HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անժամկետ հացադուլ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` քրեական գործերի վերանայման պահանջով

Այսօրվանից մոտ 5 տասնյակ ցմահ ազատազրկման դատապարտվածներ անժամկետ հացադուլ են հայտարարել` իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Նրանք նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված 10 կետանոց դիմում են պատրաստել ու հանձնել «Նուբարաշեն» ՔԿՀ պետին: Այս մասին «Հետքին» հայտնեցին հացադուլ հայտարարած դատապարտյալների հարազատներից մի քանիսը: Նրանք նշեցին, որ դիմումն ուղղված է նաև ՀՀ գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին, ՄԻ պաշտպանին, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին:

«Հետքի» հետ զրույցում ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ այս պահին ցմահ դատապարտյալների հետ են զրուցում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները`տեղեկացնելով, որ մշակվել է նրանց վերաբերող օրինագիծ:  

Նախագահին գրված դիմումում ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ՝ մեր իրավունքների պաշտպանության, մեր նկատմամբ արդարադատության վերականգնման ուղղությամբ պայքարի արդյունքում օրինականության հաստատմանը չհասնելով և այլևս չունելնալով այլ ելք՝ հայտարարում ենք անժամկետ հացադուլ և պատրաստ ենք դիմել մեր արդարացի բողոքի բարձրաձայնման այլ միջոցների: Խնդրում ենք կազմել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներից խումբ մեր կողմից բարձրացված խնդիրները քննարկելու և մեր քրեական գործերը վերանայելու համար: Հայաստանում ցմահ բանտարկյալների խնդիրների վերաբերյալ Ձեզ բազմիցս դիմումներ են ուղղվել և մեր,և հայտնի արվեստագետների, գիտնականների, հոգևորականների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների կողմից, ինչպես նաև դեռ 2009 թվականին 13.000 ՀՀ քաղաքացիների կողմից ստորագրված դիմում է ուղարկվել Ձեզ, սակայն մինչ օրս բարձրացված խնդիրներից ոչ մեկը չի ստացել իր լուծումը: Ստորև շատ հակիրճ ներկայացնում ենք խնդիրները,նրանց հետ կապված բողոքի հիմնավորումները և լուծման ուղղիները:

1.  Հայաստանի անկախության հռչակումից ի վեր մահապատժի դատապարտատված վճիռներն ի կատար չեն ածվել և չեն էլ իրականացվելու քանի որ՝

ա) 1992 թ. Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ և մորատորիում է հայտարարել մահապատժի վերաբերյալ:

բ) 2001 թ. Հայաստանը դարձել է Եվրախորհրդի անդամ և 2002 թ. վավերացրել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան՝ կից վեցերորդ արձանագրությամբ,համաձայն որի ոչ մեկի չի կարելի մահապատժի դատապարտել կամ մահապատժի ենթարկել:

գ) 01/08/2003 թ. ուժի մեջ մտած ՀՀ նոր քրեական օրենսգրքով մահապատիժն որպես պատժատեսակ բացառված էր:Մահապատժի դատապարտվածներին ներում շնորհելու վերաբերյալ իրավահարաբերությունները կարգավորող միակ օրենքը՝ 1961 թվ. ընդունված և ընդհուպ մինչև  ՀՀ նախկին Նախագահ Ռ.Քոչարյանի ներում շնորհելու օրը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 23-րդ հոդվածն էր, համաձայն որի մահապատիժը ներման կարգով ազատազրկման փոխարինելու դեպքում պատիժ չէր կարող նշանակվել ավել քան 20 տարվա ազատազրկման չափով: Ավելին՝ցմահ ազատազրկում պատժի նշանակումը հակասում էր քրեական իրավունքի և օրենսդրության հիմնարար սկզբունքներից մեկին, համաձայն որի արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով: ՀՀ սահմանադրության 91-րդ հոդվածի համաձայն ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 24-ի ՀՀ-ում քրեական գործերով արդարադատությունն իրականացնում են միայն դատարաններն և ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատժի այլ կերպ,քան դատարանի դատավճռով և օրենքին համապատասխան: ՀՀ նախկին Նախագահը չի ունեցել ոչ սահմանադրական և ոչ էլ օրենսդրական որևէ լիազորություն և իրավասություն պատիժ սահմանելու, որը միանշանակ արդարադատության իրականացնող մարմնի կամ համակարգի գործառույթ է: ՀՀ նախկին Նախագահ Ռ.Քոչարյանն իր 01/08/2003 թվ. թիվ ՆՀ 103-Ա հրամանով խախտել է ՀՀ սահմանադրության 5-րդ հոդվածի, 91-րդ հոդվածի, 18, 19-րդ հոդվածների, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդված 5-ի մաս 1-ի ա) ենթակետի, ինչպես նաև 6-րդ և 7-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները:

Մինչև «ներումը» մահապատժի դատապարտվածներն ինչպես փաստացի գտնվել են ցմահ բանտարկյալների կարգավիճակում, այդպես էլ շարունակում են մնալ «ներում»-ից հետո: Ներման ինստիտուտը կիրառվում է փաստացի իրականցվող պատժի մեղմացման նպատակով, իսկ 103-Ա հրամանագրով ՀՀ նախկին Նախագահի կողմից նշանակվել է հանցագործության պահին գոյություն չունեցող պատժատեսակ՝ զրկելով դատական կարգով վիճարկելու հնարավորությունից:

Ստեղծված իրավիճակում վիճարկվող 103-Ա հրամանագրի սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցը համաձայն ՀՀ սահմանադրության 101 հոդվածի կարող է վիճարկել մարդու իրավունքների պաշտպանը:

 2.  2011 թվականի մայիսի 25-ին ուժի մեջ մտավ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Հիշյալ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի մեջ կատարվեց փոփոխություն՝ ըստ որի որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն պատժաչափը սահմանվեց 20 տարի նախկինում 15 տարվա փոխարեն: Թե ՀՀ ԱԺ-ի, թե ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից բերված հիմնավորումներն այս փոփոխության հետ կապված հետևյալն էին. «Մեր քրեական պատժողական քաղաքականության մեջ անհամաչափություն էր հասցված ազատազրկման առավելագույն չափի և ցմահ ազատազրկման միջև տարբերությունը: Եթե ոչ 15 տարի՝ ուրեմն ցմահ ազատազրկում: Այսօր մենք ահռելի մեծ թվով ցմահ ազատազրկվածներ ունենք: Շատ դեպքերում պատիժը որոշելիս դատարանները չէին կարողանում անհատականացնել պատժաչափը՝ հանցագործի անձին և հանրության համար վտանգավորության աստիճանին համարժեք կիրառել համապատասխան պատժամիջոց: Այս նախագիծը համապատասխանեցված է միջազգային փորձին և իր մոտեցմամբ՝ նաև մեղադրյալների շահերին: Այս փոփոխությամբ ցմահ ազատազրկումը իրոք կդառնա խստագույն պատժամիջոց՝ նախատեսված այն հանցագործների համար, որոնց ուղղումն այլ կերպ հնարավոր չի համարվի»:

Այս փոփոխությունը ցմահ դատապարտյալների մասով միանշանակ մեղմացում է: Եթե ցմահ դատապարտյալները, որոնցից 38-ը նախկին մահապարտներ են, դատապարտվեին մեր օրերում ամենայն հավանականությամբ շատերի արարքին համարժեք կլիներ ոչ թե ցմահ ազատազրկումը այլ 16, 17... այսինքն՝ մինչև 20 տարի պատժաչափը: Հետևաբար այս օրենքը մեղմացում է ցմահ դատապարտյալների պարագայում: Համաձայն ՀՀ սահմանադրության 22 հոդվածի 5-րդ պարբերության, 42 հոդվածի 4-րդ պարբերության, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա ովքեր կրում են պատիժը:

Հակառակ վերը նշված օրենքների պահանջների և 2011 թվ. մայիսի 25-ին կատարված օրենսդրական փոփոխության հիմնավորմանը և տրամաբանությանը՝ ներկայիս ցմահ դատապարտվածների ոչ մի գործ չվերանայվեց:

Այս հարցի հետ կապված գտնում ենք որ լուծումը պետք է տա ՀՀ Ազգային Ժողովը՝ վերը նշված օրենքների լույսի ներքո հստակ սահմանելով, որ ՀՀ ԱԺ- ի կողմից ընդունված փոփոխությունը ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածում մինչ այդ ազատազրկման դատապարտվածների մասով միանշանակ մեղմացում է:

3. Նկատի ունենալով բազմաթիվ երկրների փորձը, նրանց օրենսդրական փոփոխությունները և հիմնավորումները, ինչպես նաև այն անհամաչափությունը, որը առկա է ներկայիս ՀՀ քրեական օրենսգրքում ցմահ ազատազրկմանը վերաբերվող տարիքային շեմին, այն է՝ մինչև 18 տարեկանն առավելագույնը սահմանված է 10 տարի ազատազրկման չափը և դրանից հետո՝ միանգամից կարող է նշանակվել ցմահ ազատազրկում՝ գտնում ենք, որ Հայաստանում, ինչպես բազմաթիվ քաղաքակիրթ երկրներում, պետք է սկսի աշխատել երիտասարդների արդարադատության ինստիտուտը և ՀՀ քրեական օրենսգրքում կատարվեն փոփոխություններ, որոնց համաձայն, ցմահ ազատազրկում պատժատեսակը չկիրառվի երիտասարդների նկատմամբ: Կարծում ենք` այս հարցը շատ կարևոր է Հայաստանի համար, այն առումով, որ անչափահասության և հասունության բավական սուբյեկտիվ և տատանվող շեմին գտնվող երիտասարդ հայ տղաներին ցմահ ազատազրկման դատապարտելով՝ ըստ էության հնարավորություն չի տրվում սերունդը շարունակելու:

4. Բանակում պարտադիր զինվորական ծառայության ժամանակ զինվորների կողմից կատարված հանցագործությունների պատասխանատվության զգալի մասը ընկած է հրամանատարական կազմի ուսերին և խղճին: Ուստի՝ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում հանցաքործություն կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված զինվորների պատժատեսակը հարկավոր է փոխարինել առավելագույն ժամկետային պատժաչափով:

5. Քաղաքացիները, որոնք նախկինում դատապարտված չեն եղել և մեղադրվել են մեկ անձի սպանության կամ սպանության մասնակցության մեջ, գտնում ենք, որ նրանց նկատմամբ առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկում նշանակելն արդարացի չէ և օրենսդրական փոփոխության կամ ներման միջոցով պետք է վերացնել՝ փոխարինելով որոշակի ժամկետով ազատազրկմամբ:

6.1  ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102 հոդվածի մաս 3-ի բ) կետը փոխել՝ ցմահ դատապարտյալին կիսափակ ուղղիչ հիմնարկ տեղափոխելու ժամկետը սահմանելով 15 տարի ազատազրկումը:

6.2  ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102 հոդվածի մաս 2-ի դ) կետը՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու ժամկետ սահմանելով 18 տարի պատիժ կրելը:

Այս փոփոխությունը հիմնավորված է նրանով, որ ներկայումս 20 տարին լրանալուց հետո նոր ցմահ բանտարկյալը կարող է տեղափոխվել կիսաչափակ ուղղիչ հիմնարկ և նույն՝ 20 տարվա շեմն է սահմանված պայմանական վաղաժամկետ ազատելու համար, ինչը փաստացի չի իրականացվում արդեն մեկ տասնյակից ավել ցմահ ազատազրկվածների նկատմամբ, ովքեր հատել են 20 տարվա շեմը:

7. Գտնում ենք, որ անհրաժեշտ է մշակել մեխանիզմներ, որով ցմահ դատապարտյալը հնարավորություն կունենա պայմանական վաղաժամկետ ազատվել՝ ունենալով տուժողին պատճառած վնասի հատուցման պարտավորություն: Սա անհրաժեշտ է այն պատճառով, որ ցմահ բանտարկյալներն աշխատանքով չեն ապահովվում և հետևաբար չեն կարող վճարել պատճառված վնասի դիմաց:

8. Անհրաժեշտ է սահմանել պայմանական վաղաժամկետ ազատման հստակ և արդարացված չափորոշիչներ ու մեխանիզմ: Այս առումով հարկ ենք համարում անդրադառնալ 2 կարևոր հարցերի.

ա)  Մի շարք եվրոպական երկրներում փախուստը, կամ փախուստի փորձը կալանավայրից չի դիտարկվում որպես հանցագործություն, եթե բանտի աշխատակիցների նկատմամբ բռնություն չի կիրառվել: Այս երկրների սահամանադրություններում ամրագրված է, որ ազատության ձգտումը, ազատ լինելու պահանջը՝ բնական պահանջ է և չի կարելի դրա համար պատժել մարդուն: Գտնում ենք, որ օրենսդրորեն պետք է վերացնել ազատության ձգտման համար, այսինքն՝ փախուստի կամ փախուստի փորձի համար, եթե առանց բռնության է դա տեղի ունեցել՝ դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման հարցի հետաձգելու հարցը: Չի կարելի մարդուն զրկել ազատության վերադառնալու հնարավորությունից՝ միայն նրա համար, որ նա ձգտում է դեպի ազատություն:

 բ)  Գտնում ենք, որ ցմահ դատապարտյալների մոտ բջջային հեռախոսների հայտնաբերումը, որոնք նրանք օգտագործում են հարազատների հետ կապը պահելու համար՝ չպետք է պատճառ հանդիսանա պայմանական վաղաժամկետ ազատման հարցի հետաձգման համար: Նախևառաջ, անարդարացի է 20 տարի շարունակ տեսակցությունների քանակը տարվա կտրվածքով սահմանափակելը՝ 1 երկարատև և 3 կարճատև տեսակցություններով, իսկ ամսվա մեջ ընդամենը 2-3 անգամ 10-15 րոպե հեռախոսազանգով: Հարազատների հետ շփումը հենց օրենսդրորեն համարվում է խրախուսելի և այս պարագայում անարդարացի է խրախուսելու փոխարեն՝ պատժել, այն էլ շարունակելով հարազատներից հեռու պահել՝ հետաձգելով պայմանական վաղաժամկետ ազատումը:

9. Մինչ օրս քրեական գործերով իրեղեն ապացույցները Հայաստանում դատավճռից հետո վերացվում են, ինչը թույլ չի տալիս գիտության զագացմանը համընթաց՝ ԴՆԹ անալիզ իրականացնել և հնարավոր անմեղ դատապարտվածների քրեական գործերը վերաբացել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով: Գտնում ենք, որ ցմահ ազատազրկվածների պարագայում դատավճիռը փոքր-ինչ կասկածի տակ դնող հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝ անհրաժեշտ է վերաբացել նման քրեական գործերը:

10. Մինչ օրս Հայաստանի անկախացումից ի վեր ոչ նախկինում մահապատժի, ոչ էլ ներկայումս ցմահ ազատարզրկման դատապարտվածների նկատմամբ չի կիրառվել ոչ լրիվ կամ մասնակի ներման, ոչ էլ համաներման ինստիտուտը: Գտնում ենք, որ ներման և համաներման միջոցով նույնպես պետք է անդրադառնալ ցմահ ազատազրկված դատապարտյալների տարբեր խմբերին:

Պարոն Նախագահ, խնդրում ենք, պահանջում ենք, հուսով ենք, որ վերջապես Դուք կարձագանքեք և համապատասխան պետական մարմինները, պաշտոնատար անձինք արդարացի լուծումներ կտան սույն դիմումի 10 կետերով բարձրացված խնդիրներին: Հարգելի պարոն Նախագահ, հավատացնում ենք Ձեզ, որ Հայաստանում ցմահ բանտարկության հարցի շուրջ իրականում ստեղծվել է անելանելի իրավիճակ: Ուստի, մեր այս խնդիրներով լի դիմումի պատասխանը ակնկալում ենք ստանալ հեռուստատեսությամբ որևէ լիազորված պաշտոնյայի հայտարարությամբ, որտեղ հստակ նշված կլինի խնդրի լուծման քայլերի հաջորդականությունը և ժամանակացույցը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter