HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թվանշային արտադրություն` ձեռագործ միջամտություններով. Գաֆեսճյան կենտրոնում բացվել է «Արդեան»-ի ցուցահանդեսը

Հոկտեմբերի 9-ին Երևանի Գաֆեսճյան արվեստի կենտրոնում բացվել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «Արդեան» դիզայներական ստարտափի աշխատանքների ցուցահանդեսը:

Թումո կենտրոնը հայտնում է, որ ցուցադարանը, որը կրում է «Շունչ» խորագիրը, Թումո կենտրոնի դասընթացավար և «Արդեանի» ղեկավար Վազգեն Բրուտյանի նախագիծն է:

«Այն ներշնչված է Գրիգոր Նարեկացու՝ հայ գրականության պատմության երևելի գործիչներից մեկի գործունեությամբ և պարունակում է հատվածներ նրա աշխատանքներից, ինչպես նաև խոտաբույսեր, որոնց իր աշխատություններում անդրադարձել է 12-րդ դարի ականավոր բժիշկ Մխիթար Հերացին, ինչպես նաև յուրատիպ կավագործ իրեր, մետաքսե կտավներ և շատ ավելին: Արտացոլելով «Արդեան» անվան խորհուրդը, որը գրաբարից թարգմանաբար նշանակում է «արդի», աշխատանքը մեկտեղում է պատմական հայ մշակույթը և դրա ժամանակակից ընկալումը:

Ինչպես Թումոյի մյուս բոլոր ստարտափերի, այդպես էլ «Արդեանի» կազմի մեջ մտնում են կենտրոնի նախկին ուսանողները, ովքեր, հիմնվելով Թումոյի կրթական ծրագրի վրա, հիմնել են ինքնաֆինանսավորվող ձեռնարկություն: «Արդեանը»  զբաղվում է տեսողական և արտադրական դիզայնով,  իսկ «Շունչ» ցուցահանդեսը խորհրդանշում է խմբի տեսողական լեզուն և դիզայներական
մոտեցումը:

Ցուցահանդեսին նախորդել է «Արդեանի» աշխատանքների տեղադրումը Թումոյում այս տարվա ապրիլին: Այս աշխատանքներն արդյունք հանդիսացան Բրուտյանի կողմից ղեկավարած աշխատարանի, որի շրջանակներում նա թումոցիների հետ մշակեց դասական պատկերայնությունն ու ժամանակակից մոտիվները միավորող հնարներ, ինչպես նաև թվային արտադրության գործընթացներ՝ ձեռագործ միջամտություններով:

Ցուցադրությունը ներկայացված կլինի Կասկադի համալիրի Գաֆեսճյան կենտրոնի «Արծիվ» ցուցասրահում մինչև դեկտեմբերի 27-ը»,- գրված է Թումո-ի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter