HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում նախագահները վեր են Սահմանադրությունից

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոսներն ինձ են փոխանցել նոր Սահմանադրության նախագիծը և Վենետիկի հանձնաժողովի կարծիքը նախագծի վերաբերյալ: Պիտի ռեֆերատ գրեմ այս թեմայով:

Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ լավ օրենքը բավարար է այն կիրառելու կամ, որ ավելի կարևոր է` բոլորի նկատմամբ հավասար կիրառելու համար: Մանավանդ, որ 20 տարեկանից ճակատագրի դաժան հեգնանքով, անարդարության, կամայականության հետևանքով հայտնվել եմ բանտում ու արդեն 20 տարի է ներսից եմ տեսնում դատաիրավական համակարգի կախյալությունը գործադիր իշխանությունից: Ինչ հրահանգ ստացել են նախագահականից, այն էլ հլու-հնազանդ կատարել են դատարանները: Այդպես էր 20 տարի առաջ, այդպես է նաև հիմա: Ուզում ես ոսկե կազմով ու տառերով Սահմանադրություն ստեղծիր, մեկ է` չի գործելու, քանի դեռ ցանկություն չկա վերևից, իսկ ներքևից էլ լուրջ ձևավորված միասնական պահանջ:

Գործընկերներս ինձ էին ուղարկել Սահմանադրական դատարանի նախագահի հարցազրույցը` տրված «Հետքին»: Ուշադրությամբ, մի քանի անգամ կարդացի: Առավել շատ հետաքրքրեց այս անկեղծ միտքը. «Ունենք Սահմանադրություն, բայց չունենք սահմանադրականություն, ունենք պառլամենտ, չունենք պառլամենտարիզմ, ունենք դատարաններ, չունենք արդարադատություն»:

Այն, ինչ հիմա պիտի գրեմ, նամակ- առաջարկի տեսքով ուղարկել եմ նաև Սահմանադրական դատարանի նախագահին:

Ինչո՞ւ չեմ կարողանում ՍԴ-ում վիճարկել նախագահի հրամանագիրը

Արդեն 10 տարի է` ցանկանում եմ Սահմանադրական դատարանում վիճարկել ՀՀ նախագահ Ռ· Քոչարյանի «ներման» հրամանագիրը, որով մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկման, սակայն Սահմանադրությունը ինձ նման հնարավորություն չի տալիս:

ՀՀ նախագահի 2003թ. օգոստոսի 1-ի Ա 103-Ն հրամանագրով ոտնահարվել է իմ ու ևս 41 անձանց՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքը, սակայն ես չեմ կարողանում ՍԴ-ում վիճարկել այդ հրամանագրի սահմանադրականության հարցը:

Իրավագիտության առաջին կուրսից ապագա իրավաբաններին սովորեցնում են, որ արդարադատություն իրականացնում են դատարանները: Եվ հանրապետության նախագահը կամ մեկ այլ պաշտոնյա կամ պետական մարմին ոչ միայն իրավասություն չունի արդարադատություն իրականացնելու, նոր պատիժ նշանակելու, այլև դա ուղղակիորեն արգելված է իշխանությունների տարանջատման մասին Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասով:

Սակայն, անտեսելով Սահմանադրությունը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2003թ. ստանձնեց դատավորի դեր ու 42 մահապատժի դատապարտվածների նկատմամբ սահմանեց նոր պատիժ՝ ցմահ ազատազրկում: Անտեսվեց նաև քրեական օրենսգրքի այն դրույթը, ըստ որի` արարքի պատժելիությունը որոշվում է արարքը կատարելու ժամանակ գործող օրենսդրությամբ:

Սակայն ՍԴ-ում չեմ կարողանում վիճարկել Քոչարյանի հրամանագրի սահմանադրականության հարցը այն պարզ պատճառով, որ նախագահների հրամանագրերի սահմանադրականության հարցը ՍԴ-ում չեն կարող վիճարկել քաղաքացիները, այլ կերպ ասած՝  սովորական մահկանացուները, այլ միայն օմբուդսմենը, Կառավարությունը, ԱԺ պատգամավորների առնվազն 1/5-րդը: Այս կառույցները իշխանության մասն են, հետևաբար ակնկալել, որ դեմ կգնան իրենք իրենց, միամտություն կլինի:

Այս թեմային անդրադարձել է նաև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն իր հարցազրույցում. «Երբ գալիս է հերթը քաղաքացուն, Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ մասն ասում է՝ քաղաքացին կարող է դիմել միայն իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցում: Մեզ դիմել էր մի քաղաքացի Կառավարության որոշումը հակասահմանադրական ճանաչելու դիմումով: Մենք մերժեցինք միայն նրա համար, որ իրավասու չենք քննել այդ դիմումը: Այսպես է սահմանված միայն 3 երկրներում ՝ Ռուսաստան, Լեհաստան և Հայաստան, մյուս երկրներում նման բան չկա: Ինչո՞ւ միայն օրենքի, երբ նախագահի հրամանագիրը մեր երկրում նույնպես սահմանադրական վերահսկողության օբյեկտ է: Ժամանակին այդպես գտան, հավանաբար նաև քաղաքական որոշակի մոտեցում էր, չգիտեմ: Հիմա մենք ուզում ենք փոխել դա»,- ասում է ՍԴ նախագահը: 

Ի՞նչ եք կարծում՝ իշխանությունն ինքն իրեն դատի կտա՞

Մի քանի անգամ կարդացի Սահմանադրության նախագիծը, սակայն նախագծով քաղաքացուն դարձյալ չի տրվում վիճարկելու իրավունք, օրինակ՝ նախագահների հրամանագրերը, երբ դրանք խախտում են քաղաքացու այս կամ այն իրավունքը: Նախագծի 167 հոդվածը՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները և 168-ը՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը, նորից չեն տալիս քաղաքացուն նշածս իրավունքը:

Ինչպե՞ս կարող է քաղաքացին պաշտպանել իր իրավունքները, երբ դրանք ոտնահարվում են, օրինակ, նախագահների հրամանագրերի, ԱԺ որոշումների, կառավարության, վարչապետի, տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների միջոցով: Այս պարագայում քաղաքացին փաստացի անզոր է դառնում, քանի որ թվարկածս ակտերի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում չի կարող քաղաքացին վիճարկել: Փոխարենը կարող են միայն օմբուդսմենը, Կառավարությունը և ԱԺ պատգամավորների առնվազն 1/5 մասը: Բայց այդ մարմինները լռում են, և քաղաքացին մնում է անպաշտպան իր խնդրի հետ:

Եթե ուշադիր կարդում ես ներկայիս Սահմանադրության 100 և 101 հոդվածները, որոնք գրեթե նույնական են նոր նախագծի 167 և 168 հոդվածների հետ, պարզ երևում է, որ  նախագահների հրամանագրերի, ԱԺ, կառավարության, վարչապետի որոշումների սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանում ենթակա է վիճարկման գրեթե նույն պետական մարմինների կողմից: Ի՞նչ եք կարծում՝ իշխանությունն ինքն իրեն դատի կտա՞:

Գիտեմ, որ իշխանության ներկայացուցիչները մատնացույց կանեն ներկայիս Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետը, որը գրեթե համապատասխանում է նախագծի 168 հոդվածի 8-րդ կետին, որտեղ էլ այնքան խուճուճ ձևակերպում է տրված՝ բազմաթիվ անգամ տարբեր հոլովներով գործածելով «ակտ» բառը: Դատեք ինքներդ· ՍԴ կարող է դիմել «յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրա­վունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը» (ես եմ ընդգծել դրույթ բառը, որովհետև խնդիրն այստեղ է): Եթե դրույթ բառը չլիներ, կասեի, որ էական հանգամանք է փոխվել: Բայց, ըստ էության, ոչինչ էլ չի փոխվել:

Ստացվում է, որ քաղաքացին այսօրվա պես կարող է վիճարկել ոչ թե այս կամ այն նորմատիվ ակտի սահմանադրականությունը, այլ նորմատիվ ակտի դրույթի սահմանադրականությունը, երբ սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները: Այլ կերպ ասած՝ նույնն է, թե ներկայի պես` քաղաքացին ՍԴ-ում կարող է վիճարկել կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը միայն:

Այսինքն` երբ Նախագահը, ԱԺ-ն, Կառավարությունը, վարչապետը, ՏԻՄ-երը  Սահմանադրությանը, օրենքներին հակասող հրամանագիր կամ որոշումներ են կայացնում, քաղաքացին դառնում է անզոր: Հենց Սահմանադրությունն էլ արգելում է քաղաքացուն այդ ակտերի սահմանադրականության հարցը վիճարկել ՍԴ-ում:

Բացի այդ, նոր Սահմանադրության նախագծում բացակայում են ներկայիս Սահմանադրության 18 և 19 հոդվածներով նախատեսված այն դրույթները, որոնցով յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ու ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք կամ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու իրավունք:

Շատերը այս դրույթին երևի ուշադրություն չեն դարձնում, բայց այն անկյունաքարային է

Ստացվում է, որ ՀՀ-ում քաղաքացին հենց Սահմանադրությամբ է զրկված նույն Սահմանադրությամբ ամրագրված իր բազմաթիվ իրավունքների ու ազատությունների արդյունավետ պաշտպանության միջոցներից: Այլ կերպ ասած, մի ձեռքով տրվում են հիմնարար իրավունքներ, մյուսով՝ քաղաքացին զրկվում է դրանք պաշտպանելու լիարժեք մեխանիզմներից:

Եթե Սահմանադրությամբ քաղաքացուն վերապահված չէ դիմել Սահմանադրական դատարան վիճարկելու իր իրավունքները խախտող այս կամ այն ակտի սահմանադրականությունը, ուրեմն նման Սահմանադրությունն ամենևին էլ չի կարող կոչվել ժողովրդավարական երկրի Սահմանադրություն:

Ես, ցավոք, լինելով դատապարտյալ, չունեմ քվեարկելու իրավունք, սակայն «ոչ» կասեի նոր նախագծին միայն այն պատճառով, որ քաղաքացուն չի տրվում իրավունք ՍԴ-ում վիճարկելու, օրինակ, հանրապետության նախագահների հրամանագրերի սահմանադրականության հարցը, երբ նույն այդ հրամանագրով խախտվել են քաղաքացու իրավունքները: Շատերը այս դրույթին ուշադրություն երևի չեն դարձնում, բայց այն անկյունաքարային է: Բոլորին կոչ եմ անում պահանջել, որպեսզի Սահմանադրությամբ յուրաքանչյուր քաղաքացուն տրվի իրավունք Սահմանադրական դատարան դիմելու, երբ իր նկատմամբ կայացված որևէ իրավական ակտով՝ այդ թվում ՀՀ նախագահների հրամանագրերով, կառավարության, վարչապետի, ԱԺ, ՏԻՄ որոշումներով խախտվել են Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքները:

Ուստի, դիմում եմ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին, ՍԴ նախագահին,  որ Սահմանադրության մեջ վերջապես ներառվի ՍԴ դիմելու քաղաքացու իրավունքը նաև այն դեպքերում, երբ պետական բարձր ատյանները կամ պաշտոնյաները իրենց հրամանագրերով, որոշումներով խախտել են քաղաքացու իրավունքները, և իրավունք տրվի ՍԴ-ում քաղաքացու կողմից վիճարկելու կոնկրետ այդ ակտերի սահմանադրականության հարցը:

Հ.Գ. Իմ ընթերցողից ներողություն եմ խնդրում իրավաբանական դրույթների մեջ խորանալու համար: Եթե ավելի կարճ լինեի, պիտի սահմանափակվեի երկրորդ պարբերությամբ: Եթե ուզում եք, համակարգչի մկնիկը շարժեք դեպի վերև ու նորից կարդացեք երկրորդ պարբերությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter