HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատության հրապարակում «Չեք անցկացնի» նախաձեռնությունն անցկացրեց հանրահավաք՝ ընդդեմ Սահմանադրական փոփոխությունների

Լիլիթ Թադևոսյան

Ազատության հրապարակում այսօր «Չեք անցկացնի» նախաձեռնությունն անցկացրեց հանրահավաք՝ ընդդեմ Սահմանադրական փոփոխությունների: «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանն իր ելույթում նշեց, որ այս պայքարում յուրաքանչյուրն ունի իր անելիքը և յուրաքանչյուրից է կախված մեր ապագան: «Հայաստանը փոքր երկիր է, և բոլորս գիտենք՝ ով ինչով է զբաղվում, և մենք պետք է կարողանանք այդ կապերը օգտագործելով այս ինֆորմացիոն բլոկադայից դուրս գալ, բացատրել մեր հայրենակիցներին, թե ինչ արհավիրքի առջև կկանգնի Հայաստանը, եթե Սերժ Սարգսյանն անցկացնի այս սահմանդրական փոփոխությունները»,- ասաց Հրայր Մանուկյանը:

«Չեք անցկացնի» նախաձեռնության ակտիվիստ Դավիթ Հարությունյանը կոչ արեց վստահել իրենց նախաձեռնությանը և ոչ ասել Սերժ Սարգսյանի Սահմանադրական փոփոխությունների ծրագրին: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանն էլ իր ելույթում ասաց, որ երկրում տիրող իրավիճակի մեղավորը ոչ թե Սահմանադրությունն է, այլ բռնությամբ և խաբեությամբ երկրին տիրած իշխանությունը:

«Եվ երբ որ մենք ազգովի սգում ենք սահմանին զոհված քաղաքացիների մահը, Սերժ Սարգսյանը գազի Կարենի որդու հարսանիքն էր նշում: Սրանք մեր երկրի հետ որևէ կապ չունեն և սրանց հեռացմամբ պիտի կասեցվի սահմանադրական փոփոխությունը: Մենք բոլորս պիտի դուրս գանք փողոց մի մարդու նման՝ մոռացած անձնական, կուսակցական ու մնացած բոլոր շահերը: Մեր երկիրը գտնվում է կործանման շեմին, և մեր երկրում ԱԺ-ներում հանրաքվեներով հարցեր չեն լուծում, մեր երկրում հարցերը լուծվում են փողոցում»,- ասաց Գևորգ Սաֆարյանը:

Գևորգ Սաֆարյանը նշեց նաև, որ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի ղեկավարած մարմինն իրենց սպառնում է, թե բոլոր միջոցներով թույլ չի տալու իշխանափոխություն անել: «Նա պետք է իմանա, որ բոլոր միջոցներով մենք պետք է մեր իշխանությունը ժողովրդին վերադարձնենք, ու երբ ասում ենք, որ մենք խաղաղ ենք դուրս գալու փողոց, ապա դա չի նշանակում, որ մենք ոչխարի հոտ ենք, և եթե մեր նկատմամբ ուժ պիտի կիրառվի, ապա ուժին պետք է պատասխանենք ուժով: Եվ ժամանակն է, որ ԿԳԲ-ական բաստիլները քանդենք»,- ասաց Գևորգ Սաֆարյանը:

«Չեք անցկանի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանն էլ իր ելույթում նշեց, որ սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Ոչ-ի համաժողովը, որին մասնակցում էին տարբեր ուժեր, բայց իրենց գլխավոր ուժը քաղաքացիներն են: «Այստեղ տարբեր կուսակցությունների անդամներ են, տարբեր նախաձեռնությունների անդամներ, բայց մեզ բոլորիս միավորել եք դուք, ՀՀ լուսավոր կետը դուք եք, որ թույլ չեք տալիս, որ երկիրը վերածեն արոտավայրի, որ վերարտադրվեն ու արածեն: Ամբողջ հասարկությունը դեմ է այս փոփոխություններին՝ այդ թվում իշխանության միջին ու ստորին օղակները, իմացեք՝ դուք եք առաջին ճակատը»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը իր խոսքում նշեց, որ հրապարակում հավաքված քաղաքացիների քիչ լինելու մեղավորն իրենք են: «Մեղավորը մենք ենք, որովհետև ասել ենք ու շարունակում ենք կրկնել՝ պետք է լինի միասնություն և ընդդիմությունը միասնական ճակատով պետք է հանդես գա: Առանց այն էլ կեղծ ընդդիմադիրներ են լցվել քաղաքական դաշտ: Քիչ ենք, որովետև ես կարծում եմ՝ այլ ուղերձ է պետք հասարակությանը: Եվ հասարակությունը հետաքրրքված է ոչ թե Սահմանադրության փոփոխություններով, այլ բացառապես մի խնդիր ունի լուծելու և այդ մեկ խնդիրը փոփոխություններն են՝ արմատական, վերից վար համակարգային, ամբողջ երկրով մեկ, որը պետք է սկսվի իշխանափոխությունից, ինչն առանց միասնության հնարավոր չէ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն էլ իր խոսքում նշեց, որ ԵԽԽՎ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի աջակցությամբ փոխվեց այն կետը, որ դրական կարծիք կա Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ: Ելույթ ունեցավ նաև ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով իր առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց այս միջոցառման կազմակերպիչներին, քանի որ սա իրենց առաջին երևանյան մեծ միջոցառումն է:

Նա նաև շնորհակալություն հայտնեց այն բոլոր խմբերին, որոնք միացել են Ոչ-ի շարժմանը: «Իշխանությունը վերջին տարիներին ամեն ինչ արել է քաղաքացիական և քաղաքական խմբերի իրար դեմ հանելու համար՝ ասելով, որ իբր սրանք լրիվ տարբեր իրար դեմ պայքարող խմբեր են: Ես արձանագրում եմ, որ այս միջոցառումը՝ Ոչ-ի բլոկի ստեղծումը, այդ ծրագրի ձախողումն է»,- ասաց Արամ Մանուկյանը և կոչ արեց քաղաքական և քաղաքացիական խմբերին չգնալ սադրանքների:

Խոսելով Սերժ Սարգսյանի մասին՝ Մանուկյանն ասաց. «Բայց ես Գյումրիում էլ ասացի, որ ինքը մենակ չէր գնա, նա ստեղծել է մի դասակարգ՝ քծնողների, լամբադա պարողների, շողոքորթների, մարդկանց համար, որոնց առաջ գնալու միջոցը դառել է կծկվելը, շողոքորթելը, դավաճանելը, օր օրի մենք վկան ենք լինում, թե ինչպես մարդիկ կուսակցություններ, խմբեր դավաճանում են և գնում նկարվելու, որ կառավարություններում իրենց տեղն ունենան»,- ասաց Արամ Մանուկյանը՝ ավելացնելով, որ եթե քաղաքացիները կողմ քվեարկեն Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխություններին, ապա սա կլինի ՀՀ-ի վերջին քվերակությունը և դրանով օրենսդրորեն հավերժանալու են Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի իշխանությունը:

Վերջում ելույթ ունեցավ «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը, ով ասաց, որ երկուշաբթի իրենք հավաքվում են Ազատության հրապարակում և շարժվում դեպի Ազգային ժողովի շենք, որտեղ քվեարկության է դրվելու Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Հանրահավաքից հաջորդեց երթ՝ Մաշտոցի պողոտա, Ամիրյան, Հանարապետության հրապարակ, Նալբանդյան, Թումանյան երթուղով:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter