HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Ուրարտական դամբարաններից շատերը կարող են մնալ չբացահայտված

Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի մի հատվածը, որը նոր է կառուցվելու, անցնելու է Կարմիր բլուր հնավայրի տարածքով: Ծրագրի իրագործումից առաջ ճանապարհի տակ անցնող հատվածը պեղվել է, և այդ տարածքում հայտնաբերվել է ուրարտական շրջանի դամբարանադաշտ: Շուտով սկսվելու են շինարարական աշխատանքները: Եթե մինչև տարեվերջ հնագետները չհասցնեն պեղել բոլոր դամբարանները, ինչը մասնագետների մեծ մասի կանխատեսումն է, արժեքավոր նյութերի մի մասը գուցե երբեք էլ չպեղվի՝ անցնելով ճանապարհի շերտի տակ:

2700 տարվա վաղեմության այս դամբարանների հետազոտությունը կարևոր է նրանով, որ նոր տեղեկություններ կավելացվեն ուրարտական թագավոր Ռուսա 2-րդի հիմնած Թեյշեբաինիի պատմությանը: Հին աշխարհի քաղաքների շարքում, ըստ մասնագետների, քիչ են նրանք, որոնց և՛ միջնաբերդն է պահպանվել, և դամբարանները: «Սա եզակի երևույթ է, որ մենք ունենք և՛ կենդանի մարդկանց քաղաքը, այսինքն՝ Կարմիր բլուրի միջնաբերդը, որտեղ ապրել են մարդիկ, և ունենք մեռյալների քաղաքը՝ նեկրոպոլը, որտեղ թաղել են այդ քաղաքում ապրողներին: Փաստորեն սա բացահայտում է Կարմիր բլուրի էթնիկ դիմանկարը` ովքեր են այստեղ ապրել»,- «Հետք»-ի հետ զրույցում ասում է պեղումների արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը:

Դամբարանները նոր տեղեկություններ կարող են տալ ուրարտական շրջանի թաղման ծեսերի մասին: Հակոբ Սիմոնյանը նման մի ծեսի՝ մահացածներին վերածնելու հավատի վկայություն է համարում տարածված այն երևույթը, որ նրանց գլուխները դրել են կանանց կոնքերի մեջ: Մեկ այլ երևույթ, որը, ըստ արշավախմբի ղեկավարի, նորություն է ամբողջ Առաջավոր Ասիայի տարածքում, նորածինների թաղումն է:

Դամբարաններում հայտնաբերվել են զենքեր, զարդեր, խեցանոթներ… Թեև դամբարանները հիմնականում պատկանել են հասարակ քաղաքային բնակչությանը, նրանց թաղումները նույնպես ուղեկցվել են ստրուկների զոհաբերություններով: «Քանի որ Ուրարտուն կայսրություն էր, պետք է ունենար էթնիկ բազմազանություն: Պետք է պարզել՝ ով է դոմինանտը, քանի որ դամբարաններում կան տեր ու ծառաներ, տեր ու ստրուկներ»,- ասում է արշավախմբի ղեկավարը:

Հակոբ Սիմոնյանը նշում է, որ բարձր է եղել կանանց դիրքը, քանի որ ամենահարուստ դամբարանները պատկանել են նրանց: Դամբարաններում կանանց մարմինները ձախ դիրքով են, տղամարդկանցը՝ աջ:

Հնագետ Լևոն Մկրտչյանը ցույց է տալիս նման դամբարաններից մեկը, որտեղից գտել են ապարանջաններ, բրոնզե օղեր ու ապակե ուլունքներ, որոնցից մի քանիսը դեռևս պահպանել են իրենց գույները: Այստեղ գտնվող տասներկու կմախքները դեռ մաքրվում էին, որից հետո դրանք կչափագրվեն, կլուսանկարվեն, կֆիքսվեն և կտեղափոխվեն լաբորատորիա:

Հայաստանում լիարժեք ուսումնասիրություններ կատարելու համար լաբորատորիա չկա: Կմախքներից որոշ նմուշներ կուղարկեն տարբեր երկրների լաբորատորիաներ՝ ԴՆԹ ուսումնասիրություններ կատարելու համար: Սա, ըստ Հ.Սիմոնյանի, թույլ կտա պարզել կապը Ուրարտուի և ժամանակակից Հայաստանի բնակիչների միջև: Մինչ այժմ կմախքի ատամներ են ուղարկել Կոպենհագեն: «Մեզ կարևորն ասել են, որ ԴՆԹ կա: Երկրորդ խմբաքանակը ուղարկելու ենք UCLA (Կալիֆորնիայի համալսարան, Լոս Անջելես – Հ.Գ.), մյուսը մտածում ենք ուղարկել Չինաստան: Բայց դրանք ոչ թե նույն փորձանմուշներն ու նույն մարդիկ են, այլ այնքան շատ է այստեղ մարդաբանական նյութը, որ մենք կարող ենք հանգիստ տարբեր համալիրներ ուղարկել»,- ասում է Սիմոնյանը:

Մասնագետները նշում են, որ ժամանակի սղությունն ու վերջին ամիսների տապը վատ են անդրադառնում գտածոների՝ մարդաբանական նյութի ու երկաթի վրա: «Խոնավություն է պետք ոսկորներին, մետաղին չորություն է պետք: Էդ ամեն ինչը պիտի հաշվի առնենք, բայց էս արագության մեջ դա դժվար է: Էստեղ փորձում ենք հնարավորինս լավ վիճակում հավաքել, մնացածը արդեն լաբորատորիայում փորձենք անել վերականգնումը»,- ասում է վերականգնող Ելենա Աթայանցը:

Հնագետները մաղում են դամբարաններից հանած հողը, որպեսզի որևէ բան չկորցնեն: «Շատ սիրուն ուլունքներ կան, շատ-շատ են, ու ամիսներ են պետք, որ էդ ուլունքները կարողանաս խելքի բերես, ամրացնես, դասակարգես... Նաև շատ հետաքրքիր է, սիրով ենք անում, իսկ էդ ուլունքները, եթե արագ-արագ պեղենք, մենք էստեղ չենք գտնի, դրանք կկորեն»,- շարունակում է Ե.Աթայանցը:

Շիրակի փողոցի՝ 15 մետր լայնությամբ և 1,3 կմ երկարությամբ հատվածը, որն անցնելու է դամբարանադաշտի տարածքով և Հրազդան գետի վրայով հասնելու է Արգավանդի խճուղի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1 հատվածի մի մասն է: Ծրագրով նախատեսվում է լրացնել Երևանի արևմտյան հատվածի բացակայող ճանապարհային հանգույցները՝ քաղաքի կենտրոնը տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու համար:

Ուրարտական դամբարանադաշտը ծածկել սպառնացող ճանապարհի պարադոքսն այն է, որ դամբարանները հայտնաբերվել են հենց ճանապարհի կառուցման որոշման շնորհիվ: «Պետք է ասել, որ ճանապարհը, ինչ-որ տեղ նաև ավերելով դամբարանադաշտը, միևնույն ժամանակ գիտական կարևոր հայտնագործության պատճառ եղավ, որովհետև եթե չկառուցեին էս ճանապարհը, այս ամբողջ դամբարանադաշտը, փաստորեն, շինարարական աղբի տակ թաղված էլ կմնար»,- ասում է Հակոբ Սիմոնյանը:

Կարմիր բլուրի հիմնական պեղումները, միջնաբերդի տարածքում, իրականացրել է Էրմիտաժի թանգարանի նախկին տնօրեն Բորիս Պիատրովսկու ղեկավարած արշավախումբը՝ 1939թ-ից: Տարիների ընթացքում հնավայրի մի մասը ծածկվել է կենցաղային և շինարարական աղբով, մյուս մասն էլ, այդ թվում՝ դամբարանադաշտի մի հատվածը, անցել է Շենգավիթ վարչական շրջանի գերեզմանատան տակ:

Էրեբունի արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ Միքայել Բադալյանն ասում է, որ ճանապարհի կառուցումը մեկընդմիշտ կկանխարգելի գերեզմանոցի ընդարձակումը: Նա նաև նշում է, որ Կարմիր բլուրը եզրագծող ճանապարհի շնորհիվ շատերը կիմանան հնավայրի մասին:

Այդուհանդերձ, թանգարանի տնօրենը կարծում է, որ պետք է պահպանել դամբարաններն ու ցուցադրել պեղումնադաշտը. «Կարծում եմ, որ հնարավորության դեպքում լավ կլինի ինչ-որ այլընտրանքային միջոցներ կիրառել (գուցե էստակադաներ, գուցե կամրջակներ), և դամբարանադաշտը մնա տակը... Այսօր աշխարհում շատ ընդունված է տարբեր հնավայրերում, եթե օրինակ կան թաղումներ, ստեղծել դրանց կրկնօրինակները հենց նույն տեղում, և շատ գեղեցիկ ձևով մատուցել զբոսաշրջիկներին և հասարակության լայն զանգվածներին»:

Կարմիր բլուր մասնաճյուղի տնօրեն Միքայել Բադալյանը՝ հնավայրի տարածքով անցնող ճանապարհի քարտեզի դիմաց

Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ»-ի (ԵԿՆ ԾԻԳ) հանրային կապերի մասնագետ Աննա Մալիկոյանն ասում է, որ քննարկումների ժամանակ էստակադա կառուցելու հարցը քննարկվել է, բայց «պաշտոնական այդպիսի առաջարկ երբեք չի եղել»: «Եթե էստակադա լիներ, ուրեմն դա երկու անգամ ավելի թանկ կլիներ»,- ասում է քաղաքապետարանի ներկայացուցիչը:

ԾԻԳ-ի մեկ այլ ներկայացուցիչ, ճարտարագետ Վարդան Կարապետյանն էլ վստահեցնում է, որ այդ վայրում միակ հնարավոր տարբերակը ճանապարհն է՝ այն տեսքով, որը նախատեսվում է. «Քննարկման փուլում ծրագիրը հնարավորինս բերվել է դեպի գերեզմանոցի կողմը, որպեսզի Կարմիր բլուր հնավայրը մաքսիմալ քիչ ազդեցության ենթարկվի, և սա ամենաօպտիմալ լուծումն է, որը որ կապահովի հնարավորինս քիչ ազդեցություն Կարմիր բլուրի վրա»:

Կանխարգելիչ կամ պահպանողական հնագիտությունը, որ կիրառվում է նաև Կարմիր բլուրի դամբարանադաշտի դեպքում, բավարարվում է հնագիտական նյութը փրկելով, երբ  տարածքը պետք է օգտագործվի շինարարության կամ այլ նպատակներով: Շիրակի փողոցի օրինակը, Միքայել Բադալյանի կարծիքով, կանխարգելիչ հնագիտության կարևոր նախադեպ է: «Հայաստանի Հանրապետությունում, ցավոք, կանխարգելիչ պեղումներ այս կամ այն շինության կամ կառույցի շինարարության ժամանակ շատ քիչ են իրականացվում»,- ասում է նա:

Կարմիր բլուրի պեղումներին մասնակցող մարդաբան Արմեն Մարտիրոսյանն ավելացնում է, որ նման պրակտիկա կա մի շարք երկրներում, որտեղ «զարգացումն ու պատմությունը» երբեմն բախվում են: Նա առաջարկում է ճանապարհի շինարարությունը կանխելու փոխարեն պահպանել դամբարանների մի փոքր հատված, որը հետաքրքիր կլինի՝ ուրարտական թաղման ծեսերի մասին պատկերացում կազմելու առումով:

«Գլխավոր խնդիրը՝ որ մեզ բավականին ժամանակ տրամադրվի, որ հասցնենք էս ողջ պեղումները ավարտել: Մենք հիմա շատ արագ, բայց շատ ուշադիր շարժվում ենք»,- ասում է Ա.Մարտիրոսյանը՝ հավելելով, որ նախատեսված ժամանակը չի բավականացնի՝ ամբողջ դամբարանադաշտը բացելու համար: Չնայած, որ սա պեղումների երրորդ փուլն է, լիարժեք աշխատանքի համար, ըստ նրա, կպահանջվի ևս մեկ պեղումնային սեզոն (6-8 ամիս):

Ելենա Աթայանցի խոսքով՝ մեկ մեծ դամբարանը պեղելու համար անհրաժեշտ է մեկից երկու ամիս ժամանակ: Արագ աշխատանքը սպառնում է ինչպես գտածոների ամբողջությանը, այնպես էլ պեղումնավայրում աշխատողների առողջությանը, քանի որ նրանք ստիպված են աշխատել ավելին, քան սովորական պայմաններում, անկախ եղանակային պայմաններից: «Պիտի՛ հասցնենք, բայց էլի մեր առողջության հաշվին»,- ասում է Ե.Աթայանցը, երբ հարցնում եմ, թե արդյոք կհասցնեն ավարտին հասցնել պեղումները: Ելենայի գործընկերները նույնպես նշում են, որ հնագիտությունը մանրակրկիտ ու բարեխիղճ աշխատանք է պահանջում:

Երևանի քաղաքապետարանը, մյուս կողմից, բացառում է պեղումները երկարաձգելու և շինարարությունը հետաձգելու հավանականությունը: «Պեղումները մյուս տարի տեղափոխել չի լինի, քանի որ շինարարություն նախատեսված է արդեն մյուս տարվա սկզբին»,- ասում է ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը:

Պեղումների արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը «մեծ», «ծանր, «բարդ» աշխատանքները մինչև տարեվերջ ավարտելու մասին ասում է՝ «Անհնարինը չենք կարող, բայց առավելագույնը պետք է անենք»:

«Առավելագույնը» կլինի երկաթի դարի մի քանի տասնյակ դամբարանների գտածոները փրկելն ու թանգարաններ տեղափոխելը: Թե ինչ կնշանակի «անհնարինը», գուցե երբեք էլ չիմանանք:

Մեկնաբանություններ (3)

Aram
Մարդ որքա՞ն տգետ պետք է լինի, որ Կարմիր բլուրի նման հնավայրի տարածքով ասֆալտապատ ճանապարհ կառուցելու նպատակ ունենա: Ռուսա 2-րդը թքի ձեր տատերի գեղական տապանաքարերի վրա:
Գայանե
Շատ ավելի լավ կլինի մնա չբացահայտված քան բացվի և հանձնվի անտարբերության, և բաց երկնքի տակ անաստված, արժանապատվությունից զուրկ մարդկանց ,,օգնությամբ,, անհետ կորչի, ինչպես արեցին Հին Գետկավանք(Կարմիր Եղցի, Գեղարքունիքի մարզ , Ճամբարակի տարածաշրջան) պատմամշակութային համալիրի հետ: Վերջերս ինչ որ խմբեր են այցելում , ասելով պահպանության ծրագրի մեջ է ներառված և գնում է աշխատանքներ: Բայց թերհավատ եմ ...: Նախատեսված գումարները նախագծի կարիքի հետազոտության և այլ հաստիքային ծախսերի վրա կփոշիացնեն և ,, կոտրված տաշտակ,,-ը կմնա տեղում:
Ալըգսանդռ Վարպետյան
Հոյակապ է և շատ ցավալի: Հոյակապ է գտածոն, դրա նշանակությունը և հետազոտմանն ուղղությունը: Ներկայացված նյութի մեջ կա արտառոց և անչա' խոսուն մի հանգամանք, որի վերաբերյալ անգամ բանիմաց հնագետ Կ. Սիմոնյանն էլ վստահ չգիտե (այդ հաստատում է մեր վերջին բացահայտումը, որը կանենք շուտով... ): Ցավալի է, որ պեղումները պիտի ընդհատվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter