HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Երբ պետությանը նվաստացնելու համար կարելի է աշխատավարձ ստանալ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տարեսկզբին հարգելի ճանաչեց ԲՀԿ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի բացակայությունները՝ դրանց հիմքերը, իբր, կրկնակի ուսումնասիրելուց հետո: Իսկ ուսումնասիրության հրահանգը գրեթե ուղղակի տվել էր ՀՀ նախագահը՝ իշխանության հասցեին արած կոշտ քննադատության, սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության դեմ հանդես գալու համար Ծառուկյանին պատժելու մասշտաբային օպերացիայի շրջանակներում:

Ինչպես հայտնի է՝ փետրվարի կեսերին ամեն ինչ ավարտվեց նրանով, որ մի գիշերվա ընթացքում կայացած կապիտուլյացիոն «բանակցություններից» հետո Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ քաղաքականությունից, հրաժարվեց ԲՀԿ-ի նախագահի կարգավիճակից, և նրա նկատմամբ հարկային, քրեական հետապնդումներ սկսելու, բացակայությունների պատճառով նրան մանդատից զրկելու հրահանգները «ջրվեցին»: Դա արվեց այնպիսի թեթևությամբ, ինչպես այդ գործընթացը սանձազերծվել էր, կարծես խոսքը բոլորովին չէր վերաբերում Ծառուկյանի կողմից հարկերից խուսափելու, քրեական գործունեություն ծավալելու՝ հրապարակայնորեն հնչեցված կասկածներին: 

Բացակայությունների հարցում Ծառուկյանի հանդեպ «համաներման» կիրառման հետևանքը եղավ այն, որ ԱԺ այդ, այսինքն 7-րդ նստաշրջանի ընթացքում կազմակերպված 529 քվեարկություններից ոչ մեկին նա չմասնակցեց: Ծառուկյանը չի մասնակցել նաև այդ ընթացքում հրավիրված որևէ քառօրյա նիստի, արտահերթ նստաշրջանի: Նա առհասարակ խորհրդարան չի գնացել, հետևաբար չի իրականացրել այն գործունեությունը, որի համար գործուղվել է խորհրդարան և որի համար հարկատուների վճարումերի հաշվին այդ ընթացքում աշխատավարձ է ստացել:

Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի 12-րդ հոդվածի՝ պատգամավորի լիզորությունները դադարում են, եթե մեկ հերթական նստաշրջանի ընթացքում նա անհարգելի բացակայել է քվեարկությունների ավելի քան կեսից: Նույն օրենքի 99-րդ հոդվածով նախատեսվում է, որ ԱԺ նախորդ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայած պատգամավորների բացակայության հարցն ընդգրկվում է հերթական նստաշրջանի առաջին քառօրյա նիստերի օրակարգում: Այսինքն, եթե Ծառուկյանի բացակայությունների կեսից ավելին եղել են անհարգելի, ապա այս նստաշրջանի մեկնարկին` սեպտեմբերի 15-ից-18-ին, Ծառուկյանը պետք է զրկվեր պատգամավորական մանդատից: Ընդ որում` Սահմանադրական դատարանի 2013թ. ապրիլի 16-ի որոշմամբ սահմանվել է, որ նման դեպքում պատգամավորի լիազորությունները համարվում են դադարեցված՝ իրավունքի ուժով, ընդամենը համապատասխան արձանագրության հիման վրա: Այսինքն մանդատից նրան զրկելու հարցն անգամ քվեարկության չպետք է դրվի: Բայց Ծառուկյանը, ինչպես տեսնում ենք, շարունակում է մնալ պատգամավոր նույնիսկ երկրորդ քառօրյայից հետո:

Միակ գործոնը, որի դեպքում դա կլիներ նորմալ և օրինաչափ, այն է, երբ Ծառուկյանի  բացակայությունների կեսից ավելին, այսինքն նվազագույնը 265 բացակայությունները հարգելի են: Իսկ հարգելի կամ անհարգելի լինելու հանգամանքը որոշողը ԱԺ նախագահն է` Գալուստ Սահակյանը: Եթե Ծառուկյանը դեռ մանդատից չի զրկվել, ինչի մասին ոչ ԱԺ-ն, ոչ էլ ԿԸՀ-ն պաշտոնապես չեն հայտարարել, ապա մնում է եզրակացնել, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նրա բացակայությունները կամ առնվազն դրանց կեսից ավելին ճանաչել է հարգելի: Ի՞նչ հիմքերով, հայտնի չէ: ԱԺ նախագահը լռում է. կարծես ո'չ Գագիկ Ծառուկյան անուն-ազգանունով պատգամավոր կա խորհրդարանում, ո'չ նրա բացակայությունների խնդիր:

Որքան էլ այս ամենն արդեն չի զարմացնում, այնուամենայնիվ, իսկապես նողկալի է: Այլ իրավիճակում անգամ անհեթեթություն կլիներ ամբողջ վեց ամիս անձի կողմից աշխատանքի չներկայանալու պարագայում անգամ քննարկել այն հարցը, թե նրա բացակայությունները հարգելի՞ են եղել արդյոք, թե՞ ոչ, կամ բացակայությունների ո՞ր մասն է եղել հարգելի: Նման դեպքի համար, ի դեպ, ԱԺ կանոնակարգը ոչինչ չի նախատեսել: Եվ դա հասկանալի է. օրենքն ընդունելիս ոչ ոք խելագարության կանխավարկածով չի առաջնորդվել: Փաստորեն, սխալվել են:

Մի կողմ թողնենք այստեղ անձամբ Գագիկ Ծառուկյանի անձնական, ներքին պատասխանատվության և պետական ինստիտուտների ու ի պաշտոնե սեփական պարտավորությունների նկատմամբ տարրական հարգանքի բացակայությունը: Ինքնին այն փաստը, որ նման մտածողությամբ ու արժեքային համակարգով անձը կարող է հայտնվել խորհրդարանում, նույնիսկ հանրային որոշակի պահանջարկի հիման վրա հավակնել հանրապետության ղեկավարի դերին, արդեն աննորմալ երևույթ է, որը ցույց է տալիս, որ մեզանում ինչ-որ կարևոր բան խախտված է: Սակայն մեծ հաշվով ԱԺ-ում նման կատեգորիայի մարդկանց հայտնվելը նրանց խնդիրն չէ: Այլ այն համակարգի, որը ոչ միայն տալիս է դրա հնարավորությունը, այլև դարձնում օրինաչափություն:

Իրավական երկրում ոչ թե Ծառուկյանը վաղուց արդեն պատգամավոր չէր լինի, եթե առհասարակ հայտնված լիներ խորհրդարանում, այլև սեփական լիզորությունները կամայականորեն գործադրելու հետ կապված լուրջ խնդիրներ պետք է ունենար նաև ԱԺ նախագահը: Խնդիրն այն է, որ Գալուստ Սահակյանը առնվազն երկու դրվագով խախտել է ԱԺ կանոնակարգ օրենքը: Նախ՝ կամայականորեն Ծառուկյանի կողմից իր պատգամավորական լիզորությունները չկատարելու փաստը չի արձանագրել՝ նրան աներկբայերոն մանդատից զրկելու համար: Երկրորդ՝ չի պահպանել այդ հարցը նստաշրջանի առաջին քառօրյայի ընթացքում լուծելու կանոնակարգ օրենքի պահանջը:

Հետաքրքիր է՝ ԱԺ նախագահը ներքուստ գոնե գիտակցո՞ւմ է արդյոք, որ դրանով նախևառաջ ինքն իրեն է, մեղմ ասած, անլուրջ վիճակի մեջ դնում: Նախ՝ որովհետև հասկանալի է դարձնում, որ խորհրդարանի և ԱԺ նախագահի կարգավիճակի հեղինակությունն է զրոյական, և երկրորդ՝ որ Ծառուկյանին արտոնություն շնորհելով լեգիտիմացնում է նման պոտենցիալ անպատասխանատվությունը նաև մնացած բոլոր պատգամավորների շրջանում: Որովհետև վերջնիներիս մոտ, կամա թե ակամա, ձևավորվում է նման դրսևորումների համար պատասխանատվություն չկրելու, անպատժելիության ներքին համոզվածություն: Ի վերջո, եթե նման անգործության և խորհդրարանի հանդեպ այս աստիճան արհամարհանքի համար որևէ պատգամավորի կարգի հրավիրելու փոխարեն, ուղղակի թե անուղղակի, նրան խրախուսում է, ինքն է զրկվում որևէ մեկին թեկուզ փոքրիկ զանցառության, ողջամտության սահմաններից դուրս բացակայելու համար անգամ ընկերաբար հանդիմանելու բարոյական իրավունքից:

Ինչևէ, այս ամենը տեղի է ունենում, որովհետև Ծառուկյանը օգտվում է իշխանության կողմից իրեն տրված ինդուլգենցիայից: Քաղաքականությունից դուրս գալու, նախագահ Սերժ Սարգսյանին կատարյալ հնազանդություն և հավատարկություն հայտնելու և վերջապես սահմանադրական փոփոխությունների պրոցեսին չխանգարելու դիմաց նրան ուղղակի արտոնել, իսկ միգուցե նաև հրահանգել են աշխատանքի չգալ՝ պահպանելով պատգամավորական մանդատը: Թե Ծառուկյանի ինչին է պետք այդ մանդատը, երբ, ինչպես ցույց տվեցին այս տարվա փետրվարյան դեպքերը, դա նրան չի փրկում ցանկացած պահի քաղաքականապես դաստիարակության ենթարկվելու հեռանկարից, թերևս ինքը գիտի: Բայց փաստ է, որ այդ ինդուլգենցիան Ծառուկյանին տրվել է՝ թքած ունենալով թե' ԱԺ-ի վրա՝ իբրև պետական իշխանության ամենաներկայացուցչական մարմնի, թե' ընտրողների  վրա, ովքեր Ծառուկյանին «գործուղել են» խորհրդարան, թե' հանրային կարծիքի, բարոյականության և թե' օրենքի և օրինականության վրա: Եվ այնքանով, որքանով սա հիշեցնում է գործարք օրենքի դաշտից դուրս, այնքանով տիպիկ քաղաքական կոռուպցիա է, որի հիմքում հովանավորչությունն է:

Սա ավելրոդ անգամ վերահաստատում է, որ որոշումներ կայացնելիս պետությունն այլևս չի տարբակվում սեփական ջերմոցներից՝ հասարակությանը վերաբերվելով լավագույն դեպքում որպես այդ ջերմոցում աճող թփերի, և որ պետական կառավարման համակարգում շատ որոշումներ կայացվում են «տղայական» հասկացությունների, փողոցի կանոնների ու ներխմբակային պայմանավորվածությունների հիման վրա:

Հ.Գ.  ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանին կուսակցությունից հեռացնելու որոշումը բացատրում է նրանով, թե իբր Վարդանյանն ամիսներ շարունակ խորհրդարանում պասիվ է եղել: Պետք է ենթադրել, թե քանի որ նույն հիմնավորմամբ կուսակցությունից նաև Ծառուկյանին հեռացնելու որոշում չի կայացվում, ԲՀԿ-ն համարում է, որ  վերջինս խորհդրարանում եղել և մնում է գերակտիվ, իսկ գուցե նաև՝ ռեակտիվ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter