Կիրակի, 23 սեպտեմբերի

Ազգային հավաքականը որբի գլուխ չէ, որ վրան վարսավիրություն սովորես



Հայաստան-Ալբանիա երեւանյան հանդիպման մրցավարի եզրափակիչ սուլոցը վերջ դրեց մեր հավաքականի խայտառակ ելույթների տեւական շարքին, սակայն բոլորիս դեռ երկար ժամանակ է պետք այդ ամենը մարսելու համար:

Հայաստանի հավաքականը «Եվրո-2016»-ի շրջանակներում անցկացրեց 8 պաշտոնական եւ 2 ընկերական հանդիպում, ընդամենը 2 անգամ կարողացավ ոչ-ոքի խաղալ սերբերի ու դանիացիների հետ, կրեց 8 պարտություն, խփեց 5, բաց թողեց 21 գնդակ: Մեր հավաքականը 1994-ից խաղում է աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերում եւ մինչ այս նվազագույնը 4 միավոր էր վաստակել (մունդիալ-2010-ի ընտրական փուլում): Փաստորեն, ունենք նոր հակառեկորդ: Թիմը 13 խաղ անընդմեջ հաղթանակ չի տանում, սա նույնպես վատագույն ցուցանիշն է պատմության մեջ:

Վերջին հաղթանակը եղել է 2014-ի մայիսի 27-ին ԱՄԷ-ի հետ ընկերական խաղում՝ 4-3: Իսկ պաշտոնական խաղերում չենք հաղթել ուղիղ 2 տարի. վերջին անգամ դա տեղի է ունեցել 2013-ի հոկտեմբերի 12-ին, երբ Երեւանում մերոնք 2-1 հաշվով դժվարին հաղթանակ տարան բուլղարների հանդեպ:

Ընտրական փուլում թիմը երկու գլխավոր մարզիչ ունեցավ: Առաջին 5 հանդիպումներում ղեկին շվեյցարացի Բեռնար Շալանդն էր, որը որոշ նորամուծություններ մտցրեց, ինչպիսին, օրինակ, 5 պաշտպանով խաղն էր, որի նպատակը թիկունքի ամրապնդումն էր: Սարգիս Հովսեփյանի օրոք հավաքականը վերադարձավ 4 պաշտպանով սխեմային, բայց դրանից միջին ու հարձակման գծերը ոչինչ չշահեցին: Եթե Շալանդի օրոք որոշ խաղերում գոնե միտք ու պայքարի ջիղ կար (օրինակ՝ սերբերի հետ երեւանյան ոչ-ոքին, որում մեր թիմը մարտական կազմով չէր, սակայն հաղթանակին շատ մոտ էր, բախտն ուղղակի չբերեց), ապա Հովսեփյանի օրոք կարելի է հիշատակել միայն Հայաստան-Պորտուգալիա խաղը (2-3), որին երբ հետահայաց ես նայում, հասկանում ես, որ ուղղակի եզակի պոռթկում էր ֆուտբոլիստների կողմից: Նույնիսկ դանիացիների հետ գոլազուրկ ոչ-ոքին Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ չտպավորեց, էլ չենք ասում մյուս խաղերի մասին: Սերբիա-Հայաստան՝ 2-0, Ֆրանսիա-Հայաստան՝ 4-0, Հայաստան-Ալբանիա՝ 0-3. խաղեր, որոնցում մեր թիմը, կարելի է ասել, ֆուտբոլ է ցուցադրել միայն 45 րոպե՝ ֆրանսիական Նիսում, երբ առաջին խաղակեսում քիչ թե շատ պատշաճ տեսք ուներ. գրոհի թեւում կային որոշ սուր պահեր, թիմը փորձում էր ինչ-որ բան ձեռնարկել, սակայն երկրորդ կեսում, երբ փոխարինվեցին Սարկիսովը, Մխիթարյանը, Ղազարյանը, թիմն ուղղակի քանդվեց: Իսկ ալբանացիների հետ վերջին խաղում տեսանք ընդամենը մեկ պահ, երբ Մովսիսյանի հարվածից հետո Մկրտչյանը վրիպեց, Ղազարյանն էլ բարձր հարվածեց: Այնինչ ժամանակին մտածում էինք, թե կարող ենք դուրս գալ ընտրական խմբից ու մասնակցել «Եվրո-2016»-ին:

Անթասիբ կատարում, անթասիբ մեկնարկ

Առիթ ունեցել ենք նշելու, որ խաղերից առաջ մեր ֆուտբոլիստներն ու մարզիչներն օրհներգը չեն երգում: Վերջին երկու խաղում Գեւորգ Ղազարյանն ու Կամո Հովհաննիսյանն էին քիչ թե շատ բարձրաձայն կատարում այն, մի մասը ցածրաձայն բացում-փակում էր բերանը, իսկ որոշներն ընդհանրապես չէին երգում (Յուրա Մովսիսյանը մշտապես չերգողների թվում է, վերջին խաղում էլ անհասկանալի էր, թե ինչ էր երգում Սարգիս Հովսեփյանը. ֆրանսիացիների հետ հանդիպմանը նա նույնպես լուռ էր): Թվում է, թե օրհներգը մարզական առումով որեւէ կապ չունի խաղի հետ, սակայն սա ազգային թիմ է, որը երկիր է ներկայացնում իր երեք սիմվոլներով՝ դրոշ, զինանշան, օրհներգ: Ի՞նչ դժվար է մի քանի տող սովորելը: Չիմանալն ամոթ չէ (չնայած այս ֆուտբոլիստների տարիքում հիմնը չիմանալը առնվազն պատիվ չի բերում նրանց), չսովորելն է ամոթ: Կապ չունի՝ Անդոնյանն է, թե Մխիթարյանը, Մարկոսը, թե Արասը. բոլորը պարտավոր են երգել, ինչպես ցույց տվեցին ալբանացիները, որոնք 11 հոգով ավելի բարձր էին երգում (այդ թվում՝ իտալացի մարզիչ դե Բիազին), քան ստադիոնի բոլոր հայերը միասին:

Սարգիս Հովսեփյանը անթասիբ խաղից է խոսում, բայց մոռանում է, որ նույնքան անթասիբ էլ մերոնք սկսում են հանդիպումները: Շալանդը հայ չէր ու գուցե ուշադրություն չէր դարձնում այս խնդրին (չնայած շատ օտարերկրացի մասնագետներ, թեկուզ հարգանքից ելնելով, կատարում են այն երկրի հիմնը, որը մարզում են), բայց հո նրա օգնական Արթուր Պետրոսյանն ու հավաքականի տնօրեն նույն Հովսեփյանն էին հայ: Ամաչում ու զայրանում ես, երբ նայում ես սեփական հիմնը չիմացող մեր ֆուտբոլիստների անհաղորդ դեմքերին: Սա տեխնիկական, սակայն շատ կարեւոր հարց է: Մի՞թե այդքան դժվար են հասկանում ՀՖՖ-ում, որ անկախ խաղի որակից ու հաշվից, ազգային ընտրանին պիտի պատվով կրի զինանշանով մարզաշապիկն ու պատվով էլ կատարի օրհներգը: Գուցե Ռուբեն Հայրապետյանի համար ավելի կարեւոր բաներ կան, բայց հաստատ նույնկերպ չեն մտածում հազարավոր հայ ֆուտբոլասերներ, որոնք մեծ պաստառի վրա, ի գիտություն եւ ի տես չհասկացողների, գրում են. «Հաղթանակը սկսվում է օրհներգից»: Երեւի կարելի է ակցիա անել ու առաջիկա խաղում մերոնց օրհներգով հուշաթերթիկներ բաժանել կամ դրա բառերով մեծ պաստառ կախել տրիբունայում, որ գոնե կարդան:

Պաշտպանության գլուխկոտրուկը          

Բեռնար Շալանդն առաջին անգամ 5 պաշտպան կիրառեց Լատվիա-Հայաստան (2-0) ընկերական խաղում: Դրանից առաջ թիմը 3 խաղում 12 գոլ էր բաց թողել (Հայաստան-ԱՄԷ՝ 4-3, Հայաստան-Ալժիր՝ 1-3, Գերմանիա-Հայաստան՝ 6-1): «Եվրո-2016»-ում մեր թիմն առավելագույնը 2 գոլ էր բաց թողնում Շալանդի օրոք, ինչը նույնպես վատ էր, բայց հիմա ուղղակի անհամեմատելի է: Ֆրանսիացիներին մեր խաղացողները զիջում էին ցանկացած դրվագում ու հատկապես պաշտպանվելիս: Թող ոչ ոք չարդարացնի այդ պարտությունը՝ մեջբերելով ֆրանսիացիների մակարդակը, թե չէ ստացվում է, որ նման ընտրանիների դեմ խաղերում հաղթանակի մասին մտածելն անմտություն է. այնինչ հիշենք, որ մեր թիմը ժամանակին 2-2 է խաղացել ոչ պակաս հզոր Իտալիայի դաշտում, 4-0 ու 3-1 հաշվով ծնկի բերել աշխարհի առաջնության մասնակից սլովակներին: Իսկ անցյալ տարի առանց մի շարք առաջատարների հավաքականն օրինակելի ֆուտբոլ ու, մասնավորապես, պաշտպանություն ցուցադրեց սերբերի դեմ: Խնդիրը խաղացողների ֆիզիկական, տակտիկական ու հոգեբանական պատրաստվածության մեջ է: Կայունությունն այստեղ բացակայում է: «Փյունիկում» խաղալով՝ ձախ պաշտպան Լեւոն Հայրապետյանը նահանջ է ապրել. Նիսում նա զիջում էր արագությամբ: Այդպես ծնվեց առաջին գոլը, երբ Լեւոնն առաջ էր եկել ու Մխիթարյանի վրիպումից հետո աջից առաջ նետվող Գրիզմանին կանգնեցնող չեղավ: Երրորդ գոլի դրվագում էլ Մկրտչյանն օդում զիջեց Բենզեմային, որը, ճիշտ է, խանգարեց մեր խաղացողին, սակայն փաստն այն է, որ Կառլենն ուղղակի տանուլ տվեց պայքարը: Քարիմի հարվածը դեպի դարպասի անկյունը չկարողացավ կասեցնել դարպասաձողի մոտ կանգնած Հայրապետյանը, որը մի փոքր ուշ ցատկեց, գուցե եւ հասակը չբավականացրեց: Ընդհանրապես, երկրորդ հարկում իշխում էին ֆրանսիացիները:

Քանի դեռ Մխիթարյանն ու Ղազարյանը դաշտում էին, միջին գծում ստացվում էր գրոհներ ձեռնարկել, սակայն նրանց բացակայությամբ կիսապաշտպանությունը վերածվել էր պաշտպանական օղակի: Սա նշանակում է, որ պահեստայինների նստարանը զուտ թվաքանակ է ապահովում: Օրինակ՝ անհասկանելի է Նորայր Ասլանյանի ներկայությունը ազգային թիմում: Այս կիսապաշտպանն 8 անգամ հայտնվել է դաշտում ու չնայած քիչ խաղաժամանակ է ստացել, ոչ մի դրվագում աչքի չի ընկել կամ տպավորել: Ֆրանսիայի հետ խաղից առաջ երբ խոսք էր բացվել հենակետային կիսապաշտպանությունում Ռումյան Հովսեփյանի բացակայության մասին, գլխավոր մարզչի պաշտոնակատարն ասել էր. «Հովսեփյանը լավ ֆուտբոլիստ է, բայց այժմ մեզ ավելի շատ պետք է հենակետային կիսապաշտպան, ով լավ պաշտպանվում է եւ կանխում է հակառակորդի գրոհները, քան կառուցողական ոճի հենակետային: Ցավոք, այժմ Ռումյանը չի կարող այդ խնդիրները լուծել: Այն ֆուտբոլիստները, ովքեր ընդգրկված են Հայաստանի հավաքականի կազմում, կարող են կատարել այդ խնդիրը: Եթե ոչ, ապա կհրավիրվի Ռումյանը եւ նաև այլ ֆուտբոլիստներ, ովքեր հստակ կկատարեն մարզչի առաջադրանքը»: Նախ՝ շատ դժվար է ասել, թե ինչով է փյունիկցի Արթուր Յուսպաշյանը գերազանցում Հովսեփյանին, մյուս կողմից՝ եթե Հովսեփյանը կառուցողական ոճի է, ինչու չի հրավիրվում նույն Ասլանյանի փոխարեն: Հիշեցնենք, որ Ռումյանը հավաքականում տեղ ստացավ Շալանդի օրոք, բայց հետո դուրս մնաց կազմից:

Հիմա՝ Յուսպաշյանի մասին: Երբ սերբերի հետ խաղում Սարգիս Հովսեփյանը հենակետային գոտում Մկրտչյանին զուգակցեց Մխիթարյանին, դա բացատրեց նրանով, թե Հենրիխն այդ դիրքում ավելի մեծ օգուտ է տալիս, իսկ եթե 3-4 Մխիթարյան լիներ, նրան առջեւում կխաղացներ: Հետո, փաստորեն, Հովսեփյանը տեղի տվեց քննադատություններին (այլապես նույն տրամաբանությամբ Հենոն պիտի շարունակեր խաղալ հետ քաշված). Մկրտչյանին միացավ Յուսպաշյանը: Ստացվեց այնպես, որ վերջին երկու խաղում բաց թողած 7 գոլերից 3-ում Յուսպաշյանը մեղքի իր բաժինն ուներ: Ֆրանսիացիների հետ խաղի երկրորդ գոլի դրվագում՝ Կաբայի հարվածի ժամանակ, խաղացողը գնդակի ճանապարհն իրանով ու ոտքերով փակելու փոխարեն դեմքը շրջեց՝ հարվածից պաշտպանելու համար, իսկ գնդակը նրա կողքով սլացավ դեպի դարպասի անկյունը: Չորրորդ գոլի ժամանակ էլ կենտրոնական պաշտպանությունում խաղացող փյունիկցիներ Ոսկանյանն ու Յուսպաշյանը դաշտն ազատ հերկելու հնարավորություն էին տվել Բենզեմային, ով կենտրոնից առաջ նետվեց ու գրավեց դարպասը: Ալբանիայի հետ խաղում էլ երկրորդ գոլը ծնվեց Յուսպաշյանի անփութությունից. չհասցնելով իրենից խաբքով ազատված մրցակցի հետեւից, խախտեց կանոնները տուգանայինի մատույցներում, նշանակվեց տուգանային հարված, որից հետո Ջիմշիտին գոլ խփեց: Դրվագներից մեկում հետեւից կոպիտ սահանկում կատարեց ու դեղին քարտ ստացավ՝ արժանանալով նաեւ թիմի ավագ Մխիթարյանի նկատողությանը:     

«Փյունիկ», «Փյունիկ», «Փյունիկ», կամ որտեղի՞ց այդքան անհամեստություն Հովսեփյանին

«Կազմի վերաբերյալ դժգոհություններ միշտ էլ լինում են, եւ ցանկացած կազմի դեպքում կլինի դժգոհող կողմ: Ինչ վերաբերում է «Փյունիկից» շատ ֆուտբոլիստներ հրավիրելուն, ես շատ կուզեի, որ մյուս ակումբներում լինեին լավ երիտասարդ ֆուտբոլիստներ (ընդգծումները մերն են- հեղ.): Ես այժմ գտնում եմ, որ ուժեղագույնները խաղում են «Փյունիկում»: Շատ լավ կլիներ, որ այլ ակումբներում առաջին դերերում լինեին հայ ֆուտբոլիստներ, բայց ես տեսնում եմ միայն լեգեոներներ: Իհարկե, դա ակումբի գործն է, բայց միեւնույն ժամանակ դա դժվարացնում է ազգային հավաքականի մարզչի գործը, քանի որ ընտրություն չկա»,- Ֆրանսիա-Հայաստան խաղից առաջ ասել էր Ս. Հովսեփյանը: Հիշեցնենք, որ ինքը՝ 43-ամյա Սարգիսը, հավաքականից հեռացել է 40 տարեկանում, իսկ մի անգամ, պատասխանելով սերնդափոխության մասին հարցին, ասել էր, թե հավաքականում պիտի խաղան նրանք, ովքեր մյուսներից լավ մարզավիճակում են՝ անկախ տարիքից. սա՝ մյուս ակումբներում լավ երիտասարդ ֆուտբոլիստներ «չլինելու» մասով: Մյուս կողմից՝ ստացվում է, որ Հայաստանում փյունիկցիներից բացի ազգային թիմին արժանի ուրիշ ֆուտբոլիստներ չկան՝ չհաշված ալաշկերտցի դարպասապահ Կասպարովին, միկացի Արսեն Բեգլարյանին, ովքեր իրապես մի քանի գլուխ գերազանցում են երրորդ դարպասապահ, փյունիկցի Գոռ Մանուկյանին, եւ գանձասարցի պաշտպան Արթուր Ավագյանին, կիսապաշտպան Արտակ Գրիգորյանին, ովքեր ոչ միշտ են հրավիրվում հավաքական:

Քանի դեռ Արտակ Եդիգարյանը խաղում էր «Փյունիկում» հրավիրվում էր հավաքական, հիմա նա կազմից դուրս է մնացել: Տեսեք թե ինչ է ասում Ս. Հովսեփյանը լրագրողի՝ ««Ալաշկերտում» էլ կան ազգային հավաքականի ֆուտբոլիստներ...» դիտարկմանն ի պատասխան. «Մի համեմատեք «Փյունիկի» եւ «Ալաշկերտի» ֆուտբոլիստներին, օրինակ Արտակ Եդիգարյանը համեստ եւ շատ լավ ֆուտբոլիստ է: Մենք հետեւում ենք նրա խաղին եւ ցանկանում ենք, որ նա վերադառնա հավաքական: Սակայն Արտակը հիմա այնպիսի մարզավիճակում չէ, որ հրավիրվի մեր գլխավոր թիմ: Եթե նա այդ դիրքում գերազանցի մրցակից ֆուտբոլիստներին, ապա անկասկած կհրավիրվի հավաքական» («Ֆուտբոլ +», թիվ 38): Որտեղի՞ց ազգային թիմի մարզչին, ով նաեւ «Փյունիկի» գլխավոր մարզիչն է, այսքան գոռոզամտություն:

Մի՞թե վատ պաշտպան է «Ալաշկերտի» ավագ Վահագն Մինասյանը, ում հետ Հովսեփյանը ժամանակին կողք-կողքի խաղացել է ազգային թիմում: Մինասյանը 30 տարեկան է, փորձառու խաղացող է, 12 խաղ է անցկացրել գլխավոր թիմում, 1 գոլ խփել, հիմա Հայաստանի առաջնության միանձնյա առաջատար «Ալաշկերտի» ավագն է, հիմնական կազմի խաղացող: Չի՞ բավարարում հավաքականի պահանջներին, որը պաշտպանությունում շարունակական խնդիրներ ունի ու հիմնական կազմից մեկ հոգու բացակայության դեպքում կոտրած տաշտակի առաջ է կանգնում: Արարատ Առաքելյան. շատերն են ճանաչում 31-ամյա կենտրոնական կիսապաշտպանին, որն իր գոտում, թերեւս, լավագույնն է Հայաստանում: Հավաքականում 33 խաղ է անցկացրել, 2 գոլ խփել, հայտնի է հատկապես երկրորդ հարկում լավ խաղով ու տակտիկական գրագիտությամբ, կարող է խաղալ նաեւ պաշտպանությունում: Ճիշտ է՝ հնարավոր չէ մոռանալ «Եվրո-2012»-ի Մակեդոնիա-Հայաստան խաղում Առաքելյանի կոպիտ սխալը, երբ հաղթած խաղի վերջին վայրկյաններին սեփական տուգանայինում ձեռքով խաղաց, ու 11-մ-ի արդյունքում հանդիպումն ավարտվեց 2-2: Բայց մի՞թե դա է կարեւոր:

Այսօր մեր ընտրանիում Առաքելյանի նման խաղացողներ են պետք՝ օդում պայքարների ու մրցակցի գրոհները քանդելու համար, մինչդեռ Հովսեփյանն Արթուր Եդիգարյանի բացակայությունից հետո հենակետայինի փնտրտուքների մեջ էր: Արարատը «Ալաշկերտի» հիմնական կազմի խաղացող է, առանց որի դժվար է պատկերացնել թիմը: Այս ակումբի հիմնական կազմում 2-3 լեգեոներ է խաղում, մյուսները տեղացիներ են, կույրի համար էլ պարզ է, որ այդ 2-3-ը չեն «Ալաշկերտին» աղյուսակի վերին հորիզոնականում պահում, այլ բոլորը միասին, այդ թվում՝ Մինասյանն ու Առաքելյանը մեծապես: Բայց չէ, Հովսեփյանն ասում է՝ մի համեմատեք, երեւի որովհետեւ իր թիմը վերջին անգամ 4-1 հաշվով հաղթել է «Ալաշկերտին», չնայած մինչ այդ էլ պարտվել էր:

«Փյունիկի» մասին խոսելիս Հովսեփյանը ոչ կոռեկտ հայտարարություններով վերջերս նույնիսկ գերազանցում է իր գործատուին՝ «Փյունիկի» հիմնադիր ու տեր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Օրինակ. «Մենք առանց այդ էլ մեծ խնդիրներ ենք լուծում, միայն ակումբային ֆուտբոլի խնդիրներ չենք լուծում, նաեւ պատանեկան, երիտասարդական եւ ազգային հավաքականների ֆուտբոլիստներ ենք պատրաստում: Պատկերացրեք, որ եթե «Փյունիկը» չպատրաստի այդ ֆուտբոլիստներին, ովքեր հիմա կխաղային 17, 19, 21 տարեկանների եւ ազգային հավաքականներում...» («Ֆուտբոլ +», թիվ 38):

ՏԵՂԵԿԱՆՔ. Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը, որի 18 ֆուտբոլիստներից 8-ը «Փյունիկից» էին, 8-ը՝ «Բանանցից», Եվրոպայի հերթական առաջնության ընտրական փուլում 0-7 հաշվով պարտվել է Պորտուգալիայի իր հասակակիցներին, 0-5 հաշվով՝ Անգլիային, ապա չի կարողացել հաղթել գաճաճ Սան Մարինոյի պատանիներին՝ 1-1: Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը, որի 18 ֆուտբոլիստներից 8-ը «Բանանցից» էին, 3-ը՝ «Փյունիկից», Եվրոպայի առաջնության ընտրական փուլում «չոր» պարտություններ է կրել Չեխիայից՝ 0-4, Սերբիայից՝ 0-4, Էստոնիայից՝ 0-2: Հայաստանի 21 տարեկանների կամ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, 28-ամյա Արտակ Օսեյանը 2015 թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին խաղերի համար հրավիրել էր 21 ֆուտբոլիստի, որից 8-ը՝ «Փյունիկից», 6-ը՝ «Բանացից»: Մերոնք նախ 0-2 հաշվով արտագնա խաղում զիջեցին բուլղարներին, ապա Երեւանում 1-1 խաղացին 19-րդ րոպեից 10 հոգով մնացած գաճաճ Լյուքսեմբուրգի հետ:

Մեկնաբանություններն ավելորդ են. եթե հիմա մի քանի ակումբ («Փյունիկ», «Բանանց», ֆուտբոլի ակադեմիա, ժամանակին աչքի էր ընկնում նաեւ «Միկան», 2014-ին ակադեմիա է բացվել Գյումրիում, որն անհատույց օգտագործման է հանձնվել «Շիրակին», ակադեմիա է կառուցվում Վանաձորում) ունեն սեփական ակադեմիաներ ու դրանցից են «սնվում» հավաքականները, պետք չէ անընդհատ գլուխ պատռել, թե մենք ենք մատակարարողները, այն էլ վերոնշյալ շեշտադրումներով: Նման հայտարարություններին կարող են հետեւել այսպիսի խայտառակ արդյունքներ ու մեծ-մեծ խոսողներին դնել, մեղմ ասած, անհարմար դրության մեջ:

«Ո՞ր ակումբում են այսքան պատանիներ խաղում: Ընդ որում՝ նրանցից շատերը հանրապետության չեմպիոն եւ գավաթակիրներ են դարձրել: Դա իմ գործը չէ, բայց մյուս ակումբները, լեգեոներներ բերելով, մոռանում են ազգային հավաքականի մասին, որից ավելի վեհ, չեմ կարծում, որեւէ այլ բան կա»,- ասում է Ս. Հովսեփյանը («Ֆուտբոլ +», թիվ 38): Որ մանկապատանեկան ֆուտբոլն է ամեն ինչի հիմքը, ոչ ոք չի հերքում, սակայն եթե մեր պատանիները ստեղծված լավ պայմաններում աճելուց հետո պարտվում են ոչ ֆուտբոլային հաշիվներով, ուրեմն նրանց գործուղած ակումբները լուրջ անելիքներ ունեն, ուրեմն ինչ-որ բան սխալ է, իսկ նման դեպքերում, որպես կանոն, սխալի մեծ բաժինը մարզիչներինն է: Սեփական սայթաքումների փորձով մանկապատանեկան ֆուտբոլին մատների արանքով նայող ակումբները (որոնցից, կարելի է ասել, բողոքում է Հովսեփյանը) վաղ թե ուշ հասկանալու են, որ երկարաժամկետ ծրագրեր կյանքի կոչելու համար ճիշտը ամուր հիմք կառուցելն է՝ ի դեմս պատանեկան թիմերի ու դրանց աճեցնող համապատասխան ենթակառուցվածքների: Բայց դա չի նշանակում, որ եթե այսօր այդ ակումբների առաջին թիմերում կան ազգային հավաքականին արժանի խաղացողներ, նրանց պետք է անտեսել՝ տեղ տալով սեփական թիմի տղաներին կամ դրսից հրավիրվածներին:

Սարգիս Հովսեփյանն իրավունք չունի այսպես արտահայտվել մյուս թիմերի հասցեին: Նախ՝ ցանկացած պարագայում պետք է հարգել գործընկերներին, երկրորդ՝ եթե Հովսեփյանը թեկուզ որպես պաշտոնակատար գլխավորում է ազգային թիմը, պետք է մեկ աստիճան վեր կանգնի ակումբային մակարդակից, ինչը, տեսնում ենք, ոչ մի կերպ նրան չի հաջողվում: Մի՞թե Վարդան Մինասյանի օրոք էլ նույն պատկերը չէր: Բայց Մինասյանը հաստատ այսկերպ ու այսչափ չէր բողոքում՝ «ընտրություն չկա» ասելով: Աշխատում էր եղածով ու լավ էլ ստացվում էր: Թե չէ հեշտ է սեփական թերացումները ավանդույթ դարձած հիմնավորմամբ արդարացնելը: Հովսեփյանի հանդեպ երկրպագուների վերաբերմունքը ի հայտ եկավ «Պահանջում ենք մարզիչ» պաստառով եւ  «Սաքո, հեռացիր» վանկարկումներով: Պակաս խոսուն չէին ֆուտբոլիստների հասցեին սուլոցները, որոնց, ըստ Մարկոսի, իրենք արժանի էին:

Հավաքականին անհրաժեշտ է առաջնորդ մարզիչ

Այո, խնդիր է, որ հավաքականի ֆուտբոլիստներից ոմանք իրենց ակումբներում շատ խաղաժամանակ չեն ստանում, բայց վերջին հանդիպումները, հատկապես Ալբանիայի հետ խաղը ցույց տվեցին, որ տղաների մեջ ուղղակի չկա մարզական չարություն, կրակ, այն ուղղակի մարել է: Մեր ընտրանու ռումինացի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան ասում էր, որ ինքը հավաքական եկածների հետ հիմնականում հոգեբանական աշխատանք է տանում, մոտիվացնում է խաղին: Թե Ստոյկիցան, թե Պորտերֆիլդը, թե Մինասյանը հրամանատար էին թե հանդերձարանում, թե խաղադաշտում. դա երեւում էր դաշտում ֆուտբոլիստների տրամադրվածությունից, «կռվելու» ցանկությունից: Ալբանիայի հետ խաղում Հովսեփյանը տեղից վեր չկացավ, այնինչ նրա թիմը չգիտեր ինչ անել. հատկապես տպավորիչ էր Արզումանյանի դեմքի հուսահատ արտահայտությունը: Չկար միտք, խաղակցվածություն, փոխանցումների խոտանը սարսափելի էր, շարժառիթը՝ 0: Մովսիսյանը չէր նահանջում՝ հետին օղակներին օգնելու եւ գրոհ կազմակերպելու համար ու միայնակ թափառում էր հեռվում: Սա վաղուց այն Յուրան չէ, որին սովոր էինք տեսնել: Արասը հատկապես Նիսում պարբերաբար չարաշահում էր անհատական խաղն ու կորցնում փոխանցման լավ պահը: Վերջին խաղում տպավորություն էր, թե կարծես մերոնք երբեք չէին խաղացել իրար հետ, չկար ընդհանուր համակարգված խաղ: Այս ամենը մարզիչների թերացումն է: Եվ այսքանից հետո Հովսեփյանին մնում էր ասել. «Այնքան վատ էր ամեն ինչ... Մեղավորը ես եմ: Սա ֆուտբոլ է. այսօր խաղադաշտում միայն Ալբանիան էր: Ոչ մի լավ բան չտեսա. բոլորս վատ էինք: Անթասիբ ֆուտբոլ խաղացինք: Դժվար է մարզչի համար այսպիսի հանդիպումից հետո. հասկանում ենք, որ պատասխանատվություն է: Երեւի շատ վատ աշխատեցինք... Բայց ինչքան ցանկություն կար, հնարավորություն կար, փորձում էի օգնել. ցավոք՝ չկարողացա: Լավ խաղեր եղան, սակայն այս հանդիպումն ամեն ինչ ջնջեց»:    

Սարգիս Հովսեփյանը հավաքականին հրաժեշտ տվեց 2012-ի նոյեմբերին՝ թիմում անցկացնելով 132 խաղ: Սա ռեկորդ է մեր ֆուտբոլի պատմության մեջ: Հովսեփյանն արդեն 2013-ի դեկտեմբերին նշանակվեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ, 2014-ի նոյեմբերին նա նշանակվեց երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, իսկ արդեն 2015-ի ապրիլից՝ ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար: 2013-ին Հովսեփյանը մարզչական «Բ» կարգի արտոնագիր էր ստացել, իսկ 2014-ին՝ «Ա» կարգի: Այն, որ ազգային թիմի ղեկին նրան ծանր աշխատանք է սպասվում, գաղտնիք չէր: Հովսեփյանից առաջ հավաքականն արդեն գործնականում զրկվել էր Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու հանարավորությունից, սակայն երկրպագուները գոնե արժանապատիվ խաղ էին սպասում թիմից: Հայաստան-Դանիա (0-0) խաղից հետո հարցին, թե «Ձեզ տեսնու՞մ եք Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում», Հովսեփյանը պատասխանել էր. «Ցանկացած մարզչի երազանքն է լինել իր ազգային հավաքականի մարզիչը։ Ինչու՞ ես չպիտի տեսնեմ, երբ ակնհայտ է թիմի խաղի որակի բարձրացումը, արդեն կա արդյունք։ Ցանկացած թիմ կարող է պարտվել, մենք տեսանք Հոլանդիայի կարգի հավաքականի խոշոր հաշվով պարտությունը։ Դա չի նշանակում որ ամեն ինչ վատ է։ Ես ինձ այդտեղ տեսնում եմ, որովհետև տղաներին ես եմ հասկանում, իմ ասածը նրանք են հասկանում։ Դա շատ կարեւոր է հավաքականի մարզչի համար։ Բայց կրկնում եմ, դա իմ որոշումը չէ, դա ֆեդերացիայի նախագահի՝ պարոն Հայրապետյանի որոշումն է։ Չեմ ստի եւ կասեմ, որ այո, ցանկանում եմ»։

Հովսեփյան ֆուտբոլիստի հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ՝ ասենք, որ նա որպես մարզիչ դեռ շատ աճելու տեղ ունի, եւ ազգային թիմի շահերից չի բխում Հովսեփյանին մարզիչ ունենալը: Վերը նշեցինք մի քանի պատճառ. Հովսեփյանը հաճախակի ազգային թիմն իջեցնում է ակումբային խոսակցությունների մակարդակի, նրա մի շարք արտահայտություններ պատիվ չեն բերում հավաքականի լեգենդար նախկին ավագին, Հովսեփյանը դեռեւս հմուտ մարզիչ չէ, չունի կամ գուցե առայժմ չունի տակտիկական ճկունություն (խաղի ընթացքում թիմի գործողություններն այլ հունով տանելու կարողություն), առաջնորդի, հրամանատարի հատկանիշներ, ինչպիսիք շատ պետք են մեր թիմին՝ ելնելով նաեւ հայկական մենթալիտետից (մեր գլխավոր ֆուտբոլային կոլեկտիվին կրկին համախմբող ուժեղ անհատականություն է պետք): Հովսեփյանը ձախողվեց, ինչպես, օրինակ, Կլարենս Զեեդորֆը, որը ժամանակին անակնկալ շատ շուտ ստանձնեց «Միլանի» ղեկը: Այսպիսի բաներ լինում են, կարեւորը սխալը չկրկնելն է: Իսկ քանի որ ՀՖՖ-ում գրեթե ամեն ինչ կախված է մեկ մարդուց, մնում է որ նա չսխալվի, չնայած շատ երկրպագուներ վաղուց ցանկանում են, որ նա էլ չլինի ՀՖՖ ղեկավար պաշտոնում:

Ժամանակին դանիացի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենն էր ակնարկել, որ իր աշխատանքներին երբեմն միջամտում էին: Հասկանալի էր, թե մասնագետն ում նկատի ուներ: Հայրապետյանի դիկտատորական աշխատաոճի մասին (խոսքը ֆուտբոլի մասին է) խոսակցություններ միշտ էլ եղել են, հատկապես Վարդան Մինասյանի, Շալանդի ու Հովսեփյանի օրոք: Քիչ չեն ֆուտբոլիստները, ովքեր հայտնվել են Ռուբեն Հայրապետյանի «սեւ ցուցակում». Դենիս Թումասյան, Մաուրո Գեւգեոզյան, Արթուր Մալոյան: «Քանի դեռ ես ֆեդերացիայի նախագահն եմ, այսինչը կամ այնինչը չի հրավիրվելու ազգային հավաքական» հայտարարությունները իր հետեւից «կամուրջներ այրող» Հայրապետյանին բնորոշում են լավագույնս: Այնինչ տրամաբանորեն գլխավոր մարզիչն ու նրա շտաբը պիտի որոշեն՝ ով խաղա, իսկ ով՝ ոչ, որպեսզի հետո հենց իրենք իրավամբ կրեն ողջ պատասխանատվությունը:

Թե ով կլինի թիմի նոր գլխավոր մարզիչը, ցույց կտա ժամանակը, սակայն կասկածի ենթակա չէ այն, որ այդ մարդը պետք է լինի փորձառու, հմուտ մարզիչ ու հոգեբան (ի դեպ, չէր խանգարի թիմում հոգեբաններ ունենալը, ինչը կամաց-կամաց տարածում է գտնում ֆուտբոլում), տակտիկապես գրագետ մասնագետ, կոլեկտիվի առաջնորդ: Ազգային թիմի ղեկին արժանի նման մասնագետ Հայաստանում դեռ չի հասունացել: Այս պարագայում անհրաժեշտ է նաեւ, որ մարզչին առանց «վերեւից» միջամտությունների, ազատ գործելու հնարավորություն տրվի, թե չէ «երկու գլուխ մի կաթսայում չի եփվի»: Մյուս կողմից՝ հերթական անգամ փորձը ցույց է տալիս, որ ամենալավը ակումբի հետ աշխատանքը չհամատեղելն է, այլ բոլոր թիմերին հավասարաչափ հետեւելը (կարեւոր է, որ այդ մասնագետն ապրի Հայաստանում եւ վիսմանների ու կազոնիների նման տուրիստ-մարզիչ չլինի), ազնիվ սելեկցիա կատարելը, այլապես պատմությունը կրկնվում է. մարզչի ուշադրության կենտրոնում հիմնականում լինում են իր ակումբի ֆուտբոլիստները, իսկ նրանք, ովքեր նվազագույնը չեն զիջում այդ տղաներին, մնում են տեսադաշտից դուրս կամ չեն գնահատվում ըստ արժանվույն, քանի որ այլ ակումբներում են խաղում:

Հայաստան-Ալբանիա. սկանդա՞լ, թե՞ խեղդվողը կախվում է փրփուրներից

Հայաստան-Ալբանիա խաղից հետո՝ ամսի 12-ին, կայծակի պես տարածվեց լուրը, թե Հայաստանի հավաքականի 3 պաշտպաններ ու դարպասապահը 500.000-ական եվրո են ստացել ալբանացիներից՝ խաղը «տալու» համար: Հիշեցնենք, որ 9-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Կամո Հովհաննիսյանը, 24-րդ րոպեին Բերատ Ջիմշիտիի ու Ռոբերտ Արզումանյանի պայքարի արդյունքում գնդակը հայտնվեց ցանցում, պաշտոնական վարկածով գոլը գրանցվեց ալբանացու օգտին, չնայած կրկնապատկերից հետո այդպես էլ հստակություն չեղավ, թե ով է գոլը խփել: 76-րդ րոպեին էլ Արմանդո Սադիկուն օգտվեց Հովհաննիսյանի ու Արզումանյանի՝ իրար բախվելուց եւ առանց դժվարության երրորդ անգամ գոլ խփեց Կասպարովին: Լուրը տարածած սերբական «b92»-ը հղում տվեց ալբանական opozita.com պորտալին, այս երկուսին հղում տվեց մեկ այլ սերբական telegraf.rs-ը, որին իր հերթին հղում տվեց opozita.com-ը. իսկական լաբիրինթոս: Իբրեւ հիմնավորում բերվում էր այն, որ խաղից անմիջապես առաջ Ալբանիայի հաղթանակի խաղադրույքը նվազել է 2,6-ից մինչեւ 2,05, իսկ Հայաստանինը 2,85-ից աճել 4,1: Խաղադրույքները, ըստ լուրերի, փոխվել են Լոնդոնում, Բեռլինում, Փարիզում, Հոնգ Կոնգում, Սինգապուրում: «BetFair»-ի տվյալներով՝ ալբանացիների օգտին կատարվել է 267.000 դոլարի խաղադրույք, ինչը նորմալ, բայց ոչ մեծ թիվ է համարվում: Կողքից նայողին կարող է թվալ, թե առաջին անգամ Եվրոպայի առաջնության ուղեգրի հավակնող ալբանները կարող էին կաշառել հայերին, որոնք ոչ մի խնդիր չէին լուծում:

Բայց հետաքրքիր է, որ այս լուրը մեծ տարածում է գտել հենց Սերբիայում, չնայած ալբանացիների հաջողությունից հետո դանիացիները զրկվեցին անմիջական ուղեգրից ու պիտի պայքարեն փլեյ-օֆում: Բանն այն է, որ Կոսովոյի խնդրով թշնամած Ալբանիան ու Սերբիան այս մրցափուլում մեծ կոնֆլիկտ ունեցան: Սերբիայում ալբանացի երկրպագուները սադրել էին՝ օդ բարձրացնելով թռչող սարք՝ Մեծ Ալբանիայի դրոշով: Սերբերից Միտրովիչն իջեցրել էր դրոշը, ինչը զայրացրել էր մրցակցին, սկսվել էր քաշքշոց: Մարզադաշտում վիճակն այնքան էր լարվել, որ մրցավարն ընդհատել էր խաղը: ՈւԵՖԱ-ն 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցեց Ալբանիային, սակայն միաժամանակ Սերբիայից 3 միավոր հանեց, այսինքն՝ ոչ ոք չշահեց: Սակայն մարզական արբիտրաժային դատարանը որոշեց տեխնիկական պարտություն գրանցել Սերբիային ու թիմից հանել 3 միավոր: Ալբանիան առանց քրտնքի 3 միավոր վաստակեց, իսկ Սերբիայի դիմաց գրանցվեց -2 (սերբերը մինչ այդ Երեւանում մեկ միավոր էին վաստակել): Հետո սերբերը հաղթեցին հայերին ու մրցակցի դաշտում ալբանացիներին նույն 2-0 հաշվով՝ միավորների պաշարը հասցնելով 4-ի: Հիմա եթե կաշառքի լուրը հաստատվի, Ալբանիայի ուղեգիրը կստանա խմբում 3-րդ տեղը գրաված Դանիան, իսկ Սերբիան անցումային խաղ կանցկացնի՝ միաժամանակ եւս մեկ ռեւանշի հասնելով թշնամի երկրի հանդեպ: Հետաքրքիր է, որ ՀՖՖ-ն պաշտոնապես չի մեկնաբանել լուրը, իսկ լռությունը տարօրինակ է: Դարպասապահ Կասպարովն իր հերթին ասել է, թե  դրանք անիմաստ խոսակցություններ են, անհեթեթություն: Ավելի ուշ սերբական kurir.rs-ը հայտնեց, թե ՈւԵՖԱ-ն հետաքննություն է անցկացնելու այս առիթով: Ինչպես երեւում է, սերբերն ամեն կերպ փորձում են հետ բերել կորցրածը. ժամանակը ցույց կտա՝ այս ամենն իրականությու՞ն է, ինչին դժվար է հավատալ, թե՞ հերյուրանք: Եթե երկրորդն է, ապա սերբերից ՀՖՖ-ն պետք է պահանջի ներողություն խնդրել պաշտոնապես, իսկ եթե առաջինը, ապա սա լրիվ այլ թեմա է եւ այլ հարթություն:

Հ.Գ. Արդեն ավարտվել են «Եվրո-2016»-ի ընտրական 9 խմբերի բոլոր հանդիպումները: Խմբերի 2-ական լավագույն թիմերը Ֆրանսիայում կայանալիք եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել. Չեխիա, Իսլանդիա, Բելգիա, Ուելս, Իսպանիա, Սլովակիա, Գերմանիա, Լեհաստան, Անգլիա, Շվեյցարիա, Հս. Իռլանդիա, Ռումինիա, Ավստրիա, Ռուսաստան, Իտալիա, Հորվաթիա, Պորտուգալիա, Ալբանիա: Վերջին պահին բախտը ժպտացել է Թուրքիային, որը ճանաչվել է խմբերում երրորդ տեղ զբաղեցրած թիմերից լավագույնը (վերջինիս ի հայտ բերելիս չեն հաշվարկվել խմբերում վերջին տեղ զբաղեցրած թիմերի հետ արդյունքները): Թուրքերը նույնպես անմիջապես Ֆրանսիա կմեկնեն: Երրորդ տեղի մյուս 8 թիմերը զույգերով կվիճարկեն 4 ուղեգիր՝ Բոսնիա եւ Հերցեգովինա, Ուկրաինա, Իռլանդիա, Սլովենիա, Հունգարիա, Շվեդիա, Նորվեգիա, Դանիա: Զույգերի կազմման վիճակահանությունը տեղի կունենա ամսի 18-ին, իսկ անցումային խաղերը կկայանան նոյեմբերին: 

Հիշեցնենք, որ առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին կմասնակցի 24 հավաքական նախկին 16-ի փոխարեն:    

Lուսանկարները՝ sport.news.am-ի, armfootball.com-ի, AFP/Getty Images-ի (uefa.com)


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (2)
1. վաչիկ09:29 - 14 հոկտեմբերի, 2015
Այնպես է ստացվում, որ Հովհաննես Չեքիջյանը եթե տղաների հետ պարապի մեկ շաբաթ և տղաները յուրացնեն հիմնը, Հայաստանի դեմ էլ ոչ մի հավաքական չի կարող դիմանալ: Հիմնը պարտադրանքով չպետք է լինի, այլ ինքնաբերաբար սրտից պետք է բխի:
2. Սիմոն Վրացյան09:04 - 15 հոկտեմբերի, 2015
Հայաստանում ձեր ասած "հրամանատար մարզիչ" շատ լավ էլ կա։ Աբրահամ Խաշմանյանի մարզական հետագիծը որ նայեք, կհամոզվեք։ Խաշմանյանին պետք ա ազգայինի մարզիչ նշանակել
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ