HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի համար ամենալավ սահմանադրությունը... պետություն ունենալն է, կամ փոշին միշտ անկյունում է հավաքվում

Հոլանդացին չի ասում՝ ես սիրում եմ Հոլանդիան: Բայց երկիրն այս այնքան է զարգացել, որ ինքն իր  զոհն է դարձել: Գերմանացին, դանիացին ու նորվեգացին էլ դա չի անում:

Հայը միայն դա է  ասում՝  ես  սիրում եմ Հայաստանը:

Եթե իմ կողակիցն ինձ այդքան ասեր, որ ինձ սիրում է, ես նրան դուրս կհրավիրեի իմ կյանքից:

Ո՞վ է Հայաստանի կողակիցը:

Հայաստանի կողակիցը՝ պարզվում է՝ «հավատքի  ազգ» է: Սա նշանակում է…  գոյատևել: Պետություն ունեցող ազգի աղոթքը կարճ է ու քիչ:

Հայաստանի կողակիցը՝ պարզվում է՝  «արվեստի ազգ» է: Սա նշանակում է… չմեռնել:  Պետություն ունեցող ազգը  ուրիշի համար և ուրի՛շի  հողում այդքան  չի կերտում:

Հավատքով ու արվեստով  չէ, որ պետություն են կառուցում. ոչ էլ սահմանադրություններ գրել-փոխելով:

«Ողբերգության մատյանից» մինչև «Ես իմ անուշ Հայաստանի»  ամենամեծ բացական Հայաստա՛նն ինքն է: Հայաստանի կողակիցը  պետությունից երրորդվել  է:

ՀԻՇԻՐ ու ՊԱՀԱՆՋԻՐ պետություն: Այն  սկսվում է քեզնից:

Հայաստանի  նոր  սահմանադրությունն էլ  «Մատյան ողբերգություն» է. գեղեցիկ գրված… բայց չուրախացնող ու չուժեղացնող:

Հեքիաթի այն թագավորի պես. նա ծեր էր թագավոր մնալու համար. ու իր ամենանվիրական 2 ծառաներին ուղարկում է  հեռու  երկրներ՝ «դարման» գտնելու: Ծառաներից մեկը (վախից)  չի վերադառնում, իսկ մյուսը  վերադառնում  է... «կախարդական հայելիով»: Թագավորը նայում է  «կախարդական հայելու» մեջ...հրաշք է  տեղի ունենում  ու նա 10 տարով երիտասարդանում  է:

Ներկա  «սահմանադրության բարեփոխումներն»  էլ «կախարդական հայելի» է: Բայց անգամ «կախարդական հայելու» հակառակ կողմը նույն մութ ապակին է:

Հայաստանի  խորքային պրոբլեմը բնավ էլ սահմանադրությունը չէ. երկրի խորքային պրոբլեմը մահացող մարզերն են:  Cui prodest? (ու՞մ է սա ձեռնտու): Քաղաքակրթությունից 2797 կմ ձախ Երևան քաղաք-պետությունից մարզերը վաղուց արդեն չեն երևում (եղունգ ունես գլուխդ քորի՞ր): Երևանի մարդաշատ կենտրոնով անցնելիս հավանաբար սա չես էլ արդեն  նկատում:

Հյուսիսային պողոտայի՞ց գնդեր պիտի ձևավորվեն՝ «Արևմտյան Հայաստանը ազատագրելու  համար»: Մի  ձեռքում ոսկեզօծ աստվածաշունչ, իսկ մյուսում՝ Apple հեռախո՞ս:

Հայաստանի նոր սահմանադրությունը կախարդական կլինի. երկիրը կմաքրվի օլիգարխիայից ու կոռուպցիայից. հանքային բարոններն ու օֆշորային որսորդները կսսկվեն: Ներկա սահմանադրությամբ դա հնարավոր չէ:

Եթե կախարդական փայտիկ ունենայի, կհրավիրեի մեծն  4-ին՝ Տիգրան Մեծ, Վասակ Սյունի, Րաֆֆի ու Նժդեհ: Մեկ հարց կտայի իրենց՝ ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանին այսօր:

Հայը խելացի ազգ է: Հայն ամենախելացի ազգն է: Պատմության անկյուններում այնքան հեշտ է խելացի լինել:

3000 տարի + 5000 դրամ =  ինչքա՞ն փոշի:

ԱՄՆ-ի  միակ սահմանադրությունը  228 տարեկան է: Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան ու Իսրայելը սահմանադրություն,  որպես այդպիսին, ընդհանրապես չունեն: Միամիտ ազգեր.  սահմանադրություն գրելն այնքա՜ն հեշտ է:

Փոշին միշտ անկյունում է հավաքվում. անկյունում է մութ: Սահմանադրություններով, պաթոսներով, ճառերով, աղոթքներով, խաչերով, կոչումներով ու մեդալ-պատվոգրերով փոշի չեք թաքցնի:

Պատմությունը դաժան  է, բայց և արդար: Հայը կարծես չի մեռնում. իսկ փոշին մեռնու՞մ է:            

ՀԳ. Մարզերը փոշուց  ազատելու  պլան

1. Ժողովրդի կողմից ընտրովի «Մարզային Ժողով», որը կկարգավորի  մարզի բոլոր ներքին խնդիրները: Մարզերին  տալ նաև սեփական ավտոնոմ բյուջե ունենալու  իրավունք,

2. Երկպալատ ԱԺ, որի վերին պալատում կնստեն «Մարզային  Ժողովների» պատգամավորները,

3. Մարզերի թիվը դարձնել 5 (Արարատ, Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Սյունիք՝ գումարած Երևան):

4. Չեղարկել ՀՀ  Կուսակցությունների մասին օրենքի 5(1) հոդվածը, որպեսզի մարզերում տեղական ինքնուրույն կուսակցություններ հնարավոր լինի ստեղծել: Հանրապետական կուսակցությունները պիտի՛ մրցեն մարզային/տեղական անկախ կուսակցությունների հետ:  

5. Կապանը  դարձնել Հայաստանի 2-րդ մայրաքաղաք և ազատ առևտրի  գոտի՝ որպես ստրատեգիական հարավում  կարևոր ամրոց:

Վարազ Սյունի

Ամստերդամ,11.10.2015

Մեկնաբանություններ (1)

Հմայակ Մարտիրոսյան
Հստակ էր, դիպուկ և ճիշտ: Կեցցեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter