HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն

Սերժ Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն:

Նախագահի կայքը հայտնում է, որ Սարգսյանը ՉԺՀ կազմավորման 66-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիեն Ըրլոնգին, դեսպանատան անձնակազմին և ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, որում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 66-րդ տարեդարձի կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր հմուտ կառավարման ներքո Չինաստանը կշարունակի ամենատարբեր ոլորտներում արձանագրել նորանոր հաջողություններ՝ պահպանելով հաստատուն առաջընթացի և վերելքի ուղին:

Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են, ակտիվանում են բարձր մակարդակի երկխոսությունը և բազմոլորտ համագործակցությունը: Վստահ եմ, որ այս տարվա մարտին Ձեր հրավերով Չինաստան կատարած իմ պետական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների և նախանշված ծրագրերի կյանքի կոչումը, ինչպես նաև այցին հաջորդած մի շարք բարձրաստիճան փոխայցելությունները նոր որակ և բովանդակություն կհաղորդեն մեր հարաբերություններին:

Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության բոլոր ոլորտներում վերջին տարիներին արձանագրված հաստատուն աճը պահպանելու և խթանելու նպատակով պատրաստ եմ Ձեզ հետ միասին, մեծարգո պարոն Նախագահ, ակտիվ ջանքեր գործադրել՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և երկրների:

Մաղթում եմ Ձեզ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter