HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաղողագործը պատրաստվում է վաճառել այգին, քանի որ խաղողը չի իրացվում

Լիլիթ Թադևոսյան

Այս տարի խաղողի առատ բերքը խնդրի առաջ կանգնեցրեց գյուղացիներին, որոնք բերքը մթերելու խնդիր ունեն: Նրանցից շատերը բերքը մեքենաներով տանում են վերամշակող ընկերությունների մոտ, որտեղ գոյացել են երկար հերթեր և օրերով կանգնում են, մինչև իրենց հերթը հասնի: 

Շատ գյուղացիներ էլ, տեսնելով ստեղծված վիճակը, դեռ իրենց բերքը չեն հավաքում, բայց չգիտեն էլ, թե ինչ են անելու այն: Նման խնդրի առաջ է կանգնած նաև Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, խաղողագործ Հարություն Սիանոսյանը, ում հաշվարկներով` այս պահին վազերի վրա ինքն ունի մոտ 30 տոննա խաղող:

«Ունեմ 5000 քմ սև թզենի սորտ, մնացած 1,5 հեկտարը՝ կանգուն սորտն է, դրա քաղցրությոնը մինչև 4 աստիճան է, իսկ թզենունը՝ 19-20: Ես պայմանագիր չունեմ ու ամեն տարի տարել եմ  գործարաններ, ընդունել են: Հիմա, որ այս տարի խաղողի բերքը շատ է, անգամ պայմանագիր ունեցողները չեն կարողանում հանձնել: Տանում են ընկնում հերթերի մեջ, պահում են 4-5 օր, մտնում են ներս, որ պետք է ընդունեն, արդեն խաղողի հյութը միջից գնացած է լինում, թթված խաղողը ո՞ր գործարանատերը կվերցնի: Արդեն հետ է գալիս, ու այդ մարդն էլ ստիպված բերքը տանում է, թափում»,- ասում է խաղողագործը:

Հարությունը փորձել է իր խաղողը հանձնել հարևան Այնթապ գյուղի գործարան, սակայն այնտեղ սկզբում խաղողագործին ասել են, որ մեկ շաբաթ հետո գա, իսկ երբ նա նշված ժամանակում գնացել է, նրան ասել են, որ միայն կանգուն տեսակի խաղողը տանի, իսկ թզենի տեսակն իրենց հարկավոր չէ, բացի դա` իրենք խաղողն ընդունելու են 90 դրամով: Խաղողագործն ասում է, որ անցյալ տարի ինքն այդ նույն գործարան թզենի տեսակի խաղող է տարել, և առանց խնդրի մթերել են, բայց այս տարի չեն ուզում:

Հարություն Սիանոսյանը նաև տեղյակ է եղել, որ մեկ շաբաթ առաջ այդ գործարանում խաղողը մթերել են 150  դրամով, իսկ հիմա իրեն ասում են, որ 90 դրամով կմթերեն, գումարն էլ տալու են հաջորդ տարվա հուլիսին, ինչը զայրացրել է խաղողագործին, և նա չի համագործակցելու այդ գործարանի հետ:

«Հիմա ես չգիտեմ` թույնի փողը ոնց պիտի տամ, ես արդեն 1,750,000 դրամ փող եմ ծախսել, որից 750,000-ը միայն թունաքիմիկատների փողն է: Ես դրանք պարտքով եմ վերցրել, պարտքով բանվոր եմ աշխատացրել, մեխանիզմ եմ բերել, գործ են արել, սրսկում են արել, բայց այսօր եթե իմ նման տասը հոգի 750,000 պարտքով թունաքիմիկատ վերցնի, ուրեմն էդ խանութի աշխատողը քաշվեց, պարտքերի տակ մնաց: Եթե ես իրանց ասած 90 դրամով տանեմ հանձնեմ էդ խաղողը, դա անում է 1,800,000 դրամ: Էդ փողին ես իմ պարտքերը տամ, բա ես ի՞նչ անեմ»,- ասում է Հարություն Սիանոսյանը:

Ինչպես տեղեկացնում է խաղողագործը` գյուղում նման իրավիճակում հայտնված 5-6 տնտեսություն էլ կա: Նրանցից մեկն էլ խաղողը տարել էր, որ հանձներ Պռոշյանի գործարան, սակայն մոտ 4 օր պահել էին, 5-րդ օրն ընդունել էին 80 դրամով, քանի որ արդեն թթվել էր: Մյուսների բերքն էլ այգիներում է, չեն հավաքում, որովհետև չգիտեն` ինչ են անելու:

«Բայց ես ասեմ, որ մենք՝ խաղողագործներով, այս տարի հրաժարվում ենք հողի հարկը վճարելուց, չենք տալու: Ափսոս, որ իմանայի սենց կլիներ, ջրի գումարն էլ չէի տա, բայց դա չէի կարող չտալ, որովհետև ջրի գումարը նախապես են տալիս, որ ջուրը տան»,- ասում է խաղողագործը:

Սիանոսյանը որոշել է խաղողի այգին վաճառել, ասում է՝ այգու վրա 5,000 դոլար է ծախսել` երկաթե սյուներ է դրել ու բետոնով ամրացրել: Նրա խոսքերով` եթե հիմա չառնեն, կքանդի այգին, ու այդպես են վարվելու բոլորը, քանի որ շատ գործարանատերեր արդեն ունեն իրենց սեփական այգիները: Խաղողագործն ասում է, որ ինչքան տակառ ունի, դրանց մեջ գինի կսարքի, օղի կսարքի, մի մասն էլ մանկատներին, դպրոցներին, մանկապարտեզներին կտանի ու լավություն կանի:

Խնդրի առնչությամբ զրուցեցինք նաև Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանի հետ: Վերջինս ասաց, որ շուրջ 180,000 տոննա խաղող է մթերվել վերամշակող ընկերությունների կողմից և շուրջ 5,700 տոննա էլ արտահանվել է հանրապետությունից: Պետրոսյանը տեղեկացրեց, որ այս օրերին օրական միջինը 5,600 տոննա խաղող է մթերվում և գործընթացը շարունակվում է:

«Այդ դժվարություններն արդեն տարվա սկզբից ուրվագծվում էր: Ինչո՞ւ, որովհետև, դեռևս նախորդ տարվա աշնանից սկսած՝ գինու, կոնյակի արտահանման ծավալները սկսեցին նվազել և միայն  այս տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում գինու արտահանման ծավալները նվազել են շուրջ 42 տոկոսով, իսկ կոնյակի արտահանման  ծավալները՝ կիսով չափ՝ 50 տոկոսով: Սա ինքնըստինքյան խնդիր է առաջացնում վերամշակող ընկերությունների մոտ, որ տարողությունները չեն ազատվում, շշալցումներ չի կատարվում  և այլն:

Հետագայում` մայիսից սկսած, նույնիսկ դիտարկումները ցույց տվեցին, որ խաղողի բավականին բարձր բերք է սպասվում և ծավալները զգալիորեն գերազանցելու են նախորդ տարիների մակարդակը: Հիմա այսօր, երբ ավարտին է մոտենում տարին և բերքահավաքը, պարզ ու հասկանալի է, որ մենք շուրջ 25-30 տոկոս խաղողի ավել բերք ունենք՝ նախորդ տարվա համեմատ: Եվ սա ևս մեկ լրացուցիչ խնդիր է եղածի վրա»,- ասաց Գառնիկ Պետրոսյանը:

Նա նաև ասաց, որ սեպտեմբերի կեսերին լարվածություն առաջացավ, քանի որ մի շարք ընկերություններ դեռևս չէին սկսել մթերման աշխատանքները:

«Մի փոքր եղանակի վատացումը մարդկանց մոտ լրացուցիչ անհանգստության, խառնաշփոթ, խուճապային տրամադրություններ ստեղծեց և յուրաքանչյուրը հիմա մտածում է ժամ առաջ, օր առաջ իր խաղողը հասցնել մթերակայան և ամեն օր մեծ քանակությամբ խաղող է հավաքվում և ուղարկվում վերամշակող ընկերություններ: Այնտեղ էլ մեծ հերթեր են գոյանում և դա դժվարություններ է  առաջացնում, վերամշակողներն էլ չեն հասցնում կարճ ժամկետում այդքանը մթերել և այդ տարաներն ազատել, և շղթայական այդ դժգոհությունը սկսում է  առաջանալ:

Հիմա, մենք հորդորում ենք մեր խաղողագործներին, որ պետք չէ ավելորդ շտապողականություն դրսևորել, պետք չէ խուճապի մատնվել, բոլոր քայլերը ձեռնարկվում են, աշխատանքներ են տարվում վերամշակող ընկերությունների հետ: Կան արդեն ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածություններ, լրացուցիչ հնարավորություններ: Պարզապես պետք է, որ մեր խաղողագործները տեղերում՝ աշխատելով նախարարության ներկայացուցիչների, մարզպետարանի ներկայացուցիչների,  և իրենց համայնքի ղեկավարների հետ, հստակ գրաֆիկներ սահմանեն` որ օրը, ինչ քանակությամբ խաղող պետք է հավաքվի և որ ընկերությանը դա պետք է հանձնվի, որպեսզի սահուն, հստակ հարթ ընթանա և այդ լարվածությունը չառաջանա»,- ասաց Գ.Պետրոսյանը` հավելելով, որ նախկինում մինչև հոկտեմբերի 25-ը բերքահավաք և մթերքի ընդունում էր կատարվում: «Արվելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի բերքն անկորուստ հավաքվի և մթերվի»,- ասաց պաշտոնյան:

ԵՏՄ անդամ երկիրներից հայկական խաղողը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն: ԵՏՄ-ից դուրս որոշակի քանակություն էլ արտահանվել է Վրաստան:

Մեկնաբանություններ (1)

Անդրանիկ
Բարեվ ձեզ մենկ բրիգադ ենկ եթե ունեկ խախոխ հավակ կխտրեմ արձագանկեք դաշտատերերի հերախոսի համար կտակ գանկ աշխատենք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter