ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«CPS»-ն այդպես էլ չի տուգանվել 100 մլն դրամով. գործն, ըստ էության, փակվել է



Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՊՀ), ըստ էության, փակել է «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության (ապրանքանիշը՝ «CPS») 100 մլն դրամ տուգանքի գործը: Հիշեցնենք, որ 2012-ի մարտի 14-ին հանձնաժողովը 100 մլն դրամով տուգանել էր վառելիքի շուկայի գերիշխողներից մեկին, քանի որ վերջինս, ըստ ՏՄՊՊՀ-ի, չարաշահել էր իր գերիշխող դիրքը: Ընկերությունն իր մեծածախ բազաների վառելիքն ավելի փոքր տնտեսվարողներին վաճառել էր այն գնով, ինչ գնով ինքն իրականացնում էր մանրածախ վաճառք իրեն պատկանող բենզալցակայաններում: Փոքր ընկերություններն էլ հայտնվել էին փակուղու առաջ, որովհետեւ չէին կարող «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ-ից գնած բենզինը վաճառել ավելի թանկ, քան այն գինը, որով առել էին: Ասել է թե՝ նույն այն գինը, որով մանրածախ սպասարկում է կատարում «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը: Հատկապես վատ վիճակում էին հայտնվել մարզերի տնտեսվարողները, որովհետեւ մեծածախ բազաներ շատ շրջաններում ունի միայն այս ընկերությունը: Օգտվելով առիթից՝ «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը կլանել էր փոքր ընկերություններին, որոնց տերերը ստիպված իրենց բիզնեսը վաճառել էին ՍՊԸ-ին կամ նրա հետ կնքել էին համատեղ օգտագործման ոչ շահավետ պայմանագիր:

««Սիթի Պետրոլ Գրուպ»-ը միտումնավոր եւ նպատակաուղղված գործունեություն է ծավալել` ուղղված այլ տնտեսվարողներին պատկանող բիզնեսի ոչնչացմանը եւ սեփական բիզնեսի էլ ավելի խոշորացմանը: Ընկերության նման քայլը խոչնդոտում է ոչ միայն փոքր բիզնեսի զարգացմանը, այլ նաեւ խաթարում է մրցակցային դաշտն ընդհանրապես, ինչն անընդունելի է»,- հայտարարել էր ՏՄՊՊՀ-ն եւ ընկերության նկատմամբ կիրառել 100 մլն դրամ տուգանք: Օրենսդրությամբ նման խախտման դեպքում կիրառվում է 5-200 մլն դրամ տուգանք:

Ընկերությունը ՏՄՊՊՀ-ի որոշումը բողոքարկել էր դատարանում, սակայն շուտով հետ էր վերցրել հայցն ու խնդրել կարճել դատական վարույթը: 2013-ի մայիսին գործը կարճվել էր: Սակայն դատարանում պարզվել էր, որ «CPS»-ը ներկայացրել է այնպիսի փաստաթղթեր եւ տեղեկատվություն, որոնք չեն համապատասխանել վարչական վարույթի ընթացքում ներկայացված տեղեկատվությանը: Հանձնաժողովը, հիմք ընդունելով ընկերության կողմից դատարանում ներկայացված հաշվապահական փաստաթղթերը, պարզել էր, որ վարչական վարույթի ընթացքում հանձնաժողով է ներկայացվել ոչ հավաստի տեղեկատվություն: Կեղծ տեղեկատվություն ներկայացնելու համար ընկերությունը ենթարկվել էր տվյալ դեպքում օրենքով սահմանված ամենախիստ պատասխանատվության՝ 5 մլն դրամի չափով տուգանքի: Ի տարբերություն 100 մլն-ի՝ այս տուգանքը «CPS»-ը մուծել էր, իսկ 100 մլն-ի մասով ՏՄՊՊՀ-ում փաստաթղթային ուսումնասիրություն էին սկսել:

«Քանի որ օրենքով հանձնաժողովը տնտեսվարողի մոտ փաստաթղթային ուսումնասիրություն իրականացնելու իրավասություն չունի, կեղծիքը հնարավոր չէր բացահայտել ի սկզբանե»,- «Հետքին» հայտնել էին ՏՄՊՊՀ-ից: Բայց արդյո՞ք այդպես է: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 19-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ «հանձնաժողովն իրավունք ունի տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված տեղեկատվության արժանահավատության, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտման կամ հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով իրականացնելու ստուգում, ուսումնասիրություն (այդ թվում՝ հսկիչ գնում) եւ (կամ) դիտանցում»: Նույն հոդվածում նշվում է, որ «եթե որեւէ տնտեսվարող սուբյեկտ սահմանված ժամկետում չի ներկայացնում քննարկման, վարույթի, ստուգման, ուսումնասիրության եւ (կամ) դիտանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն կամ այլ կերպ խոչընդոտում է դրանց ընթացքը, կամ բացակայում են դրանց համար անհրաժեշտ փաստաթղթերն ու այլ տեղեկատվությունը, ապա հանձնաժողովն իրավասու է որոշումներ կայացնելու իր տրամադրության տակ առկա փաստաթղթերի եւ այլ տեղեկատվության հիման վրա: Սույն մասով նախատեսված որոշումների ընդունումը տնտեսվարող սուբյեկտներին չի ազատում փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունից կամ դրանք սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սույն մասով սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար սահմանված պատասխանատվությունից»: Այսինքն՝ ՏՄՊՊՀ-ն ոչ թե ստիպված էր որոշում ընդունել իրեն տրամադրված «կեղծ տեղեկատվության» (հանձնաժողովի ձեւակերպումն է) հիման վրա, այլ իրավունք ուներ բավարարվել այդ տեղեկատվությամբ, սակայն միաժամանակ իրավունք ուներ ստուգել դրա արժանահատավությունը, ինչը չի արել: Իսկ թե ինչու է ՏՄՊՊՀ-ն զլացել ստուգել «կեղծիքը», գիտեն միայն Արտակ Շաբոյանի ղեկավարած կառույցում:

Հետաքրքիր է, որ «CPS»-ը շատ շուտ վճարել է 5 մլն դրամը, սակայն կտրականապես դեմ է եղել 100 մլն-ին, չնայած տրամաբանորեն 5 մլն-ին էլ պիտի դեմ լիներ: Այս ֆոնին հատկանշական է այն, որ 2013-ից սկսված փաստաթղթային ուսումասիրությունները չեն ավարտվել: Դե, այդպես ասում են ՏՄՊՊՀ-ում, ինչին շատ ու շատ դժվար է հավատալ: Հանձնաժողովը մեր հարցումներին ի պատասխան պարբերաբար հայտնում էր, որ փաստաթղթային ուսումնասիրության ժամանակային սահմանափակում չկա: Վերջին գրության մեջ հանձնաժողովին հարցրել էինք. «2013-ից ցայսօր ուսումնասիրությու՞ն է կատարում ՏՄՊՊՀ-ն: Անկախ նրանից, որ ժամանակային սահմանափակում չկա, ինչու՞ է ուսումնասիրությունն այսքան երկար շարունակվում (եթե, իհարկե, շարունակվում է): Տպավորություն է, որ գործն ուղղակի «փակվել է»»: Սրան ի պատասխան՝ ՏՄՊՊՀ-ից ընդամենը նշել են. «Այս պահին տվյալ հարցի հետ կապված որեւէ նոր եւ լրացուցիչ տեղեկատվություն չենք կարող տրամադրել: Գործն ընթացքի մեջ է»:

Դեռ մի տարի առաջ մեր ընթերցողներից մեկը, ով ծանոթ էր ՏՄՊՊՀ-ի խոհանոցին, մեզ հայտնել էր, որ 100 մլն-ի գործն ուղղակի «ջրվել է»: Մինչ այդ վառելիքի գերիշխող մատակարարներից մեկին աննախադեպ 100 մլն դրամով տուգանելու մասին շեփորահարող հանձնաժողովը չգիտես ինչու չէր հայտնում, որ գործը մտել է դատարան, տուգանքն էլ առկախված վիճակում է: Եվ միայն Ա. Շաբոյանին ուղղված մի շարք հարցերից հետո պաշտոնապես հայտնի դարձավ այդ մասին:

Այսպիսով՝ փաստ է, որ ՏՄՊՊՀ-ն, երկու տարի շարունակ նոր փաստաթղթային ուսումնասիրություն կատարելով, «չի կարողացել» կողմնորոշվել, թե «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունն ինչպես եւ ինչ չափով է խախտել օրենքը, ինչ պատասխանատվություն պիտի կրի ու արդյոք պիտի կրի, թե գուցեեւ ոչ: Փաստ է, որ 100 մլն-ի պատմությունը տհաճ թեմա է հանձնաժողովում, ու դրա մասին չեն էլ ուզում հիշել: Այստեղից էլ հարց է ծագում. արդյո՞ք Շաբոյանի ու հանձնաժողովի վրա ճնշումներ են եղել «վերեւներից» (100 մլն-ն, ամեն դեպքում, փոքր տուգանք չէ մեր իրականության մեջ), թե՞ եղել է ներքին համաձայնություն, ու կողմերը բավարարվել են 5 մլն-ով:     

Մեր վերջին հրապարակումներից մեկի մեջ գրել էինք, որ ՏՄՊՊՀ-ն նոր վարույթ է հարուցել «CPS»-ի, ավելի կոնկրետ՝ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ի նկատմամբ: Հիշեցնենք, որ «CPS» ապրանքանիշով տարբեր ժամանակներում հանդես են եկել տարբեր ընկերություններ, որոնք իրականում նույն տերերն ունեն՝ «Քաղ Պետրոլ Սերվիս» ԱԿ, «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ, «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ: Իրար փոխարինելու պատճառներին «Հետքը» ժամանակին անդրադարձել է: ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանն այս տարվա գարնանը մեզ հայտնել էր, որ վարույթի հիմքն այն է, որ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ի կողմից ներկրվող եւ գովազդվող «ԷԿՏՕ պլյուս» բենզինն իրականում ավելի ցածր կարգի է: Օրերս մեզ տրամադրած տեղեկատվությունից պարզ է դարձել այլ բան. «Վարույթի ընթացքում ընկերության կողմից հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ ընկերությունը «ԷԿՏՕ» եւ «ԷԿՏՕ պլյուս» տեսակի բենզինները ձեռք է բերում տարբեր ոչ ռեզիդենտ «Լուկօյլ» եւ «NORDHOLM IMPEX AG» մատակարարներից: Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դարձել նաեւ, որ «ԷԿՏՕ» եւ «ԷԿՏՕ պլյուս» անվանումները էկոլոգիական վառելիք (ռուսերեն՝ экологическое топливо) բառի հապավումներն են, միաժամանակ «ԷԿՏՕ» անվանումը հանդիսանում է թե «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ի եւ թե «Լուկօյլ» ընկերության գրանցում ստացած ապրանքային նշանը: Հանձնաժողովը նշված բենզինների կարգի եւ որակի վերաբերյալ ուսումնասիրություններ չի իրականացրել, քանի որ այն դուրս է ՏՄՊՊՀ իրավասության շրջանակներից: Հանձնաժողովի որոշմամբ արձանագրվել է, որ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ը, բենզալցակայաններում վաճառելով «ԷԿՏՕ պլյուս» տեսակի բենզին, սպառողներին տրամադրել է տեղեկատվական գրքույկ «ԷԿՏՕ» տեսակի բենզինի հատկանիշների վերաբերյալ, որի վրա առկա է եղել «Լուկօյլ» ընկերության անվանումը, սակայն ուսումնասիրությունից պարզվել է, որ «Լուկօյլ» ընկերությունը որեւէ առնչություն չի ունեցել ընկերության կողմից իրացվող «ԷԿՏՕ պլյուս» տեսակի բենզինի՝ սպառողներին լրացուցիչ առավելություն ընձեռող հատկանիշների հետ, ուստի հանձնաժողովը նույն որոշմամբ ընկերությանը տվել է զգուշացում՝ հանձնարարելով բացառել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումներին հանգեցնող գործողությունները»:

Այս տարի ՏՄՊՊՀ-ն «CPS» եւ «Ֆլեշ» ընկերություններին կրկին ճանաչել է բենզինի ու դիզվառելիքի շուկաների գերիշխողներ՝ հաշվի առնելով 2014 թ. նրանց ներկրումներն ու իրացումը: Անցած տարվա տվյալներով պարզվել է, որ «CPS»-ը զբաղեցնում է բենզինի շուկայի 50,02 տոկոսը, իսկ «Ֆլեշը»՝ 49,98, այսինքն՝ երկուսով կիսում են շուկան: Դիզվառելիքի ոլորտում այս երկուսը միասին զբաղեցնում են շուկայի 74,3 տոկոսը, որից 49,8-ը բաժին է հասնում «Ֆլեշին», իսկ 24,5-ը՝ «CPS»-ին:     


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ