HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԿԿ Կենտրոնական օրգան «Խորհրդային Հայաստանը»

Սովետ Միության փլուզումից և գրաքննության վերացումից հետո Լեռ Կամսարի գրչի կապանքներն անդառնալի ազատ արձակվեցին։ Նրա քաղաքական սատիրան այլևս անարգել հորդեց հայաստանյան մամուլ։ Նորաբաց ազատական թերթերի համար երգիծաբանը շատ էր ցանկալի և նպատակային։ Վերարժևորման և վերջնական վերադարձի համար ինձ հարկավոր էր Կամսարին տեսնել նաև իրեն միշտ մերժած կոմունիստական մամուլում։ Այստեղ էլ ոչ մի խտրականություն՝ անտիպներն անարգել, սիրով տպագրում էին բոլորը։ Եթե չեք հավատում, կարող եմ ապացուցել, որ նույնիսկ «Լենինյան ուղիով» հանդեսը տպագրեց կոմունիստական գաղափարախոսությունը ջախջախած անխոնջ հեղինակին։ Բայց դե, այսպես ասած, «մեծ էշը մնացել էր ախոռում»։ «Խորհրդային Հայաստան» օրաթերթը, որի  երգիծական բաժնի հաստիքավոր թղթակիցն էր Կամսարը 15 տարի և որտեղից էլ նա բռնադատվել էր, այդպես էլ կարոտով թողեց ինձ։

Քանիցս մոտեցա, խնդրեցի, որ իրենց նախկին աշխատակցի գրական իրավունքները վերականգնելու համար տպեն, չստացվեց՝ մերժեցին անիրավները։ Չեմ էլ հիշում, թե ի՞նչ էին պատճառաբանում։ Հավանաբար, այնքան անհիմն, անգույն և անհամ բաներ էին ասել, որ մտքիցս թռել է։ Երևի մտածել են, որ կոմունիստների տապալումը Հայաստանում ժամանակավոր է, շուտով Կոմկուսը նորից կհաղթանակի, և Կենտկոմը իրենց հախից կգա՝ Լեռ Կամսարին տպագրելու համար։

Չէ՝ չէ, չտպեցին՝ հեչ էլ, Աստված իրենց հետ։ Ո՛չ հիշաչար եմ, ո՛չ էլ «նամարդ»։

Ես սիրով մամուլում և գրքերում կտպագրեմ Կամսարի անդրադարձները ՀԿԿ Կենտկոմի օրգան «Խորհրդային Հայաստանի» վերաբերյալ, որ նրանց պայծառ հիշատակը միշտ վառ մնա սերունդների սրտերում...

                                                                                                            Վանուհի Թովմասյան

 

Այսօր հիվանդի պէս էի, սիրտս անտանելի կխառներ․ինչ ըրի չկրցի ետ տալ։ Չեմ հիշեր, թէ ինչ եմ կերեր երեկ։ Ինչ ալ կերած ըլլայի՝ ետ տալ էր հարկավոր։ Պառկած տեղս, ճանճերէն ազատվելու համար, երեսիս կքաշեմ օրվա «Սովետական Հայաստանը» ու ձանձրույթէս աչքէ կանցունեմ օրաթերթը։ Բայց՝ ո՜վ ազդու դեղ, դեռ չէի հաջողած երկու սյունակ կարդալ, երբ մէկէն սիրտս քանդվեցավ և ստամոքսիս պարունակությունն հեղեղի նման դուրս թափվեցավ։ Փսխուցքիս մէջ նյութեր կային, որն ես ամիս մը առաջ էի կերեր։ Այսպիսի ուժեղ ներգործությո՞ւն։

Այս կերպ հանգստացած՝ սկսեցի մտածել այն մասին, թէ ուրիշ ի՞նչ օգուտներ կրնա տալ խորհրդային մամուլը։ Քանի որ մամուլն կարդալու չի ծառայեր՝ պէ՞տք է բանի մը գործածվի։ Միլիոնավոր օզմաներով[1] թուղթ կգործածվի, և այդ գործով մեծ թվով մարդիկ կզբաղեն։ Մանավանդ, որ վերջերս գրապահեստներում մկներն ալ դադարեր են կրծելէն՝ կշտացեր են։

Ու կսկսեմ հաշվել։

Մէկը, ուրեմն, բժշկության մէջ մաղձս քանդելու համար։

Երկրորդ՝ գյուղացոց պապիրոս փաթթելու համար։

Երրորդ՝ կմտածեմ խոհարարության մէջ գործածել․սխալմամբ սաստիկ աղի կերակուրներուն կարելի է պտղունց մը խորհրդային գրականություն խառնել, կերակուրն քիչ մը․․․անհամացնելու համար։

Չորրորդ՝ գյուղերում սովորություն կա նաև առաստաղին ու պատերին փակցունել, հող չթափելու համար։ Գարնան ու ամռան ամիսներուն, երբ գյուղացիք բոլորովին սոված են՝ ոչինչ։ Բայց կալոցին, երբ քիչ մը կշտանան, վտանգավոր է։ Ըստ Ավետիք Իսահակյանի՝ «Սովետական Հայաստանն» կրնա իբրև խորհրդային գիտության աղբյուր ծառայել։ Հավանական է։ Այո՛, առանց խորհրդային մամուլի անկարելի է ոչինչ չգիտնալ։

Անիկա ինչ ուժով, որ ստամոքսը կդատարկէ, նույն ուժով ալ կրնա գլուխը դատարկել․․․

                                                          *****

Այսօր «Սովետական Հայաստան» օրաթերթը կարդացի, որ ունէր՝ «Պէտք է բոլշևիկյան գիտակից կադրեր պատրաստել» խորագրով առաջնորդող մը։

Այդ առաջնորդողն բաղացած էր 1463 բառերէ ու 240 նախադասություններէ։ Սա  նախադասությանց 45 տոկոսն Լինինինն կպատկանէին, 45 տոկոս Ստալինի խօսքերն էին, 7 տոկոս Մոլոտովի, 2 տոկոս Ժդանովի, մէկ տոկոսն ալ առաջնորդողի հեղինակի, որը կբաղկանար բացառապէս «և», «ու» շաղկապներ է, 16 հատ «իսկ» ունէր, 8 հատ՝ «բայց», 6՝ «տակավին», 2 հատ ալ՝ «ըստ այնմ»։ Ասկէ զատ հեղինակի գրչին կպատկանէին 240 զույգ ամուր փակվող չակերտներ, 600 ստորակետ, 432 միջակէտ, 240 շատ հաստատուն վերջակէտ, քանի մը հատ ալ աննշան բութեր ու շեշտեր...

Ասանկ «ինքնուրույն» հոդված հրատարակելն աննախընթաց երևույթ է մեզանում։ Ինքն իրմէ այսքան շաղկապներ գործածել, այսքան զանազան կէտեր դնել ու չվախնալ, թէ կրնա հակասել «կուսակցական գծին»՝ այո՛, աննախընթաց երևույթ է, և տակն անսպասելի վտանգներ են թաքնված։

Չեմ հիշեր ո՞ր տարին էր... խմբագիր մը Լենինի մէկ զարմացական արտահայտության վրա երկար նշան էր դրեր, այդ նշան քիչ մը ավելի երկար էր եղեր ու դուրս եկեր «կուսակցական գիծէն»․ անմիջապէս խմբագրին հեռացուցին և՛ թերթէն, և՛ կուսակցութենէն։

Եվ հիմա, որ խմբագիրն այդքան չակերտներ, այդքան շաղկապներ ու կետեր դրեր է իր պատասխանատվությամբ՝ չի կրնար չզարմացնել զիս։ Կրնային չակերտները խարխուլ դրված ըլլային քիչ մը, և Լենինի ու Ստալինի միտքերը խառնվէին իրար։ Գիտէ՞ք ինչ կրնար պատահել։ Չի՜ կարելի խառնել այդ զույգ առաջնորդներու ո՛չ միտքերն, ո՛չ դէմքերը։ Երկուսի կերպարանքն, որ սովորաբար մէկ կտավի վրա երևան կուգան, ճիշտ է չակերտներով չեն բաժանված իրարմէ, բայց Լենինն ստվերի մէջ, դժգույն կնկատվի, իսկ Ստալինն լուսավոր, կենսախինդ, ինչպէս ծիրանի դեղնած, թափվող ու կանաչ, աճող ցոգոլներ...

Երբ շինարարության մէջ սկսեց «պեմզա-բլոկ» գործածվել, որմնադիրներու դերն ալ սահմանափակվեցավ խմբագիրներու նման... քիչ մը ցեխ դնել արանքներ, երկու ձուլածո քառակուսիներ իրար վրա շարել։ Պեմզա-բլոկն ինչպէս գիտէք աշխատանքի արտադրողականությունը քանի մը հարյուր տոկոսով կավելցունէ։ Թէ ինչո՞ւ Լենինի ու Ստալինի միտքերն ալ պեմզա-բլոկ չեն թափեր՝ չեմ հասկնար։ Ան ատեն չակերտներէ իսպառ կազատվէինք...

Հարկ կտեսնեմ հոս շեշտել, որ գրական սա մեքենայացում տեղի ունի միայն գիտական ու քաղաքական ասպարեզում. գեղարվեստական գրականության, վէպի և ոտանավորի մէջ տակավին կշարունակվի տիրել արտադրական տնայնագործական մեթոդ։ Ինչո՞ւ, վասնզի Լենինն ու Ստալինն ո՛չ վէպ են գրեր, ո՛չ ոտանավոր։ Հոս գրողն պէտք է «մարքս-լենինյան իդեոլոգիայով տոգորվի» ու դուրս գա իր բառերովը գրէ։ Հոս արդէն աշխատանքն ոչինչով չի հիշեցներ որմնադիրներու աշխատանք, հոս աշխատանքն ավելի գլխարկագործի կնմանի։ Ինչպէս վերջիններս իրենց կարած գլխարկները փայտէ կաղապարներու վրա կանցունեն, անանկ ալ մեր գրողներն իրենց գործերը «Լենինի կուսակցության» գլուխը կանցունեն կաղապարելու։ Այն գլխարկներ․․․ ըը․․․ ներողություն՝ այդ վէպերն ու ոտանավորները, եթէ «անխառն» դուրս չեն գար և մէջը քիչ մը «հաշտվողականություն» կամ «նացիոնալիզմ» կսպրդի, ան ատեն «ղեկավար պոստի» վրա նստած «ընկեր» մը կվերցունէ կռանով կփշրէ ողջ գեղարվեստական գրականությունն ու նորէն գրել կհրամայէ, ինչպէս չուգուն ձուլող գործարաններն անհաջող ձուլվածքները կփշրեն ու երկրորդ անգամ հնոցը նետելով կհալեն։

Ասկէ ութ ամիս առաջ, օրինակ, Ժդանովն իր ծանր մուրճով զարկավ ողջ գրականությունն փշրեց, գրողներուն դնելով անելանելի կացության մէջ։ Այո՛, ութ ամիս առաջ փշրեց Ժդանովն և ձեռքի մուրճն տեղական քննադատներուն հանձնելով ինքը Կրեմլ մտավ չամաշըրը փոխելու։

Հիմա ամէն գրող երկու քննադատ ունի իր աջ ու ձախ կողմերը կանգնած` գիրք մը հրատարակելուն պէս այդ մուրճերը կիջնան գլուխներուն այնքան անխուսափելի, որ գրողներէն շատերը նախ հարվածել կուտան ինքզինքնին, ապա գրիչը ձեռք կառնեն գրելու...

Բայց անարդար բան է սա։ Մի՞թէ Լենինն ու Ստալինն միայն քաղաքական կյանքով են ապրած, անոնք կերակուր չե՞ն կերած, կնիկ չե՞ն սիրած, սիրելիս իրենց կնիկներու որևէ տեղի «մատաղ» չե՞ն եղած. ինչո՞ւ կթաքցնեն կենսագիրները և զույգ առաջնորդներու կյանքը հարազատօրէն չեն տար։

Հիմա , մեր գրողներն մէկ համբույր Լենինի կնոջմէն, մէկ Ստալինէն առնելով` շաղկապ մը կդնէին արանքն ու հրաշալի գեղարվեստական գործ մը կստեղծէին...

Ինչո՞ւ ամէն դյուրություն տրվի քաղաքական գրականությանն ու գեղարվեստական գրականությունը թողնվի «ինքնահոսի»։ Ինչո՞ւ։

----------

Առաջ պահեստի մուկեր շատ ախորժակով կուտէին սովետական գրականությունն, բայց Ժդանովի «զեկուցումէն» ասդին անոնք ալ սկսեր են զզվել...

                                                      *****

Գիշեր երազիս շատ ճոխ ճաշարան մը էի մտեր։ Սպասավորն առջիս պարզեց ճաշացուցակ մը, որուն ծայրը չէր երևեր, այնքան այդ ցուցակն երկար էր։ Ակնոցներս հետս վերցուցած չըլլալուս համար չէի կրնար կարդալ կերակուրներու անուններ, իսկ ցուցակէն ալ կերակուրի հոտ չէր գար, որ հոտառությամբ ընտրէի։ Բայց մտածեցի՝ ի՞նչ ընտրություն, սոված մարդ եմ, առաջին կերակուրէն սկսեմ՝ քանի ախորժակ ունեմ, ուտեմ։ Ու մատս դրի առաջին կերակուրին վրա։

Ծառան գնաց և բերավ պնակ մը ջրի մէջ խաշած ամէնահասարակ լոբի։ Կերա դժվարությամբ, և բերնիս գէշ համը փրկելու համար մատս երկրորդ կերակուրին վրա դրի։ Ծառան գնաց-եկավ ու առջևս դրավ պնակ մը... դարձյալ լոբի։ Մեծ դժվարությամբ այդ ալ կերա՝ որովհետև փող պիտի տայի ու մատս դրի երրորդ կերակուրին։ Այդ կերակուրն դարձյալ դուրս եկավ լոբի։ Չորրորդին դրի՝ լոբի, հինգերորդին՝ լոբի, լոբի, լոբի, անվերջ լոբի։ Միևնույն ջուրի մէջ խաշած, անհամ, առանց շերտ մը սոխի կամ սխտորի, առանց աղի ու պղպեղի, առանց որևէ համեմի։ Է, ինչքան ալ սոված ըլլայի, այդ քանակությամբ անհամության ատամոքսս կհանդուրժէ՞ր։ Հարկավ ոչ։ Ճաշարանէն մեկնելուս, դեռ սանդուղներուն վրա մէկէն սիրտս ետ տվի ու սանդուղներ վերէն վար ապականեցի...

Նման սրտխառնուքներ երազին մէջ ընդամէն 30 րոպէ կտևէ, լավ է այդ։ Բայց իրական կյանքի մէջ դժբախտաբար 30 տարի կտևէ։

Նայեցէք կաղաչեմ սա մեր «Սովետական Հայաստան» օրաթերթին։ Երկուշաբթի կհանգստանա՝ երեքշաբթի լույս կտեսնէ Ստալինի նկարը առաջին երեսին վրա, չորեքշաբթի լույս կտեսնէ՝ միևնույն նկարն միևնույն երեսին վրա, հինգշաբթի՝ նորէն Ստալինի նկար, ուրբաթ՝ Ստալին, շաբաթ՝ Ստալին, կիրակի՝ Ստալին։ Ուրեմն, գումարն հավասար է` շաբաթ 6 Ստալին, ամիս 25, տարին 300, երեսուն տարին 9000 Ստալին։

Ասքան միապաղաղ, միատեսակ, անհամ Ստալիններու վրա խմբագրությունն գէթ մէկ հատիկ սոխ մանրէր, կամ պտղունց մը պղպեղ ցանէր։ Ո՞ր ընթերցողն այսքան անհամություն կրնա կլլել առանց սրտխառնուքի ու եթէ խմբագրության սանդուխներուն վրա ետ տա ու ապականէ բորոր աստիճաններն վերէն վար, մեղավո՞ր է։ Հե՛ր օրհնած մարդիկ տարին անգամ մը իրենց սենյակին պաստառները կփոխեն պէսպիսության, դուն ի՞նչ անճաշակ մարդ ես, որ սա երեսուն տարի է թերթիդ պաստառը չես փոխեր...

            Լեռ Կամսար, 1947թ. (նոր տպագրվելիք «Չապրած օրեր» գրքից)

Լուսանկարը՝ media.am-ի

[1]Օզմա (տաճկ․ozma) –Թղթի մի կապոց՝ բաղկացած 480 թերթից։ (Այժմ՝ սովորաբար 500 թերթից):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter