HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

22 ամիս եւ 4 դատական լսում` տեղեկություններ ստանալու համար

2011 թվի հոկտեմբերի 17-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը լսեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի վերաքննիչ բողոքն ընդդեմ ՀՀ Վարչական դատարանի հունիսի 22-ի վճռի, որով դատարանը ճանաչել էր Լ. Բարսեղյանի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը, եւ` պարտավորեցրել ՀՀ ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանին` տրամադրել հարցված տեղեկությունները եւ պատասխանողից հօգուտ հայցվորի գանձել 24.000 դրամ` որպես վճարված պետական տուրքերի փոխհատուցում:

Հայցվորը`  Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը, 2010 թվի հունվարին տեղեկություններ էր հարցրել ՀՀ ՊԵԿ նախագահից 2009 թվի դեկտեմբերին աշխատակազմի տարեմուտի հանդիսության եւ պարգեւատրումների մասին ու պատասխանի չէր արժանացել: Խոսքը 29.5 մլն դրամով (մոտ 81.000 ամերիկյան դոլար) հանդիսության եւ 21,2 մլն դրամով (մոտ 58.000 ամերիկյան դոլար) 20 ժամացույցների գնման գործարքների մանրամասների մասին է: Միայն դատական հայց ներկայացնելուց հետո ՊԵԿ-ը պատասխանել էր հարցմանը եւ մերժել տեղեկությունների տրամադրումը, միաժամանակ նշելով, թե այդ տեղեկությունները տեղադրված են համացանցում, այն դեպքում, երբ հարցված տեղեկությունները համացանցում չկային:

ՀՀ ՊԵԿ-ը բողոքարկել էր վարչական դատարանի 2011 թվականի վճիռը: Հոկտեմբերի 17-ին, Վերաքննիչ վարչական դատարանը նիստի ժամանակ ներկայացրեց պատասխանողի բողոքը, մի քանի հարց հղեց պատասխանողին, ապա` հայցվորին: Այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին օրենքով նախատեսված, բայց առայժմ գոյություն չունեցող` տեղեկությունների ձեւավորման, դասակարգման, պահպանման եւ տրամադրման կարգի բացակայությունը անհնարին է դարձնում տեղեկությունների տրամադրումը այն որոնողներին, եւ արդյո՞ք ՀՀ Սահմանադրության 27 հոդվածն անմիջականորեն չի գործում», պատասխանողի ներկայացուցիչը ասաց, թե «դե յուրե գործում է, իսկ դե ֆակտո` ոչ»:

Հայցվորին ուղղված հարցերով դատարանը փորձեց պարզել, թե «արդյո՞ք համարում է, որ ՊԵԿ-ը տիրապետում է հարցված տեղեկություններին (2009 թվի տարեմուտի հանդիսության սկզբի եւ ավարտի ժամերին, ինչպես նաեւ այդ հանդիսության ժամանակ ելույթ ունեցած արտիստների եւ հումորիստների ցանկին)», հայցվորը պատասխանեց, որ ծառայության գնման փաստաթղթերին ծանոթանալուց հետո ինքը ողջամտության կանխավարկած է վերագրել գնորդին` ՊԵԿ-ին, եւ համարել է, որ այդ ծառայությունները գնելիս պատվիրատուն տեղյակ պիտի լիներ մատուցվող ծառայության հանգամանքներին, մանրամասներին եւ որակին. աներեւակայելի  է, որ ՊԵԿ-ը 29.5 մլն դրամ վճարեր ու չիմանար, թե ինչ է ստանում դրա դիմաց` կես ժամանոց հանդիսությո՞ւն, թե՞ 6 ժամանոց: Բացի այդ, հայցվորը նշեց, որ ՊԵԿ-ի պատասխանում ասվում է, թե հարցված տեղեկությունները տեղադրված են համացանցում, ուրեմն իր կանխավարկածը ճիշտ է եղել, թե ՊԵԿ-ը տիրապետել է հարցված տեղեկություններին:

Այս գործով ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը իր նոյեմբերի 7-ի որոշմամբ մասնակիորեն բավարարեց ՊԵԿ-ի վերաքննիչ բողոքը եւ մասնակիորեն բավարարեց Լ. Բարսեղյանի հայցը, այն է. Ճանաչեց քաղաքացու տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը, պարտավորեցրեց ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին` քաղաքացուն տրամադրել թանկարժեք ժամացույցներով պարգեւատրվածների մասին հարցված տեղեկությունները եւ ՊԵԿ-ից քաղաքացուն փոխհատուցել 7.000 դրամ: Այս որոշմամբ փաստորեն մերժվեց քաղաքացուն` ՊԵԿ-ի գնած ծառայության` հանդիսության ժամերի եւ մասնակից արտիստների մասին տեղեկությունների տրամադրման պահանջը: 

Ինչպես այս որոշումը մեկնաբանեց Լ.Բարսեղյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը,-անհասկանալի է, թե ինչպես է վարչական վերաքննիչ դատարանը հասկացել, թե ՊԵԿ-ը հանդիսության մասին հարցված տեղեկությունները չունի, մանավանդ, երբ ՊԵԿ պատասխանում գրված է, որ հարցված տեղեկությունները տեղադրված են պաշտոնական կայքէջում: Բացի այդ, մնում է անհասկանալի, թե ինչու է դատարանը գտել, որ հարկավոր է փոխհատուցել միայն 7.000 դրամ, ինչո՞ւ հատկապես 7.000 դրամ, երբ 2010-ին Վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական դատարանի 2010 թվի վճիռը բեկանման է ենթակա, իսկ Վճռաբեկ դատարանում գործը լսելու համար վճարվել էր 20.000 դրամ պետական տուրք:   

Հայցվորը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի այս որոշումը բողոքարկելու է ՀՀ Վճռաբեկ դատարան, այս գործով փաստորեն երկրորդ անգամ:  

Տեղեկության որոնման այս գործը ձգձգվում է արդեն 22  ամիս եւ լսվել է 4 անգամ. 2010-ին վարչական դատարանը մերժեց ՏԱ իրավունքի խախտման փաստի ճանաչման եւ հայցը տեղեկության տրամադրման պարտավորեցման մասին, ապա` Վճռաբեկ դատարանը բեկանեց այն, 2011 թվի հունիսի 22-ին Վարչական դատարանը նորից լսեց գործը եւ վճռեց տեղեկատվության ազատության օգտին ու հիմա այն լսվեց վարչական վերաքննիչ դատարանում ու ընդունվեց մասնակի բավարարման վճիռ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter