Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Մարզահամերգային համալիրի սեփականատերը փոխվել է․ նոր տիրոջ անունը շրջանառվում է ֆինանսական խարդախությունների մեջ



Սեպտեմբերի 1-ին փոխվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականատերը։ Նոր սեփականատերը ԱՄՆ քաղաքացի Վահագ Դինո Ավադիսյանն է։

Օգոստոսի 13-ին կառավարությունը որոշեց մարզահամերգային համալիրն օտարել 30 մլն դոլարով: Հիշեցնենք, որ 2005-ի սեպտեմբերին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 5,7 մլն դոլարով պետությունը վաճառել էր «ԲԱՄՕ» ընկերությունների խմբի հիմնադիր Մուրադյան եղբայրներին: 2013-ի նոյեմբերին, սակայն, կառավարությունը, հանձին ֆիննախի ու ՊՆ-ի, համալիրի սեփականատեր «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի դեմ դատական հայց էր ներկայացրել՝ պահանջելով բռնագանձել 10,2 մլրդ դրամ (ընկերությունն այս չափով վարկային պարտավորություն ուներ կառավարության առաջ): Դատարանը բավարարել էր հայցը, 2014-ի մայիսին հարկադիր աճուրդի էր հանվել մարզահամերգային համալիրի գույքը, որը գնորդ այդպես էլ չունեցավ ու օգոստոսին պետականացվեց հենց 10,2 մլրդ-ով: Համալիրն անցավ ՊՆ-ի հաշվեկշիռ, իսկ արդեն մեկ տարի անց՝ այս տարվա օգոստոսին, կրկին վաճառվեց արդեն 30 մլն դոլարով, գնորդը մի շարք պարտավորություններ ստանձնեց:

Գնորդը, ինչպես հայտնել էր կառավարությունը, տեղական «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն է, որը հիմնադրվել է տակավին վերջերս՝ հուլիսի 20-ին: Այսինքն՝ կարելի է ասել, որ ընկերությունը ստեղծվել է՝ համալիրը գնելու համար: Միակ փայատերն ու տնօրենը Արմեն Զավենի Գեւորգյանն էր, որի մասին «Հետքը» ժամանակին գրել է: Գեւորգյանը ներկայում 66,7 տոկոս փայ ունի «Վիկտորիա սիլվեր» ՍՊԸ-ում, որը 2014-ից երկրաբանահետախուզական աշխատանքներ է կատարում Մոտկորի անտառներում՝ փնտրելով ոսկի եւ արծաթ: Գեւորգյանի հետ նույն գործի մեջ է Երվանդ Հովհաննիսյանը (33,3 %), ով բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի շրջապատից է, վերջինիս օրոք պատասխանատու պաշտոն է զբաղեցրել ԲՆ-ում: Մի կարճ ժամանակահատված ընկերության փայատերերի մեջ է եղել նաեւ ՀՀ նախագահի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը:    

Սակայն 45-ամյա Արմեն Գեւորգյանը երկար չի մնացել «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ»-ի ղեկավար պաշտոններում: Սեպտեմբերի 1-ին 100 տոկոսի նոր փայատեր ու տնօրեն է գրանցվել ԱՄՆ քաղաքացի Վահագ Դինո Ավադիսյանը, որը փաստացի բնակվում է Կոմիտասի պողոտայում: Եթե մինչ այդ ընկերությունը գրանցված էր Գեւորգյանի բնակարանի հասցեում, ապա այժմ իրավաբանական հասցեն տեղափոխվել է Կոմիտասի պողոտայում գտնող նորակառույց էլիտար շենք՝ Ավադիսյանի տուն:    

Ո՞վ է Վահագ Դինո Ավադիսյանը

Ամերիկահայ Վահագ Դինո Ավադիսյանը (Vahak Dino Awadisian) Կալիֆոռնիայից է: Մասնագիտացած է ֆինանսական ասպարեզում: ԱՄՆ-ում հիմնել է մի շարք ընկերություններ, որոնցից է, մասնավորապես, իր անունով գրանցված «Dino Awadisian» ընկերությունը: Վերջինս, ըստ Ավադիսյանի, մատուցում է ծառայություններ, որոնց շնորհիվ մշակվում են մասնավոր ներդրողների կողմից կառուցապատման խոշոր կոմերցիոն նախագծերը ֆինանսավորելու «ոչ ավանդական եւ այլընտրանքային» ձեւեր: Ընկերության թիրախային ուղղություններն են հանգստավայրերը, առեւտրի կենտրոնները, թեմատիկ պարկերը, հյուրանոցները, կենդանաբանական այգիները, թանգարանները, ընտանեկան հանգստի կենտրոնները եւ այլն:   

Մարզահամերգային համալիրի նոր տերը ժամանակին աշխատել է անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող «Dow Capital» ընկերությունում (2007, օպերացիոն գծով փոխնախագահ), հայազգի Մայք Դավթյանի (նկարում) հետ հիմնադրել է uploaddemo.com կայքը (2012, ներկայում չի գործում), որը, ըստ հեղինակների, երգիչ-երաժիշտներին հնարավորություն պիտի տար տեղադրել իրենց ստեղծագործությունները, կապ հաստատել ոլորտի հայտնի մենեջերների հետ, լսել կարծիքներ ու նաեւ պայմանագրեր կնքել, այսինքն՝ մտնել շոու-բիզնես: 1999-ից Ավադիսյանն իբրեւ տնօրեն աշխատում է «ET Oil International» էներգետիկ ընկերությունում:

Ամերիկահայ բիզնեսմենի անունը պարբերաբար շրջանառվել է ֆինանսական մեքենայությունների ու խարդախությունների համատեքստում: Իր բլոգում 2011 թ.-ին կատարած գրառումներից մեկում նա ասում է, որ իրեն անվանում են գող, խարդախ, սուտասան: Ապա հավելում է, որ 120.000 դոլար ու 9 ամիս է ծախսել դատարանում, որպեսզի փաստաբանների միջոցով 5 բրոքերներից ու 2 կայքերից շուրջ 5 մլն դոլար հատուցում ստանա: Իսկ նրա դեմ բողոքող մարդկանցից մեկի փաստաբանը հայտարարել է, որ Ավադիսյանն իր վստահորդից կորզել է 250.000 դոլար: Ահա եւս մի հայց (կրկին ֆինանսական գործով)՝ ընդդեմ Ավադիսյանի եւ հայազգի Ջիլբերտ Թահմազյանի, որն ավարտվել է հայցվորի օգտին:

2014-ին Ավադիսյանի անունն իբրեւ քրեական գործով կասկածյալ պաշտոնապես հայտնվեց մամուլում: Անցած տարվա փետրվարի 5-ին Լոս Անջելեսի օդանավակայանում ոստիկանները ձերբակալեցին Բեվերլի Հիլզի (Beverly Hills) բնակիչ Ավադիսյանին, որը Ալաբամա նահանգի Բոլդուին շրջանի (Baldwin County) դատախազության կողմից մեղադրվում էր չգրանցված արժեթղթերի վաճառքի, չգրանցված գործակալի կողմից արժեթղթերի վաճառքի եւ արժեթղթերի վաճառքին առնչվող խարդախության մեջ: Մինչեւ Ալաբամայի իրավապահներին արտահանձնելը Լոս Անջելեսում Ավադիսյանի նկատմամբ ազատ արձակման համար սահմանվել էր 1 մլն դոլար գրավ: Ալաբամայի օրենքներով նշված ենթադրյալ հանցանքների հիմքով Ավադիսյանին առավելագույնը սպառնում էր 1-10 տարվա ազատազրկում:

Հայ բիզնեսմենին կասկածում էին, այսպես կոչված, «prime bank»-ի ներդրումային խարդախության գործի հետ կապի մեջ, որում ներգրավված էին Ռիչարդ Թաքերն (Richard James Tucker) ու «Synergy Finance Group» ընկերությունը: Ըստ իրավապահների՝ Թաքերը ձեւական ընկերության միջոցով մեծ փողեր էր վերցրել ներդրողներից՝ նրանց խոստանալով միլիոնավոր դոլարներ վճարված ավանսների դիմաց: 2009-ին «Synergy»-ի հաշվեհամարներին ներդրողներն ավելի քան 3 մլն դոլար էին փոխանցել, սակայն փոխադարձ որեւէ բան այդպես էլ չէին ստացել: 2010-ին, երբ ընկերության հաշիվները սառեցվել էին, այնտեղ հայտնաբերվել էր միայն 236.000 դոլար: Ռ. Թաքերը 2012-ին արժեթղթերի խարդախության գործով մեղավոր էր ճանաչվել եւ 2 տարով ուղարկվել աշխատանքային գաղութ, դատարանը նրան պարտավորեցրել էր շուրջ 2,5 մլն դոլար հատուցել իր «զոհերին»: Իրավապահները գտել էին, որ Թաքերը միայնակ չի գործել, ինչին հետեւել էին այլ ձերբակալություններ Նյու Յորքից մինչեւ Արիզոնա ու Կալիֆոռնիա:        

Այն, որ Երեւանի պատմամշակութային հայտնի հուշարձաններից մեկը հանձնվել է մի մարդու, ում անունը շարունակաբար կապվում է ֆինանսական խարդախությունների հետ, արդեն իսկ կասկած է հարուցում այն ներդրումային ծրագրի վերաբերյալ, որը մարզահամերգային համալիրը գնելու ժամանակ ներկայացրել է «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն: Հիշեցնենք, որ ընկերությունը պարտավորվել է նորոգել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում եւ ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որն, ըստ կառավարության հաղորդագրության, առաջինն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Այն ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն: Այսինքն՝ այն ամենը, ինչում, ըստ էության, մասնագիտացած է Ավադիսյանի անունը կրող ամերիկյան ընկերությունը: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել առավելագույնը 4 տարվա ընթացքում, ընդհանուր ծախսը՝ ներդրումների չափը, գերազանցելու է 100 մլն ԱՄՆ դոլարը: Նախատեսվում է ստեղծել առնվազն 250 աշխատատեղ:  


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (6)
1. մարտո17:30 - 7 հոկտեմբերի, 2015
խուփը գլորվել, գտել է կարասը
2. Dion Micheals 05:59 - 8 հոկտեմբերի, 2015
This guy stole 100 k from me and my partners. He is a smooth criminal too bad he is out of jail again.
3. Tigran Hamparian16:21 - 8 հոկտեմբերի, 2015
I know this man from California , he harmed lots of Armenians and American citizens. Armenian Government must be careful about this type of business fraud people. We do not have money to be stolen anymore . If you make some search on the internet you will see this guy's news video.
4. ominac09:33 - 9 հոկտեմբերի, 2015
This is exactly the type of person that Armenian government needs to deal with. Both have same type of character. Im sure this idiot set down with a government rep and figured some kind of scheme to get something out of it. beneficial for both, No decent person will make a deal with those thieves in the government.
5. Mary Lou 11:03 - 6 դեկտեմբերի, 2015
Dino Awadisian is married to JULIE MOURADYAN who lives in North Hollywood, CA. She's his partner in CRIME. Her mothers IS another criminal who helped DIno Awadisian escape to Armenia. Julies mothers has many FAKE passports and many fake names, such as Amalia Ohanova, NARA OHANYAN, Nara Kuzikyan. Her SON who lives in ARMENIA is VARDAN KUZIKYAN in Yerevan who is HELPING DINO AWADISIAN HIDE HIS MONEY.
6. Matt19:22 - 31 հուլիսի, 2018
Update: Dino was apprehended attempting to flee yet another country and is back home in custody in the good ole USA
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ