HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Stand by Me». Բեն Քինգի հարատև սիրո պատմությունը

Նաիրա Հայրապետյան

«Հայրս կրթված մարդ չէր, բայց իրականում հիանալի, չափազանց բարի անձնավորություն էր:- հիշում է Բեն Քինգը,- Մի իրիկուն ես մեր խոհանոցում մի թափառական մարդու տեսա: Արթնացրի հորս, իսկ նա ասաց. «Ես եմ իրեն մեր տուն բերել. նա փողոցում սառչում էր»:

Այս մթնոլորտը, որն ամբողջությամբ ներծծված է մարդկայինով, չէր կարող ազդեցություն չունենալ ապագա արտիստի ձևավորման վրա: Հնարավոր է, հենց այստեղից էլ սերում են այն անսահման բարությունն ու խաղաղությունը, որոնցով լի են սոուլի լեգենդ Բեն Քինգի (Ben E. King) երգերը: Վստահ եմ, երաժշտասերները նրան կհիշեն առավելապես  «Stand by Me» հիթով: Սա երգչի ամենաճանաչված երգն է, որը «BMI»-ի տվյալներով՝ 20-րդ դարի ամենաշատ կատարված երգերից մեկն է: 100 անուն ընդգրկող այս շարքում «Stand by Me»-ն  4-րդ հորիզոնականում է: Ավելի քան 400 կատարում ունենալով՝ այն սոուլի, ռիթմընդբլյուզի և, առհասարակ, դասական գործ է վաղուց, որը ուղղորդել և ոգևորել է տարբեր սերնդի երգիչների՝ 60-ականներից մինչ օրս: «Stand by Me»-ն կատարել են Օտիս Ռեդինգը, Ջոն Լենոնը, «Led Zeppelin»-ը, Թրեյսի Չափմենը, Թինա Թըրները և այլ լեգենդար արտիստներ:

«Թղթի վրա «Stand by Me»-ն շատ սովորական մի երգ է երևում,- գրում է «The Guardian» ամսագիրը,- և Քինգն էլ, անշուշտ, այն գրել էր շատ պարզ մտադրությամբ՝ երգ սիրո մասին: Այն նվիրված էր երգչի ընկերուհուն՝ Բեթիին: Փոփ երգերը, իրենց էությամբ, սովորաբար հազվադեպ են արտացոլում երգչիչներին, ովքեր հանդիսանում են այդ երգերի հեղինակները,- նկատում է հոդվածագիրն ու մեջբերած օրինակով անմիջապես հաստատում՝ ոչ այս մեկը:- … « If the sky that we look upon should tumble and fall / All the mountains should crumble to the sea / I won’t cry, I won’t cry / No, I won’t shed a tear / Just as long as you stand, stand by me»… Այստեղ տեղին է պնդել, որ այս երգը հարատև սիրո մասին է, սիրո, որն ունակ է գոյատևել՝ անկախ նրանից, թե կյանքը ինչ փորձություններ և հարվածներ է նախապատրաստել նրա համար: Հավասարապես ուժեղ հիմքի վրա է կառուցված այդ սերը, որպեսզի դիմակայի ժամանակի փորձությանը»:

1960թ. մայիսին Քինգը առանձնացավ «The Drifters» վոկալ խումբից, որի կազմում նրա ընդամենը երկամյա գործունեությունը նշանավորվեց մի քանի հիթային երգերով՝ «There Goes My Baybe», «This Magic Moment», «I Count the Tears» և «Save the Last Dance With Me»: Բեն Է. Քինգ անունը ընտրելով որպես բեմական կեղծանուն՝ նա մեծ թափով լծվեց սոլո աշխատանքներին (խմբի կազմում հանդես էր գալիս իսկական անվամբ՝ Բենիամին Էրլ Նելսոն): Անհատական գործունեության մեկնարկը ևս հիթային էր՝ «Spanish Harlem» բալլադը միանգամից հուշեց նրա հաջող ապագայի մասին: Իսկ ահա հաջորդը՝  «Stand by Me»-ն, այնքան շռնդալից պիտի ծափահարվեր, որ թիկունքում, տասնամյակներ անց նույնիսկ, ստվերում պետք է մնային արտիստի մյուս բոլոր այն երգերը, որոնք նույնպես հիթային գլխապտույտ հաջողություններ էին ունեցել: Դարի մեծագույն երգերից մեկը. այսպես է դասակարգել նրան ամերիկյան «Recording Industry Association»–ը՝ հաշվի առնելով  ճանաչելիության, լսարանի բազմազանության և ժամանակի ու տարածության հանդեպ սահմանի անսահմանությունը

«Stand by Me»-ն թողարկվեց 1961թ., որպես սինգլ, հաջողակ և հիթային «Spanish Harlem»-ից մեկ տարի անց: Հեղինակային իրավունքների պատկանելությունը սկավառակի վրա հաստատվեց «King» և «Elmo Glick»  անուններով. վերջինս Լիբերի և Սթոլերի կողմից հնարված կեղծանունն էր, որը տեղադրվեց ավելորդ երկարաբանությունից խուսափելու համար: Երգը շատ արագ հայտնվեց ամերիկյան երաժշտական թեժ տասնյակում, ապա իսկույն նվաճեց առաջին հորիզոնականը «Billboard Hot R&B» շարքում: Ամերիկյան լսարանը այս կարգավիճակը երգին շնորհեց երկու անգամ. նախ՝ 1961թ, որտեղ թեժ տասնյակում այն հասավ 4-րդ հորիզոնականին, ապա ուղիղ 25 տարի անց՝ 1986թ., երբ հնչեց համանուն՝ «Stand by Me» ֆիլմում: Այս անգամ երաժշտասերները, կրկին անգամ փաստելով երգի հանդեպ չմարող սերը, նրան բարձրացրին մինչև 9-րդ հորիզոնականը: Երկու տարի շարունակ «Stand by Me» -ն, այսպես ասած, համաշխարհային շրջագայության մեջ էր սինգլով և հաղթական այս արշավից հետո միայն լույս տեսավ «Don’t Play That Song!» ալբոմի կազմում:

1987թ., երբ երգը ևս մեկ անգամ վերաթողարկվել էր, առաջին հորիզոնականին հասավ նաև բրիտանական «Single Chart»-ում: Առաջատար հորիզոնականները այս երգն ընտրեցին նաև տարբեր երգիչների կատարումների ժամանակ. հատկապես, երբ նրանք ստացված էին համարվում լեգենդար արտիստների կողմից: Օտիս Ռեդինգը ՝ «Stand by Me»-ի իր տարբերակը ձայնագրեց 1964թ. «Pain in My Heart» ալբոմի համար: Քավըր կատարումների մեջ ուշագրավ էր նաև անգլիական «The Searchers» խմբի մեկնաբանությունը, որը ևս ձայնագրվեց 1964թ.՝ թողարկվելով  «Meet The Searchers» ալբոմի կազմում: Ջոն Լենոնի կատարմամբ «Stand by Me»-ն (1975թ. «Rock n’Roll») թողարկվեց նաև առանձին սինգլով՝ դառնալով նրա վերջին հիթը՝ հաջորդած հինգամյա լռությունից առաջ: Լենոնի տարբերակն ավելի մոտ էր ռոքի սահմանին, քան մինչ այդ և հետո էլ հնչած քավըրները, որոնք խորքում մեծ մասամբ հավատարիմ մնացին ռիթմընդբլյուզին: 1967թ. երգը կրկին «Billboard»-ի առաջին շարքերը վերադարձավ (3-րդ հորիզոնական), երբ այն հնչեց Սփայդեր Թըրների կատարմամբ: Այն դարձավ այս երգչի ամենահայտնի և հաջողակ հիթը ողջ գործունեության ընթացքում: «Կարծում եմ՝ երգի հաջողության բանալին վոկալ վերամարմնավորումների մեջ էր: -ասել է նա,- Մեկ տարի շարունակ ես «Stand by Me»-ն երգեցի գրեթե ամեն անգամ, երբ բեմում էի, որովհետև բոլոր խմբերը գիտեին այս երգը»:  

Տարբեր ու բազմաթիվ կատարումների մեջ առանձնանում է նաև Ադրիանո Չելենտանոյի «Stand by Me»-ն՝ «Preghero» անվամբ:

Հայտնիների շարքը համալրում են Փոլ Մաքարթնին, Սիլը, Բոնոն և Բրյուս Սփրինգսթինը, «Scorpions»-ը, Էլթըն Ջոնը, նույնիսկ մարդիկ, ովքեր իրենց համաշխարհային ճանաչմամբ ոչ մի առնչություն չեն ունեցել երաժշտության հետ՝ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին, գրող Սթիվեն Քինգը …

Քինգն իրականում այս երգը գրել էր «The Drifters»-ի համար, բայց այն ժամանակ ուշադրությունից դուրս մնաց: Հետագայում էլ երգիչը ամենևին նպատակ չուներ այն երգելու: Ամեն ինչ շրջվեց մի քանի ակնթարթում, հենց այնպես, մի բան ձայնագրելու համար: Դեբյուտային «Spanish Harlem»-ի ձայնագրման ժամանակ աշխատանքը նախատեսված ժամից շուտ ավարտվեց, իսկ ստուդիան ազատ էր: Ուրեմն ինչո՞ւ չօգտագործել. պրոդյուսեր և երգահան Լիբերը հարցրեց Քինգին, թե արդյո՞ք որևէ այլ երգ չունի պատրաստ, որը ևս կարելի էր փորձել ձայնագրել: Մի քանի վայրկյան անց Քինգը մտաբերեց և դաշնամուրի մոտ նստելով՝ նվագեց «Stand by Me»-ն: Փորձնական արդյունքում որոշվեց երգն անպայման ձայնագրել: Քինգն իր հարցազրույցներից մեկում էլ խոստովանել է, որ ինքը բացարձակ չէր էլ մտածել այն հիթ կդառնա, թե՞ ոչ: Նույնիսկ պրոդյուսերներից մեկը, նրա մեկնաբանությամբ, ատում էր դեռևս աշխատանքային փուլում գտնվող «Stand by Me»-ն, քանի որ այն ձայնագրվում էր ավելացած ժամի հաշվին՝ «թանկ վարձատրվող նվագախմբի մասնակցությամբ»: 

«Stand by Me» երգի ստեղծմանն էլ են մասնակցել են լեգենդար Ջերի Լիբերն ու Մայք Սթոլերը: Համատեղ աշխատանքի արդյունքում նրանք օգնեցին 23-ամյա երիտասարդ երգչին վերջնական տեսքի բերել բառերն ու երաժշտությունը: Սթոլերի մեկնաբանությամբ՝ Լիբերը տեքստի համահեղինակն էր, իսկ ինքը երաժշտության մեջ ավելացրել է մեկ-երկու էլեմենտ, հատկապես բասի հատվածը: Վերջինս էլ դարձավ երգի ամենատպավորիչ և առանձնահատուկ մասը: Մեկ այլ առիթով երաժիշտը նշում է, որ Քինգը երգի 50%-ն արդեն գրել էր (տեքստն ու մեղեդին նկատի ունենալով), իսկ իրենք միասին ավելացրեցին մնացածը:

Երգը գրելիս Քինգը ազդվել է մի հոգևոր երգից, որը նա լսել էր Սեմ Քուկի կատարմամբ.  «Stand by Me Father», այսպես էր կոչվում այն: Նույն հարցազրույցում  Սթոլերը նշում է, որ «ինչ-որ չափով այն ստեղծվել է մի գոսպելի հիման վրա», որը հիշում էր «Lord Stand By Me» անվամբ: «Ինձ թվում է՝ Ջերին և Բենը այս երգից էին ներշնչվել: Բենը, ինչ խոսք, եկեղեցական երաժշտության շատ հզոր պաշար ուներ»: 

Բեն Քինգը 1961-1975թթ. ընթացքում ավելի քան 20 երգ է ունեցել «Billboard Hot 100»-ում, իսկ դա նշանակում է, որ նա այն բացառիկ արտիստներից էր, ում վիճակված էր հիթային բարձունքում մնալ այս ողջ ժամանակահատվածում: Այս չափազանց հաջող գործունեությունը ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում պիտի շարունակվեր նոր երգերով ու ձայնասկավառակներով, հարուստ շրջագայություններով: Սակայն, այնուամենայնիվ, շրջանցելով այս բոլոր ձեռքբերումները, պետք է խոստովանել, որ այս արտիստի կյանքում ամենաճանաչված ստեղծագործությունը մինչ օրս համարվում է «Stand by Me»-ն: «Հենց այս երգը դարձավ այն մեկը, որը ամենաշատը պիտի նույնականացվեր նրա անվան հետ, և Քինգը երբեք սրա մեջ որևէ խնդիր չտեսավ»,- գրում է ամերիկյան պարբերականներից մեկը:

2015թ. երգի բնօրինակը  ԱՄՆ-ի կյանքում « իր մշակութային, պատմական կամ գեղագիտական առումով»  կարևոր ներդրման համար «Կոնգրեսի  գրադարանի» («Library of Congress») կողմից ընդգրկվեց ամերիկյան «National Recording Registry»-ում: «Հաճելի զգացում է, երբ մտածում ես, որ մի օր քո երեխաների երեխաների  երեխաները կնայեն այս մրցանակին ու կասեն՝ « Օ՜, սա ուրեմն պապիկի՜նն է», - ասել է երգիչն այս առիթով:

«Stand by Me»-ն բազմաթիվ այլ մրցանակների է արժանացել՝ մինչ օրս տարբեր պարգևներ շնորհելով նաև հեղինակներին: «There Goes My Baybe» –ի և «Spanish Harlem»-ի հետ միասին այն հաստատվել է «Ռոքնռոլի փառքի սրահ»-ում՝  ճանաչվելով որպես այս երաժշտությունը կերտող, ձևավորող երգերից մեկը:

լուսանկարը` Theboombox.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter