HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերման ենթարկվածներից տասին բաց են թողել

Լիլիթ Թադևոսյան

Սահմանադրական փոփոխությունների քվեարկությունից հետո ԱԺ միջանցքում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը զրուցել է լրագրողների հետ, տեղեկացրել թե ինչպես էին իրեն ԱԺ դարպասների մոտ փորձում բերման ենթարկել, իսկ երբ ինքը ցանկանում էր այդ մասին ԱԺ-ում հայտարարություն անել՝ հնարավորություն չտվեցին:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ի մոտ հավաքվել էին քաղաքացիներ, ինչպես նաև «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները, որոնք կոչ էին անում պատգամավորներին դեմ քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախագծին:

 «Խաղաղ ակցիայի ժամանակ, որտեղ հակաօրինական բան չի եղել, ոստիկանները սադրում էին և տաս-տասներկու հոգու բերման ենթարկեցին, որոնք հիմա գտնվում են ոստիկանությունում: Այդ ընթացքում ինձ կանգնած տեղից չորս-հինգ ոստիկան ուղակի ուժով բռնեցին տարան  մեքենա: Ես այդ պահին բացարձակ որևէ խոսք չեմ ասել, որևէ  դիմադրություն թույլ չեմ տվել, որովհետև զզացի՝ ինչ հիմարություն են անում և թույլ տվեցի այդ հիմարությունը շարունակեն: Ինձ բարձրացրեցին գցեցին մեքենայի մեջ, որից հետո Օսիպյանը տեսավ, որ հիմարությունը հաջորդ աստիճանին է հասնում, սկսեցին ինձ համոզել, խնդրել որ ես իջնեմ մեքենայից»,- ասաց Արամ Մանուկյանը:

Պատգամավորը տեղեկացրեց, որ երբ հրաժարվել է մեքենայից իջնելուց, իրեն բռնի ուժով, քաշքշելով են իջեցրել:  

«Իմ հայտարարությունը դրա մասին էր, որ այնքան են լկտիացել, որ խաղաղ  ցույցի ժամանակ արդեն համարձակվում են պատգամավորի բերման ենթարկել: Անհապաղ մենք պահանջում ենք ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին, բոլորին, եթե ոչ՝ մենք բոլոր միջազգային կառույցներին, ՄԻՊ-ին,  ում հնարավոր է կներկայացնենք այս իրավիճակը, որ բռնի ուժով նախագիծը անցկացնելու փորձ է»,- ասաց Արամ Մանուկյանը:

Այն հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել  ՀԱԿ-ը, Արամ Մանուկյանն ասաց, որ սկսվելու է հանդիպումների, ժողովրդին այս գործընթացին մասնակից դարձնելու փուլը: 

«Այսինքն՝ Հայաստանում սպասվում է լարվածություն, բևեռացում, իրավիճակի սրացում և այս դեպքում իշխանությունը պետք է խոհեմություն ցուցաբերի և հետ վերցնի նախագիծը»,-ասաց Մանուկյանը: 

Պատգամավորի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կասեցման հարցում իրենց հույսը դրսի ուժերի աջակցության վրա չէ, այլ սեփական ժողովրդի։ 

«Հայաստանի ժողովուրդն ինքը պետք է որոշի նախագծի ապագան, իսկ Հայաստանում չկա մի խավ, որ նման ցնցումային փոփոխություններ ցանկանար։ Սա ռեալ ավանտյուրա է, որը կարող է խարխլել մեր պետականության հիմքերը: Բոլորը հասկանում են, որ սա Սերժ Սարգսյանի նախագիծն է, որին հեզիկ-նազիկ հետևում է ողջ ՀՀԿ-ն»,- հավելեց Արամ Մանուկյանը:

Նշենք, որ այս պահին բերման ենթարկվածներից տասը հոգու բաց են թողել: Իսկ Արաբկիրի ոստիկանության առջև քաղաքացիները սպասում են մյուս բերման ենթարկվածների ազատվելուն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter