HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

15-ամյա Ռաշիդը աշխատում է՝ մորն ու հիվանդ եղբորը խնամելու համար

Առաջին անգամ էի լսում, որ գյուղում կարող է հանրակացարան լինել: Բայց Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում ինձ ուղեկցեցին հանրակացարան, որտեղ մեծ մասամբ ապրում են փախստականներ ու անապահով ընտանիքներ: Գյուղի դպրոցի փոխտնօրենն ասաց, որ անպայման այցելեմ Գևորգյաններին. «Հիվանդ մայրը մենակ երկու երեխա է պահում. գոնե բարի մարդիկ կգտնվեն»:

Անցա հանրակացարանի քարուքանդ, մութ միջանցքներով մինչև հասա Գևորգյանների սենյակի մոտ: Միակ սենյակը վարագույրով կիսված էր երկու մասի: Գետնին նստած կինը, ինձ տեսնելով, փորձեց ոտքի կանգնել. «Թելեր էի ման գալիս, ձմեռ ա գալիս, գուլպա եմ ուզում գործեմ, համ էլ պատվերներ եմ անում… համեցե՛ք»:

Ռուզաննա Գևորգյանը 36 տարեկան է, ծնունդով Վանաձորից է: Պատմեց, որ շուտ է կորցրել մորը, 17 տարեկանում ամուսնացել, ապրել են Ռուսաստանում, աշխատել է ամուսնուն հավասար, բայց 13 տարի նրա հետ ապրելուց հետո մի գիշերվա մեջ փախել է ամուսնուց՝ փրկելով երկու որիների ու իր կյանքը: Բայց հատուցել է առողջությամբ: Ռուզաննան տառապում է էպիլեպսիայով, ամեն օր ընդունեում է Կարբամազեպինի հաբեր, 2-րդ կարգի հաշմանդամ է, նրան անհրաժեշտ է լիարժեք բժշկական զննում:

«Էրեխեքիս հոր հետ ապրում էի ծեծի մեջ՝ նամուսի գերի: Ամեն ծանր աշխատանք արել եմ` վայրի սխտոր եմ հավաքել, ծախել, կով եմ մորթել: Բայց էրեխեքիս հերը խմում էր ու էնքան էր խփում գլխիս, որ հեմատոմաներ եղան ուղեղիս մեջ: Ողնաշարս էլ մի կողմից: Արդեն մի քանի տարի դժվար եմ քայլում՝ չալիկի ումուդին, բայց կարևորը՝ էրեխեքս առողջ լինեն, ուրիշ բան չեմ ուզում»,- ասում էր հազիվ ոտքերը շարժող կինն ու գոհունակություն հայտնում Աստծուց ու բարի մարդկանցից, ովքեր իրենց են տվել այդ կացարանը:

Այս երեք հոգանոց ընտանիքում երկուսը՝ մայրն ու կրտսեր որդին՝ 9 տարեկան Պավելը հաշմանդամներ են: Այս ամսվանից Պավելը նույնպես ստանալու է հաշմանդամության թոշակ՝ 19.500 դրամ: Նա ունի երիկամային խնդիրներ, հեռատեսություն, մտավոր զարգացման դանդաղում:

Փաստորեն Գևորգյանների ընտանիքը գոյատևում է 30.000 դրամ անապահովության նպաստով ու հաշմանդամության թոշակներով: Դաշտերում տարբեր վարձու աշխատանքներ է անում նաև Ռուզաննայի մեծ տղան`15-ամյա Ռաշիդը, որ գումար ունենա հիվանդ մորն ու փոքր եղբորը խնամելու համար:

Իմ այցելության սկզբում Ռաշիդը տանը չէր, գնացել էր պոմիդոր հավաքելու, բայց գալուն պես ասաց, որ հարևանին է օգնել ու գումար չի վերցնի աշխատանքի դիմաց:

«Լինում են օրեր, որ դասերս գիշերը 12-ին եմ վերջացնում, լինում են օրեր, որ ընդհանրապես չեմ կարում դպրոց գնամ գործի պատճառով: Մտածում եմ` ավելի պետքական ա փող աշխատեմ»,- ասում է Ռաշիդը ու հուզվում:

Չգիտեմ` անջատեմ տեսախցիկը, թե շարունակեմ նկարահանումը: Տեսածս իրականությունից Ռաշիդի անմանկություն առօրյայի մասին լսելուց հարցերս էլ են ուշանում: Մեր զրույցի ամբողջ ընթացքում չտեսա Ռաշիդի ժպիտը, փոխարենը տեսա անսահման տխրություն:              

Ռուզաննայի ավագ որդին դասերն անելու ու խաղալու փոխարեն ստիպված է տուն մաքրել, ավլել հատակը, մորն օգնել լվացք անելիս, առավոտյան, երբ 2 ժամ ջուր են տալիս, հավաքել ջրերը, գումար աշխատել: Նա պատմեց, որ ամեն գործ էլ անում է. «Կաղամբ ենք կտրում, բարձում, խոտ հավաքում, բանջարեղեն ու միրգ քաղում, հող մշակում»,- ասում է ժամանակից շուտ մեծացած ու տղամարդ դարձած Ռաշիդը:

Ռաշիդն ունի երազանքներ` լավ սովորել ու դառնալ ծրագրավորող, որ մորն ու եղբորը իր աշխատած գումարով կարողանա լավ պահել: 15 տարեկան տղան իր աշխատած 20.000 դրամ գումարով կարողացել է մի հին համակարգիչ գնել, որը հիմա չի աշխատում: Գևորգյանների սենյակում չկա նաև անհրաժեշտ գույք, լվացքի մեքենա, սառնարան, բայց Ռուզաննան ու երեխաները համակերպվում են, փառք տալիս Աստծուն, որ միասին են: 

Մեկնաբանություններ (7)

Գայանե
Հարգելի' Զարուհի, ինչպե՞ս կարող եմ կապվել Ռաշիդի հետ:
Karina
Я бы хотела ему помочь
Զարուհի
Հարգելի Գայանե, ահա Ռաշիդի հեռախոսահամարը` 095 25 07 79 Շնորհակալություն արձագանքի համար:
Արմինե
Բարև հարգելի Զարուհի. Շնորհակալ եմ պատասխանի համար: Ճիշտն ասած ես համացանցում փորձեցի փնտրել բնակարաններ, բայց Արմավիր քաղաքում չեմ գտնում: Բնակարաններ կային Արմավիր մարզի տարբեր մասերում, եթե հետաքրքրում է կարող եմ ուղարկել էջերը, որտեղ կան նաև լուսանկարներ տվյալ բնակարաններից:
Զարուհի
Հարգելի քաղաքացիներ, շնորհակալություն արձագանքների համար: Ռուզաննա Գևորգյանի ու նրա երկու երեխաների մասին այս հոդված հրապարակելուց հետո շատ մարդիկ, կազմակերպություններ արձագանքեցին, օգնեցին Ռուզաննային, 15-ամյա Ռաշիդին ու նրա եղբորը` 9-ամյա Պավելին, այդ թվում և «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» ՀԿ-ն, Արմավիրի մարզպետարանի պաշտոնյաները: Մի օտարերկրացի կին ցանկություն է հայտնել ապահովել Գևորգյաններին բնակարանով ու խնդրել է Արմավիր քաղաքում գտնել հարմար բնակարան` ցանկալի է առաջին հարկում, որ Ռուզաննային հեշտ լինի տեղաշարժվել: Նա նշել է նաև բնակարանին տրամադրվելիք օպտիմալ գինն իր համար` 10-12.000 ԱՄՆ դոլարի սահմաններում:Մեկ ամիս է մենակ փորձում եմ լավ տարբերակ գտնել, բայց չի ստացվում, դա է պատճառը, որ որոշեցի հրապարակել նաև այստեղ: Գրել եմ նաև Արմավիրի մարզպետարանի էջում: Խնդրում եմ միասին գտնել հարմար տարբերակ, որպեսզի Ռուզաննան ու իր երեխաները Ամանորը նշեն նոր, տաք ու հարմար տանը: Խնդրում եմ հարմար տարբերակներ լինելու դեպքում արձագանքել` գրելով մեզ և ուղարկելով բնակարանների լուսանկարները: Ռուզաննային կարող եք զանգահարել այս համարներով. 094 516825, 095 250779, 094 966074
Արմինե
Հարգելի Զարուհի, ինձ անչափ հուզել է այս պատանին, եթե կարելի է խնդրում եմ նրանից որևէ կոնտակտ , լավագուն դեպքում հասցեն, իհարկե, եթե հայտնի է , փոխանցել մայլիս: Նախորոք շնորհակալ եմ:
Vahe
Hargeli hetq.am latinatar em grum zut texnikakan patcharnerov. Es txain notebook em uzum nvirel. Xndrum em voreve kontakt uxarkeq mailis. U idep xndrium em iroq tekuz latinatar gracs chtpagreq. Zut uzum em ognel. Shnorhakalutyun

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter