HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ապահովագրական պայմանագրում կեղծել են քաղաքացու ստորագրությունն ու տվյալները. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական  բաժնում օգոստոսի 31-ին հարուցվել է քրեական գործ՝ «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի և քաղաքացի Արկադի Մեջլումյանի միջև կնքված ավտոապահովագրության պայմանագրում և կից հավելվածում քաղաքացու անվան դիմաց դրված կեղծ ստորագրության հիմքով: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»:

Հայաստանում ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության ներդնումից հետո քաղաքացիները հաճախ են հայտնվում տհաճ իրավիճակներում:  Քիչ չեն նաև դատական հայցերը: Հաճախ ապահովագրողի աշխատակցի կամ գործակալի անփութության, անուշադրության արդյունքում «մեղքը» բարդվում է վարորդի վրա և գույքային վնասներ են կրում հենց վերջիններս: Նմանատիպ իրավիճակում է հայտնվել նաև Լոռու մարզի բնակիչ Արկադի Մեջլումյանը:

Անցյալ տարվա հուլիսի 7-ին ապահովագրական ընկերության և Արկադի Մեջլումյանի լիազոր անձի միջև կնքվել է ԱՊՊԱ-ի պայմանագիր: Ա. Մեջլումյանի անունից մեկ հավելված էլ կնքվել է այս տարվա ապրիլի 2-ին, սակայն հետագայում պարզվել է, որ Ա. Մեջլումյանի փոխարեն հավելվածում նրա անվան դիմաց ստորագրել է անհայտ անձը և կեղծել է իրավունք վերապահող պայմանագիրը: Ավելին, հավելվածը կնքելու օրը Մեջլումյանը Հայաստանում չի եղել հետևաբար չէր կարող ապահովագրող ընկերության հետ մտնել գործարքի մեջ: Իսկ պայմանագրում կեղծվել է լիազորված անձի ստորագրությունը, ինչը բացահայտվել է դատարանում:

Թույլ տրված կեղծիքը բացահայտվել է, երբ մայիս ամսին «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն ընդդեմ Արկադի Մեջլումյանի, գումարի բռնագանձման պահանջով դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ըստ հայցադիմումի՝ հունվարի 29-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ «ՎԱԶ 2110» և «Mercedes Benz 410D» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ, ինչի արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել ազգությամբ երկու վրացի և Արկադի, Աշոտ և Ալբերտ Մեջլումյանները: Գույքային վնաս է պատճառվել նաև «Mercedes Benz 410D» մակնիշի ավտոմեքենային:

Ընկերության հայցադիմումում նշված է, որ «Սիլ Ինշուրանս»-ի և Արկադի Մեջլումյանի միջև կնքված պայմանագրով ապահովագրվել է «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվության ռիսկը: Սակայն, Արկադի Մեջլումյանը պատահարի պահին չի հանդիսացել «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայի լիազոր տիրապետողը:

Վրացի վարորդի կողմից «Սիլ Ինշուրանս» ընկերությանը ներկայացվել է վնասի վերաբերյալ հայցային դիմում: Նշանակվել է փորձաքննություն և պարզվել է, որ «Mercedes Benz 410D» մակնիշի ավտոմեքենային պատճառվել է 734.000 դրամի վնաս: Ընկերությունը փոխհատուցել է վրացիների վնասը և այդ գումարը Արկադի Մեջլումյանից բռնագանձելու պահանջով դիմել է դատարան:

Ա. Մեջլումյանի ներկայացուցիչ, փաստաբան Աղավնի Մադոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ապահովագրության վկայագրով  որպես ապահովադիր հանդես է գալիս Արկադի Մեջլումյանը: Ընկերության հայցապահանջը սկզբում հիմնված է եղել այն հանգամանքի վրա, թե իբր ապահովադիրը չունի վարորդական վկայական, չի լրացվել վարորդական վկայականի համարը, ուստի ապահովադիրը չի հանդիսացել լիազոր տիրապետող: Սակայն ներկայացվել են փաստեր, որ Մեջլումյանը 2004 թ-ից ունի BC կարգի վարորդական վկայական, իսկ 2013թ-ից նաև D կարգի: Այսինքն, պայմանագրի կնքման պահին ապահովադիր Արկադի Մեջլումյանը ունեցել է 10 տարվա վարորդական ստաժ:

Փաստաբանը նշում է, որ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի թիվ  RL 1-002 կանոնի 4-րդ կետի համաձայն` վկայագիրը և դրա հավելվածները լրացվում են ապահովագրողի աշխատակցի, լիազորված անձի կամ գործակալի կողմից համակարգչի կիրառման միջոցով` սույն հրահանգով և Բյուրոյի այլ կանոններով սահմանված կարգով: Բացի այդ՝ վկայագրի 6-րդ` «Լիազորված տիրապետողներ» դաշտում ապահովադրի հայեցողությամբ լրացվում է հետևյալ չորս տարբերակներից որևէ մեկը. 1) դրվում է «-» (գծիկ) նշանը, որը նշանակում է, որ լիազորված տիրապետող է համարվում միայն տվյալ վկայագրով նախատեսված ապահովադիրը, այդ դեպքում «Ապահովադիր» դաշտում պարտադիր լրացվում են ապահովադրի վարորդական վկայականի վերաբերյալ տվյալները, 2) նշվում են այն անձանց ցանկը և նրանց վերաբերյալ տվյալները, ում ապահովադիրը նախատեսում է վարելու նպատակով տրամադրել ավտոտրանսպորտային միջոցը կնքվող պայմանագրի գործողության ժամկետում։ Ապահովադրի վարորդական վկայականի վերաբերյալ տեղեկատվության լրացման դեպքում ապահովադիրն ինքնաշխատ կերպով հանդիսանում է լիազորված տիրապետող։

Ընդ որում, եթե ապահովադիրն ունի վարորդական վկայական և չի ցանկանում հանդես գալ որպես լիազորված տիրապետող, ապա Վկայագրի «Ապահովադիր» դաշտում վարորդական վկայականի վերաբերյալ նշումների փոխարեն կատարվում է «չի հանդիսանում լիազորված տիրապետող» նշումը:

«Վարորդական վկայականի տվյալներ չլրացնելը, դեռևս հիմք չէ, որ ապահովադիրը չի ցանկանում հանդես գալ որպես լիազորված տիրապետող, քանզի պարտադիր վավերապայման է վկայագրի «Ապահովադիր» դաշտում վարորդական վկայականի վերաբերյալ նշումների փոխարեն  «չի հանդիսանում լիազորված տիրապետող» նշումը, ինչից պարզ է դառնում, որ վերջինս չի հրաժարվել լիազորված տիրապետող հանդիսանալու իրավունքից: Իսկ վարորդական վկայականի տվյալները չի լրացվել ապահովագրողի աշխատակցի, լիազորված անձի կամ գործակալի կողմից`միտումնավոր կամ անզգուշաբար, քանզի փաստ է, որ ապահովադիրն ունի վարորդական վկայական և «Ապահովադիր» դաշտում  վարորդական վկայականի վերաբերյալ նշումների փոխարեն կատարված  չէ «չի հանդիսանում լիազորված տիրապետող» նշումը»,-ասում է Աղավնի Մադոյանը:

Փաստաբանը նշում է, որ ապահովագրող ընկերությունը Արկադի Մեջլումյանին առաջարկել է համապատասխան հաշվեհամարին փոխանցել ընդհանուր փոխատուցված գումարն ամբողջությամբ՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Արկադի Մեջլումյանն ունի վարորդական վկայական, չի հրաժարվել որպես լիազորված տիրապետող հանդիսանալուց, սակայն ընկերության աշխատակցի կողմից անհայտ պատճառով չի լրացվել, ավելին՝ սխալ է լրացվել նաև Արկադի Մեջլումյանի անձնագրային տվյալները:

«Փաստորեն «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն իր աշխատակցի թերացումը ցանկանում է մեկնաբանել հոգուտ ընկերության, ինչն անտրամաբանական է»,-նշում է փաստաբանը:

Աղավնի Մադոյանն ասում է, որ 06.08.2015թ-ի նախնական դատական նիստի ժամանակ «Սիլ Ինշուրանս» ընկերության ներկայացուցչի կողմից դատարան է ներկայացվել փաստարկների գրություն, ինչպես նաև  հայցապահանջը հիմնավորող  ապացույցներ՝ վկայագիր և 2 հավելված, որոնք համեմատելով իր ձեռքի տակ եղած վկայագրի հետ, ակնհայտ տարբերություն է նկատել: Փաստաբանի խոսքերով՝ ներկայացված վկայագրում փոփոխված է եղել 6-րդ կետը և ապահովադրի ներկայացուցչի ստորագրությունը ակնհայտորեն տարբերվել է իրական ստորագրությունից:

«Ներկայացված հավելվածներում նույնպես ակնհայտ տարբերվող ստորագրություն էր: Իհարկե, փորձեցի նախ ապահովագրական ընկերությունից պարզաբանում ստանալ, սակայն, շատ հանգիստ ընդունվեց, որևէ լուրջ պարզաբանում չտրվեց, ինչից հետո հնարավոր հանցագործության վերաբերյալ գրություն, հաղորդում ուղարկեցի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Դեպքի առթիվ  արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով»,-ասում է Աղավնի Մադոյանը: Ըստ նրա՝ «քաոսը» ստեղծվել է այն պատճառով, որպեսզի փաստաթղթերով ցույց տան, թե իբր Արկադի Մեջլումյանը լիազոր տիրապետող դարձել է ապրիլի 2-ից՝ վթարից հետո, ինչն էլ ավելի է խճճել գործը:

«Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն չի ընդունում Ա. Մեջլումյանի ներկայացուցչի փաստարկները և պնդում է, որ Մեջլումյանը պատահարի ժամանակ լիազորված անձ չի հանդիսացել և պետք է փոխհատուցի ընկերության կողմից կատարված ծախսերը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter