քայլ իրավական հիմքերի վրա դրվող համագործակցությունը  հայկական պետության հետ:

Այդ մթնոլորտում առաջին նախագահը և իր վարչակազմը սկսեց վերամիավորված Արցախը քայլ առ քայլ Հայաստանից տարանջատելու գործընթացը: Կազմակերպվեց Արցախի անկախության հանրաքվեն: Վերամիավորման հաղթական ընթացքը վայելած արցախցին ակնհայտորեն կողմ կքվեարկեր  և Հայաստանին վերամիավորմանը, եթե նրան այդպիսի հնարավորություն տրվեր:

Հաջորդ քայլը Հայաստանի անկախության հանրաքվեն էր՝ կրկին առանց Արցախի բնակչության, որի արդյունքում ազատագրված Արցախն իր բնակչությամբ վերջնականապես հայտնվեց չճանաչված ինքնահռչակ հանրապետությունների շարքում ու ներկայումս ավելի շատ դիտարկվում է որպես «խաղի կանոնների», քան միջազգային իրավունքի սուբյեկտ:

Անցած տասնամյակների ընթացքում շեղումները վերամիավորման սկզբունքներից բացասական են անդրադարձել սոցիալական, տնտեսական ու քաղաքական համակարգերի վրա ու պատճառ են դարձել անվստահության ու բազմաթիվ քայքայիչ գործընթացների:

Հատկանշական է, որ ՀՀ բոլոր նախագահները Ադրբեջանի ագրեսիան կանգնեցնելու վճռական պահերին հայտարարել են, որ Արցախը Հայաստանի անբաժան մաս է:

Նման հայտարարությամբ հանդես եկավ նաև նախագահ Սերժ Սարգսյանը ս. թ. սեպտեմբերին 26-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հանձնաժողովի նիստին:

Ելնելով վերոգրյալից մենք, ներքոստորագրյալներս 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ

-       Արցախյան հարցը  եղել և մնում է հայ ժողովրդի անվտանգության, ապահովության ու ինքնիշխանության հիմնական գործոններից մեկը և կարող է հերթական անգամ դառնալ հայ ժողովրդի բոլոր կարողությունների համախմբման առանցք: Նախագահի հայտարարությունը Արցախը Հայաստանի անբաժան մաս լինելու մասին պետք է լցվի իրական բովանդակությամբ, այն է՝ նախատեսվող սահմանադրական հանրաքվեն դարձվի Արցախի վերջնական վերամիավորման գործիք:

-       Արտաքին ու ներքին մարտահրավերները, նոր պատերազմի իրական վտանգը պահանջում են հայ ժողովրդի բոլոր կարողությունների արագ համախմբում, տնտեսության կառավարման հատուկ դրություն,  ընդհուպ մինչև ռազմական դրություն հայտարարելը:

-       Անհրաժեշտ է անհապաղ նախաձեռնել ժողովրդի համախմբմանն ուղղված ու յուրաքանչյուր հայի խղճին ու մտքին հասանելի գործընթացներ՝ կատարելով կառավարման համակարգի փոփոխություններ՝ ուղղված խորը վերլուծության ու բանավեճի մթնոլորտի ձեւավորմանը:

-       ԼՂՀ ներկայիս սահմանները ոչ միայն պայմանավորված են պաշտպանական գծով, այլև հանդիսանում են Հայաստանի պատմական տարածքները։

-       Այս պայմաններում հասարակության ուշադրությունը իրական խնդիրներից շեղող նախաձեռնությունները, ինչպիսին է ՀՀ ներկայիս վարչական սահմաններում անցկացվելիք հանրաքվեն կհանգեցնեն նոր քայքայիչ հետևանքների ու անխուսափելի կորուստների: Իսկ դրա ծառայեցնելը երկրի վերամիավորված կարգավիճակի վերականգմանը կհանդիսանա գործընթացի միակ արդարացումը:

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

-       Հիմնվելով Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի վրա՝ վերամիավորված Հայաստանի տարածքում (ներառյալ՝ ԼՂՀ ներկայիս սահմանները) անցկացնել սահմանադրական հանրաքվե ԼՂՀ քաղաքացիների մասնակցությամբ:

 

Հրանտ Խաչատրյան

Կարեն Վարդանյան

Վահագ Պողոսյան

Գագիկ Գինոսյան

Կարեն Ադոնց

Արման Ռեվազյան

Նամակը հրապարակումից հետո բաց է ստորագրման համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter