Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

20 բնակչի ցանկանում են վտարել՝ առանց հիմնավոր ապացույցների


Երևանի Նազարբեկյան թաղամասում երկաթե վագոն-տնակներով բնակեցված մի հատված կա, որտեղ ապրում են սոցիալապես անապահով և ծայրահեղ աղքատ մի քանի ընտանիքներ: Նրանք դեռևս 1990-2000-ականներից են գտնվում այդ խոնավ տնակային պայմաններում:  

Վերջին 4 տարիներին նրանք ստիպված են պայքարել դատարաններում՝ իրենց հատկացված երկաթե փոքր վագոնները չկորցնելու համար: Վաղը ՀՀ վերաքննիչ դատարանը պատրաստվում է հրապարակել վճիռ, որով որոշվելու է այս ընտանիքների ապագան:

Նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշումն՝ ի վնաս բնակիչների

 2002թ-ին քաղաքացի Էդուարդ Հովհաննիսյանը առքուվաճառքի պայմանագիր է կնքել «Երևանշին» ԲԲԸ-ի հետ, որով գնել է Աջափնյակ համայնքի Գ-3 թաղամասում գտնվող ճաշարանը՝ 259.9քմ շինությամբ և 3300քմ հողամասով: Գնված տարածքը համարվել է ամուսիններ Էդուարդ Հովհաննիսյանի և Սուսաննա Բարսեղյանի համատեղ սեփականությունը:

Այնուհետև, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի 21.02.2007 թ-ի թիվ 346-Ա որոշմամբ Էդուարդ Հովհաննիսյանին և Սուսաննա Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Աջափնյակի Գ-3 թաղամասի ճաշարանին տրամադրվել է Նազարբեկյան 44/3 հասցեն:

Երվանդ Զախարյանի մեկ այլ՝ թիվ 2726-Ա որոշմամբ՝ Երևանի Նազարբեկյան 44/3 հասցեում գտնվող հողամասում բացմաֆունկցիոնալ կառուցապատում իրականացնելու նպատակով, առանց հրապարակային սակարկությունների, ուղղակի վաճառքի միջոցով Էդուարդ Հովհաննիսյանին լրացուցիչ օտարվել է 2836.0 քմ մակերեսով հողամաս՝ 8.337.840 ՀՀ դրամ կադաստրային արժեքով:

Տարիներ շարունակ Նազարբեկյան փողոցի տնակներում ապրողները տեղյակ չեն եղել քաղաքապետի որոշումների և բազմաֆունկցիոնալ կառուցապատման պլանների մասին: Միայն 2011թ-ին էդուարդ Հովհաննիսյանը որոշել է դիմել դատարան՝ ընդդեմ 20 բնակչի՝ նրանց վտարելու և տնակները ապամոնտաժելու միջոցով հողամասը նախկին տեսքի բերելու պահանջով: 4 տարվա դատական պրոցեսից հետո 2015թ-ի ապրիլին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել՝ բնակիչների օգտին:

Էդուարդ Հովհաննիսյանի որդին խոստացել է, որ վերաքննիչում իրենք շահելու են դատը

Էդուարդ Հովհաննիսյանը դիմել է վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Բնակիչները մտավախություն են հայտնում, որ վերաքննիչ դատարանը՝ ի դեմս դատավորներ Ա. Խառատյանի, Կ. Հակոբյանի և Տ. Նազարյանի, կարող է կաշառված լինել, քանի որ Էդուարդ Հովհաննիսյանի որդին ասել է, թե իրենք են շահելու դատը, քանի որ քաղաքապետարանում և վարչապետի անձնակազմում ծանոթներ ունի:

Պատասխանող կողմ հանդիսացող բնակիչների փաստաբան Նոնա Գալստյանը ինքնաբացարկ է հայտնել վերաքննիչ դատարանի կազմի դեմ՝ Էդուարդ Հովհաննիսյանի որդու արած հայտարարության հիմքով: Վերաքննիչը մերժել է փաստաբանի ինքնաբացարկը՝ համարելով, որ փաստաբանի կասկածները ողջամիտ չեն, իսկ դատավորների կազմն անաչառ է ու անկողմնակալ:

«Վերաքննիչ բողոքի քննության ժամանակ մենք ականատես եղանք իրենց նշած անաչառության լրիվ հակառակ իրավիճակին: Դատարանը ցանկանում էր ինձ՝ որպես պատասխանողների ներկայացուցչի, ընդհանրապես զրկել վերաքննիչ բողոքի վերաբերյալ որևէ դիրքորոշում հայտնելու իրավունքից: Նրանք ինձ անմիջապես ընդհատեցին՝ ասելով, որ ամեն ինչ պարզ է: Իմիջայլոց, ինձ հակադարձում էին բոլոր 3 դատավորները միաժամանակ»,- ասում է փաստաբան Նոնա Գալստյանը:

Փաստաբանը վերաքննիչ դատավորների պահվածքն արտասովոր է համարում, քանի որ նրանք հապճեպ ավարտել են բողոքի քննությունը: Ըստ Նոնա Գալստյանի՝ 4 տարի ձգվող դատական պրոցեսում կային բազմաթիվ միմյանց հակասող ապացույցներ, որոնք վերաքննիչը պետք է ժամանակ հատկացներ՝ ուսումնասիրելու:

Նոնա Գալստյանը և բնակիչները նշում են, որ վերաքննիչ նիստի ընթացքում հայցվոր Էդուարդ Հովհաննիսյանի փաստաբանը և նախագահող դատավոր Ա. Խառատյանը ակնհայտ կերպով փոխանակվել են երկիմաստ հայացքներով:

Սեփականատերը վտարման պահանջ է ներկայացնում՝ առանց ապացուցելու, որ վագոն-տնակներն իր տարածքում են

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ժամանակ Էդուարդ Հովհաննիսյանը չի կարողացել ապացուցել, թե իրեն պատկանող 6136քմ տարածքը ինչ չափագրում ունի և արդյո՞ք պատասխանողների վագոն-տնակները գտնվում են իր տարածքում:

Հովհաննիսյանի փաստաբանի միջնորդությամբ դատարանը նշանակել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, որով պահանջել է պարզել հետևյալ հարցերը.

  • Կատարել բնության մեջ Էդուարդ Հովհաննիսյանի և Սուսաննա Բարսեղյանի անվամբ 10.10.2007թ.-ի թիվ 2405479 սեփականության իրավունքի վկայականով գրանցված Երևանի Աջափնյակի /Գ-3 թաղամասի/ Նազարբեկյան 44/3 հասցեի 6136.0քմ հողամասի սահմաններում նշահարում, իսկ դրա անհնարինության դեպքում նշել պատճառները,
  • Ինչ բնույթի շինություններ/տնակներ են գտնվում Էդուարդ Հովհաննիսյանի և Սուսաննա Բարսեղյանի անունով սեփականություն հանդիսացող հողամասի վրա /քարե շինություններ, մետաղական տնակներ/:
  • Արդյոք պատասխանողների թիվ 2, 2ա, 3, 5, 7, 9, 10, 11 տնակները /նաև դրանց կցակառույցները/ ամբողջությամբ կամ մասնակի գտնվում են Էդուարդ Հովհաննիսյանի և Սուսաննա Բարսեղյանի տարածքում:
  • Եթե մասնակի են գտնվում, ապա որ տնակները /շինությունները/ և ինչ մակերսներով: 

Փորձաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին: Հետազոտություն իրականացնողներն ուսումնասիրել են նախկինում առկա հատակագիծը, որով հանգել են եզրակացության, թե Հովհաննիսյանի հողամասի չափսերը համապատասխանում են այն սահմանային չափսերին, որոնք նշված են սեփականության իրավունքի գրանցման վկայականում: Փորձաքննողները, սակայն, չեն կարողացել պարզել, թե արդյոք պատասխանողների տնակները գտնվում են Էդուարդ Հովհաննիսյանի և Սուսաննա Բարսեղյանի սեփականություն հանդիսացող տարածքում, քանի որ փորձաքննության հանդիսացող անշարժ գույքը փորձաքննությանը չի տրամադրվել: 

Այսինքն՝ փորձաքննությունն իրականացվել է փաստաթղթերի հիման վրա՝ առանց լրացուցիչ չափագրումների: «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ն այդ հանգամանքը բացատրել է նրանով, որ բնակիչները խոչընդոտել են փորձաքննությանը:

Բնակիչների փաստաբան Նոնա Գալստյանն ասում է, որ այդ պատճառաբանությունը չի համապատասխանում իրականությանը. «Անգամ եթե պատասխանողները խոչընդոտած լինեին, հայցվոր կողմը զրկված չէր օրենքով սահմանված կարգով միջնորդելուց, որ հարկադիր կարգով այդ փորձաքննությունը կատարվեր: Բայց, ի զարմանս մեզ, հայցվոր կողմը նման միջնորդություն չարեց: Էդուարդ Հովհաննիսյանն անգամ ինքը չգիտի, թե ինչ տարածք է գնել: Ֆորմալ առումով նա ուղղակի գիտի, որ 6136քմ տարածք ունի, բայց թե այդ տարածքը որտեղ է տեղակայված, բնության մեջ իր գնած չափի հողատարածք առկա է, թե առկա չէ, ինքը տեղյակ չէ»,- ասում է Նոնա Գալստյանը:

Վագոն-տնակներում ապրողներին պետք է տրվեր սեփականաշնորհման նախապատվություն

Նազարբեկյան թիվ 9 տնակի բնակիչ Սիլվա Հովհաննիսյանը և թիվ 10 տնակի բնակիչ Արմեն Հակոբյանը 2012թ-ին դիմել են Երևանի քաղաքապետարան՝ իրենց ինքնակամ կառուցված շինությունը և զբաղեցրած հողամասը օրինականացնելու և սեփականաշնորհելու պահանջով: Երևանի քաղաքապետարանից նրանց պատասխանել են, որ նրանց նշած տարածքը չի կարող օրինականացվել, քանի որ այն գտնվում է նախագծային ճանապարհի մեջ:

Սիլվա Հովհաննիսյանը և Արմեն Հակոբյանը պնդում են, որ եթե տնակները գտնվում են նախագծային ճանապարհի մեջ, ապա ինչպես դրանք կարող են հանդիսանալ Էդուարդ Հովհաննիսյանի սեփականություն: Քաղաքապետարանի պատասխանն արդեն իսկ հակասում է Հովհաննիսյանի նշագրած տարածքին:

«Ես ապրում եմ Նազարբեկյան փողոց, 9 տնակում, որտեղ նաև հաշվառված եմ, որտեղից ինձ տանում են ընտրության: Հիմա դատարանում ասում են, թե նման հասցե չկա, կա Նազարբեկյան 44/3, որն Էդուարդ Հովհաննիսյանինն է: Եթե չկա նման հասցե, ապա ինչո՞ւ են տղայիս այդ հասցեից տարել բանակ՝ Ղարաբաղում ծառայելու»,- ասում է Սիլվա Հովհաննիսյանը:

Սերժ Սարգսյանի հատկացրած տարածքը Երվանդ Զախարյանի որոշմամբ ցանկանում են խլել

Նազարբեկյան փողոցի թիվ 10 տնակի բնակչուհի Աննա Հովհաննիսյանի երկու տղաներն էլ ծառայել են դիրքերում: 2006թ-ի մայիսին ներկայիս նախագահ, նախկինում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այս ընտանիքին է նվիրել Նազարբեկյան 10 հասցեում գտնվող վագոն-տնակը՝ տղաների՝ դիրքերում անցկացրած լավ ծառայության համար:

«Հիմա այդ նույն տղաներս ամուսնանալ չեն կարողանում, որովհետև տեղ չունեն ապրելու, եղածն էլ ուզում են վերցնել ձեռքներիցս: Հայաստանի դիրքերը պահել են, որ հետո վտարվե՞ն Հայաստանից»,- ասում է Աննա Հովհաննիսյանը:   

Մյուս բնակիչներն իրենց վագոն-տնակները ստացել են թաղապետարանից՝ որպես վթարային շենքում բնակարանի փոխհատուցում կամ որպես աջակցություն՝ սոցիալապես անապահով ընտանիքներին: 

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։