HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Իրադյանի նոր գործը կհնչի Սլովենիայում՝ մաեստրո Փեհլիվանյանի ղեկավարմամբ

Ժամանակակից կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը, ով կրթությունը շարունակում է Բելգիայի Թագավորական կոնսերվատորիայում, հոկտեմբերի 5-ին կմեկնի Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանա, որտեղ տեղի կունենա Սլովենայի Ռադիոհեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի (RTV Slovenia Symphony Օrchestra) համերգը։

Համերգի ընթացքում տեղի կունենա Իրադյանի «Mr. T- մի կոմիկի պատմություն» երաժշտական դրամակոմեդիայի  պրեմիերան։ Նվագախումբը ղեկավարելու է մաեստրո Ջորջ  Փեհլիվանյանը։ Մենակատարը ազգությամբ հայ, Բելգիայիում բնակվող թավջութակահար Սեւակ Ավանեսյանն է։

Ծրագրում ընգրկված են  նաեւ ՍՊրոկոֆեւի, ԴՇոստակովիչի եւ ԳՖորեի ստեղծագործությունները։

Կապ հաստատեցինք Իրադյանի հետ` հոկտեմբերի 8-ին կայանալիք համերգի եւ իր ստեղծագործական կյանքի մանրամասներից տեղեկանալու նպատակով։

Սկսենք մաեստրո Փեհլիվանյանի հետ ծանոթությունից։ Գիտեմ, որ առաջին համագործակացությունը, որպես այդպիսին, Բրյուսելում էր, երբ մաեստրոն հրավիրված էր ղեկավարելու Բելգիայի Ազգային նվագախմբի՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համերգը, որտեղ հնչեց նաեւ քո «DNA 15-15» ստեղծագործությունը։ Ինչպե՞ս սկսվեց համագործակցությունը։

Այո, չնայած մինչեւ դա արդեն իսկ մաեստրոյի հետ հանդիպում էի ունեցել Բելգիայի մեկ այլ քաղաքում՝ Լիեժում։ Չնայած դրան, «ստեղծագործական» առաջին հանդիպումը, իհարկե, Բրյուսելում էր։ Համերգին նախորդող օրերին, երբ Բելգիայի Ազգային նվագախումբը մեծ սիրով ընդունել էր մաեստրոյին, ինքս էլ բացահայտումների շրջանում էի։ Սա իսկապես մեծ իրադարձություն էր ինձ համար, որովհետեւ այդ օրերին բացի հրաշալի նվագախմբի հետ աշխատելուց, բացի Փեհլիվանյանի հետաքրքիր մեթոդները դիտարկելուց, ինձ համար մեծ զգացողությունների առիթ էր նաեւ աշխարհահռչակ երաժիշտներ Միշա Մայսկիի, Մաքսիմ Վենգերովի հետ առնչվելը, ովքեր էլ համերգի ժամանակ կատարեցին Կոմիտասի հրաշալի ստեղծագործությունները իմ մշակմամբ։

Այս համերգից մեկ ամիս դեռ չէր անցել, երբ մաեստրո Փեհլիվանյանից զանգ ստացա՝ առաջարկով գրելու մի նոր ստեղծագործություն՝ այս անգամ Սլովենիայի Ռադիոհեռուստասության սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրի համար։ Համերգը կրկին ղեկավարելու է մեստրո Ջորջ Փեհլիվանյանը։

Թավջութակահար Սեւակ Ավանեսյանը, մաեստրո Ջորջ Փեհլիվանյանը եւ Ալեքսանդր Իրադյանը

Նոր ստեղծագործության անվանումը «Mr. T- մի կոմիկի պատմություն» ես վերնագրել։ «DNA 15-15»-ից հետո հետաքրքիր անցում է, կարծում եմ, որովհետեւ ներկայացված ստեղծագործությունը, ինչպես դու ես առանձնացնում, դրամակոմեդիայի ժանրում է։ Առաջարկն ստանալուց հետո՞ է միտքն առաջացել, թե՞ պատրաստվում էիր հենց այդ ժանրում ստեղծագործել։

Հետաքրքիր դիտարկում է։ Իսկապես «DNA 15-15»-ը ինձ համար բարդ շրջանի հետեւանք էր եւ նաեւ բարդությամբ է տրվել։ Ստեղծագործությունը այդքան մեծ բեմում հնչելուց հետո նույնքան բուռն արձագանքի էր արժանացել։ Հետեւանքների մասին ես ինքս մտածել էի, բայց չէի պատկերացրել, որ դրանք ինձ դուրս կբերեին հավասարակշռությունից։

Իրականում ես որոշ ժամանակ չէի կարողանում դուրս գալ ոչ միայն այդ ստեղծագործության, այլ նաեւ դրա արդյունքում առաջացած ամորֆ վիճակից։

Երբ ստացա մաեստրոյի առաջարկը, հասկացա, որ եկել է այդ կոնտրաստն ստեղծելու ժամանակը։ Առաջին խնդիրը, որին բախվեցի հենվելու տեղ չունենալն էր։ Ես արդեն պատկերացնում էի ողջ ստեղծագործության կառուցվածքը, թեթեւությունն ու ծանրությունը, բայց ինձ անհատ էր պետք, տեսակ, որի վրա հենելու էի ողջ բովանդակությունը․․․

Ե՞վ․․․

Եվ այն, որ այս մասին սկսեցի խոսել ընկերներիս հետ։ Երիտասարդ դերասան, բեմադրող ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը, ում հետ կիսել ենք շատ մտքեր, ստեղծագործել ենք միասին, պարզապես ժամանակ առ ժամանակ իրականցրել ենք մեր խելար գաղափարները, այն մարդկանցից էր, ով կարող էր խորհուրդ տալ։

Երբ ներկայացրի իրավիճակը, գրեց ինձ, թե փնտրելու կարիք ունեմ սովորական մարդկանց մեջ, ում հանդիպում եմ ամեն օր կամ հնարավոր է հանդիպեմ պատահաբար։ Ես սկսեցի այդ «փնտրտուքները», բայց արդեն մտքումս ունենալով հենց իր տեսակը, իրեն․․․

Ո՞րն էր Սամվելի առանձնահատկությունը, որով «տեղավորեցիր» նրան դրամակոմեդիայի մեջ, կամ ով հենվելու տեղը դարձավ, ինչպես դու ես նշում։

Հետաքրքիր է՝ իրականում Սամվելի մեջ ես երբեք տրագիկ որեւէ բան չեմ նկատել (ի նկատի ունեմ պահվածքը, գործողությունները), ավելի շուտ դա երեւի դրաման է, որ կարող է ունենալ ամեն ստեղծագործող, արվեստի մարդ։ Դրա համար որեւէ կերպ համաձայն չեմ ստեղծագործությունը տրագիկոմեդիայի մեջ դիտրակելուն։

Իր դեպքում սա շատ ավելի ընդգծված ձեւով երեւում է նաեւ կոմեդիայի տարրերով, որովհետեւ ինքը կատարող է, դերասան։ Ու ժամանակակիցի դրսեւորումները լավագույն հիմքն են թերեւս երաժշտության մեջ ինչ-որ ձեւով կիրառելու համար։

Այս ամռանը այցելեցիր Հայաստան։ Նման դեպքերում հաճախ են հարցնում համեմատության մասին․․․ Հայաստանում մեկ տարվա մեջ ի՞նչ էր փոխվել, ի՞նչ նկատեցիր։

Հայաստան վերադառնալս ավելի շատ կարող եմ ներկայացնել կիրառական տեսանկյունից, քան էմոցիայի։ Իհարկե, էմոցիաներ կային, քանի որ ծնողներս, ընկերներս շարունակում են ապրել այդտեղ․ նրանց տեսնելը, նորից զրուցելը մեկ բաժակ սուրճի շուրջ, 45 աստիճան ջերմությունն զգալը, շատ կարեւոր եւ կենսական է․․․

Առաջին իսկ օրից անցել եմ աշխատանքային ընթացքի։ Նախեւառաջ ինձ համար շատ կարեւոր էր վերսկսել «Old band» էթնիկ խմբի հետ աշխատանքները։ Մեծ դադարից հետո խմբով նորից համերգներով հանդես եկանք, ի վերջո կատարեցինք բազմաթիվ երգերի ձայնագրությունը, որը շատ կարեւոր էր։ Բացի դա մասնակցեցի նաեւ «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնին, որտեղ մեր ֆիլմը գլխավոր մրցանակներից մեկին արժանացավ (հեղ․՝ խոսքը Արման Երիցյանի «Մեկ, երկու, երեք․․․» վավերագրական ֆիլմի մասին է, որի երաժշտության հեղինակը Իրադյանն է)։

Մի խոսքով․․․ Բուռն էմոցիոնալ եւ աշխատանքային վիճակներից հետո նորից վերադարձա ոչ այնքան տաք, անձրեւոտ, բայց հյուրընկալ Բելգիա։

Old band էթնիկ խումբը

Դու այստեղ չես, բայց դա չի խանգարում, որ այստեղի երաժշտական իրադարձություններին հեռակա մասնակցություն ունենաս։ Հոկտեմբերի 7-ին տեղի կունենա դաշնակահար, կոմպոզիտոր Գեւորգ Բադալյանի «KOMITASin» նախագծի համերգային երեկոն։ 12 դաշնամուրային ժամանակակից ստեղծագործություններից մեկի հեղինակը  դու ես․․․

Այո, ուրախ եմ շատ, որ Գեւորգը նման նախագիծ է ներկայացնում, որը համոզված եմ հաջողությամբ կընթանա։ Ինչպես տեղյակ եք, նախագծին ներկայացված բոլոր ստեղծագործությունները ինչ-որ ձեւով առնչվում են Կոմիտասին կամ վերջինիս ստեղծագործությանը։

Դեռ անցյալ տարի Գեւորգի հետ զրուցել ենք այս հետաքրքիր նախագծի գաղափարի շուրջ։ Գործը, որ ներկայացրել եմ, անվանում չունի, անանուն է։ Կատարողական որոշ բարդություններ ունի, բայց համոզված եմ՝ լավ կստացվի։ Հաջողություն եմ մաղթում Գեւորգին եւ մյուս մասնակիցներին․ այստեղից հնարավորինս կհետեւեմ ընթացքին։

Ամփոփելով մեկ տարվա ստեղծագործական ընթացքդ, մի հարց եւս կուզեի ուղղել ապրիլի 26-ի «Palais de BOZAR» համերգասրահում տեղի ունեցած «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգային նախագծի շրջանակներում բացի «DNA 15-15»-ը հնչեցին նաեւ Կոմիտասի «Չինար ես» եւ «Կռունկ» ստեղծագործությունները քո մշակմամբ։ Հատկապես «Չինար ես»-ը, հայտնվելով համացանցում, բուռն արձագանքի արժանացավ (պատճառներից մեկը երեւի նաեւ այն էր, որ կատարողը աշխարհահռչակ երաժիշտ Միշա Մայսկին էր)։

Հնչեցին իրարամերժ կարծիքներմի կողմից դա ընկալվեց որպես լավագույն մշակումներից մեկը, մյուս կողմից՝ եղան մեկնաբանողներ, ովքեր դեմ են Կոմիտասի որեւէ ստեղածգործության որեւէ մշակման։

Այո՛, եղավ եւ դրական եւ բացասական արձագանք։ Դրականի մասին չեմ ուզում խոսել․ ինչ վերաբերում է բացասականին կամ քննադատությանը․․․ Դա կապում եմ այն բանի հետ, որ Կոմիտասի արված գործը բացառիկ է հայ երաժշտության պատմության մեջ․ նա միակն է, ով կարող է լինել ռեսուրս, մտածողութան ձեւ, որի վրա հիմնվի հայ երաժիշտը։ Եվ ուրեմն Կոմիտասի ստեղծագործությունը որտեղ էլ որ ներկայացվի, ինչպես էլ որ ներկայացվի եւ ում կողմից էլ որ ներկայացվի, միշտ պետք է արժանանա մեկնաբանությունների։ Սա շատ կարեւոր երեւույթ է։

Ես չեմ փոխել երաժշտությունը, ես ներկայացրել եմ իմ մեկնաբանությունը։ Կոմիտասի հետ պետք է զգույշ լինել, բայցեւ այնքան կապված, որ թույլ տաս քեզ նման դժվարության միջով անցնել ու մշակում ներակայացնել։

Ամեն դեպքում․․․ Դրական արձագանքների տարափը թույլ է տալիս ինձ համոզվել դրանում։ Իսկ մնացածը արդեն երաժշտագետների քննարկման նյութ է, որին սիրով կարձագանքեմ ինքս։

Հաջողությու՛ն հոկտեմբերի 8-ին կայանալիք համերգին։ Նախորդ հարցի պատասխանը թողնենք ունկընդրին՝ ստորեւ ներկայացնելով Միշա Մայսկիի կատարմամբ Կոմիտասի «Չինար ես»-ը։

Կոմիտաս, «Չինար ես», մշակումը՝ Ալեքսանդր Իրադյանի, կատարում են Միշա Մայսկին եւ Բելգիայի Ազգային նվագախումբը՝ մաեստրո Փեհլիվանյանի ղեկավարությամբ՝:

Լուսանկարները՝ Ալեքսանդր Իրադյանի անձնական արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter