HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սողոմոն Քոչարյանի ազատման հարցը դրական եզրակացությամբ մտել է դատարան

Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը հոկտեմբերի 8-ի նիստում դրական եզրակացություն է տվել ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ: Դրական եզրակացությունն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

«Հետքի» հետ հեռախոսազրույցում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակից հայտնեցին, որ Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ միջնորդությունը արդեն մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Նիստի օրը դեռ նշանակված չէ, բայց այն տեղի է ունենալու «Դատապարտյալների հիվանդանոցում»:

Այսպիսով` վերջին խոսքը դատարանինն է` կազատվի Սողոմոն Քոչարյանը պատժի կրումից, թե` ոչ: 

Ցմահ բանտարկյալի փաստաբան Գրիշա Բալասանյանն, ով այսօր եղել է դատարանում, փոխանցեց, որ զրուցել է դատավոր Մարտիրոսյանի օգնականի հետ: Վերջինը տեղեկացրել է, որ գործը դատավորի սեղանին կլինի այսօր:        

Ըստ փաստաբան Բալասանյանի, ճիշտ է, եզրակացությունը բավականին ուշ է ստացվել, բայց այն ուշացած չէ: «Եթե դատարանն էլ դրական որոշում կայացնի, այսինքն` բավարարի ազատման միջնորդությունը, Սողոմոն Քոչարյանը ազատություն կստանա»,- ասաց Գրիշա Բալասանյանը` նկատելով, որ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը կարող էր Սողոմոն Քոչարյանին զննել ու որոշում կայացնել օգոստոսի 25-ից սկսած, երբ ստացվել էր «Էրեբունի» ԲԿ-ի վերջնական ախտորոշումը:

«Օգոստոսի 25-ի վերջնական ախտորոշումից հետո ոչ միայն Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակը չի բարելավվել, այլ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ընթացիկ ախտորոշումն էլ ավելի բարդ իրավիճակ է ցույց տվել, իսկ 10 օր առաջ էլ նրա մոտ հայտնաբերվել է ևս մեկ հիվանդություն, որը անհամատեղելի է պատժի կրման հետ»,-ընդգծեց փաստաբանը:

Գրիշա Բալասանյանի գնահատմամբ, նման հապաղման պատճառն առհասարակ ցմահ դատապարտյալների վերաբերյալ իշխանության մոտեցումն է. «Ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանին պատժից ազատելով` համակարգը մտածում է, որ հանկարծ նախադեպ չլինի: Դատապարտյալների այս խումբն առհասարակ դուրս է բոլոր քննարկումներից: Նրանց թեման, կարծում եմ, փակված է իշխանության համար: Սակայն պետք է անհատական մտեցում լինի, ոչ թե խմբային մոտեցում ցուցաբերվի: 104 մարդու նույն հարթության մեջ են դիտարկում, ինչը շատ սխալ է ու չի բխում քրեական իրավունքի սկզբունքներից»:

Մենք խոսեցինք նաև Սողոմոն Քոչարյանի մոր` Զինա Քոչարյանի հետ, ում խմանակալի ցմահ իրավունք է տրամադրել «Դատապարտյալների հիվանդանոցը»: Նա ցերեկային ժամերին գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքում` որդու կողքին: Տիկին Զինան պատմեց, որ անցյալ շաբաթվա վերջին իրենց են այցելել հանձնաժողովի անդամներ: Սողոմոնին հարցրեցին` ինչ ունես ասելու, պատասխանեց, որ բոլորից շատ շնորհակալ է: «Հետո ինձ ասեցին` մայրիկ, ամեն ինչ լավ կլինի, թղթերը վերցրեցին ու գնացին»:

Զինա Քոչարյանը պատմեց, որ ամեն 30 րոպեն մեկ հանգստացնող, ցավազրկող սրսկումներ են անում տղային: Արդեն 2 ամիս է՝ նա չի քայլում, մեջքի, ոտքերի ուժեղ ցավեր ունի, ինքնուրույն չի կարողանում հոգալ բնական կարիքները:  

«Վերջին օրերին իրիկունը ամեն գնալուց ասում ա` մամ, երևի էլ չեմ տեսնի քեզ, առավոտներն էլ հենց գալիս եմ, ասում ա` փառք քեզ Աստված, մի օր էլ ապրեցի: Օրվա մեջ էնքան ա վատանում ոսկորների ցավերից, որ կծկում ա ոտքերը, ապրեն քույրերը, բոլոր բժիշկները, որ չեն թողնում ցավերից տանջվի: Արդեն փորից ու ոտքերից են սրսկում, սրսկելու տեղէլ չկա մարմնի վրա: Սրսկումներից թմրում ա, իսկ զարթնելուց էլ ամեն անգամ հարցնում ա` ինչ եղավ ազատելու հարցը»,- ասում է Սողոմոն Քոչարյանի մայրը` նշելով, որ Սողոմոնը ցույց չի տալիս, բայց երազում է ազատության մասին, մի բան, որին սպասել է 20 տարի:

«Եթե իմանա, որ արդեն ազատ ա, կարող ա` ապրելու ցանկությունը ուժեղանա, հոգեբանորեն փոխվի, հարազատները գան-գնան: Դե, հիմա արգելված ա, որովհետև ինքը հլա դատապարտյալ ա, էն էլ փակ ռեժիմի: Իսկ ազատ լինելու դեպքում բարեկամներին, քույրերին կտեսնի, կուրախանա»,-շեշտեց Զինա Քոչարյանը:       

Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը դատապարտվել է մահապատժի 1995թ. իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով: 20 տարի անց հայտնի է դարձել, որ մահապատժի դատավճիռը եղել է ՀՀ գլխավոր դատախազության վրա Իրանի դեսպանի կողմիցքաղաքական ճնշման հետևանք: Պատժի կրման 20 տարիների ընթացքում կորցրել է ողջ ընտանիքը: Կինը մահացել է ծանր հիվանդությունից, աղջիկը` 19 տարեկան Սյուզին, ում Սողոմոնը ընդամենը 4 անգամ էր տեսել,  ինքնասպանություն է գործել անցյալ տարի: Աղջկա մահից հետո մեկ տարվա ընթացքում վատացել է Սողոմոն Քոչարյանի առողջությունը:

21-րդ տարին անազատության մեջ գտնվող, Արցախյան պատերազմի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը օգոստոսի 26-ից բուժում է ստանում «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Բժիշկները շարունակում են նրա վիճակը գնահատել կայուն ծանր: Քոչարյանը օգոստոսի 18-ից գտնվել էր «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, իսկ օգոստոսի 25-ին տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղից էլ մեկ օր անց մոր ու փաստաբանի դիմումի հիման վրա, նրան տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ և գտնվում է մինչ օրս:

Մեկնաբանություններ (2)

Karen
Держись Согомон! Свобода не за горами...
Ashot
Ազատություն քեզ Եղբայր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter