HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գառնի համայնքի ավագանին հավանություն է տվել Քաղցրաշենի ծրագրին

Սառա Պետրոսյան

Ավագանու որոշումը հակասում է բնակիչների տեսակետին

Գառնի համայնքի ավագանին այս տարվա ապրիլի 9-ին ընդունել է մի որոշում, որով «համաձայնություն է տվել` Գառնի-Քաղցրաշեն ջրագիծը Գառնի համայնքի վարչական տարածքով «Գալակտիկա» ՓԲԸ-ից մինչեւ Արարատի մարզի Լանջազատ համայնք անցկացնելուն»:

Ավագանու անդամներից 6-ը (11 անդամներից) այս որոշումն ընդունել են մի ժամանակամիջոցում, երբ Գառնիի բնակչությունը երեք անգամ մերժել էր հանրային քննարկման ներկայացված «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրը: Դրանից հետո, մարտի 18-ին, գառնեցիներն ավելի քան 2000 ստորագրությամբ բաց նամակով դիմել էին hանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ «պահանջելով արգելել այս կործանարար ծրագրի իրականացումը», քանի որ այն սպառնալիք է Գառնիի բնաշխարհի համար:

Ավագանու կայացրած թիվ 16-Ա որոշման մասին գառնեցիներն, անգամ ավագանու անդամներից ոմանք, տեղեկացել են այն կայացնելուց ամիսներ հետո, քանի որ Գառնի համայնքի ղեկավարի աշխատակազմն ավագանու որոշումները հրապարակելու սովորություն չունի, չնայած օրենքով այն իրավական ուժ է ստանում միայն հրապարակելուց հետո: Այնուամենայնիվ, որոշման բովանդակությունից պարզ չէ, թե ում առաջարկի կամ խնդրանքի հիման վրա է ավագանին այդ որոշումը կայացրել: Ենթադրվում էր, որ այն վերաբերվում է «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրին, որի նախագիծը Գառնիում հանրային քննարկման են ներկայացրել «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն եւ «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն:

Գառնի համայնքի բնակիչներս 201 ստորագրությամբ 27.08.2015 թ.-ին դիմել էինք համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանին` ավագանու արտահերթ նիստ հրավիրելու եւ Գառնի համայնքի ավագանու 09·04·2015թ·-ին կայացրած 16-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Հիմնավորումն այն էր, սույն որոշումը հակասում է հանրային լսումների ժամանակ գառնեցիների արտահայտած տեսակետին ու դրա հիման վրա կայացրած որոշմանը` մերժել «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրը:

Գառնեցիները «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի նախագիծը մերժեցին չափազանց լուրջ հակափաստարկներով, որոնցից ամենածանրակշիռն այն էր, որ Ազատ գետում բավարար քանակի ջուր չկա ծրագիրն իրականացնելու համար: Բնակիչներն իրենց համառ պայքարով հասան նրան, որ այս փաստը հիմնավորելու համար ծրագիրը ներկայացնող կողմերի՝ Համաշխարհային բանկի, «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի» եւ Հայհիդրոմետ ծառայության մասնակցությամբ ամենամսյա ջրաչափումներ կատարվեցին Ազատ գետում:

Մարտ ամսից իրականացվող չափումներին մասնակցել ենք նաեւ մենք` համայնքի բնակիչներս, եւ ի վերջո հաստատվել է մեր տեսակետը, որ ինքնահոս ջրամատակարարում կատարելու համար Ազատ գետում բավարար ջուր չկա: Ոռոգման պիկ ամիսներին` հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր, հիշյալ ծրագրով նախատեսվում է ավելի շատ ջուր վերցնել գետից, սակայն հենց այդ ամիսներին գետում ջրաքանակը կտրուկ նվազում է: Հուլիս ամսվա վերջից ծրագրով նախատեսված 950 լ/վրկ ջուր վերցնելու դեպքում գետում  բնապահպանական թողքը` 850 լ/վրկ-ը չի ապահովվում, իսկ օգոստոսի կեսերին  բնապահպանական թողքից հետո 400 լ/վրկ ջուր է մնում: Բնականաբար, այս քանակությունը չի կարող բավարարել Արտաշատի տարածքի 12 գյուղերին, լավագույն դեպքում այս ծրագրից կարող է օգտվել երկու գյուղ: Հետեւաբար, անհրաժեշտ է ճիշտ հաշվարկել ծրագրից սպասվող օգուտներն ու կորուստները:

Նկատի ունենալով, որ ավագանու հիշյալ որոշումից հետո ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ, փաստվել է, որ Ազատ գետում բավարար քանակի ջուր չկա «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրն իրագործելու համար, եւ ստացված արդյունքները հիմք են, որպեսզի ավագանին վերանայի իր որոշումը: Ուստի, դիմումատուներն ավագանուց պահանջեցին մերժել ծրագրի նախագիծը:

Սեպեմբերի 30-ին տեղի ունեցած ավագանու նիստում, որին այս անգամ մասնակցեցին ավագանու անդամներից 8-ը, ավագանուց պարզաբանում պահանջվեց, թե ով է դիմել եւ ինչի հիման վրա են կայացրել ապրիլի 9-ի որոշումը: Երկար պնդումներից հետո համայնքի ղեկավարը ներկայացրեց  «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի 23.01.2015թ.-ի գրությունը, որով համայնքի ղեկավարին առաջարկվում է Գառնիի վարչական տարածքից հողահատկացում կատարել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման խողովակաշարն անցկացնելու համար: Փոխարենը խոստանում են վերակառուցել Գառնի համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցը:  

Որոշումն ստորագրած ավագանու անդամներից մի քանիսն իրենց քայլն արդարացնում էին հենց դրանով՝ «խոստացել են բարեկարգել ներտնտեսային ցանցը, մենք ուզում էինք գյուղի համար մի լավ բան անել, դրա համար էլ համաձայնվեցինք»: Միաժամանակ փորձում էին հիմնավորել, որ իրենք բնակչության կարծիքը չեն անտեսել եւ թույլատրել են խողովակներն անցկացնել ոչ թե Ազատի կիճից, այլ` «Գալակտիկա» ՓԲԸ-ից 400 մետր ներքեւ ընկած հատվածից, որտեղ Ազատի ջրամբարն է գտնվում:

Սա համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանի՝ իրականությունը խեղաթյուրելու եւ հերթական մտացածին ձեւակերպումներով ավագանուն թյուրիմացության մեջ գցելու օրինակներից մեկն էր:

Ինչպես եւ սպասվում էր, ավագանու անդամներից ոչ մեկը չէր ծանոթացել «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրին: Դատելով այդ օրվա նիստում տեղում ունեցող անցուդարձից` ավագանին որոշումներն ընդունում է ոչ թե սեփական համոզմունքով` այլ համայնքի ղեկավարի ընկալմանը, պատկերացումներին ու շահագրգռություններին համապատասխան: Նրա տեսակետը կիսողները հետո կարող են անցնել համայնքապետարան եւ ստորագրել որոշման տակ: Այդ օրն էլ ավագանու անդամներին չէր ներկայացվել ո'չ նիստի օրակարգը, ոչ էլ բնակչության ներկայացրած պահանջները:

Տեւական քննարկումից հետո տպավորությունս այն էր, որ ավագանու անդամներից ոմանք ըմբռնեցին իմ բացատրությունը, որ ավագանին չի որոշում, թե որ հատվածից պետք է անցկացնել խողովակները: Այդ հարցը որոշելու իրավասությունը վերապահված է «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի նախագծող «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին, իսկ ՓԲԸ-ն իր մասնագիտական հաշվարկներով հիմնավորել է, որ 1218 մ բարձրությունն է ընդունվել ջրառի համար, եւ այդ նիշը նվազեցնելու դեպքում հնարավոր չէ ինքնահոս ջուր ապահովել: Միաժամանակ հայտնի է, որ այդ նիշը գտնվում է Ազատի կիրճում, Գառնիի տաճարի ուղղությամբ:

Այդ մասին գրված է ծրագրի նախագծում` «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի գլխային հանգույցը տեղակայվում է Ազատ եւ Գողթ գետերի միախառնումից 1 կմ ներքեւ, Ազատի ջրամբարից մոտ 9 կմ դեպի վեր»: Նշված է նաեւ առաջին իսկ հանրային քննարկումից հետո գառնեցիների հրապարակած հայտարարության մեջ. «Նախագծող կողմը ներկայացրեց ոռոգման համակարգի ծրագիրը, այն է՝ ոռոգման ջուրը վերցվում է Ազատ գետից, այնտեղ կառուցելով ջրընդունիչ կառուցվածք, ջրընդունիչը կառուցվում է Գառնիի հեթանոսական տաճարի ուղղությամբ, Ազատի կիրճում»:

Քննարկման սկզբից մինչեւ վերջ Ա· Վարդանյանը պնդեց, որ իրենք թույլատրել են խողովակներն անցկացնել «Գալակտիկա» ՓԲԸ-ից ներքեւ ընկած հատվածում, նույնը կրկնեցին որոշումը ստորագրած ավագանու անդամները: Ավելի քան երեք ժամ տեւած քննարկումից հետո ավագանին որոշում չկայացրեց, քանի որ նոր որոշման ձեւակերպումներից ոչ մեկը համայնքապետի սրտովը չէր: Բացի այդ, բնակիչների ներկայությամբ քվեարկելը կհակասեր որոշումներ կայացնելու նրա ձեւավորած 18 տարիների ավանդույթին` ավագանու անդամները պարզապես պետք է մեկ-մեկ մոտենան եւ ստորագրեն նրա ձեւակերպած որոշումների տակ: Մեր հեռանալուց անմիջապես հետո նիստն ավարտվել էր առանց քվեարկելու, իսկ Ա· Վարդանյանը բանավոր փոխանցեց, որ այս անգամ որոշվել է խողովակներն անցկացնելու համար տարածք տրամադրել «Հացավան գյուղի պոմպակայնների մոտից»: Ինչո՞ւ Հացավան գյուղի, եթե որոշում կայացնողը Գառնիի ավագանին է, դարձյալ մնաց անհասկանալի:

Զավեշտալի այս ձեւակերպումն իսկապես որոշում դարձավ, թե` ոչ, չենք կարող ասել, քանի որ ավագանու որոշումը նիստը կայանալուց 6 օր անց դեռեւս չի հրապարակվել, ուստի հնարավոր չէ պնդել` ընդհանրապես որոշում ընդունվե՞ց է, թե` ոչ: Արդյոք նախորդ որոշումն անվավե՞ր ճանաչվեց, թե նույն հարցի վերաբերյալ կարելի է երկու որոշում կայացնել` ընտրությունը թողնելով կիրառողին: Մեր տպավորությամբ, ավագանին արտառոց չէր համարում նաեւ այս տարբերակը, քանի որ համայնքի ղեկավար Ա. Վարդանյանի համար այն ընդունելի էր:     

Մեկնաբանություններ (1)

Նախկին գառնեցի
Արա էս ղզիկներն ովքե՞ր են: Ինչ լաւ է ես գյուղից դուրս եկա: Ես էս ղզիկների մեջ կգժվեի: Դուք տղամա՞րդ եք, թէ՞ կնիկ: Դուք չե՞ք ջոկում, որ սա ձեր երեխաների ապագայի հարցն է: Ստրուկի հոգեբանությամբ տղամարդը ի՞նչ զավակ ախր պիտի դաստիարակի: Հլը մի ինձ ասեք: Ձեր զաւակները ձեզանից ինչ պիտի սովորեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter