HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է Արցախի գինու փառատոնի մշակութային ծրագիրը

Հոկտեմբերի 17-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղում կայանալիք Արցախի գինու փառատոնի կազմակերպիչ հանձնաժողովը հրապարակել է փառատոնի մշակութային ծրագիրը: Ինչպես տեղեկացնում է Արցախի էկոնոմիկայի նախարարությունը, այն իր մեջ ներառում է բացման հանդիսավոր արարողություն, երաժշտական համերգ, ազգագրական պարեր ու խաղեր, ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, խաղարկություն և աճուրդ:

Բացման հանդիսավոր արարողությունը կազդարարվի տաշտում խաղողի ճզման ծիսակատարությամբ և նախորդ տարվա արարողությունից ստացված գինու շշալցմամբ:

Երաժշտական համերգին մասնակցելու են «Մենք ենք մեր սարերը» համույթը, Տողի արվեստի դպրոցի աշակերտները, Կովսականի ազգագրական պարերի համույթը:  Համերգում ելույթ կունենա նաև «Հայաստանի Ձայնը» հեռուստանախագծի մասնակից Լիլիթ Ավանեսյանը:

Փառատոնի մշակութային ծրագրին մասնակից է լինելու նաև սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

Ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքում ներկայացվելու են արցախյան վարպետների կողմից պատրաստված հուշանվերներ, արցախյան գորգեր, կավե ամանեղեն, արցախյան զարդեր և այլն:

Միջոցառման ողջ ընթացքում Տողի Մելիքական ապարանքի տարածքում կազմակերպվելու են տարբեր ազգագրական խաղեր և պարերի ուսուցում` փառատոնի հյուրերի մասնակցությամբ:

Բացի գինու տոնավաճառից, Տող գյուղի և մոտակա համայնքների ներգրավմամբ կկազմակերպվի նաև Արցախի բարիքների տոնավաճառ, որտեղ ներկայացվելու է գյուղական արտադրանք:

Փառատոնի վերջում հյուրերին սպասվում է վիճակախաղ և աճուրդ` ժամանցը ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով:

Հիշեցնենք, որ Արցախի գինու փառատոնը ամենամյա տոնախմբություն է, որը կազմակերպվում է հոկտեմբեր ամսվա երրորդ շաբաթ օրը: Այն նպատակ ունի զարգացնելու համայնքների սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքը, ինչպես նաև ստեղծելու հանդիպման հարթակ ԼՂՀ և ՀՀ գինեգործների միջև: Փառատոնին իրենց արտադրանքն են ներկայացնում ԼՂՀ շրջաններից և ՀՀ-ից ժամանած գինի արտադրողները: Նախորդ տարի փառատոնին մասնակցել է 24 գինեգործ և ավելի քան 1500 հյուր Արցախից, ՀՀ-ից և արտերկրից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter