HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ն առաջարկում է Սերժ Սարգսյանին չստորագրել սահմանադրական փոփոխությունների հրամանագիրը

Լիլիթ Թադևոսյան 

Բոլորդ հասկացաք՝ ինչ է կատարվել, սրանից ավելի պերճախոս վկայություն կամ ապացույց, որ եթե մի բան կա, որից այս իշխանությունները վախենում են, այս սահմանադրական գործընթացի տապալումն է: Այդ մասին այսօր ԱԺ-ի դարպասների մոտ Սահմանադրական փոփոխութունների նախագծի քվեարկությունից հետո հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: 

«Որովհետև այս նույն իշխանությունը, նույն այդ Վալերի Օսիպյանը, մեկ էլ քաղաքավարության գագաթնակետն են լինում, բայց երբ որ գալիս է իշխանության թասիբը և իշխանության պահպանության գործը պաշտպանելու պահը, նա պատրաստ է վերջին շնիկի նման կծկծել բոլորին: Դուք դա այսօր տեսաք: Այդ մարդկանց գործողությունները օրենքի հետ ոչ մի առնչություն չունեն: Ես Գալուստ Սահակյանին մոտեցա, ինքը ձև արեց, թե իբր չի իմացել, թե ինչ է տեղի ունենում: Ես իրեն ասեցի, որ այսպիսի բան է կատարվել: Հեչ որ չէ, գոնե որպես ԱԺ նախագահ, պետք է համարես, որ քո թասիբին էլ են կպնում, երբ որ ԱԺ-ի պատգամավորին հենց այնպես, օրենքի խախտումով խցկում են ոստիկանական մեքենա և փորձում են տանել: Ինքը ասեց՝ ես կպարզեմ: Բայց մենք ոչ մի բան չենք կարող սպասել մի մարդուց, որն այսօր նույնքան կոպտորեն խախտում էր օրենքը, ինչքան դա անում էր ոստիկանությունը դրսում»,- ասաց Զուրաբյանը՝ նկատի ունենալով այն, որ այսօր քվեարկությունից առաջ  կանոնակարգի խախտում են արել և պատգամավորներին արգելել են հայտարարություններ անել:

Այնուհետև, Լևոն Զուրաբյանն ասաց, որ իրենք պետք է հայտարարեին և կոչ անեին իշխանություններին հետաձգել սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Նա նաև հավելեց, որ Սերժ Սարգսյանը դեռ ունի այդ հնարավորությունը:

«Հակառակ նրան, որ այսօր ԱԺ-ն իր ֆորմալ հավանությունն է տվել  սահամանադրական փոփոխություններին, ՀՀ նախագահի պաշտոնում գտնվող մարդը այսօր կարող է, այնուամենայնիվ, հրամանագիր չստորագրել: Այդ առաջարկը Հայ ազգային կոնգրեսը, ՀԱԿ խմբակցությունը անում է իրեն: Ասում է՝ Սերժ Սարգսյան, հանուն մեր ազգային համախմբվածության, հանուն նրա, որ մեր պետությանը չսպառնա վտանգը, հրաժարվիր այս սահամանադրական գործընթացից, որը մեր ազգը տանում է դեպի պառակտում: Ես կարծում եմ, որ այս առաջարկը տեղ կհասնի: Իհարկե ես վստահ եմ, որ իշխանությունները  պետական մտածողության որևէ նշույլ չունեն և այս առաջարկին որևէ կերպ չեն արձագանքի»,- ասաց Լևոն Զուրաբյանը: 

Պատգամավորը նաև մեկ այլ արձանագրում արեց, նշելով, որ խախտելով օրենքի բոլոր պահանջները, ոստիկանները կոպտորեն, ագրեսիվորեն հարձակվեցին ցուցարարների վրա, հաշվի չառնելով թե ով ինչ է անում, պատգամավոր է, պատգամավոր չէ,  ինչպես նաև հաշվի չառնելով այն հանգամանքը, որ մարդիկ օգտվելով իրենց սահմանադրական իրավունքներից խաղաղ ցույց էին կատարում, հաշվի չառան նաև իր և Արամ Մանուկյանի պատրաստակամությունը՝ բանակցելու:

«Ասեմ ավելին, պարոն Օսիպյանը, որն իրեն պահեց որպես վերջին խուժան, ցույց տալով, որ այսօրվա իշխանության դեմքը դա հենց այդ խուժանի դեմքն է, մերժեց այդ բանակցությունները և իրեն կորցրած, իշխանություններին ծառայելու մոլուցքով՝ ամեն քայլ արեց, որ խախտելով օրենքը խափանի այս ակցիան»,- ասաց Լևոն Զուրաբյանը:  

Նշենք նաև, որ ԱԺ-ի մոտ էր եկել նաև Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանը, ով զրուցեց պատգամավորներ Լևոն Զուրաբյանի ու Արամ Մանուկյանի հետ՝ տեղեկանալու, թե ինչ է տեղի ունեցել ԱԺ-ի դիմաց: Վերջինս մեզ տեղեկացրեց, որ իրենց արագ արձագանքման խմբի ընդամենը եղել են նաև Արաբկիրի ոստիկանությունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter