HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Տոն, որ փչացվում է անխոհեմությամբ ու պոպուլիզմով

Արդեն մեկ շաբաթ է հասարակությունը գլուխ է ջարդում այն հարցի շուրջ, թե ինչու Երևանի քաղաքապետարանը չի ցանկանում մայրաքաղաքի 2797 ամյակի տոնակատարության համար նախատեսված հսկայական բյուջեի մի մասն ուղղել ադրբեջանական զինուժի կողմից շարունակաբար արկակոծվող և գնդակոծվող սահմանամերձ բնակավայրերին:

Երևանի ծննդյան տոնակատարության բյուջեի օպտիմալության թեման նոր չէ: Այն ամեն տարի այս օրերին դառնում է համազգային քննարկման թեմա: Այն տարբերությամբ միայն, որ եթե նախորդ տարիներին խոսվում էր այդ գումարների մի մասը Երևանի սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրելու կամ սոցիալական խնդիրների լուծմանն ուղղելու մասին, այս տարի` սահմանամերձ բնակավայրերին հատկացնելու: Այսինքն պարզ է, որ սահմանամերձ բնակավայրերի  թեման ընդամենը ակտուալացվում է այնքանով, որքանով սահմանին իրավիճակի լարումը համընկել է Երևանի տարեդարձին: Եթե այդ համընկնումը չլիներ, ինչպես նախորդ տարիներին, նաև հիմա ոչ ոք ուշադրություն չէր դարձնելու, որ այդ բնակավայրերն իսկապես ռիսկի գոտում են, ուշադրության կարիք ունեն:

Հետաքրքրականն այն է, որ սահմանամերձ բնակավայրերին օգնելու պահանջը ներկայացվում է քաղաքապետարանին: Գումարները, անկախ դրանց շատ կամ քիչ լինելու հանգամանքից, պատկանում են Երևանին: Եվ քաղաքապետարանը, օրենքով սահմանված կարգով, պարտավոր է այն ծախսել ըստ հաստատված բյուջեի: Եթե այդ բյուջեով նախատեսված են ծախսեր Երևանի ծննդյան տարեդարձը նշելու համար, ապա դրանք, տրամաբանական է, որ պետք է ծախսվեն ըստ նշանակության և ծախսվեն թափանցիկ կերպով: Խնդիրը, հետևաբար, տոնակատարության մեջ չէ: Այլ դրա համար նախատեսված ծախսի ողջախոհության և արդարացվածության: Եթե անհամեմատ ավելի շատ գումար է հատկացվել, ապա պետք է քննարկել ոչ թե այն հարցը, թե ինչու այդ գումարների մի մասը չի հատկացվում սահմանամերձ շրջաններին, այլ այն, թե ինչո՞ւ են առհասարակ ոչ հոբելյանական տոնակատարության համար նման ֆանտաստիկ գումարներ նախատեսվել: Գումարներ, որոնք գուցե կարող էին լուծել նույնիսկ ոչ թե սահմանամերձ շրջանների, այլ հենց Երևանի ավելի հրատապ խնդիրները: Օրինակ` Երևանն ինքը պակաս սահմանամերձ չէ: Նրա ստրատեգիական նշանակությունը ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել` թե մարդկային զանգվածի կուտակվածության, թե ռազմական և թե հոգեբանական առումով: Բայց քանի տոկոսով է պաշտպանված Երևանը օդային կամ հրթիռային հնարավոր հարվածներից: Քանի՞ շահագործման պատրաստ ապաստարան կա այսօր Երևանում, որոնցից, Աստված մի արասցե, անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի օգտվել: Արդյոք սա պակաս կարևոր խնդի՞ր է հիմա, որի լուծմանը կարող էր Երևանի քաղաքապետարանն ուղղել այդ միջոցների մի մասը`մնալով օրենքի և տրամաբանության սահմաններում:

Առնվազն տարօրինակ է, որ ողջ հանրային ուշադրությունը կենտրոնացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանամերձ բնակավայրերին օգնել-չօգնելու դիլեմայի վրա: Եվ բոլորը կարծես կախարդական ինչ-որ փայտիկի հարվածով մոռացել են, որ սահմանամերձ շրջանների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծումը, անվտանգության ապահովումը ոչ թե Երևանի, այլ պետության և Կառավարության սուրբ պարտականությունն է: Կառավարությունը պետական միջոցները պարտավոր է օգտագործել Պետական բյուջեի մասին օրենքի տառին ու տողերին համապատասխան: Եթե համարում ենք, որ սահմանամերձ շրջնանների քաղաքացիները լուրջ խնդիրներ ունեն, իսկ դա իսկապես անհերքելի է, ապա պետք է հասկանալ` ինչպիսին է պետական քաղաքականությունը այս հարցում: Եվ եթե այդ քաղաքականությունը լավը չէ, ուրեմն պետք է համապատասխան հարցադրումներ անել գործադիրին: Ի՞նչ է` ատկատներով միայն Երևանի քաղաքապետարա՞նն է զբաղվում, անհեթեթ միջոցառումների, այսպես կոչված խորհրդատվական ծախսերի համար անիմաստ միջոցներ բյուջեից չե՞ն վատնվում: Այսինքն խնդրի լուծման իրական հասցեատիրոջը թողած` երկրորդական հասցեատերեր, թիրախներ են փնտրվում, այն էլ բարոյական հարթություններում: 

Իսկ խնդիրն իսկապես բարոյականության դաշտում է: 

Եթե քաղաքապետարանն այդ գումարն ամբողջությամբ կամ մասամբ սահմանամերձ որևէ գյուղի տրամադրելու որոշում է կայացնում, ինչը, թերևս ավագանու իրավասության սահմաններում է, ապա դա լինելու է փաստացի ոոշում նվիրատվության մասին: Իսկ եթե դա նվիրատվություն է, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ է նվիրատվություն անելու պահանջը դրվում միայն Երևանի առջև: Նույնպիսի նվիրատվություն կարող է անել Հայաստանի յուրաքանչյուր ոչ սահմանամերձ քաղաք և յուրաքանչյուր քաղաքացի: Եթե խնդրին մոտենում ենք այս տեսանկյունից, ապա հարց է առաջանում, ինչո՞ւ Երևանի քաղաքապետարանին նվիրատվություն անելու պահանջ ներկայացնելուց առաջ նաև ինքներս մեր միջոցներից սահման պահող մեր հայրենակիցներին նվիրատվութուն անելու պատրաստակամություն չենք հայտնում: Արդյո՞ք ոչ այն պատճառով, որ Երևանի բյուջեի փողերը հանրային փողեր են:  

Ի դեպ, տոնակատարությունների համար նախատեսվող միջոցների մի մասը հատկացնելու են անհատ քաղաքացիներ, գործարարներ: Ո՞ւմ մասին է կոնկրետ խոսքը, քաղաքապետարանը լռում է. հավանաբար պետական գաղտնիք է: Բայց փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը նշում է, թե այդ մարդիկ հենց Երևանի տոնակատարութունների և ոչ թե որևէ այլ միջոցառման համար են կատարում այդ նվիրատվությունը: Հարց է առաջանում. այդ մարդիկ տոնական միջոցառումների համար նվիրատվությունը կատարում են կամավորությա՞ն սկզբունքով` Երևանի հանդեպ սիրուց  «կուրացած», թե՞, ասենք, «պարտադիր կամավորության»: Սա այնքան էլ երկրորդական հարց չէ: Որովհետև եթե կամավոր և սիրահոժար են քաղաքապետարանին օգնել, ապա նշանակում է, որ նրանց համար սահմանամերձ բնակավայրերի խնդիրները, փաստորեն, այնքան էլ կարևոր ու արդիական չեն ու նրանք Երևանին քեֆ անելու համար պատրաստ են շաբաշներ տալ, իսկ գնդակոծությունից ու հրետակոծությունից տուժող սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կրած վնասները թեկուզ մասամբ փոխհատուցելու, նրանց անվտանգության մակարդակը բարձրացնելու համար ավելորդ գումարներ չունեն: Եթե այդպես չէ, ապա տարօրինակ է, որ նրանք գոնե չեն արձագանքում տոնակատարության համար նախատեսված միջոցների մի մասը սահմանամերձ գյուղերին փոխանցելու խնդիր հետապնդող նախաձեռնող խմբի կոչերին: Հիմա քաղաքապետարա՞նն է նրանց հիմար վիճակի մեջ դնում, հասարակական շրջանակնե՞րը, թե՞ հենց այդ գործարարներն իրենք իրենց:

Այս բոլոր առումներով հանրային ներկայիս պահանջից մի քիչ պոպուլիզմի հոտ է գալիս: Բայց դա չէ էականը:

Փաստը, որ այս թեման ամեն տարի դառնում է քննարկման առարկա, ինքնին վկայում է Երևանի տոնակատարության ավելորդ ճոխության և դրա համար հսկայական գումարների ծախսման չարդարացվածությունն ու անտրամաբանականությունը: Այս ամենի ետևից շատ պարզ երևում են ատկատների, կոռուպցիոն սխեմաների ականջները: Այս տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների համար մոտ 160 մլն դրամ է ծախսվելու, որից 130 մլն-ն է տրամադրվելու Երևանի բյուջեից: Սա այն դեպքում, երբ երկրի, ըստ էության ամենակարևոր տոնի` Հայաստանի անկախության օրվա միջոցառումների կազմակերպման և անցկացման համար ՀՀ կառավարությունն այս տարի հատկացրել էր ընդամենը... 22,5մլն դրամ: Այսինքն մոտ 7 անգամ ավելի քիչ, քան Երևանի քաղաքապետարանը ծախսելու է մայրաքաղաքի տոնակատարության համար: Եվ սա այն դեպքում, երբ Անկախության տոնը միջոցառումների մասշտաբայնության առումով ողջ հանրապետության տարածքն ու բնակչությանն է ընդգրկում, իսկ Երևանի տոնը` մեծ հաշվով միայն մայրաքաղաքի: Ինչպե՞ս հասկանալ այս տարբերությունը. որ Երևանի տոնը, այն էլ, ոչ հոբելյանական, ավելի խորհրդանշական ու կարևոր է, քան Անկախության տոնը`իր մեջ կրող արժեքով ու գաղափարաբանությա՞մբ: Թե՞ Երևանի քաղաքապետարանն այնքան հարուստ և ինքնագլուխ է, որ կարող է իրեն թույլ տալ նման «մանրուքների» ետևից չընկնել և ծախսել այնքան, որքան քաղաքապետարանի չինովնիկների մտքով  անցնում է: Հիմա ինչպե՞ս հասկանալ. Կառավարությո՞ւնն է այսպիսով թերարժևորում Անկախության տոնն ու դրա նշանակությունը, թե՞ քաղաքապետարանը: Փաստորեն ոչ առաջինում և ոչ երկրորդում դեռ գլխի չեն ընկել, որ անհրաժեշտ է տոներին վերաբերվել ըստ իրենց իրական նշանակության և մասշտաբների և որ տոներն էլ անկախ նրանից` դրանց նշումն ում լիազորության սահմաններում է, ենթադրում են հիերարխիա, որը պետք է պահպանել: Քաղաքական և իշխանական կոնյուկտուրայում չի՞ եղել որևէ մեկը, որ այդ պարզ բանը բացատրի: Ի վերջո, եթե հնարավոր է «Տարոն ջան»-ի սխեմայով մտնել քաղաքապետարանի ինքնուրույնության սահմաններ և հրահանգել Մաշտոցի պուրակից հանել տնակները, ուրեմն միանգամայն հնարավոր էր նաև առնվազն տոների նշանակության և հիերարխիայի մասով անվճար դասախոսություններ կարդալ և սովորեցնել գոնե նման հարցերում մի քիչ ավելի համեստ լինել: Երևանի իրական արժևորումը դրանում կլիներ, ոչ թե ցուցադրականության:

Մեկնաբանություններ (1)

քաղաքապետարան
Ինչ անպատեհ ու անիմաստ մտահաղացում` նաղդ փողը ինչ-որ գյուղերին տրամադրել: Իսկ դրա ատկատը պատկերացնու՞մ եք, ոնց և ումից ենք ուզելու: Բա քաղաքապետը հո ֆոկուսնիկ չի, որ դոլարով միլիոնատեր է, վարչության պետերն էլ հազարի տակ իրենց Lexus-ներով քաղաքն են վարում, էդ հո երկնքից չի իջել: Թարսի պես մերձավոր ազգականներից միլիոնանոց նվեր տվող չկա (Գ. Կոստանյանի պես), է` մնում է դառը քրտինքով վաստակել... Կենտրոնի փողոցները, ի դեպ, նորից ասֆալտել է պետք, էլ գյուղերի ու պատերազմի անուն չտաք...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter