HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրին ունի համայնքի վիզուալ բյուջե

Գյումրին ՀՀ-ում առաջին քաղաքն է, որի համայնքային բյուջեն ներկայացված է լինելու ինտերակտիվ կայքի միջոցով: Գյումրիում այն նախաձեռնել եւ իրականացնում է «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնը, որպես օրինակ ունենալով էստոնական Praxis քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձը՝ աջակցությամբ Բաց Հասարակության Հիմնադրամ-Հայաստանի և Հետազոտական Կենտրոնների Հիմնադրամի:

«Մեր փողերը, տեղեկացված լինելու մեր իրավունքը. համայնքի վիզուալ բյուջե» ծրագրի նպատակն է բոլոր շահագրգիռ կազմակերպություններին եւ անձանց պարզ ու հասկանալի լեզվով հասանելի դարձնելու համայնքային բյուջեի, հարկային մուտքերի, սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների, տրանսֆերտների, ավագանու որոշումների, կատարվող փոփոխությունների մասին: Ծրագրի շրջանակներում ստեղծվել է քաղաքային բյուջեի տվյալները՝ մուտքերը և ելքերը տեսանելի կերպով արտացոլող ինտերակտիվ կայք՝ www.gyumribudget.am, որի շնորհանդեսը տեղի ունեցավ ասեպտեմբերի 25-ին:

«Երկու ամիս բանակցություների մեջ էինք քաղաքապետարանի հետ, քանի որ պիտի աշխատեինք ոչ միայն համայնքի պաշտոնական կայքի հետ եւ այնտեղ տեղադրված նյութերն ուսումնասիրեինք, այլեւ պետք էր, որ մեզ տրամադրեին բոլոր հնարավոր տեղեկատվությունը, որն իրենց պաշտոնական կայքում հնարավոր է չլիներ,-ասում է ծրագրի ղեկավար Ղարիբ Հարությունյանը,-իսկ գաղափարը ծրագրի առաջացավ էն ժամանակ, երբ մենք որպես տնտեսագետներ համայնքային բյուջեի մասով որոշակի հետազոտություններ անելիս բախվեցինք խնդիրների: Պարզվեց, որ բյուջետային ծախսերի ներկայացվածությունը բավական մակերեսային է եւ խնդիր առաջացավ այդ թվերն ավելի մանրամասնորեն ունենալու, նաեւ ցանկություն եղավ բյուջե ասվածը մարդկանց համար ավելի հասկանալի լեզվով ներկայացնելու»:

Ղարիբ Հարությունյանի կարծիքով շատ կարեւոր է, որ մարդիկ գիտակցեն, թե համայնքում իրականացվող ծրագրերն ու դրանց համար տրամադրվող գումարներն ինչպես են գոյանում: Նրանք պիտի գիտակցեն, որ բյուջե կոչվածն իր վճարած հարկերի հանրագումարն է եւ համայնքապետարանը պատասխանատու է համայնքի առաջ իր ծախսած ամեն մի լումայի համար:

«Մենք մտածեցինք նոր գործիքներ, որ ավելի թափանցիկ եւ տեսանելի կդարձներ ամբողջ բյուջեն,-ասում է Ղարիբ Հարությունյան,-ստեղծել ենք  www.gyumribudget.am կայքը, որտեղ ունենք քննարկումների հարթակ: Ցանկացած քաղաքացի կարող է մտնել եւ տեսնել թե բյուջետային մուտքերը,թեւ բյուջետային ծախսերը ոչ միայն քաղաքապետարանի կայքում տեղադրված տեղեկությանների շրջանակում, այլ ավելի մանրամասն, ավելի դասակարգված, ավելի պարզեցված տարբերակով: Կայքում ունենք նաեւ բաժին, որտեղ բնակիչները կարող են հարցեր տալ եւ ստանալ սպառիչ պատասխան»:

Ծրագրի հաջողության գրավականը Գյումրու քաղաքապետարանի հետ համագործակցությունը պիտի լիներ: «Կոմպասս» կենտրոնի ձեռներեցության զարգացման ուղղության պատասխանատու, ծրագրի ֆինանսական փորձագետ Կարեն Պետրոսյանը պատմում է, որ երբ դիմել են քաղաքապետարան առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով, իրենց մատնացույց են արել Գյումրու պաշտոնական կայքը՝ նշելով, թե հարկավոր բոլոր տեղեկություններն այնտեղ տեղադրված են՝ սկսած քառամյա ծրագրից, վերջացրած ավագանու որոշումներով:

«Մենք ուսումնասիրեցինք կայքում դրված տեղեկատվությունը եւ պատասխան գրությամբ ուզեցինք այն տեղեկությունները, որը մեզ անհրաժեշտ էր, սակայն չկար կայքում: Համայնքապետարանը առեւտրային  կազմակերպություն չէ, եւ համայնքի ցանկացած տեղեկատվություն, որը բանկային, անձնական, ազգային անվտանգության հետ կապված չէ, ապա չի կարող գաղտնիք համարվել, համայնքապետարանը պարտավոր է տրամադրել, իսկ բյուջեի ցանկացած տվյալ հրապարակային է,-ասում է տնտեսագետ Կարեն Պետրոսյանը,- մենք հանդիպեցինք քաղաքապետի հետ, նա ողջունեց մեր ծրագիրը, սակայն հետո բաժինների հետ աշխատելիս խնդիրներ առաջացան: Հետագայում արդեն բանակցությունների, փաստերի եւ հիմնավորված պահանջի արդյունքում շատ համագործակցային ստացվեց մեր աշխատանքը՝ հատկապես ֆինանսական բաժնի հետ»:

Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը «Կոմպասս»-ի հետ համագործակցությունը համարում է դրական քայլ, որն եւս մեկ քայլ է իրենց թափանցիկ գործունեության ճանապարհին:

«Մեզ շատ են դիմում տարբեր կազմակերպություններ բյուջեի, ավագանու որոշումների, տարբեր հոդվածների հետ կապված: Հիմա, որ այս կայքը ստեղծվել է, կարող են մտնել եւ այնտեղից վերցնել իրենց հարկավոր տեղեկատվությունը,-նկատում է Ռուբեն Սանոյանը,-համարում եմ, որ այս ծրագիրն ի օգուտ քաղաքապետտարանի է, քանի որ մարդիկ նամակով դիմում էին, հետո շահարկումներ էին լինում, թե չեն պատասխանել եւ այլն, իսկ հիմա ցանկացած հարցի պատասխան կարող են ստանալ «Կոմպասս»-ի ստեղծած կայքում»:

Գյումրու քաղաքապետարանն 3-րդ տարին է որդեգրել է թափանցիկ աշխատելաոճ, ասում է Ռուբեն Սանոյանը: Հանրապետությունում, առաջինը Գյումրիում, 2012թ-ից օնլայն հեռարձակվում են ավագանու նիստերը, ինչպես նաեւ շատ կարեւոր հանդիպումները:  Առաջինը Գյումրու քաղաքապետարանում ներդրվեց մեկ պատուհանի սկզբունքը, որի շնորհիվ քաղաքացին կարող է կայքի միջոցով հետեւել, թե ինչ ընթացքի մեջ է իր դիմումը, որ կաբինետներով է անցնում եւ այլն, հիմա էլ ունեն վիզուալ բյուջե, որն ըստ փոխքաղաքապետի` առավելագույնս հեշտացնելու է իրենց հետագա աշխատանքները:

Քաղաքային բյուջեի տվյալները՝ մուտքերը և ելքերը տեսանելի կերպով արտացոլող ինտերակտիվ կայքի շնորհիվ հնարավոր եղավ տեսնել նաեւ բյուջեից շեղումները, որոնք կատարվել են տարվա ընթացքում, ասում է Կարեն Պետրոսյանը:

«Բյուջեն հետազոտելիս հայտնաբերեցինք որոշակի շեղումներ: Ինչպես գիտեք կա պլանավորած բյուջե եւ ճշգրտված բյուջե հասկացություններ: Տարվա ընթացքում ավագանին իրավասու է բյուջեում փոփոխություններ կատարել եւ կոնկրետ 2015թ-ի ընթացքում 3-4 այդպիսի փոփոխություն է կատարվել: Մենք հիմա չենք կարող ասել այդ փոփոխությունները դրական են, թե բացասական, քանի որ արդյուքների հետազոտություն չենք արել՝ միայն բյուջեի վերլուծություն:Բայց հիմա հասկանում ենք, որ հավանաբար հետագայում հարկ կլինի  անդրադառնալ նաեւ այդ փոփոխությունների թողած արդյունքներին»:

«Ցանկացած ծրագիր, որի համար նշվել են գումարներ եւ ժամկետներ, արդյո՞ք դրանք կյանքի կոչվել են թե ոչ,-զրույցը շարունակում է ծրագրի ղեկավար Ղարիբ Հարությունյանը,-քառամյա զարգացման ծրագիրը, որն ի սկզբանե ներկայացվում է համայնքի ղեկավարի կողմից, հետագայում բաժանվում է չորս տարվա  բյուջեների վրա, այդ բյուջետային ծախսերի միջոցով մենք հասկանում մենք, արդյո՞ք տվյալ քառամյա զարգացան պլանը կյանքի կոչվել է, թե չէ: ՈՒրեմն սա նաեւ որոշակի զսպաշապիկ է կամ որոշակի վերահսկողական մեխանիզմ է համայնքի նկատմամբ: Երբ համայնքը սահմանում է իր գերակայությունները եւ սահմանում է, թե ուր է հասնելու, մենք բյուջեի միջոցով կարող ենք տեսնել, թե էս 3 տարվա մեջ ենթադրենք ասվել է պայմանական 1000քմ ասֆալտապատում, արդյո՞ք դա արվել է, Երիտասարդական պալատի համար սահմանված գումարը արդյո՞ք կյանքի կոչվել է»:

Կարեն Պետրոսյանն ասում է, որ իրենց համար, որպես քաղաքացիական հասարակության կառույցներ, շատ կարեւոր է, որ մարդիկ գիտակցեն, արդյո՞ք իրենց տված միջոցներից կատարվող համայնքային ծախսերը խելամիտ են եւ տեղին, նաեւ հասկանան, որ համայնքապետարանը հաշվետու է բնակչի առաջ դրա համար ու դա ասում է օրենքը: Բյուջեն հանրությանն ավելի տեսանելու դարձնելու ցանկության արդյունքում է ծնվել այս ծրագիրը: Սկսել են Գյումրիից, սակայն հետագայում գուցե հնարավորություն ունենան վիզուալացնել նաեւ Շիրակի մարզի մյուս երկու քաղաքների բյուջեները՝ Մարալիկի եւ Արթիկի, հետո անցնել ՀՀ մյուս քաղաքներին:

Ըստ Կարեն Պետրոսյանի, գյուղական համայնքները մի փոքր խնդրահարույց են, որովհետեւ նրանց բյուջեների մեծ մասը կազմում է դոտացիան, սեփական եկամուտները քիչ մասն են, իսկ ձեւավորված բյուջեի առյուծի բաժինը տրամադրվում է վարչական ծախսերին: Գյումրին այդ առումով եւ ընդհանրապես քաղաքները տարբերվում են, որովհետեւ եկամուտներ են ստանում տարածքների վաճառքից, վարձակալությունից եւ այլն, իսկ գյուղականներում սեփական եկամուտները ձեւավորվում են հիմնականում հողի հարկից, գույքահարկից եւ վարձակալությամբ տրված հողերից գանձվող գումարից ու մեծ գումար չի կազմում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter