HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Johnny B. Goode». Չաք Բերիի կրակե տառերով անունը՝ գրված կրակե շապիկներին

Նաիրա Հայրապետյան

Ամերիկացի աշխարհահռչակ երգիչ, կիթառահար, ռոքնռոլի պիոներ Չաք Բերիին կարելի է անմիջապես ճանաչել: Նրա երաժշտական աշխարհում հատկապես մի քանի երգեր կան, որոնք առանձնացնում են այս արտիստին իբրև անհատականություն՝ հաստատելով նրա տեղն ու դերը ռոքնռոլի, ռիթմընդբլյուզի և ռոքի ձևավորման, զարգացման ակունքներում: Դրանցից մեկն էլ «Johnny B. Goode»-ն է:

Այն համարվում է ամենաարագ ճանաչվող երգերից մեկը առհասարակ երաժշտության պատմության մեջ, իսկ արտիստի կյանքում՝ ամենահայտնի գործերից մեկը: Երգը բազմաթիվ մրցանակների և պարգևների է արժանացել: Մեծ ազդեցություն թողնելով տարբեր երաժիշտների վրա՝ «Johnny B. Goode»-ը  անհավանական թվով cover ձայնագրություններ ունի այնպիսի լեգենդար անունների կատարմամբ, ինչպիսիք են՝ անկրկնելի Ջիմի Հենդրիքսը, Էլվիս Փրեսլին, Ջոնի Հոլիդեյը, «The Beatles»-ը, Բի Բի Քինգը, «Lynyrd Skynyrd»-ը, Ջերի Լի Լյուիսը, Էլթըն Ջոնը, «AC/DC»-ն, Կարլոս Սանտանան, «The Rolling Stones», «Sex Pistols», «Aerosmith», «Bon Jovi» խմբերը, մինչև անգամ Սելին Դիոնը… Այս շարքը երկարուձիգ շղթա կարող է հիշեցնել, որի օղակներն իրականում տարբեր ժանրերի և ոճերի հավաքածու են: Եվ նրանց համատեղել ու ի մի է բերել Չաք Բերիի երաժշտությունը՝ «Johnny B. Goode» անունով:

Երգի հեղինակը ինքը՝ Չ. Բերին է: Այն գրվեց 1955թ., սակայն սինգլը թողարկվեց երեք տարի անց՝ 1958թ. գարնանը: «Johnny B. Goode»-ը, որպես 50-ականների ծնունդ, դարձավ այն հազվադեպ երգ-խորհրդանիշերից մեկը, որը ջնջեց սահմանները սև և սպիտակ լսարանների միջև:

Թեժ ռոքնռոլյան այս պատմությունը իրականում ունի չափազանց հուզիչ մի հերոս՝ խեղճուկրակ մի պատանի՝ աստղային մեծ երազանքով: Կար ժամանակ, որ ռոքնռոլը երաժշտական ոճ էր ընդամենը, որը, ինչ-որ առումով, հնարավորություն էր հանդիսանում երիտասարդ և աղքատ երաժիշտների համար նախ՝ փող վաստակելու, ապա՝ այս ասպարեզում անուն ձևավորելու համար: Չ. Բերիի այս երգը հենց այս մասին է՝ ինչպես և որքան է հնարավոր կիթառ նվագելով գումար աշխատել: Եվ ահա մեր հերոսը՝ եկած հարավային աղքատ թաղամասերից, ով այդպես էլ չսովորեց լավ կարդալ ու գրել, բայց տաղանդավոր էր մեկ այլ ասպարեզում: Նա  վարպետորեն տիրապետում էր կիթառին, որի համար էլ հույս ուներ մեծ փողեր աշխատել ու մի օր, միգուցե, այս աշխարհում իր անվամբ աստղային տեղեր նվաճել ( «Maybe someday your name will be in lights, Saying Johnny B. Goode tonight» ):

Շատերի կարծիքով այս երգը Բերին իբրև սեփական կենսագրական է ստեղծել, այդպես է անվանել նաև ինքը  հարցազրույցներից մեկում: Սակայն այս տարբերակը չընդունող որոշ մասնագետներ և երաժշտասերներ վկայակոչում են երգի տեքստում առկա անհամապատասխանություններ, որոնք նման պաշտոնական մեկնաբանության համար թերևս կարևոր են՝ անկախ ստեղծագործական, երևակայական թռիչքներից: Օրինակ՝ այն հանգամանքը, որ Բերին Նոր Օռլեանի արվարձաններից չէր հայտնվել, այլ ծնվել և մեծացել էր Սենտ Լուիսում, ոչ թե չքավոր, այլ միջին դասի ընտանիքում, լավ էլ մասնագիտություն ուներ և աշխատանք (վարսահարդարի և կոսմետոլոգի դիպլոմով), որով պահում էր ընտանիքը… մի խոսքով՝ այս և այլ մանր ու մեծ անհամապատասխանություններ:

Չգիտեմ՝ Բերին իրականում քթի տակ քմծիծաղե՞լ է այս ուղիղ համեմատություններից հետո, թե ոչ, բայց ռոլինգսթոնյան համարներից մեկում նշել է, որ գլխավոր հերոսը ինքն է՝ «մի քիչ ավել, մի քիչ պակաս»:  Ըստ այդ մեկնաբանության՝ երգիչը ստիպված է եղել փոխել տեքստից որոշ բաներ, օրինակ՝ «That little colored boy could play» տողում դարձրել է«country boy », քանի որ հակառակ դեպքում երգը ռադիոյով չէր կարող հնչել. ռասսայական խտրականությունը դեռ թևածում էր այս հսկա բազմազգ երկրում: «Goode»-ն իր մանկության փողոցի անունն էր՝ «Goode Avenue», որտեղ Բերին մեծացել էր, իսկ երգում նա դարձավ իր հերոսի ազգանունը:

Կա մեկ այլ տարբերակ. «Johnny B. Goode»-ը Բերին գրել է՝ ներշնչվելով Ջոնի Ջոնսոնի կերպարից: Եվ ահա այս երաժշտի կյանքից որոշ դրվագներ նմանեցնելով իր հետ՝ նա միահյուսել է երկու պատմություն՝ առավելապես զարգացնելով դեպի սեփական կենսագրությունը: Ջոնի Ջոնսոնը դաշնակահար էր և կոմպոզիտոր-երգահան, ում հետ Բերին համագործակցեց երկար տարիներ (ավելի քան 20 տարի՝ հանդես գալով Բերիի ամենահայտնի և հիթային գործերում): Նրան համարում են ռոքնռոլի հայրերից մեկը, ով մեծ ազդեցություն է թողել Բերիի ստեղծագործական ուղու վրա: Ի դեպ, տարիներ անց Ջոնսոնը դատական հայց ներկայացրեց նախկին գործընկերոջ դեմ՝ պնդելով, որ ինքը համահեղինակ է Բերիի մի շարք երգերի, որոնք գրանցված են միայն նրա անվամբ: Դատարանը այդ ստեղծագործությունների վաղեմության ժամկետը հաշվի առնելով՝ մերժել է հայցը՝ դրանք թողնելով օրինական տիրոջ «խնամակալությանը»:

Ինչևէ… ժամանակն ինքն էլ դեռ ժամանակ ունի իր բացահայտումներն անելու, ապա դրանք հիմնավորելու: Իսկ «Johnny B. Goode»-ը Չ. Բերին ձայնագրեց 1958թ.: Նույն թվականին նա արդեն համարվում էր ռոքնռոլի ամենահետևողական «հիթային գործիչը», իհարկե, լեգենդար Փրեսլիից հետո: Սինգլը թողարկվեց լեգենդար «Chess Records» –ի հիմնադիրներ Լեոնարդ և Ֆիլ Չես եղբայրների աջակցությամբ: Այս ընկերության հետ համագործակցության հեռանկարներն ուրվագծվել էին 1955թ-ից, երբ դեռևս վարսավիր և կոսմետոլոգ Չ. Բերիի ստեղծագործական մեծ տաղանդը ներկայացնելու նպատակով նրանց ծանոթացրեց  բլյուզի անկրկնելի վարպետներից մեկը՝ Մադի Ուոթերսը: Սինգլը «Billboard Hot 100»-ում գրավել է ութերորդ, իսկ  «R&B» շարքում՝ երկրորդ հորիզոնականները: 

«Johnny B. Goode»-ը  հետագայում, որպես լավագույն ձայնագրություն, ընդգրկվեց «Voyager»-ի   Ոսկե հավաքածում՝ «Voyager Golden Record»-ում, իսկ բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի մեջ ճանաչվեց 7-րդը:  Հարկ է նշել, որ երգում կիթառի առաջին ռիֆը, որով սկսվում է «Johnny B. Goode»-ը, մասնագետները հիմնականում մեկ այլ երգից պատճեն են համարում. ամերիկյան ջազ երաժիշտ Լուի Ջորդանի «Ain’t That Just Like a Woman»-ից, որի բնօրինակում նույն ռիֆն հնչում է Կարլ Հոգընի կատարմամբ:

1986թ., երբ Չաք Բերին ներկայացվում էր Ռոքնռոլի Փառքի Սրահում, նա այդ օրվա առիթով կատարեց «Rock and Roll Music»-ն ու «Johnny B. Goode»-ը (Բրյուս Սփրինգսթինի և «E Street Band» խմբի նվագակցությամբ) : 1999թ. երգը մեկ այլ հիթի՝  «Maybellene» –ի հետ ընդգրկվեց նույն սրահում՝ որպես ռոքնռոլում մեծագույն ազդեցություն թողած երգեր: Այն հնչում է մի շարք ֆիլմերում, որոնցից ամենահիշարժանը Ռոբերտ Զեմեկիսի «Հետ դեպի ապագա»-ն է : 

«Johnny B. Goode»-ը «Rolling Stone» ամսագրի կարծիքով լավագույն օրինակն է, որով ներկայացվում է Բերին ոչ միայն երաժշտական, այլ նաև պոետիկ շարժման մեջ:  «He could play the guitar like ringing a bell » … այս արտահայտությունը անվանում է ամենատիպիկ  նկարագրությունն այն բանի, թե ինչպես կարող է ռոքնռոլի կիթառը մարդուն բարձրացնել վեր, որից զգում ես քեզ կանգնած աշխարհի ամենաբարձր գագաթին: 

Ջոնիի կերպարը Չ. Բերին օգտագործել է իր մի շարք երգերում՝ «Bye Bye Johnny», «Johnny B. Blues», «Go Go Go» և այլն: Նա այս անվամբ նույնիսկ ամբողջական ալբոմ է թողարկել՝  «Concerto in B. Goode» –ը, համանուն մոտավորապես 19 րոպեանոց գործիքային մի կատարմամբ: 

Մեկնաբանություններ (2)

Լուսինե Մանուկյան
Վահրամ
Վահռամ
Չըք Բերրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter