HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

20 ընտանիք դուրս է մնացել Ճոճկանում կառուցվող ջրամատակարարման նոր ցանցից

Ճոճկանի բնակիչ Սամվել Սիրադեղյանը ահազանգել  էր «Հետքին» այն մասին, որ այս տարի Ճոճկանում իրականացվող ջրամատակարարման ծրագրից դուրս են մնացել գյուղի 8-րդ  փողոցի 10 ընտանիքներ, այդ թվում՝ նաև իր ընտանիքը: Ճոճկան համայնքի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքները ֆինանսավորում է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի  իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը: Ճոճկանի ջրամատակարարման ցանցի կառուցման համար հատկացվել է 303 մլն դրամ: Համայնքի համաֆինանսավորման գումարը կազմում է 30 մլն 304 հազար դրամ: «Ջրագծի խողովակը գյուղապետ Արկադի Թամազյանը մինչև իրեն հորանց տան դուռն  է  բերել ու դադարեցրել: Գյուղապետի հորանց տնից մինչև մեր տուն  1200-1300 մետր է և մեծ ծախսեր է պահանջում ջուրն այնտեղ  հասցնելու համար»,- բացատրեց Սամվել Սիրադեղյանը:

Ըստ վերջինիս՝ Ա. Թամազյանը 8-րդ փողոցի 10 ընտանիքներին հուսադրել է, թե Ճոճկանի սահմանապահ ուղեկալի հրամանատարը ուղեկալի համար ջուր է քաշելու նույն ջրատարից, իրենք էլ կօգտվեն զինվորական ուղեկալի ջրագծից: «Ես չեմ հասկանում՝ մենք ինչ գործ ունենք զինվորական ուղեկալի հետ: Ես  զինվորական ուղեկալի հրամանատարին էլ եմ խնդրել, էն մարդը հրաժարվեց, ասաց՝ մեզ հետ հույս մի կապեք: Գյուղապետն էլ  ասում է, թե միջնորդություն կգրի հրամանատարին: Վերջը, ոնց որ գյուղապետը մեզ Ճոճկանից առանձնացրել ա»,- նեղսրտած ասաց  Ս. Սիրադեղյանը:

«Հետքն» այս խնդրի առնչությամբ հարց ուղղեց համայնքապետ Արկադի Թամազյանին: «Այն, որ դեպի գյուղի 8-րդ թաղամաս գնացող ջրամատակարարման ներքին ցանցն ընդհատվում է իմ հորանց տան մոտ, նախատեսված է գյուղի ջրամատակարարման ներքին ցանցի նախագծով, և ես ոչ մի կապ չունեմ դրա հետ»,- բացատրեց գյուղապետը: Ասածը հիմնավորելու համար նա ներքին  ցանցի կառուցման  նախագիծը ներկայացրեց մեզ եւ բնակիչ Սամվել Սիրադեղյանին: Վերջինս շարունակում էր պնդել, թե անհնար է, որ գյուղի տների մի մասը դուրս մնա  ջրամատակարարման ներքին ցանցից: «Պարոն Թամազյան, եթե դուք այս նախագծի մասին մեզ նախապես տեղեկացնեիք, երևի մենք դա կհասկանայինք»,- ասաց Ս. Սիրադեղյանը:

Թամազյանն էլ  բացատրեց, որ գյուղի ծայրամասային թաղամասերի մի 15-20 տուն դուրս է մնացել ներքին ցանցից: Մեր ներկայությամբ նույնպես գյուղապետը Ս. Սիրադեղյանին վստահեցնում էր, որ իր  հնարավորություններով ամեն ինչ անելու է զինվորական ուղեկալի  ջրագծից 8-րդ փողոցի տների ջրամատակարարման խնդիրը լուծելու համար: Արկադի Թամազյանը նաև հայտնեց, որ գյուղի ջրամատակարարման ջրագծերի նախագծերը հաստատելիս, ծրագիրը չկորցնելու մտահոգությամբ, նախագծողներին վախեցել է տեղեկացնել ներքին ցանցից դուրս մնացող գյուղացիների մասին:

«Հետքը» խնդրեց նաեւ «Գյուղական  տարածքների տնտեսական  զարգացման ծրագրերի  իրականացման գրասենյակ»-ի  պարզաբանումը: «Նախ՝ էդ հարցը դուք պետք է տայիք Ճոճկանի գյուղապետին: Ինքը մինչև հաստատելը ծանոթացել է նախագծին և  պարտավոր էր ծրագրից դուրս մնացող գյուղացիների մասին հայտնել նախագծողներին: Երևանում բնակվող նախագծողները չէին կարող իմանալ նախագծից դուրս մնացող Ճոճկանի գյուղացիների մասին: Այսուհանդերձ, ծրագրում ոչ մի գումարային  սահմանափակում չկա: Խնդրում ենք հայտնել գյուղապետին, որ այսօր էլ կարող է գրությամբ մեզ տեղեկացնել ծրագրից դուրս մնացած գյուղացիների մասին: Մենք անպայման նրանց ջրագծերի կառուցման խնդիրը կմտցնենք նախագծի մեջ»,- ասաց գրասենյակի շինարարության բաժնի պետ Ավետիք Բալյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter